Ապրիլի 24-ը չե՛նք կարող վտանգի ենթարկել – Հանդիպում  նախագահական նստավայրում՝ մեկ օր առաջ – Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Մենք չե՛նք կարող չհամախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին… Այս տարի հայտնի կդառնա հայկական «Ավրորա» մարդասիրական միջազգային մրցանակի 3-րդ դափնեկիրը…

Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացավ հանդիպում, որին մասնակցեցին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկվեց վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգությունները հայտնեցին եւ հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարեւոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար եւ բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  

Հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Վեհափառ Տե՛ր, Արցախի հարգարժա՛ն նախագահ, պարո՛ն վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք այս հանդիպման իմ խնդրանքին: Վաղը Ապրիլի 24-ն է՝ մեր ժողովրդի համար սուրբ օրը: Օր, որ 100 տարուց ավելի մեր ողջ ժողովուրդը նշել է որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի եւ մեր ազգային ողբերգության օր: Սակայն այս օրերը թեժ են՝ երկրի տարբեր մասերում կան ցույցեր, Երեւան քաղաքն անհանգիստ է: Ճիշտ է, սրանք մեծ մասամբ խաղաղ ցույցեր են, սակայն այս լարված վիճակը նաեւ պայթյունավտանգ է: Իհարկե, մեզնից յուրաքանչյուրը կոչով դիմել է եւ՛ ժողովրդին, եւ՛ իշխանություններին, եւ՛ ոստիկանությանը, որպեսզի կարողանանք ամբողջապես պահպանել խաղաղ վիճակը՝ խաղաղ ցույցեր եւ խաղաղ արձագանք այդ ցույցերին:

Սակայն վաղը Ապրիլի 24-ն է, եւ մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա ու գնահատի վիճակի ու պահի զգայունությունը, կարեւորությունը: Օր է, երբ հայերը՝ ինչպիսին էլ լինեն, մեզնից յուրաքանչյուրը ինչպիսի քաղաքական կարծիք էլ ունենա, հանգստություն կամ անհանգստություն, այդ օրը՝ այդ սուրբ օրը մենք չենք կարող վտանգի ենթարկել:

Հետեւաբար, խնդրել եմ, որպեսզի հավաքվենք, որպեսզի մեկ անգամ եւս կոչով դիմենք մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում, որպեսզի բոլորս միասին հարգենք Ապրիլի 24-ը՝ մեր զոհերի հիշատակը: Օր, երբ երկու հայ իրավունք չունեն իրար վրա ձեռք բարձրացնել: Օր, երբ չպետք է թափվի հայի մի կաթիլ արյուն: Օր, երբ ամբողջ աշխարհը մեզ է դիտում: Եթե մենք չկարողանանք համախմբվել այս օրը՝ ապրիլի 24-ին, անկախ մեր բոլոր տարբերություններից, ապա հսկայական վնաս կհասցնենք մեզ, մեր պատմությանը եւ մեր ժողովրդին:

Հետեւաբար, հրավիրել եմ ձեզ հանդիպման, որպեսզի համաձայնվենք կոչով դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ աշխարհասփյուռ եւ հայրենիքում, որպեսզի մեր բոլոր տարբերությունները, կարծիքները գոնե մեկ օրով մի կողմ դնենք, միավորված լինենք այդ սուրբ օրվա եւ մեր ազգային պայքարի շուրջը եւ դրանից հետո՝ գուցե ամսի 25-ից սկսած, նորից անցնենք մեր խնդիրների լուծմանը: Իսկ այդ խնդիրները, ինչպես ասել եմ մի քանի անգամ, ունեն մեկ լուծում՝ երկխոսություն, բանակցություններ»,- ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հ.Գ. – Այս օրերին իսկապես հայությունն օրվա խորհուրդը սրբորեն պահպանեց: Սա մեր առաքելության պատասխանն է աշխարհին,- մենք գալի՛ս ենք նորից…

Ե՛վ իշխանությունը ե՛ւ ընդդիմությունը ՛գենետիկ հիշողությամբ պատրաստ եղան սրան, իսկ սփյուռքահայության մի հատված անգամ եկել էր, որ հնարավոր բախման դեպքում մեջտեղում կանգներ…

Սեփ. լրատվություն

Հայաստանը մարդասեր հերոսների հանդիպման վայրն է դառնում. Ռուբեն Վարդանյանը՝ «Ավրորա-2018»-ի մասին

24 Ապրիլ, 2018 – «Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում ներկայացվել է նաու առաջին 2 տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը: «Ներկայացվել է, թե ինչպես են կազմակերպությունները 14 երկրում իրենց ստացած գումարներն ուղղել մարդկանց կրթության, բժշկական ծառայությունների մատուցման ապահովմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Բարերարի խոսքով՝ Հայաստանում մրցանակի շնորհումը լավ առիթ է աշխարհի տարբեր ծայրերում հերոսական աշխատանք կատարող մարդկանց հանդիպման, ծանոթության եւ հետագա շփումների համար: Նրա խոսքով՝ ինչպես սպասվում էր, հյուրեր եկան աշխարհի տարբեր անկյուններից, ինչը կարեւոր քայլ է Հայաստանը ճանաչելի դարձնելու ոչ միայն որպես առաջին քրիստոնյա երկիր կամ ցեղասպանություն վերապրած ազգ, այլեւ մարդասիրության կենտրոն:

Բացի այդ կայացան ավանդական դարձած «Aurora Dialogues» քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների եւ փորձագետների համար՝ ուսումնասիրելու եւ քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտում է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը եւ խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով:

Նուբար Աֆեյանն էլ, ով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մյուս համահիմնադիրն է, նշել է, որ իրենք ամրացնելու են մրցանակաբաշխության՝ Հայաստանում գցած արմատները: «Մենք ցանկանում ենք ապագայում «Ավրորա»-ն մնա որպես հայ պատմության, հիշատակի վրա հիմնված աշխարհին նվիրված ծրագիր: Որեւէ մի իրադարձություն կդառնա այդ արմատային պատմության փոքր մասը: Ապրիլի 24-ը մեր պատմության մեջ մնալու է որպես հարգանքի ու հիշատակի օր եւ ուրախ ենք, որ ներկա վիճակը թույլ տվեց, որ դա լինի»,- ասել է Նուբար Աֆեյանը:

Այս տարի հայտնի կդառնա «Ավրորա» մարդասիրական մրցանակի 3-րդ դափնեկիրը: Ապրիլի 24-ին Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը հայտարարեցին այս տարվա հերոսներին: Նրանք են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), կաթոլիկ միաբան Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա): «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովը այս տարվա համար ստացել է 750 հայտ 115 երկրից 12 լեզվով:

«Ավրորայի» յուրաքանչյուր հերոսին առաջարկվել է այս տարվա 1 միլիոն դոլարի մրցանակին առաջադրել մինչեւ 3 կազմակերպություն։ Չո Լա Աունն առաջադրել է «Բժիշկներ առանց սահմանների», «Բժիշկների օգնության մալայզիական ընկերություն» եւ «Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով» կազմակերպությունները: Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն առաջադրել է «Օազիս Սան Խուան դե Դիոս» եւ «Յից Կա-ան» բնապահանական գյւողատնտեսական դպրոց» կազմակերպությունները:  Սունիտա Քրիսշնանն առաջադրել է «Փրաջվալա», «Վերջ կանանց եւ երեխաների թրաֆիքինգի», «Սալափ Հնդկաստան» կազմակերպությունները։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Մրցանակի դափնեկրի անունը հայտնի կդառնա հունիսի 10-ին:

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։