Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնը կորոշվի վերջին փուլում… Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են… «Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է… Ֆուտբոլի հավաքականը 2 ընկերական հանդիպում կունենա… «Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը… Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին… «Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել… «Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում… ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը… Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով… Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին… «Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».-Ռուբեն Հայրապետյան… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը… «Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն… Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդը առաջ է անցել 2 միավորով… Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը… Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը…

Աշխարհի մարզական հեւքից.-

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 29-րդ փուլում կայացած բոլոր խաղերում գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Մրցաշարի հետնապահ Երեւանի «Արարատ»-ը իր հարկի տակ չնայած սկզբում պարտվում էր «Շիրակին» 0:4 հաշվով, սակայն կարողացավ վերականգնել հավասարակշռությունը եւ փրկել խաղը՝ 4:4: Կապանի «Գանձասար-Կապան»-ն ու «Բանանց»-ը մեկական գոլ փոխանակեցին եւ նույնպես չորոշեցին հաղթողին: Իսկ ահա Երեւանի «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը ընդհանրապես չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի արեցին:

Այդպիսով, այս փուլից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Դա նշանակում է, որ չեմպիոնի հարցը կլուծվի վերջին՝ 30-րդ փուլում, որը տեղի կունենա մայիսի 20-ին: Այդ օրը առաջնության առաջատար «Շիրակ»-ը իր հարկի տակ կընդունի «Փյունիկ»-ին, իսկ հետապնդող «Ալաշկերտ»-ը՝ «Գանձասար-Կապան»-ին:

Եվրոգավաթների մասնակից 4 թիմերից 3-ը հայտնի են

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 27-րդ փուլի հանդիպումները: Առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Բանանց»-ին: Առաջատարից 3 միավոր հետ մնացող Երեւանի Ալաշկերտ»-ը մրցակցի հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Արարատ»-ի նկատմամբ: 4-րդ տեղում ընթացող «Գանձասար-Կապան»-ը լարված պայքարում 4:3 հաշվով պարտության մատնեց իր անմիջական հետապնդողին՝ Երեւանի «Փյունիկ»-ին:

Այդպիսով, «Ալաշկերտ»-ն ու «Գանձասար-Կապան»-ն ապահովեցին իրենց տեղը եվրոգավաթների մրցաշարերում, իսկ վերջին, 4-րդ ուղեգիրը կվիճարկեն 4-րդ եւ 5-րդ տեղերում գտնվող «Բանանց»-ն ու «Փյունիկ»-ը:

Հիշեցնենք, որ 26-րդ փուլում  «Ալաշկերտ»-ն իր հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց «Շիրակ»-ի հետ, ինչը թույլ տվել գյումրեցիներին առաջինը նվաճել եվրագավաթների ուղեգիր:

«Արդար խաղի» գլխավորողը «Ալաշկերտ»-ն է

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ շրջանի խաղերի արդյունքում Fair Play”(Արդար խաղի) դասակարգման աղյուսակը գլխավորում է մայրաքաղաքի «Ալաշկերտ»-ը: ՀՖՖ-ից ներկայացնում են միավորները՝ «Ալաշկերտ»՝ 7,92, «Փյունիկ»՝ 7,91, «Բանանց»՝ 7,80, «Գանձասար-Կապան»՝ 7,79, «Արարատ»՝ 7,78 եւ «Շիրակ»՝ 7,77։  

Մեր հավաքականը Ավստրիայում 2 ընկերական հանդիպում կունենա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին Ավստրիայում կանցկացնի ընկերական հանդիպումներ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Ահա նրանք

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Մարկոս Պիզզելլի, «Ակտոբե» (Ղազախստան)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ», Գերմանիա

Արաս Օզբիլիս, «Շերիֆ» (Մոլդովա)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Յուրա Մովսիսյան, «Յուրգորդեն» (Շվեդիա)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Դավիթ Յուրչենկո, «Տոսնո» (Ռուսաստան)

Խորեն Բայրամյան, «Ռոստով» (Ռուսաստան)

Նշենք, որ վերջին 6 խաղացողներն նորեկներ են, իսկ ահա Յուրա Մովսիսյանը երկարատեւ ընդմիջումից հետո կրկին հրավիրվել է հավաքական: Նախորդ նման ցանկից դուրս է մնացել Հովհաննես Համբարձումյանը, Գեղամ Կադիմյանն ու արգենտինահայ Նորբերտո Բրիասկոն:

