«Արարատը գրկաբաց սպասում է» – Երեւանը՝ մայիսյան տոների եւ հանգստի անցկացման նախընտրելի ուղղություն… Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ – այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման… Գրքերի տոն՝ Արցախում – Հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք… Մշակութային լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…

«Արարատը գրկաբաց սպասում է»

Երեւանը՝ մայիսյան տոների նախընտրելի ուղղություն

Մայիսյան տոները արձակուրդին հավելվող հաճելի լրացում է եւ օրգանիզմի յուրահատուկ վարժանք՝ ամառային արձակուրդներին ընդառաջ, տեղեկացնում է SUNMAG.ME առցանց-ամսագիրը։ Վերջինս առանձնացրել է քաղաքները, որտեղ հանգիստը մատչելի է։ Ամսագրի ընտրած քաղաքների թվում է նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանը։

«Օգտակար-հաճելի նկատառում. ռուսները կարող են Հայաստան գնալ անգամ ներքին անձնագրերով, այնպես որ եթե ձեր օտարերկրյա անձնագիրն ինչ-ինչ պատճառով չկա, ապա Արարատը միեւնույն է՝ գրկաբաց սպասում է ձեզ»,- գրում է ամսագիրը։

Ի պատասխան հարցի՝ ուր այցելել, ամսագիրը հուշումներ է անում. Երեւանն, իբրեւ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որ հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում, պատմական փաստերի պակաս չունի, կարելի է տեսնել հնագույն տաճարներ՝ թե քաղաքի կենտրոնում, թե նրա սահմաններից դուրս՝ զմրուխտ-կանաչ լեռների շքեղ համապատկերին։

Հրատարակչությունը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգիստը նախապես ծրագրել՝ գնալ Սեւանա լիճ, Տաթեւի վանք, թե Արարատի ստորոտ, որտեղ կարելի է անգամ օդապարիկով թռչել, հակառակ պարագայում հյուրերին սպասում են երեւանյան կոնյակն ու խորովածը։

Երեւանից բացի, ամսագրի առանձնացրած քաղաքների շարքում են Ալգարվեն (Պորտուգալիա), Թել-Ավիվը (Իսրայել), Քիշնեւը (Մոլդովա), Ինսբրուկը (Ավստրիա), Վալետտան (Մալթա), Մարրակեշը (Մարոկկո։

Կրկին ահազանգ ու կրկին Գառնո տաճարի շուրջ

Զբոսաշրջության ծավալման համապատկերին նորից խոսակցություններ են լինում՝  Գառնու տաճարը հանգիստ չի տալիս ոմանց: «Հերթական անգամ մեր մշակութային արժեքները ոտնահարում են եւ ամեն ինչ բիզնեսի վերածում».- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է զբոսաշրջության մասնագետ Վահե Լորենցը: Ասուլիսի ժամանակ այս անգամ էլ քննարկեցին Գառնու տաճարի շրջակայքում հյուրանոց կառուցելու թեման եւ նշեցին, որ մամուլում այդպիսի լուրեր են շրջանառվում:

«Եթե Գառնու հնագույն հեթանոսական տաճարը դիտարկում են որպես բացառապես բիզնես, ապա այդ դեպքում ինչու մյուս քրիստոնեական արժեքներին եւս այդպես չեն վերաբերվում, օրինակ՝ Մայր Աթոռին, որ կարող է ավելի շահութաբեր լինել հիմա»,- նշել է զբոսաշրջության մասնագետը:  

Գառնի եկողը գալիս է երկու բանի համար՝ տաճարի եւ բնության, իսկ այդ ամեն ինչն աղճատել բիզնես ծրագրերով՝ դա մեր սերունդները չեն ների.- ասուլիսում նշել են բանախոսները: Նրանց անհանգստացնում է նաեւ, որ վերջերս Գառնիում Արշակունիների զինանշանն են տեղադրել, որը նման է բրոյլեր հավի. «Բաղնիքի մոտակայքում, Արշակունիների զինանշանի հետ կապ չունեցող ինչ-որ մի բան են տեղադրել՝ բրոյլեր հավեր հիշեցնող: Իրականում Արշակունիների զինանշանը երկգլխանի արծիվն է: Դա ուղղակի «տնազ» է, այլանդակություն է, ոչ մասնագիտական մոտեցման արդյունք  է, երբ ամեն ինչի նայում են դոլարի գույնի պրիզմայով»,- զայրացել են բանախոսները, որոնք այդ հարցով հետաքրքրվել են Հուշարձանների պաշտպանության կոմիտեից, որտեղից պատասխանել են, որ նկարը վերցրել են «Վիքիպեդիա»-ից»:

Նկատնեք, որ, ժողովրդական լեզվով ասած՝ Գառնո տաճարի վրա նախարար չի գալիս: Ավելի ստույգ՝ ոչ մի նախարար չի համարձակվում այս խնդրի կծիկը մինչեւ վերջ քանդել: Ժամանակին «Լուսանցք»-ի խմբագիրը համապատասխան հրապարակումներ արել է (նաեւ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթում), լուսանկարներ տպագրել, կծիկն ուղարկել է ոստիկանություն եւ ազգային անվտանգություն, բայցունենք այն, ինչ ունենք:

