Խորհրդարանական Հայաստանի առաջին ճգնաժամը՝ նոր պետհամակարգի ներդրման առաջին իսկ օրերին – Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված… Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին… Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել… ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի դեպքերի վերաբերյալ հայտարարությունը… Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը (Կաթողիկոս Գարեգին Բ) ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով… Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը… Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում… Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն… ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ… / «Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»… Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները… Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր… Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… «Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան… Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին… Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան…

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Երկրի նորընտիր վարչապետի պաշտոնական կայքում ներկայացված հայտարարության մեջ ասված է. «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երեւանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր եւ երթեր: Խաղաղ ցույցեր եւ երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը եւ շարունակելու են մշտապես հարգել:

Ցավալիորեն, հանրային այդ հավաքները հաճախակիորեն հատել են օրենքով թույլատրվածի սահմանները եւ ստացել են անհարկի եւ անարխիկ դրսեւորումներ, որոնց մասին մանրամասն խոսվում է Ոստիկանության բազմաթիվ հայտարարությունների մեջ: Տեղի ունեցող զարգացումները հղի են անկանխատեսելի հետեւանքներով, վտանգում են հանրային կարգուկանոնը եւ վնասում Հայաստանի հասարակության բարդ եւ նուրբ ներդաշնակությունը:

Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա:

Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պետք է անել անհապաղ:

Վստահ եմ, որ իրավիճակին համարժեք նման երկխոսություն ձեւավորելուն կարող են նպաստել երկրի բոլոր քաղաքական ուժերը (21.04.2018):

* * *

Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում բողոքի ցույցերի հետ կապված

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած հայտարարության մեջ ասված է. «Վերջին օրերին մեր Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի եւ երթերի ձեւով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին:  

Երիտասարդները մեր վաղվա օրն են՝ ապագա զինվորը, գիտնականը եւ ինժեները, քաղաքական գործիչը եւ պետական պաշտոնյան, եւ, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու նրանց կարծիքը հարգվի: Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական եւ քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Հայաստանի խորհրդարանը եւ նրա մեծամասնության ձեւավորած կառավարությունը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, կոչված են այդ հարցերը քննարկելու եւ հասարակությանը բավարարող լուծում գտնելու համար:

Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձեւաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը: Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար: Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները եւ ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով:

Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին եւ իրավապահներին, հանդես բերելու զսպվածություն եւ պատասխանատվություն: Ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրի անվտանգությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն»։

* * *

Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին

Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել: Ներկայացրած ուղերձում ասված է. «Այս օրերին համայն հայության ուշադրությունը սեւեռված է Երեւանում եւ ՀՀ մի շարք քաղաքներում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Արցախը չի կարող անտարբեր մնալ Մայր Հայաստանում ընթացող զարգացումների նկատմամբ եւ նույնպես հետեւում է այդ ամենին:

Հայրենիքի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, եւ որին ամեն վայրկյան սպառնում է նենգ թշնամին, ապակայունացման, ներքին համախմբվածության խարխլման ցանկացած փորձ վտանգավոր է եւ հղի վատագույն հետեւանքներով, ինչը չի կարող չազդել անվտանգության, պաշտպանունակության եւ սահմաններում տիրող իրավիճակի վրա: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կարծիքն ու տեսլականը ներկայացնելու երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ: Դա անքակտելի իրավունք է, որն ամրագրված է Սահմանադրությամբ: Սակայն, այդ իրավունքը պետք է իրականացվի բացառապես օրենքի սահմաններում՝ երբեւիցե չմոռանալով, որ հայկական 2 պետությունների անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել եւ մնում է մեր ներքին կայունությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ՝ անվերապահորեն հետեւել օրենքի տառին ու ոգուն, վիճահարույց հարցերը կարգավորել երկխոսության միջոցով, ցուցաբերել զսպվածության եւ պատասխանատվության բարձր աստիճան: Մենք պետք է թույլ չտանք այնպիսի սխալներ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել մեր ժողովրդի եւ հայոց ազատ ու անկախ պետականության համար, որը թանկ ու գերագույն արժեք է ամեն մի հայի համար՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

* * *

Փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում էր բանակցել ու լուծումներ գտնել

«Արմենիա» հառուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով Երեւանում վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է, որ ինքն էլ մյուս քաղաքացիների պես շատ անհանգիստ է: Նա  հանդես է եկել երկխոսելու առաջարկությամբ։

Հարց – Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

Պատասխան – Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը՝ ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ:

Երկրորդը՝ ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր եւ համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան եւ կամքը կարելի է եւ պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք եւ պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը:

Երրորդը՝ այսօր մենք ձեւավորում ենք խորհրդարանականնոր համակարգ, որը պետք է առավելագոևյնս օգտագործենք եւ ձեւավորենք պարբերաբար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր եւ խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները եւ նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավոր ենք այդ հարթակը օգտագործել:

Չորրորդը՝ անկեղծ լինելով եւ ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները եւ երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են եւ տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, ՀՀ քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել եւ տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:

Հարց – Դուք ինքներդ պատրա՞ստ եք որեւէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որեւէ հարթակի, որովհետեւ դրա մասին ակնարկել է եւ առաջինը նախագահը իր հայտարարության մեջ, եւ Դաշնակցությունը՝ առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել:

Պատասխան – Այո՛:

Հարց – Սա կարելի՞ է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են:

Պատասխան – Այո՛, ես այդպես էլ ձեւակերպել եմ, ես առաջարկում եմ դա:

Հարց – Պարոն Կարապետյան, Դուք արդեն ստանձնել եք առաջին փոխվարչապետի պաշտոնը, շնորհավորում եմ այդ առիթով: Կա՞ արդեն հստակ պատկերացում թե ո՞ր ոլորտներն են լինելու Ձեր պատասխանատվության տակ:

Պատասխան- Այո՛, կա: Ես կոորդինացնելու եմ տնտեսական բլոկը եւ տարածքային զարգացումը: Եվ այն բոլոր բարեփոխումները, որը մենք նախատեսել ենք եւ այն տնտեսական թրենդը, որը մենք ունենք, պետք է մաքսիմալ օգտագործել, որպեսզի գանք տրամաբանական ավարտի: Եվ այս կարգավիճակը որոշակի առավելություններ ունի, ազատության աստիճան ունի, քանի որ մենք շատ նախագծեր ունենք մեր հարևան երկրների հետ, որտեղ շատ հաճախ ներկայությունը պարտադիր է, բայց քո կարգավիճակը թույլ չի տալիս այդքան հաճախ գնալ, ավելի հասցեական ներդրողների հետ աշխատել: Եվ իրականում, կրկնվեմ, օգտագործել այն ներուժը, որը ունենք: Մենք լավ թրենդի վրա ենք: Այսօր Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է թվերը: 3 ամսվա կտրվածքով մենք ունենք 10,6 % տնտեսական աճ, դա շատ ավելի բարձր է, քան միջինը աշխարհում: Ես շատ լավ հասկանում եմ եւ գիտակցում եմ, որ մեր շատ քաղաքացիները դա չեն զգում, բայց պետք է արձանագրենք, որ միակ ճանապարհը պարբերական միջինից բարձր տնտեսական աճ ապահովելն է:

Հարց – Արդյոք շարունակվելու են այն ծրագրերը, որոնց մասին Դուք խոսել եք եւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ եւ դրանից հետո՝ որպես վարչապետ: Ծրագրեր կան, որոնք եռամյա էին, քառամյա էին:

Պատասխան – Այո՛, եւ մենք մոտ ժամանակներս կառավարության նոր ծրագրով դա կարձանագրենք:

Հարց – Հասկանալի է, որ կառավարությունը եւ իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության»: Ինչ-որ մի կետում դրանք պետք է հատվեն: Ձեր կարծիքով՝ ո՞րն է լինելու այդ կետը: Ո՞րն է լինելու այն սկիզբը, որից հետո հնարավոր է արդեն ոչ թե 2 տարբեր աշխարհներում ապրել, այլ ինչ-որ մի տեղ հանդիպել:

Պատասխան – Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետեւ կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է եւ հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, եւ դա բերելու է հետեւանքների: Ես որեւէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք եւ սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք:

Հարց – Ինչի՞ շուրջ:

Պատասխան- Ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը եւ համարձակ խոսենք դրա մասին:

Հարց – Եվ Դուք պատրաստ եք դրան:

Պատասխան – Այո՛:

* * *

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը

Դրանում, մասնավորապես, ասված է. «ՀՀ սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում եւ հրապարակներում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ուղղված ՀՀ իշխանությանը: Բողոքի այսօրինակ դրսեւորումները բնորոշ են ժողովրդավարական պետություններին:

Հարգելի հայրենակիցներ, ամենայն մանրամասնությամբ հետեւել եմ ծավալվող բոլոր իրադարձություններին, հանրահավաքների ընթացքին, կազմակերպիչների եւ իրավապահ մարմինների քայլերին ու հռետորաբանությանը: Ցավոք, որոշ դեպքերում արձանագրվել են նաեւ իրավախախտումներ, այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքեր, որոնց նկատմամբ իշխանությունը մշտապես ցուցաբերել է հավասարակշռված վերաբերմունք՝ հաճախ գնալով զիջումների:

Միջազգային տարբեր հարթակներից, Սփյուռքից, քաղաքացիական հասարակությունից, բազմաթիվ քաղաքական ուժերից, ինչպես նաեւ իշխանության կողմից հնչել են բանակցելու, քննարկումներ կազմակերպելու, իրավիճակը սրացումից զերծ պահելու բազմաթիվ հորդորներ: ՀՀ նախագահն անձամբ է այցելել դժգոհությունների ամենաթեժ հարթակ ու անձամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հորդորել նստել քաղաքական երկխոսության: Դրան հաջորդել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ցավոք, այս վերջին հանդիպումից ակնհայտ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հակված չէ խնդրի լուծմանն ուղղված քաղաքական քննարկումների, փոխզիջումների, ինչն էլ հնարավորություն պիտի տար կանխելու հնարավոր ծանր հետեւանքները, հանդարտեցնելու վիճակն ու սկսելու կառուցողական աշխատանք: Այս իրավիճակում, երբ մերժելով քաղաքական երկխոսությունը, ընտրելով ամեն ինչ կամ ոչինչ մարտավարությունը, բողոքի միջոցառումների կազմակերպիչներն ու առաջնորդները պարտավոր են գիտակցել, որ դրանով հետագա բոլոր զարգացումները, այդ թվում ամենածանրը, վերցնում են իրենց ուսերին եւ կրելու են համարժեք պատասխանատվություն:

Ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը, գիտակցելով կարգ ու կանոն հաստատելու պետության պարտականությունը՝ կոչ եմ անում ցուցաբերել ողջախոհություն, արժեւորել յուրաքանչյուրիս սահմանադրական իրավունքները, պարտականությունները եւ նստել քաղաքական քննարկումների սեղանի շուրջ:

Վստահ եմ, որ ՀՀ-ն ունի քաղաքական եւ իրավական բոլոր գործիքները՝ իրավիճակի անցնցում եւ ողջամիտ հանգուցալուծմանը հասնելու համար: Զսպվածության ու հանդուրժողականության կոչ եմ անում մեր քաղաքացիներին, բոլոր քաղաքական ուժերին, մեր քույրերին ու եղբայրներին, մեր զավակներին ու երիտասարդներին: Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը»:

* * *

Գերագույն հոգեւոր խորհրդի եւ եպիսկոպոսաց դասը ուղերձ է հղել վերջին դեպքերի առիթով

Ուղերձում ասված է. «Մեր երկրում տեղ գտած վերջին զարգացումները ներազգային կյանքում ստեղծել են վտանգավոր ու տագնապալի իրավիճակ:

Ներկա կացության մեջ հարկ է առաջնորդվել սթափ դատողությամբ՝ զերծ ծայրահեղ հուզականությունից ու չարդարացված առավելապաշտական նկրտումներից:

Կոչ ենք ուղղում իրավապահներին ու ցուցարարներին գործել բացառապես օրինականության սահմաններում, երկուստեք դրսևորել խիստ զսպվածություն, բացառել հնարավոր սադրանքները եւ զերծ մնալ բախումների ու ընդհարումների հանգեցնող գործողություններից: Անթույլատրելի եւ աններելի են քայլերն ու գործողությունները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը, սերմանում երկպառակություն, ատելություն ու թշնամանք: Այսօր երկխոսության հույսեր արթնացնող աննախադեպ նախաձեռնությունը, ցավոք, ընդհատվեց: Մենք հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով առկա վիճակը հաղթահարելու բոլոր հնարավորությունները դեռ չեն սպառվել: Ակնկալում ենք, որ Հայրենիքի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ու քաղաքացիական ուժերն իրենց հետեւողական ու ծանրակշիռ գործունեությամբ միջամտեն զարգացումներին եւ փորձեն բանակցությունների, փոխհասկացողության ճանապարհով աջակցելու խնդիրների բարվոք հանգուցալուծմանը: Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ Հարուցյալ Տերը խաղաղ, անսասան եւ անվրդով պահի Հայրենի մեր երկիրը եւ զորացնի բարեպաշտ մեր ժողովրդի համերաշխության, հանդուրժողականության եւ ազգային միաբանության ոգին, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի օրը դարձնելու աղոթքի եւ հաշտության օր»:

Գերագույն հոգեւոր խորհուրդ. Հավատում ենք, որ խաղաղ ճանապարհով վիճակը հաղթահարելու հնարավորությունները սպառված չեն:

* * *

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեւորգի Կուտոյանի համերաշխության կոչը

Յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական: Ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն եւ շրջահայաց՝ այդ անդառնալի հետեւանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենն «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

- Պարոն Կուտոյան, վերջին օրերի ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով, որոնցով իր մտահոգությունն էր հայտնում Հայաստանում ձեւավորված լարված մթնոլորտի եւ դրանով պայմանավորված ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող միտումների ձեւավորման ու ակտիվացման կապակցությամբ։ Ծառայության բերումով որպես հանրապետության ներսում եւ դրսում տիրող օպերատիվ իրավիճակին առավել տեղեկացված պաշտոնյաներից մեկը՝ կմանրամասնեք, թե ինչով են պայմանավորված այդ մտահոգությունները։

– Ինչպես գիտեք, ՀՀ Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը պատասխանատու է ՀՀ ԱԱ ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոնցից առաջնահերթ գործառույթների թվում են մեր ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։

ԱԱ ծառայությունը Հայաստանի ներսում եւ արտերկրում տեղի ունեցող զարգացումների մասին տեղեկատվության ստացման, մշակման ու վերլուծության արդյունքում մշտապես իրականացրել եւ ներկայումս էլ բնականոն իր հունով շարունակում է ՀՀ անվտանգությանն սպառնացող վտանգների կանխատեսման եւ դրանց չեզոքացմանն ուղղված իր գործունեությունը։

Միջազգային հեղինակավոր փորձագիտական կարծիքների համաձայն՝ մինչ վերջերս Հայաստանն ընկալվել է որպես աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը, որի գրավականները եղել են ինչպես բարդ տարածաշրջանային պայմաններում պետական մարմինների լարված եւ հետեւողական աշխատանքը, այնպես էլ մեր հասարակության խոհեմությունը եւ պետականության, համախմբվածության եւ Հայրենիքի նկատմամբ անսահման նվիրվածության գաղափարների կարևորումը։

