Հեռացավ, երբ տեսավ խաբկանքի ծավալները – Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը…

Սերժ Սարգսյանի համար պարզապես ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ իրեն ամեն օր «ամեն ինչ լավ է» ասող զեկույցները իրականում ստախոսության գոհարներ էին, որ անարժանապատիվ հետեւանքների էին հասցրել տարիների վստահությունը: Այո, հարվածն այնքան մեծ էր, այնքան լայնածավալ, որ փորձառու գործչին թվացել է՝ ինքը միայնակ է…

Սա ասում ենք վստահորեն, քանզի Արցախյան պայքարի հենց ակունքներում կանգնած եւ Արցախի ու Հայաստանի ամենակարեւոր, հատկապես ուժային կառույցներով անցած, Հայաստանի վերջին տարիների անփոփոխ ղեկավարը եղած մարդը պարզապես չէր կարող հեռանալ ցույցերի առաջին իսկ պահանջից, անգամ լիովին չգործածելով ոստիկանական ուժերը, որի իրավունքը երբեմն ուներ ցույցերի անօրինական գործողությունների դրսեւորումների պատճառով:

Սակայն, ինչպես վերը նշվեց, հարվածը, իր իսկ կուսակիցների (բացառություններ կան) կողմից, գոտկատեղից ներքեւ էր եւ անչափ ցավալի, քանզի ոչ միայն ֆիզիկական հարված էր…

Ուշքի գալու համար, ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջ: «…Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է հիշել, որ իրենից բացի այս երկրում ապրում, սովորում, աշխատում եւ հանգստանում են իրենից ոչ պակաս հպարտ Հայաստանի քաղաքացիներ: Մեր հասարակության ներդաշնակությունը պետք է հիմնվի համերաշխության եւ հանդուրժողականության վրա: Խորապես մտահոգված եմ ծավալվող ներքաղաքական զարգացումներով: Անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության եւ բանակցությունների սեղանի շուրջ…» (ամբողջական տեքստը տե՛ս էջ 4-ում):  

Այդ օրը խոսք ասաց նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը. «Իմ խոր անհանգստությունն եմ հայտնում Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Օդի մեջ կախված անհանդուրժողականությունը հասել է գագաթնակետին: Ինձ խորապես անհանգստացնում է երկխոսության առաջարկի մերժումը, որը կարող է հանգեցնել առճակատման: Ուստի դիմում եմ բոլորին՝ մի պահ կանգ առնել եւ սթափ մտածել, թե ինչ հետեւանքների կարող է հանգեցնել այս դիմակայությունը:

Սա քաղաքական կոչ չէ, այլ դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ:

Կոչ եմ անում բոլորին՝ ցանկացած քայլ անելուց առաջ հանդես բերել ծայրահեղ զսպվածություն եւ պատասխանատվություն, խստորեն հետեւել օրենքի ոգուն եւ տառին, դուրս չգալ Հայաստանի քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների շրջանակից, դուրս չգալ ձեր պաշտոնական իրավասությունների շրջանակից:

Քաղաքական ցանկացած պահանջ, ինչքան էլ այն հիմնավոր թվա, եթե վտանգելու է քաղաքացու առողջությունն ու կյանքը, դառնում է իմաստազուրկ: Ցավոք, մենք դրա փորձն ունենք եւ թույլ չպետք է տանք այն կրկնվելու: Չեն լինելու հաղթողներ եւ պարտվողներ, տուժելու ենք բոլորս, տուժելու է երկիրը:

Անհրաժեշտ է պարպել լարվածությունը: Չպետք է թույլ տալ, որ կողմերին բաժանող անջրպետը հնարավոր չլինի կամրջել:

Ուստի, պատրաստակամ եմ հանդիպելու Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ՝ առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու նպատակով»:

Նիկոլ Փաշինյանը շարունակելով բողոքի ցույցերն ու երթերը, անգամ կանգ չառնելով անօրինականությունների առջեւ (ասում էին՝ հեղափոխության ժամանակ ո՜վ է օրենքից խոսում), երբ խաթարվում էր Երեւանում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, համաձայնեց հանդիպել երկրի նախագահին, սակայն փողոցում, ցույցի մասնակիցների ներկայությամբ:

