Անկարան դիրքավորվում է երկար պայքարի համար – Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա… Սակայն, այս դեպքում այն արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում…

Ընտրական գործընթացները տարածաշրջանային երկրներում իրենց ազդեցությունը թողեցին նաեւ Թուրքիայի վրա: Սակայն, այս դեպքում այն առավելապես արտաքին քաղաքական նպատակ է հետապնդում, ի տարբերություն այլ երկրներում ընթացող ներքին քաղաքական հիմնախնդիրների, ինչպես օրինակ արտահերթ ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել է Թուրքիայում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, ինչը թույլ կտա նրան փոփոխված սահմանադրական իրավունքների համաձայն երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում: Որոշ ժամանակ անց, եթե նա հիմա չնախաձեռներ այս ընտրությունները, անգամ նորացված սահմանադրական կարգով նրան կմնար միայն մեկ ժամկետ՝ վերստին նախագահ ընտրվելու համար: Եվ նա ստեղծեց արտահերթ ընտրությունների, այսպես կոչված կարեւորությունը:

Թուրքական ընդդիմադիրները եւ քրդական քաղաքական ուժերը նման անհրաժեշտության կարիք չեն զգում, իրավիճակը նորմալ են գնահատում: Նրանք համոզված են, որ Թուրքիայի նախագահը սա կազմակերպում է, որպեսզի կարողանա ավելի երկար ժամկետով մնալ նախագահի պաշտոնին, ինչը նրան ավելի շատ հնարա-վորություն կտա փորձարկել իր նորօսմանական եւ նորհամաթուրքական ծրագրերը: Իսկ ընդդիմադիրները այս ծրագրերը Թուրքիայի համար կարծանարար են համարում:  

Թուրքիայի փոխվարչապետ եւ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը արձագանքել է երկրի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) նախագահ Դեւլեթ Բահչելիի՝  իշխանություններին ուղղված արտահերթ խոր-հրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչին։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վերջինս մասնավորապես ասել էր, որ կարիք չկա երկարացնել ընտրությունների կազմակերպման գործընթացը։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2019թ.-ին։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Դեւլեթ Բահչելիի կոչը անակնկալ էր իշխանությունների համար, Բեքիր Բոզդաղը ասել է. «Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը ավանդույթ ունի ժամանակին անցկացնել ընտրությունները եւ, բացառությամբ հուլիսի 22-ի ընտրություններից, բոլոր ընտրությունները ժամանակին են տեղի ունեցել։ Դեւլեթ Բահչելիի հայտարարությունը մեր կուսակցության պաշտոնյաների կողմից կուսումնասիրվի եւ համապատասխան հայտարարությունը կարվի։ Մեր կուսակցության եւ երկրի նախագահը, վարչապետը սրա վերաբերյալ գնահատական կտան:

Թուրքիայի «Iyi» («Լավ») կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կմասնակցի այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններին։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ.

«Մեր կուսակցությունը գնում է ընտրություններին։ Ոմանք վախեցել են։ Ես գիտեի, որ նրանք վախենալու են, բայց չգիտեի, որ այդչափ են վախենալու։  Ես 100 հազար ստորագրությամբ առաջադրելու եմ իմ թեկնածությունը։  Ինչպիսի օրենք ուզում են թող ընդունեն, կարիք չկա վախենալու, պիտի գնալ մինչեւ վերջ»։ Փաստորեն, Թուրքիան կին նախագահի թեկնածու է ունենալու:

Նա տեղեկացրել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է նաեւ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դեւլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վաղաժամ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ. հունիսի 24-ին։ Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:

Թուրքիայի «Լավ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեներն նախագահական ընտրություններում իր թեկնածության գրանցման նպատակով մայիսի 2-ին պաշտոնապես դիմում է ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողովին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Կուսակիցների հետ հանձնաժողով եկած կին գործիչը հայտնել է, որ հավաքել է ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունը:

Առաջինը պաշտոնապես մայիսի 1-ին նախագահի թեկնածու առաջադրել է «Վաթան» («Հայրենիք») կուսակցությունը՝ որպես թեկնածու ներկայացնելով կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին: Մայիսի 2-ին ակնկալվում էր, որ Բարձրագույն ընտրական հանձնաժողով պաշտոնապես կդիմի նաեւ «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցությունը՝ առաջադրելով իր ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուին:

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեպետ պաշտոնապես դեռեւս դիմում չի ներկայացրել, սակայն հայտնի է, որ դրա թեկնածուն իշխող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նրա թեկնածությանը սատարելու մասին հայտարարել է նաեւ «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Դեռեւս հայտնի չէ, թե նախագահական ընտրություններում ում է առաջադրելու հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժը՝ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը:

Ընտրություններից հետո, ի հակառակ Հայաստանի, այդ երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017թ.. հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի գործող նախագահի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նախագահի դեմ: Լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները:

Սա հետաքրքիր է, քանի որ Թուրքիայում ավելացել են կանանց նկատմամբ բռնության դեպքերը, նրանց իրավունքները հետզհետե հարմարեցվում են իսլամական օրենքներին:

Թուրքիայի Կանանց միությունների ֆեդերացիայի նախագահ Ջանան Գյուլլուն հայտարարել է, որ Թուրքիայում կանանց նկատմամբ ցուցաբերված բռնության դեպքերը վերջին 10 տարիների ընթացքում ավելացել են 3 անգամ: Ջանան Գյուլլուն նաեւ նշել է, որ կանանց դեմ բռնությունները երբեմն հանգեցնում են նաեւ երեխաների մահվան դեպքերի: Այս մասին հաղորդում է թուրքական «Evrensel» լրատվական կայքը:

«Երեխաները վերածվել են վրեժի գործիքի: Այս ամենի դեմ պետք է անհապաղ կանխարգելիչ օրենքներ մշակվեն»,- նշել է Թուրքիայի Կանանց միությունների ֆեդերացիայի նախագահը: Նա նաեւ նկատել է, որ մինչ օրս Թուրքիայում կանանց դեմ իրագործված հանցագործությունների ճշգրիտ տվյալներ չկան, իսկ քաղաքապետարանի կողմից նման տեղեկություններ չեն տրամադրվում:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հանդիպումը գործող նախագահի հետ տեղի է ունեցել դռնփակ: Ակնկալվում է, որ ազգայնականները Բարձրագույն ընտրական հանձնաժողովին կդիմեն մայիսի 4-ին:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանում օրերս տեղի ունեցած նիստում 2013թ. Ստամբուլում Նովրուզի տոնակատարության ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ մեղադրվող Թուրքիայի նախագահի թեկնածու՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ, 2016թ. նոյեմբերից կալանքի տակ գտնվող Սելահաթդին Դեմիրթաշի համար դատախազը մինչեւ 5 տարվա ազատազրկում է պահանջել: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։

Սելահաթդին Դեմիրթաշը դատավարությանը ներկա չի գտնվել վատառողջ լինելու պատճառով: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին: Նշվում է նաեւ, որ նույնքան պատժաչափ է սպառնում նաեւ նույն հոդվածով մեղադրվող «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Անկարայից պատգամավոր ընտրված Սըրի Սուրեյա Օնդերին:

Թուրքիայում Գյուլենական համայնքին անդամակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել, ինչը երեւի թե նախընտրական «միջոցառումների» շարքին է դասվում: Ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակեչպության»՝ FET) դեմ իրականացվող  հետապնդումները շարունակվում են։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Թուրքիայի 36 նահանգում՝ Բուրսայում, Անկարայում, Իզմիրում, Մուշում, Քահրամանմարաշում, Չորումում, Քոջաէլիում, Զոնգուլդակում, Մերսինում, Քոնյայում, Դիարբեքիրում, Թեքիրդաղում, Բիլեջիքում, Շանլըուրֆայում, Էրզինջանում, Բայբուրթում, Աֆյոնքարահիսարում, Նիղդեում, Մալաթիայում, Ադանայում, Շըրնաքում, Յոզգաթում, Վանում, Սիվասում, Այդընում, Քըրշեհիրում, Կայսերիում, Կարսում, Յալովայում, Օսմանիյեում, Օրդուում, Գազիան-թեփում, Բիթլիսում եւ Գյումուշհանեում կատարված միաժամանակյա գործողության ընթացքում FET-ին անդամակցության մեջ կասկածվող 63 անձ է ձերբակալվել։