Ցավոք, վերջին իրադարձությունների և դրանց հրապարակային ու քողարկված դրդապատճառների ու հետապնդվող նպատակների դիտարկումները վկայում են, որ հետեւողական փորձ է արվում խախտել հիշյալ հավասարակշռությունը, որն արդեն անմիջականորեն ոտնձգություն է ոչ թե իշխանությանը, առանձին պետական կամ քաղաքական գործիչներին, այլ՝ պետության հիմքերին։

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կողմից շարունակվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվող տեղեկատվությունը հիմք է տալիս եզրահանգումներ կատարելու, որ մեր քաղաքացիների կողմից իրենց սահմանադրական իրավունքներից օգտվելու ընթացքին զուգահեռ պետության հիմքերը թուլացնելու եւ քայքայելու նպատակներ հետապնդող ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տարբեր ուժեր, անհատներ եւ խմբավորումներ ակնկալում են կյանքի կոչել մեր ինքնիշխանությանը, պետական սահմանների անձեռնմխելիությանը եւ տարածքային ամբողջականությանն ուղղված իրենց ստոր ծրագրերը։ Չեմ վարանում հրապարակային նման մեկնաբանություն տալ այդ ծրագրերին, քանի որ դրանց իրականացման նպատակով փորձ է արվում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ սերմանել բացահայտ թշնամություն, ատելություն, անհանդուրժողականություն, որի հետեւանքները հնարավոր չի լինելու կարճ ժամկետում չեզոքացնել, և տևական ժամանակ մենք, մեր երեխաներն ու ամբողջ ժողովուրդը ստիպված ենք լինելու ապրել փոխադարձ անվստահության, անհանգստության ու անկայունության պայմաններում։

Նման ծրագրերին չեմ վարանում հրապարակային այդպիսի գնահատականներ տալ նաև այն պատճառով, որ առանձին անձինք և խմբավորումներ, ցանկանալով օգտվել ստեղծված իրավիճակից, փորձում են հանրորեն վտանգավոր արարքների միջոցով էլ ավելի բարդացնել իրավիճակը, ավելին՝ իրենց ծրագրած բռնի գործողությունների միջոցով հանրապետությունում տարածել վախի մթնոլորտ։ Առավել մտահոգող հաջորդ դիտարկումը մեր հակառակորդի կողմից հանրապետության պաշտպանունակության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման միտումներն են։

Վերոհիշյալ հանգամանքների համակցությունն էլ ՀՀ ԱԱԾ տնօրենն հիմք է տվել մտահոգություն հայտնելու, որ ծավալվող իրադարձություններն արդեն վեր են ածվում մեր պետականության դեմ ուղղված լուրջ մարտահրավերի, ժամանակն է լինել առավել զգոն եւ շրջահայաց՝ այդ անդառնալի հետևանքներից մեր սերունդներին զերծ պահելու համար։ Որպես հայ, զավակ եւ ծնող՝ խոհեմության եւ համերաշխության կոչ եմ անում, բայց նաեւ որպես ԱԱԾ տնօրեն, զգուշացնում եմ, որ «պղտոր ջրում ձուկ որսացող» որեւէ մեկը, նորից եմ կրկնում՝ առանց բացառության, ոչ ոք անպատիժ չի մնալու, այդպիսի ցանկացած անձի յուրաքանչյուր արարք ստանալու է օրենքի ողջ ծավալով համարժեք գնահատական։ Միաժամանակ հույս եմ հայտնում, որ մեր քաղաքացիներն ունեն այնքան խոհեմություն, որ իրենք էլ կարող են ճիշտ եզրահանգումներ կատարել ստեղծված իրավիճակից դուրս գալու եւ մեր Հայրենիքը քաոսի չվերածելու լավագույն ու կշռադատված լուծումների վերաբերյալ:

* * *

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան. մեր ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ո՛չ հիմա, ո՛չ էլ հետագայում

«Որեւէ կերպ սպառնալիք չի կարող եւ չպետք է դիտվի»,- արձագանքելով «Մարտի 1-ից դասեր չքաղելու» մասին վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ասաց պաշտպանության նախարարը: Նրա խոսքով, դա պետք է դիտել նախազգուշացում, որ նման իրադարձությունները կարող են բերել լարվածության ու էսկալացիայի, ինչը որեւէ մեկին, իհարկե, անհրաժեշտ չի:

«Կարծում եմ, որ հենց բուն բանակցությունների փաստը, չնայած բոլոր ձեւաչափերը միտված էին նրան, որ բանակցությունները չկայանային, սկսած մամուլի առաջ, Մարիոթ Հյուրանոցում դա անցկացնելը, ցույց է տալիս կառավարության ու վարչապետի՝ երկխոսություն վարելու տրամադրվածությունը»,- նշել է նախարարը:

Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներում բանակին ներգրավելու հնարավորության մասին հարցին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է. «Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ հայաստանյան օրենսդրությունը շատ մանրամասն կարգավորում է այն եզրագիծը, որտեղ զինված ուժերը կարող են ներգրավել, ինչպես կարող են ներգրավել նման իրավիճակների ժամանակ: Դա միմիայն արտակարգ դրության ռեժիմի պարագայում է ու շատ հստակ առանձին գործառույթներ կատարելու համար է, լրացուցիչ ուժի, բայց ոչ ֆիզիկական ուժի, այլ ռեժիմի պայմանների պահպանման համար: Իմ, ինչպես նաեւ վստահ եմ, որ բոլոր մեր հայրենակիցների ակնկալիքն է, որ արտակարգ ռեժիմի կարիքը չլինի ոչ հիմա, ոչ էլ հետագայում: Տեսեք օրենսդրությունը դրա համար էլ գրվում է, որ ինչ-որ մի պահի  դրա անհրաժեշտությունը կարող է առաջանալ, օրենսդրությունը գրվում է երբ հանգիստ վիճակ է, որպեսզի լարված իրավիճակում ընթացակարգերն ունենանք: Հուսանք, որ տարիներ շարունակ դա մեր երկրին պետք չի լինի»:

Նախարարը նաեւ ընդգծել է, որ Եթե իշխանությունը ձեւավորվեր փողոց շատ մարդ դուրս բերելով, քաղաքակիրթ երկրները շուտվանից ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին: Իսկ Սարգսյան-Փաշինյան բանակցությունները չկայանալու պատճառն այն է, որ ցանկություն պայմանավորվելու երեւի թե չկար: «Ակնհայտ էր, որ տեսախցիկների առջեւ լուծում գտնելը շատ ավելի բարդ է, քան վերջնագրեր ներկայացնելը կամ տեսախցիկի առաջ միավորներ հավաքելը: Եթե նպատակը, իրոք բանակցությունն էր, իրոք հանգուցալուծում գտնելն էր, ապա դրա համար ի սկզբանե այլ ձեւաչափ էր պետք ընտրել: Բայց ես կարծում եմ, իմ պարզաբանումը մի քիչ էլ արհեստական է, քանի որ Նիկոլ Փաշինյանն ինքը ասաց, որ բանակցելու ցանկություն չունի, ինքը եկել է վերջնագիր ներկայացնելու: Կարծում եմ՝ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր, ես էլ, բոլորն էլ շատ պետք է զարմանայինք, եթե երկրի վարչապետը վերջնագրերով խոսելու ներկայանար»,- ասել է Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով, այդ հանդիպման ամբողջ գաղափարն այն էր, որ կային քննարկման ենթակա բազմաթիվ հարցեր՝ հասկանալու ինչպես պետք է իրավիճակից դուրս գալ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր կողմի ելույթներից մեկում ներկայացրած գործողությունների ծրագրին, ապա նախարարը կրկնել է, որ շատ մարդ դուրս բերելու փորձ անգամ քաղաքակիրթ երկրները չեն կիրառել, ինչը չի կարող ժողովրդավարական լինել, այլապես, շուտվանից ընտրությունների համակարգը փոխարինած կլինեին հանրային հավաքների անցկացմամբ… Միգուցե դա ապագա ժողովրդավարության մեթոդներից մեկն է, բայց այնքան էլ միանշանակ չէ, ինձ համար եւ, փաստորեն, նաեւ քաղաքակիրթ աշխարհի»:

* * *

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան. ստիպված ենք լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն

Ոստիկանությունը տարածել է հերթական հայտարարությունը, որում ասված է. «Չնայած ՀՀ ոստիկանության կոչերին եւ բազմաթիվ հորդորներին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի ակնհայտ խախտումներով ուղեկցվող հավաքները, որոնք շարունակում են լրջորեն խոչընդոտել երթևեկությանը, անհամաչափ կերպով սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների եւ ազատությունների իրացմանը:

Հավաքի կազմակերպիչների եւ մասնակիցների ապօրինի գործողությունները հանգեցնում են Ոստիկանության կողմից հասարարական կարգի վերականգնմանը եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված իր անմիջական պարտականությունների կատարմանը՝ իրավախախտ քաղաքացիների նկատմամբ իրավական համաչափ ներգործության միջոցների կիրառմամբ:

Առավել վտանգ են ներկայացնում հավաքի կազմակերպիչների անօրինական կոչով ավտոմեքենաներով քաղաքի բանուկ փողոցներն արգելափակելու գործողությունները, որոնք վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը:

Ոստիկանությունն ստիպված է լինելու կիրառել օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն՝ իրավախախտումները խափանելու ուղղությամբ:

Ապօրինի հավաքի ճանապարհների երթեւեկելի հատվածներով երթ իրականացնող մասնակիցներին կրկին անգամ կոչ ենք անում կատարել իրենց պարտականությունները, զերծ մնալ Ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց, վերջիններիս վիրավորելուց: Հավաքի կազմակերպիչներին կոչ ենք անում քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների անհամաչափ սահմանափակումները դադարեցնելու, մայրաքաղաքի բնակիչների կյանքն ու առողջությունը վտնագող գործողություններից խուսափելու նպատակով հավաքները տեղափոխել այնպիսի տարածքներ, որտեղ կբացառվեն իրավախախտումները հնարավորություն կտան Ոստիկանությանն աջակցություն ցուցաբերել հավաքին եւ ապահովել վերջինիս մասնակիցների ավտանգությունը»:

* * *

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

«Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք պալիգոնի»…

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միությունը, ՀՀ բոլոր ԵԿՄ-երը, Արցախյան ազատամարտի մասնակիցները, 5-րդ լեգենդար բրիգադի մարտիկները, երիտասարդ, պատանի երկրապահներն անհանգստացած են մեր երկրում այս օրերին ձեւավորված իրավիճակով:

Երկրապահի համար կարեւորագույն խնդիրը հայ ազգի, Հայաստանի, հայկական Արցախ պետության անվտանգության ապահովումն է: Երկրապահը եղել է հայոց բանակի հիմքն ու հենասյունը, երկրապահը կարողացել է ժամանակին իր վրա վերցնել թուրք-ադրբեջանական պարտադրած պատերազմն ու ե՛ւ կռվել է, ե՛ւ կանոնավոր, պետական բանակ ստեղծել: Երկրապահը պետականության ստեղծման ակունքներում է կանգնած եւ հետագայում էլ անկախության, տարածքային ամբողջականության, անվտանգության երաշխավորող հիմնական գործոններից է եղել:

Երկրապահի հենքով ստեղծված հայկական կանոնավոր բանակը կարողացավ մեզ պատերազմ պարտադրած թուրքին հրադադար պարտադրել: Արցախի, Հայաստանի սահմանների պաշտպանության, մեր տարածքների ազատագրման համար մղված մարտերում բազում մարտական ընկերներ ենք կորցրել: Մեզ համար թանկ է նրանց արյունը, եւ մենք իրավունք չունենք կորցնելու այն արժեքները, այն ձեռքբերումները, որ նվաճվել են հազարավոր երկրապահների արյամբ, տասնյակհազարավորների առողջության գնով:

Երկրապահը բազում անգամներ հայտարարել է եւ հիմա էլ կրկնում ենք՝ Երեւանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պալիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է եւ թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով: Ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է: ԵԿՄ-ն ողջունում է երկխոսություն սկսելու՝ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը: Երկրապահը հերթական անգամ ընդգծում է որ թե՛ հանրահավաքների մասնակիցները, թե՛ ոստիկանները մեր ժողովուրդն են, բոլորս եղբայրներ, քույրեր ենք եւ պետք է ամեն գնով բացառենք միմյանց նկատմամբ ատելությունը:

Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը եւ ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը:

- Երդվյալ ազատամարտիկների միությունը սթափության կոչ է տարածել՝ հայտարարություն երկրում ստեղծված ներքաղաքական լարված իրավիճակի մասին… Թշնամիներով շրջապատված մեր երկում, երբ սահմաններոմ պարտության ցավից ոռնում է թշնամին և ամեն ժամ հանդես է գալիս պատերազմի կոչով, երկրում տիրող ամենադժվարին կացությունն էլ չպետք է պատճառ դառնա բոլորիս շեղելու արյան այդ գիտակցությունից…

- Նմանատիպ կոչով հանդես են եկել նաեւ Արցախի ազատամարտիկները:

* * *

Արտակարգ Իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր

«Վերջին օրերին մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում բողոքի ցույցերի ու ավտոերթերի հետեւանքով առաջացած մարդկային եւ ճանապարհատրանսպորտային միջոցների կուտակումները կարող են հանգեցնել արտակարգ դեպքերի, պատահարների:

Հհորդորում ենք պահպանել զգոնությունը ավտոճանապարհներին եւ մարդաշատ վայրերում: Կոչ ենք անում ցույցերի եւ երթերի ընթացքում ցուցաբերել զսպվածություն, հաշվի առնելով, որ մարդկանց մեծաթիվ կուտակումների, խուճապի կամ անկանոն տեղաշարժի հետեւանքով առաջացող հրմշտոցը կարող է հանգեցնել մարմնական, այդ թվում նաեւ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների ստացմանը:

Նման իրավիճակներում հատկապես խոցելի են կանայք, երեխաները եւ տարեցները:

Ցույցերի ու երթերի ընթացքում վտանգավոր է նաեւ տարատեսակ հրագործական արտադրատեսակների  (ճայթռուկներ, հրավառություններ, ծխագլանակներ, ջահեր եւ այլն) կիրառումը, ուստի հորդորում ենք քաղաքացիներին՝ խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոններն ու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն:

* * *

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն մանուկյանը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայտարարությունում ասված է. «Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգեւորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ: Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Բայց տարիներ շարունակ դժգոհությունն ուղեկցվել է նաեւ շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը:

Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում՝ նպաստելով կուսակցական համակարգի բարեփոխմանը եւ պառլամենտարիզմի գործուն մեխանիզմների ստեղծմանը, հանրային դժգոհության խորքային պատճառների վեր հանմանն ու դրանց լուծման ուղղությամբ իրատեսական ծրագրերի մշակմանը, քաղաքական ու հասարակական նոր մշակույթի ձեւավորմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը եւ այլն:

Սակայն հանրային ընդվզումը կարող է նաեւ բացասական լուրջ հետեւանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի եւ երկխոսությունը մերժելու սկզբունքը: Հանրային խորհուրդը գտնում է, որ երկրի նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը, քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերը օր առաջ պետք է նախաձեռնեն երկխոսություն: Այդ կարծիքն այս օրերին գերակշռող է, եւ Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին եւս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը, որն արել է նաեւ Հանրապետության վարչապետը:

Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի եւ վտանգավոր ճանապարհով: Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի ապագայի հանդեպ անձնական պատասխանատվություն կրում ենք հավասարապես բոլորս, իսկ օրվա իրավիճակը պահանջում է պատասխանատվության առավել հստակ գիտակցում: Առանց նախապայմանների երկխոսությունը քաղաքական ու քաղաքացիական կամքի արտահայտություն է եւ չունի այլընտրանք»։