Պատգամավորը հանդիպեց նախագահին, քանի որ վերջինս ընդառաջեց ընդդիմադիր գործչին եւ իջավ հրապարակ: Զրույցից մանրամասներ հաղորդեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինքը նշել է, որ վստահաբար ամեն նոր օրը գալիս է ապացուցելու, թե  Հայաստանում սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անկասելի է, եւ նրա հաղթանակն անխուսափելի է: Որ երկրում իշխանությունը փոխվել է արդեն, որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել…

Նա նշեց, որ իրեն ձերբակալել էին փորձում, որը, սակայն, խնդրի լուծում չէ: «Իմ ձերբակալությամբ որեւէ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու, եւ այն երաշխիքները որ իմ՝ այստեղ լինելով գոյություն ունեն, իմ բացակայությամբ այդ երաշխիքներն էլ գոյություն չեն ունենալու»,- ասել է նա, ապա հիշեցրել, որ այսօր, երբ իրեն ընդամենը զգուշացնում են, փորձում են բերման ենթարկել, ճանապարհներ փակվեցին երկրի տարբեր ծայրերում:

Լրագրողները ցանկացան իմանալ, թե այս դեպքում ինչ է անելու ընդդիմադիր գործիչը, եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դա իր լուծելու խնդիրը չէ, դա ժողովրդի լուծելու խնդիրն է. «Սա ժողովրդական հեղափոխություն է»։

Այն հարցին՝ բայց հեղափոխական կոմիտե է չէ՞ ստեղծվելու, նա այսպես արձագանքեց. «Այո, կստեղծվի, մենք հիմա աշխատում ենք դրա վրա, բայց բուն գործընթացն ավելի կարեւոր է, քան կազմակերպչական մարմնի ձեւավորումը»։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ վախենու՞մ էր կազմակերպվածությամբ հանդես գալ, ինչն ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Նա նախընտրում էր ինքնահոս շարժումը, ավելի քիչ պատասխանատվությամբ եւ պարտք ու պահանջով…

Իսկ հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, բախտի բերմամբ դրան մոտեցող ընդդիմադիրը այսպես պատասխանեց. «Ես չեմ կարող նման հայտարարություններ անել, որովհետեւ մեր խնդիրը թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավարտին հասցնելն է։ Եթե ժողովուրդն ինձ վրա դնի որեւէ պատասխանատվություն, ես որեւէ պատասխանատվությունից չեմ խուսափի»…

Ահա եւ առաջին խոստովանությունը, թե ճակատագրորեն անսպասելի իրավիճակից ինչ էր ցանկանում ստանալ նա: Եվ որպեսզի ամեն գնով հասնի դրան, հայտարարեց, թե նոր վարչապետն ընտրվելու է փողոցային քվեարկությամբ՝ նշելով, որ սա ժողովրդավարության դրսեւորում է, մոռանալով, որ կա նաեւ ամբոխավարության դրսեւորում, որը ինքը կիրառում է ցայսօր:

Եվ այսպես՝ քուչի օրենքները մերժող այս գործիչը սիրով համաձայն է փողոցային օրենքների կիրառմանը:

Սակայն, ինչպես մեր քաղաքական գործիչները, այնպես էլ օտարերկրյա, նաեւ դիվանագետները հասկացրեցին Նիկոլին, որ ավելորդ գլխացավանք ես ստեղծում… Եթե աչք փակվեր փողոցային քվեարկության վրա, ապա այլ երկրներում, որտեղ ամեն օր են ցույցեր լինում, օր ու մեջ փողոցներում ոչ միայն վարչապետ կընտրեին, այլեւ՝ քաղաքապետներ, գյուղապետներ եւ անգամ դատավորներ ու ոստիկանապետներ … եւ սա կարող էր ամիսը մեկ անգամ կրկնվել: Ահա թե ինչու Նիկոլին հասկացրեցին այս ու այն դեսպանատնից, որ քուչեն կամ փողոցը էս գործի բանը չէ:

Դառնալով քաղաքական երկխոսությանը՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արմեն Սարգսյանը անմիջապես հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:

Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում, քաղաքական դիակի հետ չեն երկխոսում, եւ իշխանությունն այլեւս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որեւէ քննարկում ունենալ: Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմաններն ու դրա հետ կապված որոշ ժամկետներ»…

Հաջորդ օրը կայացան Սերժ Սարգսյան – Նիկոլ Փաշինյան բանակցությունները՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Սակայն մի քանի րոպե տեւեցին, մի քանի նախադասություն փոխանակելուց հետո Սերժ Սարգսյանը լքեց դահլիճը: Ահա սղագրությունը.