* * *

ՀՀԿ նիստից հետո, որին մասնակցում էր նաեւ Ռուբեն Հայրապետյանը, լրագրողները նրան հարց ուղղեցին Յուրա Մովսիսյանին կրկին հավաքական հրավիրելու մասին, ի՞նչ է փոխվել, որ նախկին հարձակվողը հրավիրվել է ազգային հավաքական:

«Դուք իմ պաշտոնը գիտե՞ք, որ նման հարց եք տալիս, ես ՀՖՖ նախագահ եմ, ձեր հարցը հավաքականի գլխավոր մարզչին տվեք»,- պատասխանել է Ռուբեն ՀայրապետյանըԻսկ նախկինում, ինչպես ասում են՝ օդից կախված լուրեր կային, թե Յուրա Մովսիսյանն ու Արազ Օզբիլիսը ազգային թիմից հեռացվել են Ռուբեն Հայրապետյանին չենթարկվելու համար

«Արսենալ»-ը կբարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավարձը

Լոնդոնի «Արսենալ»-ը պետք է ստիպված բարձրացնի Հենրիխ Մխիթարյանի աշխատավաձի չափը, եթե նրա պայմանագրի ավարտից հետո նորն առաջարկի: Այդ մասին հայտնում է THE DAILY MAIL կայքը:

Հենրիխ Մխիթարյանն այժմ շաբաթական ստանում է 144 հազար ֆունտ սթեռլինգ աշխատավարձ: Եթե «Արսենալ»-ը նոր պայամագիր առաջարկի հայ ֆուտբոլիստին, ապա ըստ նախնական պայմանավորվածության, աշխատավարձը պետք է բարձրանա եւ կազմի 244 հազար ֆունտ: Բացի այդ, պայմանագիրը երկարաձգելու համար հայ ֆուտբոլիստը կստանա նաեւ 8,65 մլն ֆունտ հավելյալ պարգեւավճար:

Ի դեպ, ինչպես հայտնում է լրատվամիջոցը, անգլիական շատ ակումբներ նման եղանակով ձգտում են գայթակղել ֆուտբոլային աստղերին, ինչպես նաեւ խթանել նրանց ավելի լավ հանդես գալու համար:

Հենրիխ Մխիթարյանը հաղթանակած ավարտեց անցած մրցաշրջանը

Անգլիայում ավարտվեց ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հերթական առաջնությունը: Չեմպիոնի կոչումը ռեկորդային 100 միավորով նվաճեց «Մանչեսթեր Սիթի»-ին, որն ավարտական խաղում 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոն»-ին: 2-րդ տեղը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդ»-ը առաջատարից հետ մնաց 19 միավորով: Մրցանակային եռյակը 77 միավորով եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմ»-ը: Այս 3 ակումբները եւ «Լիվերպուլ»-ը գալիք մրցաշրջանում հանդես կգան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հրաժեշտի խաղում 1:0 հաշվով պարտության մատնեց առաջնության նորեկ «Հադեսրֆիլդ»-ին: Մեր ֆուտբոլիստն առանց փոխարինման մասնակցեց ամբողջ խաղին: Նա մրցակցին դարպասին հարված չկատարեց, իսկ 13 մենամարտերից 10-ում գնդակը զիջեց մրցակցին: Զարմանալի չէ, որ Հենրիխ Մխիթարյանը ցածր գնահատական ստացավ իր վերջին խաղի համար՝ 6,7: Մեր ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ առաջնությունում անցկացրեց 26 խաղ (11-ը «Արսենալ»-ում), խփեց 3 գոլ (2), կատարեց 9 գոլային փոխանցում (4):

Նշենք, որ «Արսենալ»-ը 63 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարի խմբային փուլին մասնակցելու իրավունք:

Արսեն Վենգերը խոշոր հաղթանակով հրաժեշտ տվեց «Էմիրեյթս»-ին

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի թիմը՝ Լոնդոնի «Արսենալ»-ը, անգլիայի առաջնության 37-րդ փուլի խաղում սեփական դաշտում 5:0 հաշվով ջախջախեց «Բարնլի»-ին:

Հաղթողների կազմում 2 գոլ խփեց գաբոնցի Պիեր-Էրիկ Օբամեյանգը, մեկական՝ Լյակազետը, Կոլաշինացը եւ Իվոբին: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, սակայն աչքի չընկավ արդյունավետ գործողությամբ:

Այդպիսով, «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով մրցաշրջանի ավարտից հետո հրաժարական է տալու, մեծ տպավորություններով հրաժեշտ տվեց ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտին, քանի որ սա նրա վերջին խաղն էր սեփական դաշտում:

«Արսենալ»-ը գլխավոր մարզչի նոր թեկնածու է գտել

Լոնդոնյան ակումբը նոր մրցաշրջանից կարող է գլխավորել իսպանացի մասնագետ Ունsայ Էմերին: «Արսենալ»-ը արդեն հրաժարվել է իսպանացի մեկ այլ մասնագետ Լուիս Էնրիկեի ծառայությունից: Կա եւս մեկ գլխավոր թեկնածու՝ իտալացի Մասիմիլիանո Ալեգրին, ով հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել անգլիական թիմ եւ որ ցանկանում է իտալական «Յուվենթուս»-ի հետ հաղթել չեմպիոնների լիգայում:

Ունաի Էմերին, ով Փարիզի «ՊՍԺ»-ի հետ այս տարին նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը եւ 2 գավաթները, մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը, քանի որ չի կարողացել կատարել իր առջեւ դրված գլխավոր խն­դրը՝ այն է, նվաճել եվրոպական չեմպիոնների գավաթը:

«Արսենալ»-ը ընդամենը մեկ խնդիր ունի իսպանացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու հարցում: Դա աշխատավարձի չափն է: Ունաի Էմերին տարեկան պահանջում է 8,5 մլն ֆունտ սթեռլինգ, ինչը բավական բարձր են համարում լոնդոնյան ակումբում: Այն, թե ով կդառնա ակումբի նոր գլխավոր մարզիչը, հայտնի կդառնա այս ամսվա վերջին կամ էլ հուլիսի կեսերին: Դա արդեն կապված է ակումբի ղեկավարության դիրքորոշումից:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից».- Արսսեն Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի առաջնության «Հադեսրֆիլդ»-ի հետ խաղից հետո անցկացրեց իր վերջին մամուլի ասուլիսն այդ պաշտոնում, որը սովորականից երկար տեւեց: «Իհարկե, 1235 խաղից հետո անմոռանալի զգացումներ ունեմ: Դրանք լիարժեք զգալու համար մեզ հարկավոր էր հաղթանակ տանել: Տղաները հասան դրան եւ դա ինձ երջանիկ դարձրեց: Այսօր լավ օր էր բոլորի, այդ թվում «Հադերսֆիլդ»-ի համար, որը մնաց Պրեմիեր լիգայում:

Ես ցավում եմ, որ հեռանում եմ «Արսենալ»-ից: Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար: Գոհ եմ ակումբում անցկացրած իմ տարիներից, քանի որ կառուցեցին նոր մարզադաշտ ու մարզաբազա, 3 անգամ դարձանք չեմպիոն, անցկացրինք առանց պարտության 49 խաղերի շարք: Ես միշտ կմնամ «Արսենալ»-ի երկրպագուն:

Չեմ պատրաստվում հեռանալ ֆուտբոլից: Կշարունակեմ զբաղվել մարզչությամբ կամ ադմինիստրատիվ աշխտանքով: Ֆուտբոլն անբուժելի հիվանդություն է իմ համար եւ ես չեմ կարող նրանցից ազատվել»,- հետխաղյա մամուլի ասուլիսին ասել է 68-ամյա ֆրանսիացի մասնագետը: Ի դեպ, «Հադերսֆիլ»-«Արսենալ» հանդիպման 22-րդ րոպեին 2 թիմերի երկրպագունները ծափերով ողջունել են Արսեն Վենգերին՝ ի նշան լոնդոնյան ակումբում անցկացրած 22 տարիների

ՀՖՖ Կարգապահական կոմիտեն սկանդալային որոշում է կայացրել

Տեղի է ունեցել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում սկանդալային որոշում է կայացվել՝ կապված Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության առաջատար «Շիրակ»-ի հետ:

Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդման՝ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ եւ տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018թ. կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ:

Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետեւանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր եւս 4000 ԱՄՆ դոլար:

«Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաեւ ֆուտբոլիստի եւ Արարատ Հարությունյանի միջեւ եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջեւ եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները): Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն եւ առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017թ. հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում: Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին եւ տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից:

Նշված հարցը ներկայացվել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեին, որն էլ տվել է եզրակացություն այն մասին, որ՝ <Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով Բանանց ՖԱ-ի գրությունը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստի (Էդվարդ Կպոդո) համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև ֆուտբոլիստի եւ Արարատ Հարությունյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը, եկավ այն համոզման, որ Արարատ Հարությունյանն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:

Ինչ վերաբերում է Շիրակ ՖԱ-ի այն պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակից Արարատ Հարությունյանի վերոնշյալ արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկավ այն համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրությունները եւ սղագրություններն այլն են ապացուցում: Բացի այդ, նման պայմաններում Շիրակ ՖԱ-ն ակնհայտորեն հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն եւ հետեւաբար նաեւ պատասխանատուն:

Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրել էր նաեւ Արարատ Հարությունյանին, ով թեեւ չներկայացավ նիստին, սակայն հեռախոսակապով ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչն իր գիտությամբ նաեւ ձայնագրվում էր (կցվում է): Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման եւ նախկինում նրա հասանելիք պարգևավճարների հետ եւ որ ինքը որևէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել: Արարատ Հարությունյանն ընդհանուր առմամբ փորձեց ներկայացնել իրականությունն այնպես, որ խաղի արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ իր կողմից, եւ որին ինքն՝ ըստ էության չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, երեւի սխալվել է, մեղավոր է:

Կարգապահական կոմիտեի անդամների տարբեր հարցերին, փաստարկներին եւ ֆուտբոլիստի հետ իր իսկ խոսակցության սղագրության մեջբերումներին Արարատ Հարությունյանը տվեց ընդհանուր առմամբ իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ եւ փաստական ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ:

Ելնելով վերոգրյալներից՝ կարգապահական կոմիտեն միաձայն որոշեց.

  1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ:
  2. Շիրակ ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության « Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:
  3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում:

«Բանանց»-ը՝ ֆուտբոլիստին կաշառելու վերաբերյալ հայտարարություն է տարածել

«Բանանց» ֆուտբոլային ակումբն հանդես է եկել հայտարարությամբ, որը կրկին նվիրված է մի քանի օր կայացած «Բանանց»- «Շիրակ» խաղին: «Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպես տեղյակ եք, Հայաստանի առաջնության 27-րդ փուլի «Բանանց»- «Շիրակ» հանդիպումից առաջ, տեղի է ունեցել տգեղ եւ ֆուտբոլ խաղի արդար սկզբունքներին հակասող միջադեպ: «Շիրակ» ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարութունյանը փորձ է կատարել խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել «Բանանց»-ի պաշտպան Էդուարդ Կպոդոյին:

Մեր ակումբում առկա են այդ միջադեպի բոլոր անհերքելի ապացույցները:  Ըստ սահմանված կարգի, մենք այդ փաստերը տրամադրել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Չնայած նրան, որ ՀՖՖ կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասի նորմը նախատեսում է մեղավոր թիմին տեխնիկական պարտության գրանցման դրույթ, «Բանանց» ֆուտբոլային ակումբը  պնդել է, որ հանդիպումը կայանա, քանի որ մեզ համար գլխավորը  սպորտային արդյունքն է: Չնայած այդ  խաղում կրած պարտությանը, մենք կարծում ենք, որ բացարձակ ճիշտ ենք վարվել:

Նաեւ ցանկանում ենք ընդգծել մեր ակումբի ֆուտբոլիստ Էդուարդ Կպոդոյի գովելի արարքը: Նա ոչ միայն չի ընդունել խաղը վաճառելու առաջարկը, այլեւ այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը: Հուսով ենք, այս դեպքը կնպաստի նրան, որ նման երեւույթներն արմատախիլ արվեն հայկական ֆուտբոլից:

«Բանանց» ֆուտբոլային ակումբում մարզվում են 800-ից ավելի պատանի ֆուտբոլիստներ, երեխաներ: Եվ եթե «Շիրակ» ակումբը չպատժվի, աճող սերնդի դաստիարակումը չափազանց պրոբլեմատիկ կդառնա:

Հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին, հարգանքով՝ «Բանանց» Ֆուտբոլային ակումբ»:

«Շիրակ» ՖԱ-ն ՀՖՖ-ի որոշումն ապօրինի է համարում

Մայիս 5,2018 Շիրակ ՖԱ-ն հայտարարությամբ է հանդես եկել, կապված ՀՖՖ-ի որոշման հետ: ««Շիրակի» հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր եւ 7մլն. ՀՀ դրամ տուգանքի մասին՝ հիմնավորելով, որ ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։

Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որեւէ փաստ չունի, որ «Շիրակ»-ը ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որեւէ գործընթացում եւ որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։ «Շիրակ»-ը չի ընդունում ակումբին վերաբերող որեւէ փաստարկ։

Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը եւ կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու, եւ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։ Տեղեկացնում ենք, որ եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները»:

ՀՖՖ-ն «Շիրակից» հանել է 12 միավոր, իսկ աշխատակցին որակազրկել ցմահ

ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի պատասխանը

Ի պատասխան «Շիրակ»-ի արված հայտարարությանը, որ «ՀՖՖ որոշումն ապօրինի է եւ որ ՀՖՖ-ն որեւէ փաստ չունի, որ «Շիրակ»-ը ներգրավված է եղել նման առաջարկներ կայացնելու որևէ գործընթացում», ցանկանում եմ նշել հետեւյալը.- Տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետևանքներ եւ այդ պատճառով շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարեւորությունը եւ թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր եւ ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տեւել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» եւ «Շիրակ»  ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս եւ «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաեւ գործին կցված բազմաթիվ ապացույցները /այդ թվում տեսա եւ ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ եւ այլն/: Թեեւ Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդմաներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում. Շիրակ ՖԱ-ի ներկայացուցիչը (պաշտոնապես Արարատ Հարությունյանը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես Շիրակ»ՖԱ-ի մարզական տնօրեն) մայիսի 5-ին կայանալիք «Բանանց»-«Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով հանդիպել է «Բանանցի» ֆուտբոլիստին, տվել կանխավճար «Շիրակ»-ի օգտին սխալվելու եւ օգնելու վերջինիս խաղը հաղթելու համար եւ խոստացել վերջնավճարը վճարել արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ին կայացած նիստում առաջնորդվել է բացառապես կանոնակարգով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ եւ ՈւԵՖԱ կանոնադրությունների եւ կանոնակարգերի պահանջների տառին եւ ոգուն համապատասխան որոշում:

Հորդորում եւ կոչ եմ անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի եւ ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական եւ իրավական գնահատականներով եւ հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում: Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները եւ անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նշեմ, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության, որպես վերջնական բողոքարկման ատյան՝ հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում (CAS):

ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյան

Չպետք է «Շիրակ»-ին պատժել՝ 12 միավոր նվազեցնելով

ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման համաձայն Գյումրու «Շիրակ»-ին սպառնում է ոչ միայն տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով, այլ նաեւ ընթացիկ առաջնության «Շիրակ»-ի արդյունքները 12 միավորով նվազեցմամբ:

Պատճառն այն է, որ ըստ կարգապահական կոմիտեի նիստի արձանագրության, «Շիրակ»-ի մարզիչ Արարատ Հարությունյանը պայմանավորված խաղ կազմակերպելու առաջարկ է արել «Բանանց»-ի ֆուտբոլիստ Կպոդոյին:

Ստեղծված իրավիճակի շուրջ, մասնավորապես թիմից 12 միավոր հանելու որոշման մասին իրենց տեսակետն են հայտնել Վարդան Բիչախչյանը, Վաչիկ Վարդանյանն ու ֆուտբոլասերները…

*- Լրատվամիջոցները հետաքրքրվել են, թե արդյո՞ք ՀՖՖ նախագահ Ռուբեն հայրապետյանը հրաժարական կտա՝ պայմանավորված ներկա քաղաքական փոփոխություններով, քանի որ ինքը մոտ է Սերժ Սարգսյանի հետ…

  «Ոչ ոք ինձ չի կարող պարտադրել, որ հեռանամ».- ասել է Ռուբեն Հայրապետյանը, հավելելով, որ նախկին նախագահը մեծ նպաստ ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում եւ հավաքականի խաղերին այցելել է մարզադածշտ, քանի որ իրապես ֆուտբոլային երկրպագու է…

