Մի բան խիստ անհանգստացնում է Սերժ Սարգսյանին
Սերժ Սարգսյանը հրաժարականից մի քանի օր անց կուսակիցներին հորդորել է ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը:
Ապրիլի 25-ին տեղի է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամուլի ծառայությունը, հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց հրաժարականի պատճառները եւ խոսեց ԱԺ-ում աշխատելու տարբեր ձեւաչափերի մասին՝ հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն ՀՀԿ միասնության շնորհիվ։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները Կարեն Կարապետյանի հետ քննարկել են քաղաքական վիճակը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ ՀՀԿ խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:
Թուրքական հանդիպում
Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողան – Իլհամ Ալիեւ հանդիպումը եղել է դռնփակ համատեղ ճաշի սեղանի շուրջ։ Այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների համապատկերին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի երկայնքով կենդանի ուժ, հրետանի եւ զինտեխնիկա է կուտակում, ինչն առիթ է տալիս ենթադրելու Բաքվի կողմից հնարավոր նոր արկածախնդրության նախապատրաստման մասին:
Զսպող եւ հնարավոր բախումները կանխելու համար միջազգային հանրությունը, ի դեմս ԵԱՀԿ ՄԽ-ի հստակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի։ Քաղաքագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ ուժի կիրառումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է շարունակել բանակցությունները մեջբերում եմ՝ Հայասատանի խելամիտ քաղաքական ուժերի հետ ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծելու համար, մեջբերման ավարտը: Այդուհանդերձ, ռուսական փորձագիտական շրջանակները, վերլուծելով շփման գծում տեղի ունեցող կուտակումները, փաստում են, որ մշտապես պահպանվում է կարգավորման ռազմական վտանգը:
Ըստ ՌԴ ռազմավարական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոյի, Ադրբեջանն ամեն վայրկյան պատրաստ է Հայաստանի ներքաղաքական իրավիճակից ելնելով արկածախնդրության դիմել։ Այս իրադարձությունների պատկերին Անկարայում հանդիպում են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ սա հերթական հանդիպումն է կողմերի միջեւ, եւ ռազմական միջամտության հարց չի քննարկվել։
Ըստ նրա՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջին անգամ խելամիտ հայտարարություն է տարածում:
«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/: