100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք:

Նման անհատների շարքում իր պատվավոր տեղն ունի նաեւ մանկավարժ եւ հասարակական-քաղաքական գործիչ Թադեւոս Պողոսի Նահատակյանը:

Հավելենք նաեւ, որ նրա նախնիները սերում էին Կարինի նահանգի Դվնիկ գյուղից, ուր Թադեւոսի նախատատը՝ Վարվառեն, նահատակվել էր ազգի եւ քրիստոնեական հավատքի համար: Ի դեպ, վերջինս Հայ առաքելական եկեղեցու նոր վկա էր: Հենց այս հանգամանքով էր բացատրվում ազգանվան ծագումը (նախկինում եղել է Զուրիկյան): Նահատակյանի ապուպապերը Ջավախք են գաղթել 1830թ. եւ հաստատվել Տիլիսկա (Տիլիսկե) գյուղում:

Նա ծնվել է 1877թ. հուլիսի 1-ին Ախալքալաքի գավառի Տիլիսկա/այժմ՝ Դիլիսկա/ գյուղում:

Ուսումնատենչ պատանին 1892-1897 թթ. սովորում է Ախալքալաքի քաղաքային ուսումնարանում եւ ստանում առաջին դասային աստիճանի ուսուցչի որակավորում:

Ուսումնառությունից հետո Նահատակյանը Թիֆլիսի նահանգի 2-րդ շրջանի ժողովրդական ուսումնարանների տեսչի կարգադրությամբ 1901թ. հոկտեմբերի 2-ին նշանակվում է Ախալքալաքի գավառի Գյոնդուրա գյուղի ուսումնարանի ուսուցիչ: Նույն տեսչի հրամանով նա 1905թ. սեպտեմբերի 20-ին տեղափոխվում է Տիլիսկայի ուսումնարան:  

Սակայն գյուղական ուսուցիչը համապատասխան վկայական չուներ, որը երկշաբաթյա ժամկետում պահանջվում էր ներկայացնել Թիֆլիսի նահանգի ժողովրդական ուսումնարանների տնօրենին: Այս հարցի առնչությամբ 1906թ. փետրվարի 5-ին տեղի է ունենում Տիլիսկայի գյուղական հասարակության ժողովը: Փաստաթղթից պարզ է դառնում, որ Նահատակյանը այստեղ է եկել համագյուղացիների հասարակական ժողովի որոշմամբ, եւ մարդիկ գոհ են նրա աշխատանքից: Նրանք որոշում են միջնորդել Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձուին, որ նա ուսուցիչ աշխատի մինչեւ սեպտեմբերի 1-ը եւ ապա ներկայացնի պահանջվող վկայականը:

Այդ է պատճառը, որ Նահատակյանը կրթական արտոնակարգ /ցենզ/ ձեռք բերելու համար 1906-1907թթ. ուսանում է Քութայիսի քաղաքային վեցդասյան ուսումնարանի մանկավարժական դասընթացներում: Ուշագրավ փաստ է, որ նախանձախնդիր մանկավարժը հոգ է տանում գիտելիքներ սովորեցնել ոչ միայն մանուկներին, այլեւ տարեցներին:

Այսպես, Տիլիսկայի մեծահասակ գյուղացիներից ոմանք ցանկություն են հայտնում գրագիտություն սովորել: Այս իսկ նկատառումով Նահատակյանը 1907թ. դիմում է իրավասու մարմիններին դասավանդելու իրավունք ստանալու համար, բայց մերժում է ստանում:

Նա մանկավարժական գործունեություն է ծավալում ոչ միայն Ախալքալաքի գավառում, այլեւ Բորչալուի գավառի մի շարք գյուղերում:

Թիֆլիսի նահանգի 3-րդ շրջանի ժողովրդական ուսումնարանների տեսչի կարգադրությամբ Նահատակյանը նշա-նակվում է Լորուտ գյուղի ուսումնարանի վերակացու: Այնուհետեւ, 1911թ. սեպտեմբերի 1-ից նա հաստատվում է Շահալիի ուսումնարանի վերակացու: Նույն թվականի սեպտեմբերի 18-ին Նահատակյանը տեղափոխվում է Ախալքալաքի գավառի Սաթխա գյուղի ուսումնարան, որտեղ աշխատում է մինչեւ 1916թ.:

Ավելացնենք նաեւ, որ 1913-1914թթ. նա այդ ուսումնարանի տնօրենն էր:

Կրթության նվիրյալ մշակը որտեղ էլ որ դասավանդելու լիներ, ամենուրեք վայելում  էր մեծ սեր ու հարգանք: Նա ամեն ճիգ ու ջանք գործադրում էր աշակերտներին գիտելիքներ հաղորդելու, նրանց հայրենասիրության, ազգային արժանապատվության եւ քաղաքացիականության ոգով դաստիարակելու համար: Նահատակյանն անդուլ ձեւով կատարելագործում է իր գիտելիքները. 1916թ. նա սովորում է Գորիի անդրկովկասյան ուսուցչական սեմինարիայում:

Մանկավարժական բեղուն աշխատանքին զուգընթաց Նահատակյանը եռանդուն կերպով զբաղվում է նաեւ հասարակական-քաղաքական գործունեությամբ:  Իսկ ժամանակը անհանգիստ էր եւ տագնապալի: Բուռն եւ կտրուկ փոփոխությունների նախաշեմին՝ 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում: 1918թ. Նահատակյանը Կուլիկամի ուսումնարանի տնօրենն էր:

Ռուսական զորքի նահանջի եւ Կովկասյան ճակատի մերկացման հետեւանքով աղետալի վիճակ էր ստեղծվել Արեւելյան Հայաստանի եւ Անդրկովկասի հայության համար: Դրությունն ավելի է բարդանում, երբ 1917թ. դեկտեմբերին Ախալցխայի գավառում ապստամբություն են բարձրացնում տեղացի թուրքերը /մեսխեթցի թուրքեր/ եւ շրջապատում Ախալցխան:

Աշխուժություն է նկատվում նաեւ Ախալքալաքի գավառի թուրքերի շրջանում: Իրական եւ շոշափելի է դառնում թուրքական ներխուժման վտանգը: Նման հանգամանքներում գավառի հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու եւ ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար ստեղծվում է Ախալքալաքի պաշտպանության ժամանակավոր կոմիտե, որի կազմում ընտրվում է նաեւ Նահատակյանը: Վերջինս 1918թ. հունվարին նշանակվում է գավառային հեծյալ միլիցիայի պետի պաշտոնակատար՝ միաժամանակ դասավանդելով Տիլիսկայի ուսումնարանում:

Սրընթաց ժամանակներն իրենց արտացոլումն են գտնում նաեւ նրա գործունեության վրա: Այսպես, ապրիլի 3-ին անխոնջ գործիչը դառնում է Բարալեթի տեղամասային հողագործական կոմիտեի նախագահ:

Գավառում հաստատվել էր հայրենասիրության եւ խանդավառության մթնոլորտ, նկատվում էր ազգային ոգու վերելք: Նահատակյանը մյուս գործիչների հետ միասին կատարում է քարոզչական եւ բացատրական ծավալուն աշխատանք մարտունակ ուժերը համախմբելու ու միասնական ճակատ ստեղծելու ուղղությամբ: Դրա հետեւանքով արդեն 1918թ. հունվարին մի շարք գյուղերում եւ քաղաքում կազմակերպվում են ինքնապաշտպանա-կան խմբեր: Արյունահեղ եւ անզիջում մարտեր են մղվում Կարզախում, Սաթխայում, Մաջադիայում եւ այլուր: Չնայած ստեղծված ծանր պայմաններին եւ սուղ հնարավորություններին գավառի բնակիչները ամիսներ շարունակ հերոսական դիմադրություն են ցույց տալիս՝ քանիցս ետ շպրտելով թուրքական գերազանցող ուժերը: Կապեր են հաստատվում Ախալցխայի եւ Տամալայի պաշտպանների հետ: Նահատակյանի անմիջական նախաձեռնությամբ օգնական ուժեր են ուղարկվում Տամալա, ուր գյուղացիները հերսամարտ էին մղում թուրքերի դեմ: Այսուհանդերձ, ուժերն անսավասար էին, եւ Ջավախքի հայությունն ստիպված էր գաղթել Ծալկա, Բակուրիան եւ Մանգլիս:

Նահատակյանն այդ օրերին ինքնապաշտպանական ջոկատ է ստեղծում Տիլիսկայում, որը մարտեր է մղում գյուղի մատույցներում:  1918թ. նոյեմբերի 15-ին նա հաստատվում է Բորչալուի գավառի Ուռուտ գյուղի ուսումնարանի տնօրեն:

Խառնակ ժամանականեր էին, իշխանությունները հաջորդում էին մեկը մյուսին:

1919թ. թուրքերը նորից գրավում են երկրամասը եւ փետրվարի 11-ին ստեղծում տեղական խառն կառավարություն, որի կազմի մեջ էր մտնում նաեւ Նահատակյանը՝ որպես գավառի ազդեցիկ դեմքերից մեկը:

Նա, դրսեւորելով սթափ մոտեցում, զգալով ուժերի անհավասարությունը եւ խուսափելով ավելորդ արյունահեղությունից, ձգտում էր նպաստել խաղաղության պահպանությանը եւ հայերին հեռու պահել արկածախնդրություններից:

Դեպքերը փոխվում էին սրընթաց արագությամբ. արդեն մարտին անգլիական զորքերը մտնում են Անդրկովկաս, այդ թվում նաեւ Ախալքալաքի գավառ: Այստեղ մարտի 15-ին կազմակերպվում է անգլիական ‹‹կաբինետ, որի մեջ մտնում են նախկին կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ Նահատակյանը: Նշենք նաեւ, որ այս կառավարությունն ունենում է ընդամնեը 5-9 օրվա կյանք:

Կյանքն առաջադրում էր բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց մեջ թերեւս ամենակենսականը գաղթականական հարցն էր: 1919թ. մարտի 9-ին գավառի գաղթականությունն իր ընդհանուր ժողովում ընտրում է գաղթականական կոմիտե՝ քառանդամ նախագահությամբ, որպեսզի հոգա խնդիրների լուծման մասին: Նախագահ է ընտրվում Թ. Նահատակյանը: Իսկ կոմիտեի անդամները գործում էին ծանր ու դժվարին պայմաններում: Այսպես, նրանք նույնիսկ չէին կարողանում ստանալ իրենց օրապահիկ աշխատավարձը:

Չնայած բազմաթիվ դժվարություններին ու խոչընդոտներին, այնուամենայնիվ կոմիտեն կատարում է մեծածավալ աշխատանք:

Այստեղ լիովին դրսեւորվում են անդադրում Նահատակյանի ողջ կարողություններն ու կազմակերպչական հմտությունները: Հայրենասեր եւ անձնվեր գործիչը լայն գործունեություն է ծավալում թուրքական արշավանքի հետեւանքները վերացնելու եւ գաղթականներին օգնելու ուղությամբ:

Իսկ անելիքները շատ էին: Հարկավոր էր վերականգնել ավերված օջախները, հայթայթել հացահատիկ, գյուղատնտեսական գործիքներ, մարդկանց ապահովել աշխատանքով, հոգալ որբերի մասին եւ այլն:

Նահատակյանը, վտանգի ենթարկելով իր կյանքը, մեկնում է Չլդրի շրջան՝ տեղի թուրքերից հացահատիկ գնելու նպատակով: Ի դեպ, այդ հացահատիկը թուրքերը թալանել էին հենց Ախալքալաքի գավառից՝ նպատակ ունենալով սովամահ անել եւ բնաջնջել տեղի հայերին:

Այսպիսի օրհասական եւ դժնդակ հանգամանքներում օգնության ձեռք է մեկնում ԱՄՆ-ն:

Ամերիկացիները Ախալքալաքում կազմակերպում են որբանոցներ, փրկում բազմաթիվ խեղված ու տառապյալ մանուկների, աղետյալ ժողովրդին առաքում կենսական անհրաժեշտության իրեր՝ մթերք, հագուստ եւ դեղորայք: Այս ձեռնարկումներին ամենագործուն մասնակցություն է ունենում Թ. Նահատակյանը, որը ԱՄՆ-ի Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի կովկասյան բաժանմունքի գլխավոր վերահսկիչն էր: Նա ջանասիրաբար հետեւում էր այդ աշխատանքների ընթացքին, դարմանում մարդկանց վիշտը եւ օգնություն ցույց տալիս կարոտյալներին:

Նույն 1919թ. Նահատակյանը պաշտոնավարում է Ախալքալաքի գավառի Կարտիկամ գյուղում:

1921թ. թուրք քեմալականները կրկին գրավում են Ախալաքալաքի գավառը՝ ամենուրեք իրագործելով իրենց հայաջինջ քաղաքականությունը: Նման  իրավիճակում աննկատ չէր կարող մնալ Նահատակյանի գործունեությունը:

Թուրքերը ձերբակալում են նրան եւ դաժանաբար սպանում՝ դիակը թաքցնելով Ախալքալաքի Սաղաթելյանների իջեւանատանը /Սաղաթենց խանը/:

Բայց շուտով, զավթիչների հեռանալուց հետո, անձնուրաց գործչի մարմինը, զինվորական պատվո համազարկով, ամփոփում են քաղաքային այգում /Խաս բախչա/: Այս փաստը հավաստում են սգո արարողության մասնակից մարդիկ /օրինակ՝ ուսուցիչ Օնիկ Քարտաշյանը/:

Այսպիսին է Ջավախքի հարազատ զավակ, անձանձիր մանկավարժ եւ անվեհեր քաղաքական գործիչ Թադեւոս Նահատակյանի կյանքի ու գործունեության ուսանելի ուղին, որը գրեթե հայտնի չէ շատերին:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, հայագետ

«Լուսանցք» թիվ 16 (494), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։