Սերժ Սարգսյան.- Նախ ուրախ եմ, որ արձագանքեցիք երկխոսության իմ բազմաթիվ կոչերին: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել: Այնուհանդերձ ուրախ եմ:

Նիկոլ Փաշինյան.- Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա, որովհետեւ երեկ երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ ասել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ՝ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները, եւ իշխանության խաղաղ անցման պայմանները, հետեւաբար Ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել:

Սերժ Սարգսյան.- Ուրեմն դրանք բանակցություններ չեն, երկխոսություն չէ, դա ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պիտի խոսել, ինձ մնում է մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ, եւ ընդհանրապես՝ տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը Ձեր վրա է: Ընտրեք:

Նիկոլ Փաշինյան.- Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինել, մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել ու չի համարձակվում սպառնալիքներով խոսել, ես մտածում եմ, որ Դուք չեք պատկերացնում Հանրապետություն իրավիճակը: Այն այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցել են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը:

Սերժ Սարգսյան.- Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու: Եվ ես այլևս Ձեզ հետ ցանկություն չունեմ շարունակել խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն:

Եվ ես ձեզ խնդրում եմ, պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություններ արեք:

Իր այս խոսքից հետո վարչապետը դուրս եկավ բանակցությունների սրահից:

Հետեւեցին նոր ցույցեր եւ ընդդիմադիր գործիչներից եւս մեկը՝ պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Առանց արյուն հեռացեք։ Ես խոստանում եմ, որ ոչ մեկիցդ վրեժխնդիր չենք լինելու»…

Սրանք այն խոսքերն էին, որ անընդհատ կրկնում է Նիկոլ Փաշինյանը՝ «վենդետա չի լինելու»… Իսկ թե ինչու՞, պարզ չէ: Իսկ թե տարիներ շարունակ եղած թալանը ինչ է լինելու, նույնպես չի ասվում… Բա ինչի՞ դեմ են պայքարում:

Քաղաքական ու հանրային գործընթացները շարունակվում էին, սակայն Սերժ Սարգսյանը նկատելով ամբողջ Հայաստանում, բոլոր մարզերում եւ Սփյուռքում առկա բողոքի ալիքը հասկացավ այն … ինչի մասին խոսվեց վերեւում: Հարվածը ծանր էր, իսկ նոր հարված, ոստիկանության գործածումը ցուցարարների դեմ, նոր արյուն՝ Ապրիլի 24-ի նախօրեին, նա չցանկացավ իր վրա վերցնել…

Եվ շատերի համար անսպասելի, նաեւ արտաքին աշխարհի, խորհրդարանական Հայաստանի նորընտիր առաջին վարչապետը հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,

մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին,

կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացնողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի (վստահ ենք՝ սա ուղղված էր իր կուսակիցներին,-խմբ.)։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

Անգամ խիստ ընդդիմադիրները դրականորեն արձագանքեցին այս հայտարարությանը, իսկ կուսակիցներից շատ քչերը հասկացան պատճառները: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավոր Արմեն Աշոտյանը ամենարարագն արձագանքեցին: Առաջինը մեծ պատիվ համարեց նման հայրենասեր ազգային գործչի ղեկավարությամբ աշխատելը: Երկրորդը նշեց, որ պետական մտածողության, քաղաքական արիության եւ ազգային գործչի քայլի ականատեսը եղանք։

«Ուժեղ եւ հայրենասեր մարդու քայլ։ Հայաստանը անցնցում պահող քայլ։ Խաղաղություն եւ խոհեմություն բոլորիս»,- ասել է Արմեն Աշոտյանը՝ կարծես շարունակելով Սերժ Սարգսյանի եզրափակիչ խոսքը՝ «Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին»:

Դաշնակից քաղաքական կուսակցությունը նույնպես ողջունեց այս քայլը, ինչպես շատ այլ քաղաքական ու հասարակական ուժեր: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակեց որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք:

Իսկ մի քանի օր անց «քաղաքական կոալիցիա» ասվածից դուրս եկան դաշնակցականները, որ նախապատրաստվեն նոր վարչապետի ընտրությանը: Անկեղծ ասած՝ մի փոքր ուշացրեցին այս անգամ: Նրանց ոճն իմանալով՝ ավելի շուտ էինք սպասում…

Ինչեւէ, վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում:

Ըստ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։