Մայիսյան տոներ.- Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք…

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները այսօր՝ մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:

Այնուհետեւ երկու խումբն էլ հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:

Հետո խմբերը եղան Հայ Արիական Միաբանուևթյան գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:

Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել: Նրանք, ովքեր ցավոք այսօր ողջ չեն, հերթափոխն իրենց որդիներին էին հանձնել: Որդիներից երկուսը երդման տեքստը կնքեցին ու հանձնեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց Ազգային բանակի (ՀԱԲ) ռազմական խորհրդր անդամ, հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին, ում հետ էլ ընդդեմ թուրքական հրոսակների նրանց հայրերն էին կռվել:  

Կրակը վառելուց եւ առ Վահագն աստված ձոնը  հնչեցնելուց հետո որդիները երդվեցին շարունակել հայրերի գործը, որովհետեւ Շուշիի ազատագրումը վճռական բեկում էր Հայոց Հողահավաքի նպատակի ճանապարհին, որ դեռ պետք է շարունակվի:

Այսօր ուշ երեկոյան հայ արիները կմեկնեն Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածք՝ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ մայիսի 9-ի լուսաբացին էլ փառք տալու մեր հայրերին ու պապերին, ովքեր 2-րդ աշխարհամարտի օրերին ոտքի ելան ու պայքարեցին ազգին նոր թուրքական սպանդից փրկելու համար:

Մինչ այդ ՀԱՄ գրասենյակում ԳԽ անդամները նիստ կանեն: Օրակարգում ներքաղաքական հարցեր են:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

08.05.2018թ Երեւան-Գառնի-Եռաբլուր-Ծովինար (Սեւան)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։