Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը – …հավաստում են, որ ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո… Նիկոլ Փաշինյանը հերքել էր նաեւ որեւէ երկրի միջամտության հնարավորությունը…

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե իրենց նկատմամբ բռնությունների դեպքում անգամ իրենք «զանգերով, ցույցերով, հրապարակումներով…» են պատասխանելու եւ այդպես են շարունակելու պայքարը, առանց բռնության կիրառման:

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի պաշտոնում առաջա-դրելու մասին խոսակցությունները կարող են իրականություն դառնալ, նա նշեց, թե ինքը դա համարում է անլուրջ խոսակցություն։ Նա տեղեկացրեց, որ եթե որեւէ մեկը մտածում է՝ իրենք որեւէ պարագայում հետքայլ են անելու, սխալվում է։

Ինչ մնում է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա որոշ ընդդիմադիր գործիչներ հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը մերժել է նախկին նախագահի առաջարկները, քանի որ շարժումը չեն ցանկանում կապել նրա անձի հետ: Անգամ մերժվել են նախկին նախագահի կողմից մասնագետների տրամադրման առաջարկները՝ կառավարության ձեւավորման հարցում, որպես օգնություն:  

«Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն էլ հանրահավաքի մասնակիցներին դիմելով, խոսքն սկսեց Գարեգին Նժդեհի խոսքերով՝ «Երբ ազգը դառնում է բանակ, հնարավոր չէ նրան ծնկի բերել»։ «Այս ազգը իր համախմբվածությամբ բանակ դարձավ 1988թ., այսօր այս հաղթանակած ժողովուրդը, որ տարիների ընթացքում աղքատության, արտագաղթի շեմին է հասել, նորից դարձել է բանակ՝ իր ազատության, անկախության համար»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդպիսով ժողովրդին ստիպել են համախմբվել։ «Էս ժողովուրդը մուրացկան չի, աշխարհահռչակ ազգ ենք մենք, երբեք թույլ չենք տա, որ մեր պապերի գերեզմանները պղծվեն, մեր զոհված եղբայրները մոռացվեն, մեր կենդանի հերոսները, լեգենդները մնան անշուք, անհավատ»,- ասել է Սասուն Միքայելյանը, ապա հավելել, որ թող բոլորն իմանան, որ ժողովրդի պահանջը բավարարելուց հետո վրեժխնդրություն չի լինելու։

Վերստին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին, ընդդիմադիրները կրկին հիշել են «Մարտի 1»-ի գործը, որ դեռ բացահայտված չէ ամբողջովին: Նշվել է, որ ըստ զոհերի ծնողների, այս տարիների ընթացքում, որպես տուժողի իրավահաջորդներ, հասկացել են, որ բացահայտման խոսքերը ձեւական բնույթ ունեն: Որ իրենք ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին, որ իբր աշխատում են, զբաղվում են մարտի 1-ի գործով, բայց իրականում երկարաձգում են այս գործը: Ըստ ընդդիմադիրների, զոհերի ծնողները կարծում են, որ երբեք մարտի 1-ի այս էջը չի բացահայտվի: Բոլոր մեղավորները կպատժվեն այն դեպքում, երբ կլինի իշխանափոխություն… «Նույն դատախազը տեղափոխվել է քննչական կոմիտե ու նույն քննիչներն են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել»,- նշում են նրանք:

Ոչ միայն ներկայիս ընդդիմադիրները, այլեւ նախորդ ընդվզումների, հավաստում են, որ Ժողովուրդը թույլ չի տա ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ էլ առավել եւս Ռոբերտ Քոչարյանին վերադառնալ մեծ քաղաքականություն, հատկապես Սերժ Սարգսյանի ընդգծված անարյուն հեռանալուց հետո: Եթե ՀՀ 1-ի եւ 3-րդ նախագահները դեռ լռում են, ապա ՀՀ 2-րդ նախագահը վերջերս խոսեց: Ռոբերտ Քո-չարյանը գնահատական է տվել Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին.

Ռուսաստանյան NTV-ին տված հարցազրույցում նա անընդունելի է համարում մարդկանց բազմությամբ պատգամավորների կամքի վրա ազդելը։ «Եվ ստիպել նրանց՝ գնալ ընդդեմ իրենց խղճի, հայացքների, ընդդեմ իրենց ունեցած քաղաքական պատկերացումների, շանտաժի ենթարկել նրանց մեծաթիվ մարդկանց բազմությամբ, դա բացարձակապես այլ ծայրահեղություն է»,- նշել է նախկին նախագահը։

