Աշխարհի մարզական հեւքից.– Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին… Հայաստանի հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում… «Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին… Համառ պայքար ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը… Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ… Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն… Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում… Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը… Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ… Այլ մարզական լուրեր… / Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտանական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ…

Աշխարհի մարզական խաչմերուկներում

Հայաստանի 6 ակումբներին ՈւԵՖԱ-ի արտոնագրեր շնորհվեցին

Ապրիլի 20-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Շիրակ» եւ «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2018/2019թթ. ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում:

Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին նիստի ընթացքում: Հիմնվելով դրանց վրա Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈւԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 6 ակումբներին:

Մեր հավաքականն Ազգերի լիգային կպատրաստվի Ավստրիայում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարին պատրաստվելու համար կանցկացնի եւս 2 ընկերական հանդիպումներ: Մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին մեր ընտրանին կհանդիպի համապատասխանաբար Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ: Խաղերը կայանալու են Ավստրիայում:

Նման որոշում կայացնելու պատճառը ոչ թե Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամն է, այլ այն, որ այդ օրերին Եվրոպայի շատ երկրներ ուսումնամարզական հավաքներ են անցկացնելու հենց այդ ալպիական երկրում:

«Էրեբունի» մարզադաշտը նվիրվել է ՀԱՕԿ-ին

Ապրիլ 27-ին կայացած Երեւանի ավագանու նիստում որոշվել է Երեւանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցի 100% բաժնետոմսերը նվիրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի հաշվեկշռի մեջ է մտնում նաեւ «Էրեբունի» մարզադաշտը: «Սույն որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում եւ ապահովել վերջինիս մասնակցությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) կողմից կազմակերպվող առաջնություններին»,- նշված է որոշման նախագծում։  

Պարզվում է, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է ներդրումներ կատարել «Էրեբունի» ֆուտբոլային ակումբում, որը 2018-2019 թթ. Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել ՀՖՖ կողմից։ Ակումբը բազավորված է հենց Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոցում, սակայն 1-ին խմբի առաջնության խաղերն անցկացնում է Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում:

Իսկ թե ինչ ճակատագիր է սպասում Երեւանի «Հրազդան» մարզադաշտին, Երեւանի ավագանին չի հայտնում: Սակայն փաստ է, որ այն չի ծառայում իր նպատակին, քանի որ արդեն 2 տարի է այնտեղ չեն անցկացնում ֆուտբոլային հանդիպումներ, իսկ խաղադաշտը վերածվել է իսկական անապատի:

«Արցախ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Մելիքսեթյանը հրավիրվել է Մ-18 հավաքական

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆուտբոլի 1-ին խմբում հանդես եկող արցախյան ակումբի ֆեյսբուքյան էջից: Ըստ ակումբի՝ Հայաստանի Մ-18տ հավաքականը մայիսի 7-ից 12-ը կուղևորվի Մոնտենեգրո, որտեղ կանցկացնի ընկերական հանդիպումներ Մոնտենեգրոյի Մ-18տ. հավաքականի դեմ։

Համառ պայքար ազգային առաջնությունում

Տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 25-րդ փուլի հանդիպումները: Գործող չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս 4:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, վաստակեց 41 միավոր եւ հավասարվեց առաջատար «Շիրակ»-ին:

Առաջնության հետնապահ «Արարատ»-ը իր հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ մինչ այդ 2-րդ տեղում գտնվող «Բանանց»-ի նկատմամբ:

Իսկ «Շիրակ»-ը Երեւանում հաղթեց «Փյունիկ»-ին՝ 2:1 հաշվով, վաստակեց 44 միավոր եւ կրկին միանձյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտ»-ը առաջատարից հետ է մնում 3, իսկ նրան հաջորդող «Բանանց»-ը՝ 5 միավորով: «Փյունիկ»-ը 29 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը եւ դեռեւս 6 բալով հետ է մնում «Գանձասար-Կապան»-ից: Աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը՝ 17 միավոր:

«Շիրակ»-ն ապահովեց իր տեղը եվրոգավաթներում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան նաեւ 26-րդ փուլի խաղերը: Այն սկսվեց «Արարատ»-«Գանձասար-Կապան» խաղով, որում կապանցիները  հոյւրընկալվելով «Արարատ»-ին՝ 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը սեփականն ընդունելով միայն մեկը՝ 6:1: «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Գյումրիի «Շիրակ»-ի հետ, իսկ «Փյունիկ»-ը 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանց»-ի նկատմամբ:

Այդպիսով, առաջնության ավարտից 4 փուլ առաջ մրցաշարային աղյուսակը 45 միավորով գլխավորում է «Շիրակ»-ը, որն առաջինը ապահովեց իր տեղը եվրոգավաթների առաջիկա մրցաշարերում, քանի որ 5-րդ տեղում գտնվող «Փյունիկ»-ն արդեն հետ է մնում 13 միավորով եւ չի կարող շրջանցել նրան:

2-րդ հորիզոնականում գտնվող «Ալաշկերտ»-ն առայժմ ունի 42 միավոր: Առաջատարներին հաջորդում են «Բանանց»-ը՝ 39 միավոր, «Գանձասար-Կապան»-ը՝ 38: Աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը՝ 17 միավոր:

Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել: «Արսենալ»-ի պաշտոնական կայքը գրում է, որ հայ ֆուտբոլիստը կրկին վնասել է ծունկը։ Թիմի մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ աստիճանի է նրա վնասվածքը եւ արդյոք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղին:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: Զինագործների կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ գրավելով իր նախկին էիմի դարպասը:

- Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ: Հայ կիսապաշտպանը մասնակցել է «Արսենալ»-ի մարզմանը ընդհանուր խմբի հետ: Բացի նրանից «զինագործների» ծանրաբեռնված մարզմանը մասնակցել են նաեւ Օսպինան եւ Իվոբին:

- Ըստ ապաքինման ընթացքի, Հենրիխ Մխիթարյանը թերեւաս մասնակցի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղին:

- Հենրիխ Մխիթարյանին բարձր են գնահատել եւ լրագրողները, եւ նախկին խաղընկերները: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության հերթական փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղին թեեւ փոխարինվել է 71-րդ րոպեին, սակայն բազմաթիվ լրատվամիջոցների կողմից արժանացել է բարձր գնահատականի: Մասնավորապես, Whoscored կայքը մեր հայրենակցին ճանաչել է այդ հանդիպման լավագույն խաղացող: Sofa Score-ը բարձր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի եւ նրա թիմակից Էկտոր Բելերինի խաղը՝ 7,5-ական:

Սակայն մեր ֆուտբոլիստն ամենաբարձր գնահատանքի արժանացավ խաղից հետո, երբ նրան մոտեցան իր մի քանի թիմակիցները եւ ջերմորեն շփվեցին: Դա նշանակում է, որ նա մեծ հարգանք է վայելում իր նախկին խաընկերների շրջանում, թեեւ այժմ գտնվում է հակառակ ճամբարում: Իսկ ահա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որն այս տարվա ձմռանն է տեղափոխվել «Արսենալ»-ից «Մանչեսթեր Յունայթեդ», այդպես էլ չարժանացավ իր նախկին թիմակիցների ուշադրությանը:

Արթուր Աբրահամը 48-րդ հաղթանակը տարավ

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Օֆենբախում կայացած մրցամարտում միավորներով հաղթեց դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին՝ 113:114, 116:111, 116:111: Հանդիպումը հիմնականում անցավ մեր հայրենակցի առավելությամբ: Նա 10-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց դանիացի բռնցքամարտիկին, սակայն վերջինս կարողացավ շարունակել մարտը:

Այդպիսով, Արթուր Աբրահամը գերմիջին քաշային կարգում դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար եւ իրավունք նվաճեց պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար, որը նա կորցրել էր անցած տարի Քրիս Յուբենկ կրտսերին պարտվելուց հետո: Նրա հաջորդ մրցակիցը աշխարհի ներկայիս չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսն է:

Նշենք, որ սա Արթուր Աբրահամի պրոֆեսիոնալ ռինգում տարած թվով 48-րդ հաղթանակն էր:

Ֆերդինանտ Կարապետյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը Թել Ավիվում ընթացող ձյուդոյի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում գրավել է 1-ին տեղը եւ հռչակվել աշխարհամասի չեմպիոն: 73 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը եզրափակիչում իպոնով մաքուր հաղթանակ է տարել 2017թ Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Հիդայաթ Հեյդարովի նկատմամբ:

Նույն քաշային կարգում հանդես եկող Արսեն Ղազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, որը բրոնզե մեդալի համար մրցամարտում պարտվել է շվեդացի Տոմի Մակիասին:

Հայ ըմբիշների 2 ոսկին եւ 1 բրոնզը՝ Եվրոպայի առաջնությունում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 67 կգ քաշային կարգի մրցումներում մեր ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը 3-րդ տեղի համար մրցամարտում հաղթեց լեհ Դավիդ Կարեցինսկուն եւ նվաճեց բրոնզե մեդալ: Այնուհետեւ, մեր մյուս 2 մարզիկները՝ 82 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը ենվաճեց՝ եզրափակիչում հաղթեց բելառուս Վիկտոր Սասունովսկուն, իսկ 97 կգ կարգում Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի պայքարում հաղթեց սերբ Միխեիլ Կաջայային:

Կասպիյսկն անհաջող քաղաք էր մեր ազատ ոճի ըմբիշների համար

Հայաստանի ազատ ոճային ըմբիշ Միհրան Ջաբուրյանը պարտվեց Կասպիյսկում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին հանդիպումը եւ մնաց առանց մեդալի:

Մեր մինչեւ 57 կգ քաշային ըմբիշը 3-րդ տեղի համար մրցամարտում 1:8 հաշվով պարտվեց բելառուսցի Վլադիսլավ Անդրեեւի եւ ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալ նվաճելու լավ հնարավորությունը:

Վերջին օրը պայքարի ելած մեր մյուս 4 ըմբիշները դուրս մնացին պարգեւների համար պայքարից, քանի որ նրանց հաղթած մրցակիցները չկարողացան մտնել եզրափակիչ: Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը հայրենիք է վերադառնում ձեռնունայն:

Տաթեւ Աբրահամյանը 6-րդն է, Վարուժան Հակոբյանը՝ 10-րդը

Շախմատի ԱՄՆ-ի 2018թ. առաջնություններին մասնակցած մեր հայրենակիցները ձեռնունայն ավարտեցին մրցաշարերը:

Տղամարդկանց մրցաշարում հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը 11 հնարավորից վաստակելով 4,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գրավեց 10-րդ հորիզոնականը: 1-ին տեղը անսպասելի զբաղեցրեց եւ չեմպիոն հռչակվեց Սեմ Շենքլանդը, որը կես միավորով առաջ անցավ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանայից:

Կանանց առաջնությունում 2 շախմատիստուհիներ՝ Աննի Վանգն ու Նազի Պաիկիձեն, վաստակեցին 8-ական միավոր եւ բաժանեցին 1-2-րդ տեղերը: Այսօր նրանք թայբրեյքում կխաղարկեն չեմպիոնի տիտղոսը: Առաջնությանը մասնակցած հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը վաստակելով 5,5 միավոր, զբաղեցրեց 6-րդ տեղը:

Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ

Մայիսի 2-6-ը Չեխիայի Պլզեն քաղաքում տեղի կունենա հրաձգության 49-րդ Գրան Պրիի առաջնությունը: Հայաստանի թիմից կմասնակցի 7 հրաձիգ՝ հրացան, ատրճանակ եւ վազող թիրախ մրցաձեւերից: Հայ հրաձիգները մրցավայր կմեկնեն մայիսի 1-ին:

Հրացան մրցաձեւից կմասնակցեն Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը եւ Ալլա Պողոսյան: Ատրճանակ՝ մրցաձեւից՝ Էլմիրա Կարապետյանը: Վազող թիրախ մրցաձեւից՝ Հովհաննես Մարգարյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 16 (494), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։