* * *

«Հիմնարար ազատությունների հարգումը մեր ձեռքբերումներից է». ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Հիմնարար ազատությունների հարգումը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդումը, գործուն քաղաքացիական հասարակության առկայությունը, խոսքի, հավաքների ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից են: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարարը՝ մեկնաբանելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին միջազգային մամուլի անդրադարձերը («Առավոտ»):

Հարց – Պարոն նախարար վերջին օրերին արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների առջեւ ցույցեր են կազմակերպվել: Ինչպես եք վերաբերվում նման երեւույթին:

Պատ. – Անշուշտ, արտերկրում բնակվող մեր հայրենակիցներն էլ ունեն իրենց Հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ կարծիք հայտնելու իրավունք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ ներխուժելը, դրանց աշխատանքը խոչընդոտելը, սեփական Հայրենիքի ներկայացուցչությունները վարկաբեկելու փորձերը եւ դրանք առցանց ցուցադրելը կարելի է համարել հայրենասիրության դրսևորում: Համոզված եմ, որ կարծիք արտահայտելու քաղաքակիրթ ձեւեր կան:

Հարց – Պարոն նախարար, վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներին անդրադառնում են նաեւ արտերկրում, դրանք հայտնվել են միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Պատասխան. Միջազգային կառույցներն ու մեր գործընկեր երկրները լավագույնս տեղեկացված են Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, առաջին հերթին, քանի որ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման բարեփոխումներն իրականացվել են նրանց հետ համագործակցությամբ: Այն ինչ այս ուղղությամբ իրագործվել է հատկապես վերջին տասնամյակում կասկածի տեղ չի թողնում, որ Հայաստանում հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացը կայուն եւ անդառնալի է։ Այդ համագործակցության արդյունքում է նաեւ, որ սահմանադրական բարեփոխումները եւ նախորդ տարի Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացան միջազգային կառույցների հիմնականում բավական դրական գնահատականների: Հենց դրանց արդյունքում է, որ Հայաստանն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգին:

Մեր երկրում ազատորեն իրականացվող երթերն ու ցույցերը անհնար կլիներ պատկերացնել առանց վերջին տարիների հետեւողական ու շարունակական բարեփոխումների կյանքի կոչման։ Գուցե այդքան էլ ճիշտ չէ զուգահեռներ անցկացնել, այնուամենայնիվ, որո՞նք են այն երկրները, ուր կարող է հանդուրժելի համարվել տեւական ժամանակով քաղաքացիների ազատ տեղաշարժի խոչընդոտումը, կրթօջախներ, պետական հիմնարկներ եւ այլ հաստատություններ ներխուժելու փորձերը, նրանց բնականոն աշխատանքի խաթարումը, հանրային ու մասնավոր գույքի վնասումը, հասարակական կարգի խախտումը եւ այլն: Հստակ է, որ իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլեւ շատ դեպքերում՝ նաեւ առավել քան զսպված: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կարգը պահպանելուն ուղղված միջազգային չափանիշներին համապատասխան արհեստավարժ, համարժեք գործողությունները նաեւ ԵԱՀԿ-ի եւ գործընկեր այլ կառույցների հետ տարիների համագործակցության արդյունք են:

Ինչ վերաբերում է միջազգային մամուլի արձագանքին, ապա բավական անդրադաձ եղել է: Եվ դա բնական է: Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն անմիջապես ու առանց խոչընդոտների սփռվում են մեր երկրում ազատորեն գործող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լրատվական գործակալությունների միջոցով: Կամ վերցնենք համացանցի ու սոցիալական ցանցերի ազատ գործունեությունը, Այս ամենը հնարավոր է դարձել Հայաստանի կողմից հետեւողականորեն իրականացվող քաղաքականության շնորհիվ եւ բազմիցս արժանացել է մեր միջազգային գործընկերների գնահատանքին:

* * *

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը (Երեւանի քաղաքապետարանը) կոչով-հորդորով դիմել է ծնողներին

Քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը կոչ-հորդոր է ուղղել ծնողներին. «Հարգելի համաքաղաքացիներ, ծնողներ, մայրեր. վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին սկսել են մաս կազմել անչափահասները, որը հղի է հնարավոր անցանկալի հետեւանքներով:

Ուստի, կոչ-խնդրանքով դիմում ենք ձեզ՝ երեխաներին զերծ պահել զանգվածային անկանխատեսելի միջոցառումներից: Հարգելի հայուհիներ, ծնողական ձեր հոգածությամբ ու մայրական հորդորով ձեր անձնական հսկողության ներքո պահեք նրանց գործողությունները»:

Քաղաքապետարանից բացի այս հարցով հայտարարություններ են արել Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ով կոչ է արել «զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից եւ անչափահասներին քաղաքական գործընթացների մեջ ներգրավելուց»:

Հանրային խորհուրդը, ի դեմս Վազգեն Մանուկյանի, եւս անհանգստացած է. «Հորդորում ենք անչափահասներին զերծ պահել վտանգավոր կուտակումներին եւ քաղաքական հավաքներին մասնակցելուց»: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առհասարակ անթույլատրելի է համարել երեխաների մասնակցությունը նման գործընթացներում: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Շահեն Թաթոյանին էլ է մտահոգել  դպրոցների ու երեխաների իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը: Պաշտպանի աշխատակազմը բողոքներ ու ահազանգեր է ստանում ծնողներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների անվտանգությամբ, ինչպես նաեւ դասապրոցեսների խաթարմամբ: Այդպիսի բողոքներ ներկայացրել են նաեւ դպրոցական տարիքի մեկից ավելի երեխա ունեցող ծնողները: Բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ այս մտավախություններից ելնելով՝ ծնողները նախընտրում են երեխաներին այս օրերին դպրոց չտանել կամ չուղարկել: Սրա վերաբերյալ առկա են նաև զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներ: ՄԻՊ-ին են հասցեագրվել նաեւ դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ահազանգեր այն մասին, որ տարբեր անձինք շրջում են դպրոցներով, պահանջում են ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ դասերին մասնակցող երեխաներին քաղաքական բնույթ կրող հավաքներին ու երթերին ներգրավելու նպատակով եւ այլն: Երեխաներին քաղաքականությունից զերծ պահելու մասին. է խոսել նաեւ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա նշել է, որ Հայաստանում ընթացող իրադարձություններին զուգահեռ, տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, նաեւ իրավապաշտպաններ կոչ են անում ընդդիմությանը անչափահասներին չներգրավել քաղաքական, հանրահավաքային գործընթացներում: «Իհարկե, քննարկելու հարց է: Սակայն հարց է առաջանում, վերոնշյալ գործիչները ինչո՞ւ մինչ այժմ ձայն չեն հանել հանրակրթական դպրոցներում երկրի նախագահի եւ կաթողիկոսի նկարների պարտադիր լինելու մասին, երբ երեխան մտնում է դպրոց այդ պաշտոնյաների աչալուրջ հայացքների ներքո: Ինչո՞ւ ձայն չեն հանել նույն դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների համատարած հանրապետականացման դեմ, երբ դպրոցների հանրապետական անձնակազմը ոչ միայն երեխաների ծնողներին ցուցակագրում եւ ստիպում է քվեարկել հօգուտ իրենց հարազատ կուսակցության, այլեւ նույն երեխաներին քշում է նախընտրական հանդիպումների: Ինչո՞ւ ձայն չեն հանում, դպրոցներում Երկրապահ-հանրապետական կոչված հրոսակախմբի, այսպես կոչված Պատանի երկրապահ ակումբների ստեղծման պարտադրանքի դեմ, ուր որպես ապագա քաղաքացու կերպար ներկայացվում է գեներալ-հանրապետական Մանվել Գրիգորյանը: Ինչո՞ւ ձայն չեն հանում մանկապարտեզից սկսած երեխաների կղերական դաստիարակության, առանց նրանց կամքի մկրտության, չոքած աղոթքի, հակահիգիենիկ խաչհամբույրների դեմ: …Եվ վերջապես, սույն գործիչներից շատերը հիացմունքով են խոսում 88-ի ղարաբաղյան շարժման ժամանակ դպրոցականների ակտիվ մասնակցության մասին՝ հանրահավաքներով, դասադուլներով»,- հավելել է այս իրավապաշտպանը:

* * *

Կոչ եմ անում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման.Շահեն Թաթոյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

«Երկրում ստեղծված է լարված մթնոլորտ: Սոցիալական ցանցերի ու մյուս հրապարակումների շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են ատելության խոսքի ու բռնության, այդ թվում՝ զենքի միջոցով հարցեր լուծելու կոչերի ակնհայտ աճի մասին:

Սա խիստ անթույլատրելի է, քանի որ ավելի է լարում իրավիճակը:

Շուրջօրյա ուսումնասիրությունները վկայում են լրատվամիջոցների հրապարակումների ներքո արվող գրառումներով ու մեկնաբանություններով իրականացվում է բռնության ու անհանդուրժողականության քարոզչություն: Սրան ավելանում են նաեւ հաճախակի դարձող բռնության դեպքերը: Հատկապես մտահոգիչ են սոցիալական ցանցերում ոստիկանության գործողությունները նկարագրող նյութերի ներքո հայտնված մեկնաբանությունները, որոնցով արվում են ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ առանձին դեպքերում նրանց կյանքից զրկելու կոչեր:

Ստեղծված իրավիճակում անընդունելի են նաեւ պետության կարեւորագույն գործառույթներ իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց ավտոմեքենաների շրջափակումները:

Զգալիորեն աճել են ահազանգերը, որոնք վերաբերում են երեխաների իրավունքների խախտումներին: Պետք է շատ արագ ապահովել նաեւ երեխաների խիստ պաշտպանվածությունն ու անվտանգությունը՝ ելնելով նրանց լավագույն շահի սկզբունքից:

Այսպիսի իրավիճակը հղի է մարդու իրավունքների լուրջ խախտումների սպառնալիքով, ինչպես նաեւ այդ խախտումները կանխարգելելու խոչընդոտների վտանգով:

Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:

Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մթնոլորտը լարող եւ բռնության դեպքերի վտանգ ստեղծող դրդումներից եւ կոչերից, առավել եւս գործողություններից:

Ողջունելի են բոլոր այն կոչերն ու հորդորները, որոնք ուղղված են ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծմանը»։

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։