Ըստ ընդդիմադիրների, Ռոբերտ Քոչարյանի վերաբերմունքը փողոցային պայքարին, պարզ է 2008թ-ից, երբ փողոց էին դուրս եկել ՀՀ նախագահի ընտրությունները կեղծված համարող  հազարավոր քաղաքացիներ։ Մարտի 1-ի արյունոտ դեպքերից մեկ օր առաջ՝ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հնչեցրեց 2 տարբերակ իշխանությունների համար, որպեսզի  քաղաքացին չպարտադրի իր կամքը։

«Առաջինը՝ համբերատար սպասել, երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու… Երկրորդ տարբերակը՝ ոստիկանական գործողություններ կիրառելով մաքրել այդ հրապարակը եւ այդ նաեւ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել»… 10 տարի առաջ իշխանությունն ընտրեց երկրորդ տարբերակը։ 2008 թ  գարնան առաջին օրը Երեւանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի, հայտարարվեց 20 օրյա արտակարգ դրություն։ 

Սակայն նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից մեկ օր առաջ ուսանողների հետ հանդիպմանը ասել էր, թե հանգիստ խղճով է թողնում նախագահի աթոռը։ Նա Սերժ Սարգսյանին երկրի իշխանությունը փոխանցեց 2008թ  ապրիլի 9-ին՝ մարտի 1-ի զոհերի մահվան 40-րդ օրը։

Հիշեցնենք, որ 10 տարի անց՝ 2018թ ապրիլի 23-ին, երբ Սերժ Սարգսյանը բազմահազար ցուցարարների պահանջով հրաժարվեց վարչապետի պաշտոնից, իր ուղերձում նշել էր. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»։ Նա հրաժարվեց ուժի կիրառումից, անգամ համաչափ ուժի, որի իրավունքն ուներ սահմանադրորեն:

Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ է ասել՝ «Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը: Ինձ անհապաղ իշխանություն տվեք: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դրանք կոնկրետ մարդիկ են, Ազգային ժողով, պատգամավորներ, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն»…

ՀՀ 2-րդ նախագահին մեկ բան էլ հիշեցրին, թե՝ «Միակ տղամարդու» դարը վաղուց անցել է… Հիշեցնենք, որ իր նախագահության տարիներին Ռոբերտ Քոչարյանը «տղավարի» հայտարարել էր, թե ինքն է երկրի միակ տղամարդը, մոտավորապես ասելով, իր դեմ ոչ ոք չի կարող որեւէ քայլ անել… Սա եւս շատ վատ տպավորություն էր գործել: Այս օրերին ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՖԲ-ի իր էջում գրառում է կատարել. Երկու ոտքով անցյալում մնացած Ռոբերտ Քոչարյանին չարժի այդպիսի տոնով (ու այլ երկրի հեռուստաեթերում) խոսել հարյուր հազարավոր քաղաքացիների կամքն ու սպասումներն արտահայտող երիտասարդ լիդերների հետ:

«Միակ տղամարդու» դարը վաղուց անցել է: Տասնյակ հազարավոր ջահել ու արժանապատիվ տղամարդկանց դարն է եկել… Կարող են շատ դաժան պատասխան տալ նույն այդ անցյալի համար…

Արման Դավթյան

02.05.2018 – Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

ՀՀ 1-ին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Նա Ilur.am-ին  հայտնել է հետեւյալը. «Թեեւ Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետեւյալ հանգամանքի վրա։

ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ Հետեւաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, Ֆելիքս Ցոլակյանին եւ Աղվան Վարդանյանին ներկա-յացվող պահանջը հակասահմանադրական է։

Ինչպես միջազգային հանրությունն է այս օրերին անընդհատ պնդում, իշխանության ձեւավորման գործընթացում ամենակարեւորը սահմանադրության եւ օրենքի տառին դրա համապատասխանության փաստն է։

Սակայն առանց միջազգային հանրության հուշելու էլ ինքնըստինքյան ակնհայտ է, որ դա բխում է, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության, եւ թե՛ Հայաստանի շահերից։ Այլ կերպ ձեւավորված իշխանության օրինակարգությունը (լե-գիտիմությունը) չի ճանաչվի ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից։ Իսկ մենք տասնամյակներ շարունակ ականատեսն ենք այն բանի, թե այս իրողությունն ինչպիսի սպառնալիքներ է ստեղծում երկրի կայունու-թյան ու ներազգային համերաշխության ապահովման հարցում»:

01.05.2018 – Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Հայաստանի 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին «չեն համապատասխանում իրականությանը»:

«Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որեւէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել:

Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից Վիկտոր Սողոմոնյանը:

Ելույթ ունենալով Ազգային Ժողովի հատուկ նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «երեկվանից Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճնշում են գործադրում ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, սպառնում են նրանց՝ նպատակ ունենալով կանխել քվեարկությունը ժողովրդի թեկնածուի օգտին»:

«Լուսանցք» թիվ 16 (494), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։