Ապրիլի 24.- Հիշատակի, վրեժի եւ հայրենատիրության օր

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները ապրիլի 24-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության ավելի քան 3,5 միլիոն զոհերի անմար հիշատակին:

Հայ արիների եւ համախմբված հեթանոս ազգայնականների ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունների նոր անդամները «Ոգու պահապաններ» կառույցի գլխավորությամբ շարունակել են տարիներ առաջ սկսած երդման արարողությունը, որը հոգու պարտք կծառայի երիտասարդ արորդիներին՝ ապրելու եւ գործելու հանուն արդար վրեժի, վասն Հայաստանի ու հայության ամբողջացման ու համախմբման: Հանուն Հայի հավատի ու հայրենականչի, վասն Հայոց Նախնյաց ու Հայ Աստվածների…

Այնուհետեւ, հայ արիների եւ հեթանոս ազգայնականների Արցախյան ազատամարտի մասնակիցների մի խումբ, Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ փառաբանել արդեն հավերժության եւ անմահության ճանապարհով գնացող ընկերներին, երդվելով շարունակել հայրենատիրության՝ հողահավաքի, եւ հայության համախմբման՝ ազգահավաքի նվիրական գործը...

Վրե՛ժ եւ Հայրենատիրությու՛ն.- ահա օրվա խորհուրդը եւ այն ոգեկոչող պահանջատիրական կանչը:

* * *

Լրացավ 1915թ. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը

Ապրիլի 24-ին հայերը ու ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած՝ մարդկության դեմ այդ հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին։ Տարատեսակ միջոցառումներ են անցկացվում աշխարհի բոլոր այն քաղաքներում, որտեղ հայեր են բնակվում։ Հիմնական միջոցառումը կանցնի Երեւանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ, որը խորհրդանշում է թե զոհվածների կորստի վիշտը, թե ազգի վերածնունդը։  

Հայերի ջարդերը սկսվել են դեռեւս 19-րդ դարի վերջին: 1892-1923 թթ. Համիդյան Թուրքիան, այնուհետեւ երիտթուրքերի կառավարությունը զանգվածային տեղահանության են ենթարկել և բնաջնջել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Գլխատվել է մտավորականությունը. 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ աքսորի ճամփին սրի են մատնվել 600 հայազգի մտավորականներ, վիճակագրական տվյալների համաձայն Օսմանյան կայսրությունում կոտորվել է 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը՝ մոտ 1,5 մլն մարդ (Արեւելյան Հայաստանի հետ միասին՝ ավելի քան 3,5 մլն.)։ Թալանվել եւ ավերվել է 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան։

1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայությանը պատճառած վնասի չափը՝ 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արեւմտահայությանը, իսկ արեւելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։