Դատախազությունը «Շիրակ» ՖԱ վերաբերյալ հրապարակումները ոստիկանություն է ուղարկել դեռ մայիսի 8-ին

ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է մայիսի 12-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցին, թե ինչո՞ւ իրավապահ մարմինները չեն արձագանքել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ կապված՝ առերեւույթ պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու խնդրին:

«Շիրակ» ակումբի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի կողմից կայացված որոշման, դրա պատճառ հանդիսացած հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից դեռեւս մայիսի 8-ին ուղարկվել են Երեւան քաղաքի դատախազություն, որտեղից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ քրեական գործ հարուցելու հիմքերը պարզելու նպատակով:

«Շիրակ»-ի նկատմամբ մեղմ որոշում է կայացվել».- Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը կարծում է, որ ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն բավական մեղմ որոշում է կայացրել «Շիրակ» ակումբի նկատմամբ, որի աշխատակիցը փորձ է արել պայմանավորված խաղ կազմակերպել: «ՀՖՖ-ն «Բանանց»-ից նամակ է ստացել, որին, բնականաբար, ընթացք է տվել: Կարգապահական կոմիտեն ամենանվազագույն պատիժն է տվել «Շիրակ»-ին, որովհետեւ լավ գիտեք, թե ինչպես են վերաբերվում նման հարցերին ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն: Դեռ չգիտենք, թե ինչ որոշում կարող են կայացնել նաեւ վերջինները: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է կատարվել, եւ չկա մի մարդ, որը համոզված չէ, որ «Շիրակ»-ն ամենամեղմ պատիժն է ստացել»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին նշեց ՀՖՖ նախագահը:

Այն հարցին, արդյոք ավելի ճիշտ չէր, որ այդ գործով զբաղվեին իրավապահ մարմինները, Ռուբեն Հայրապետյանն ասաց.  «Մենք գործ ունենք2 ֆուտբոլային ակումբների, անձերի միջեւ տեղի ունեցած դեպքի հետ: Եթե իրավապահ մարմինները գտնում են, որ դրանում կան նաեւ քրեական տարրեր, ապա իրենք կարող են զբաղվել այդ հարցով: Ֆեդերացիան պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեսանյութերը»:

Խոսելով Յուրա Մովսիսյանին կրկին հավաքական հրավիրելու մասին, ՀՖՖ նախագահն ասաց, որ ինքը այդ հարցը լիովին վստահել է հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որը նաեւ իր սանիկն է. «Այն, թե ովքեր եւ ինչու են հրավիրվել հավաքական, ցանկալի կլինի այդ հարից դիմել գլխավոր մարզչին: Եթե իմ անձնական կարծիքն եք ցանկանում իմանալ, ապա հրավիրվածների մեջ կան մի քանի խաղացողներ, որոնց պետք է չհրավիրվեին հավաքական»: Ռուբեն Հայրապետյանը, ավաղ, կոնկրետ անուններ չտվեց:

Լեւոն Արոնյանը՝ աշխարհի 4-րդ ունիվերսալ շախմատիստը

Grand Chess Tour-ի եւ Կասպարովի հիմնադրամի կողմից հիմնադրված շախմատի դասակարգման ունիվերսալ ցուցակում Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 4-րդ տեղը: Մեր շախմատիստը ստացել է 2792 միավոր:

1-ին տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով ունի 2871 միավոր: Ապա հաջորդում են Հիկարի Նակամուրան (ԱՄՆ, 2802) եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2795):

Առաջին 100 շախմատիստների մեջ տեղ են զբաղեցրել Հայաստանի եւս 5 ներկայացուցիչներ:

Ահա նրանք.՝ 52. Գաբրիել Սարգսյան՝ 2697, 53. Վլադիմիր Հակոբյան՝ 2680, 54. Հրանտ Մելքումյան՝ 2674, 55. Զավեն Անդրիասյան՝ 2668, 56. Տիգրան Լ. Պետրոսյան՝ 2668: Հավելենք, որ այս դասակարգման համար հիմնադիրները հաշվի են առնում շախմատիստների անցկացրած բոլոր խաղերը՝ դասական, արագ եւ կայծակնային:

«Հայկական արծիվներ»-ն առաջին իսկ փորձից՝ չեմպիոն

«Հայկական արծիվներ» շախմատային թիմը մասնակցելով 2018թ PRO Chess League-ի առաջնությանը, նվաճել է չեմպիոնի կոչումը:

«Հայաստանը լինելով շախմատային գերտիրություն, անցած տարի չէր մասնակցել այդ մրցումներին: Պատճառն այն էր, որ մենք տեղյակ չէինք այդ մասին: Այս տարի պատահականորեն մասնակցեցինք: Սամվել Տեր-Սահակյանն առաջինն ասաց, որ համացանցով անցկացվում է շախմատի նման առաջնություն: Մենք որոշեցինք թիմ ստեղծել եւ մասնակցել այդ առաջնությանը: Թեեւ մեծ դժվարությամբ, բայց հաջողվեց լուծել բոլոր իրավաբանական եւ տեխնիկական հարցերը: Մեկնարկային խաղում չնայած պարտվեցինք, բայց հետո տարանք 6 հաղթանակ, խմբում զբաղեցրինք 1-ին տեղը: Ապա նոկաուտ մրցակարգով անցկացրինք փլեյ-օֆի հանդիպումներ: Հնդկական «Մումբայ» թիմի հետ թեեւ ոչ-ոքի խաղացինք, բայց մտանք եզրափակիչ, քանի որ խմբային մրցաշարում մենք ավելի լավ արդյունք ունեինք: Եզրափակիչ մրցաշարը եղավ Լոս Անջելեսում, որտեղ հաղթելով մրցակիցներին, նվաճեցինք չեմպիոնի կոչումը»,- ասել է մեր թիմի առաջատար, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:

«Երբ սկսեցինք ելույթները, մենք սկզբում լուրջ նպատակներ չէինք հետապնդում: Սակայն խմբում 1-ին տեղը գրավելուց հետո որոշեցինք պայքարել մրցանակային տեղերի համար: Հատկապես բարդ ստացվեց վերջին, եզրափակիչ հանդիպումը՝ չինական թիմի հետ: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց լրացուցիչ խաղերում հաղթանակ տանել եւ գրավել 1-ին տեղը»,- նշել է թիմի մյուս անդամ Սամվել Տեր-Սահակյանը:

Պարզվում է, որ տարբեր թիմերի կազմում հանդես են եկել մեծ թվով հայտնի շախմատիստներ, մասնավորապես՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, այս տարվա հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանո Կարուանան, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, այլ առաջատար շախմատիստներ:

«Հայկական արծիվներ»-ի կազմում ելույթ են ունեցել գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Կարեն Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը եւ մենեջեր-խաղացող Արտակ Մանուկյանը։

PRO Chess League-ի առաջնությունում հաղթելու համար մեր թիմը ստացել է 20 հազար դոլար պարգեւավճար:

Կանանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում

Չինաստանում, Շանհայում ընթացող մրցամարտում, որտեղ միմյանց հետ հանդիպում են չինուհի գրոսմայստերներ Ցզյու Վենցզ-յունն ու Թան Չժուն:

2017թ. կանանց Գրան պրիի հաղթող, շախմատի կանանց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Ցզյու Վենցզյունը 2 միավորով առաջ է անցել գործող չեմպիոնից, կայացած 5 փուլի արդյունքում հաշիվը 3,5:1,5 է։

6-րդ փուլը տեղի կունենան մայիսի 12-ին։ Նշենք, որ մրցամարտը բաղկացած է 10 դասական խաղից: Հավասար քանակությամբ միավորներ վաստակելու դեպքում աշխարհի նոր չեմպիոնը կորոշվի թայ-բրեյքում:

Հայ հրաձիգները Չեխիայի մրցաշարում գրավեցին 3-րդ տեղը

Չեխիայի Պլզեն քաղաքում կայացած հրաձգության 49-րդ «Գրան Պրի» մրցաշարում մասնակցեցին 7 հայ հրաձիգ:

– Հրացան մրցաձեւից՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը եւ Ալլա Պողոսյան:

– Ատրճանակ  մրցաձեւից՝ Էլմիրա Կարապետյանը:

– Վազող թիրախ մրցաձեւից՝ Հովհաննես Մարգարյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:

Հրաձիգներ Հրաչիկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը գրավել են 3-րդ տեղը (428,4 միավոր): Հրացան ձեւի խառը թիմային (տղամարդիկ+կանայք) պայքարի կիսաեզրափակչում Հրաչիկ Բաբայանը եւ Ալլա Պողոսյանը միասին հավաքելով 830,7 միավոր գրավել են 4-րդ տեղը եւ անցել եզրափակիչ:

Նշենք, որ կիսաեզրափակչում մրցել են 23 թիմեր, որոնցից միայն լավագույն 5-ն են իրավունք ստացել շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար:

Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանը կտեղափոխվի Կանադա եւ կփոխի քաղաքացիությունը

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդեւան կտեղափոխվի Կանադա, որպեսզի աշխատի հայնի մարզիչ Բրայան Օրսերի հետ։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով տարբեր աղբյուրների, որոնք իրավիճակին ծանոթ են։

Նշվում է, որ մարզուհին կուղեւորվի Հյուսիսային Ամերիկա՝ հունիսին Ճապոնիայում կայանալիք ցուցադրական ելույթներից հետո։

Բացի դրանից Մեդվեդեւան կարող է կարող է փոխել մարզական քաղաքացիությունը ռուսերենից հայերենի, քանի որ գեղասահորդուհու հայրը հայ բիզնեսմեն Արման Բաբասյանն է։

Նախորդ տարի Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանը հաղթել է Եվրոպայի ա-ռաջնությունում։ Նա վաստակել է 229,71 միավոր, ինչը համաշխարհային նոր ռեկորդ է։ Արծաթե մեդալին տիրացել էր ռուս Աննա Պոգորիլան, իսկ բրոնզե մեդալին՝ Իտալիայի ներկայացուցիչ Կարոլինա Կոստները։

Ազատ Հովհաննիսյանը տանուլ տվեց իր առաջին չեմպիոնական մարտը

Հայաստանը ներկայացնող պրոֆեսիքնալ բռնցքամարտիկ Ազատ Հովհաննիսյանն Նյու Յորքում անցկացրել է իր առաջին չեմպիոնական մենամարտը: Մեր հայրենակիցը WBC վարկածով գերթեթեւագույն քաշային կարգի աշխարհի չեմպիոնի գոտու համար մրցեց մեքսիկացի Ռեյ Վարգասի հետ: Ազատ Հովհաննիսյանը չնայած բոլոր 12 ռաունդներում համառ դիմադրություն ցույց տվեց փորձառու հակառակորդին, սակայն ի վերջո պարտվեց միավորներով՝ 112-118, 111-118, 110-118:

Այդպիսով, Ռեյ Վարգասը տարավ 32-րդ անընդմեջ հաղթանակը եւ պահպանեց չեմպիոնի տիտղոսը, իսկ ահա Ազատ Հովհաննիսյանը կրեց իր 1-ին պարտությունը վերջին 9-ը մրցամարտերում:

Գենադի Գոլովկինը նոկաուտ արեց Վանես Մարտիրոսյանին

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը անցկացրեց հերթական չեմպիոնական մրցամարտը: Մեր հայրենակիցը Լոս Անջելեսի StubHub Center մարզապալատում հանդիպեց WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ: Ցավոք, հանդիպումը չարդարացրեց բռնցքամարտի սիրահարների սպասելիքները: Ղազախստանցի մարզիկը արդեն 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վանես Մարտիրոսյանին: Ռինգի մրցավարը ստիպված դադարեցրեց մարտը: Գենադի Գոլովկինը  20-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նշենք, որ հայ բռնցքամարտիկն իր նախորդ մենամարտն անցկացրել էր 2016թ. մայիսին, որից հետո նա այլեւս ռինգ չէր մտել:

Բռնցքամարտ. Կարո Մուրադը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներիցվերջերա բացի գերմանաբնակ Արթուր Աբրահամից, իր մրցամարտը հաղթանակով էր ավարտել նաեւ մեկ այլ գերմանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Կարո Մուրադը: Դա մարտ ամսին էր, նա իր կարիերայում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին:

Համբուրգում կայացած IBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մրցամարտում Կարո Մուրադը նոկաուտով հաղթեց ամերիկացի Թրեւիս Ռիվեսին: 12-րդ ռաունդում նրա ձեռնարկած հարվածների տարափը ռինգի մրցավարին ստիպեց ժամանակից շուտ դադարեցրնել մարտը:

Այդպիսով, հայ բռնցքամարտիկը տարավ թվով 32-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։