Ստամբուլի անվտանգության վարչության՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժինը ընդհանուր առմամբ 103 անձի ձերբակալման  որոշում էր կայացվել։ Վերջիններս մեղադրվում են FETՃ-ի գաղտնի հաղորդակցման հարթակ համարվող ByLock ծրագիրն օգտագործելու եւ այդ ծրագրի միջոցով ամուսնության նպատակով  ծանոթություններ հաստատելու մեջ։

Մյուս կասկածյալների հայտնաբերմանն ու ձերբակալման նպատակով  աշխատանքները շարունակվում են։ Նշենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ նրա առաջնորդ, իսլամի քարոզիչ ամերիկաբնակ միլարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2018թ. հունիսի 24-ին տեղի ունենալիք Թուրքիայի վաղաժամ խորհրդարանական եւ նախա-գահական ընտրություններին։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ վաղաժամ ընտրությունները տեղի են ունենալու արտակարգ դրության պայմաններում, քանի որ նման իրավիճակում հավանականություն կա, որ դրանք չեն լինի ազատ, արդար:

«Արտակարգ դրության ընթացքում դժվար է կազմակերպել ամբողջությամբ ազատ, արդար եւ թափանցիկ այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն թուրքական օրենքներին, ինչպես նաեւ Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Անշուշտ մենք ցանկանում ենք տեսնել ազատ եւ արդար ընտրություններ, սակայն այդ հարցում մտահոգություններ ունենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Արտակարգ դրությունը, որը սահմանվել էր Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, երկարաձգվել է եւս 3 ամսով: Հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում այն արդեն 7-րդ անգամ է երկարաձգվում: Արտակարգ դրության պահպանման օգտին են քվեարկել Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը եւ «Գորշ գայլերի» քաղաքական թեւ համարվող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը: Այդ քաղաքական ուժերը որոշել են դաշինքով մասնակցել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։

Այս ընթացքում Իզմիրի դատարանում մեկնարկել է ամերիկացի հոգեւորական Էնդրյու Քրեյգ Բրունսոնի դատավարությունը։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական» (ՔԲԿ-PKK) եւ գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու, ինչպես  նաեւ լրտեսություն անելու մեջ։ Ամերիկացի քահանային սպառնում է մինչեւ 35 տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու հիշեցնում, որ Քրեյգ Բրունսոնը Իզմիրի բողոքական եկեղեցու սպասավոր է։ Նա Թուրքիայում ապրում է 23 տարի։ Իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում: «Իմ այստեղ գտնվելու միակ նպատակը Հիսուսի  մասին պատմելն էր։ Թուրքիայի դեմ երբեք չեմ գործել։ Հակառակը՝ Թուրքիան սիրել եմ։ 25 տարի Թուրքիայի համար աղոթել եմ։ Ես անմեղ եմ»։ Ապա տեղեկացրել է, որ ինքն այժմ հոգեկան խնդիրներ ունի եւ ցանկանում է այլ բանտախուց տեղափոխվել։ Ներկա պահին հոգեւորականը  դեղեր է գործածում։ Դատարանը խոստացել է ուսումնասիրել նրա պահանջը, սակայն մերժել է նրա իրավապաշտպանների միջնորդությունը, որոնք խնդրել էին մինչեւ հաջորդ դատական լսումներն ազատել  մեղադրյալին։

ԱՄՆ-ն պետք է վերանայի իր քայլերը, եթե ցանկանում է վերադարձնել ԱՄՆ-ի բողոքական քահանա Էնդրեյ Բրանսոնին, ով 1,5 տարի անցկացրել է թուրքական բանտում, ապրիլի 16-ին հայտնվեց դատարանի առջեւ: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի նախագահը  մեղադրել է ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին «ահաբեկիչներին» զենք մատակարարելու համար. «Մենք չենք կարող ԱՄՆ-ից զենք գնել մեր փողերով, բայց ԱՄՆ-ն եւ կոալիցիոն ուժերը այդ զենքը անվճար տրամադրում են ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է նա՝ այս ընտրական գործընթացները եւս գոր-ծածելով որպես քաղաքական հարթակ:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 16 (494), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։