«Արժեքը» – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր) – Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում…

Այս օրերի ընթացքում երկու կողմերից էլ ինչ ասես լսեցինք՝ իրական ու չափազանցված, լուրջ եւ ծիծաղելի, մտահոգ ու մանկամիտ, բարոյական ու թեթեւաբարո: Տեղեկատվական հոսքն այնքան արագ էր, որ հատկապես լրագրողներս սկսել էինք… չհասցնել…

Հիմնականում կանխատեսելի էին երկու կողմերի պահվածքն էլ, տեսակետներն էլ…

Ինձ հետաքրքրում է այն երրորդ՝ չերեւացող կողմը: Իմ գծած այս շրջանակում մարդիկ են՝ աշխատանք ունեցող եւ չունեցող, ընդ որում երկու կողմերից էլ, ովքեր լռեցին: Նրանք մարդիկ են, ովքեր, առանց չափազանցության, անանձնական կյանքով են ապրում: Նրանք մեր երկրի համար լրիվ ուրիշ տեսլականներով են ապրում: Այն տեսլականներով, որոնց մասին այսօր ոչ մի կողմն էլ չի մտածում… Նրանք լռեցին, ու ես ամենաշատը նրանց լռության ձայնն եմ լսում…

Ես նրանց եմ սիրում…

Եվ անկախ իմ վերաբերմունքից այս կամ այն կողմի հանդեպ, «Լուսանցք»-ը լրատվամիջոց է, որը վաղն էլ են կարդալու:

Ու վաղվա ընթերցողը արխիվը նայելիս պետք է հստակ հասկանա՝ ինչ է կատարվել այս օրերին Հայաստանում:

Ու պետք է դա հենց ի՛նքը հասկանա՝ չմիջնորդավորված տեղեկություն կարդալով:

Ուստի՝ մենք այսօր ավելի շատ ոչ թե թերթային, այլ արխիվային գործ ենք անում՝ որոշ՝ առանցքային կառույցների այս օրերի մամուլի հաղորդագրությունները ներկայացնելով առանց խմբագրման եւ զուգահեռ՝ նաեւ կատարվողը:

Իսկ ամենակարեւորը՝ մենք որպես երկիր պետք է հզորանանք:

Այլընտրանք չունենք: Սա մեր խոստումն է՝ մեր նախնիներին ու մեր պատարագն է՝ Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հոգու հանգստության համար:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 15 (493), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։