Ի դեպ, երբ հայաստանյան մամուլում առաջին անգամ լուսանկարները տպագրվեցին, որտեղ պատկերված էր, թե ինչպես են գիշերով կտրում քարերը, մեր այսօրվա թերթերից մեկի խմբագիրը (այն ժամանակ կարծեմ «Իրավունքի» լրագրող) շատ վիրավորվել էր Գառնիի գյուղապետի փոխարեն, թե տեսեք, ինչ է գրում պաշտոնաթերթի լրագրողը (իմա՝ նաեւ «Լուսանցք»-ի խմբագիրը): Առաջին հակահարվածը, որ այդ ժամանակ պիտի տայինք լրագրողներով, միասնական չեղանք: Փոխարենը քանդողները միասնական են ցայսօր…

 Գրքերի տոն՝ Արցախում

«Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ ապրիլին հայկական երկրորդ հանրապետությունում անցկացվեց գրքերի ցուցահանդես-վաճառք:

«Հայաստանում մշտապես լինում են գրքի ու գրականության արժեւորմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ: Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք ամրապնդել գրքի նկատմամբ սերը նաեւ հայկական երկրորդ հանրապետությունում:

Եվ, ինչու ոչ, նաեւ արցախցիներին ներկայացնել հայերեն հրատարակված նոր գրքերը»,- նշել է «Էդիթ Պրինտ»-ի մար-քեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Տոնավաճառի շրջանակում նաեւ ներկայացվել են հանրահայտ գրողներ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Սթիվեն Քովիի, Սպենսեր Ջոնսոնի, Քեն Բլանչարդի եւ այլ հեղինակների գործեր:

Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է նրա նամակը՝ «Լույս» հիմնադրամի աշխատակազմին ու կրթաթոշակառուների համայնքին: Նամակում ասված է. «Իմ սիրելի՛ «ԼՈՒՅՍ»-ավոր համայնքի ներկայացուցիչներ, 2009թ. «Լույսը»-ի ստեղծման գաղափարը մեր հայրենիքի վերելքը ապահովելու անհրաժեշտ պայմանն էր։ Այս տարիների ընթացքում աշխարհի առաջատար 10 բուհերում մենք ունեցել ենք շուրջ 570 կրթաթոշակառու գրեթե բոլոր գիտական ճյուղերում` տեսական ֆիզիկայից մինչեւ միջազգային հարաբերություններ։ Հիմնադրամն անցնող տարիներին իրականացրել է նաեւ մի շարք մշակութային, կրթական ու ստեղծագործական կազմակերպությունների ու տաղանդաշատ անհատների ֆինանսավորում, որոնք իրենց նպաստն են բերել մեր հայրենիքի շենացման գործին։

Մեր կրթաթոշակառուներից շատերն արդեն աշխատում եւ արարում են Հայաստանում` հարստացնելով մեր պետական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունն ու գործարար մշակույթը։ Լիահույս եմ, որ մյուսներն էլ միջազգային հարթակներում անհրաժեշտ փորձ ու գիտելիք ձեռք բերելուց հետո կվերադառնան հայրենիք ու կլծվեն երկիրը զարգացնելու շնորհակալ գործին։ Ի դեմս «Լույս»-ի հզոր համայնքի մենք արդեն կուտակել ենք բավարար մարդկային ներուժ Հայաստանի պետական ու հասարակական ինստիտուտները սնուցելուև ավելի ուժեղացնելու համար։ Ամեն տարի հանդիպելով ձեզանից շատերին`վստահ էի, որ իմ` որպես հիմնադրի հույսերը լիարժեք արդարացնելու եք։ Ձեր այդ հաջողությունները տոնելու ու Հայաստանի ապագայի մեր տեսլականները քննար կելու առիթներ դեռ անպայման կունենանք։

Օգտվելով առիթից` երախտագիտություն եմ հայտնում հիմնադրամի բոլոր նվիրատուներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ այս նախաձեռնության իրականացումը։ Կցանկանայի նաեւ շնորհակալության խոսք հղել «Լույսը»-ի աշխատակազմին` տարիների իրենց նվիրված աշխատանքի համար։ Դուք դրել եք ապագա մեր հաջողությունների հիմքը, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ։ Այսօր մենք արդեն ունենք շրջանավարտների հզոր համայնք ու դրանով հասել ենք մեր կարեւոր հաղթանակներից մեկին։ Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալները օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը` հիմնականում դադարեցվելու են ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի։ Հետագա մեր հաղթարշավը պետք է անցնենք՝ վերաիմաստավորելով այսօրվա ձեռքբերումները, հստակեցնելով ապագայի տեսլականը եւ հաշվի առնելով առկա ռեսուրսները մեր հասարակության և ազգային կարիքներին լավագույնս ծառայեցնելու նպատակը։

Մոտակա օրերին կհրավիրվի հիմնադրամի Գործադիր խորհրդի նիստ` քննարկելու մեր հիմնադրամի ապագային միտված ծրագրերըև դրանց ֆինանսավորման հնարավորությունները»: Գրասենյակը հրապարակել է նաեւ նամակը՝ ուղղված «FAST» հիմնադրամի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին, Նուբար Աֆեյանին, Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, Արթուր Ալավերդյանին. ««FAST» հիմնադրամի հարգելի՛ հիմնադիրներ, ՀՀ պաշտոնաթող նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի հիմնադիր Սերժ Սարգսյանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 31-ից ի վեր դադարեցնում է իր ֆինանսական մասնակցությունը «FAST» հիմնադրամի հետագա աշխատանքներին։

Ներկայումս «Լույս» հիմնադրամը գտնվում է իր ընթացիկ ծրագրերի քննարկման ու վերաիմաստավորման փուլում, որպեսզի որոշի կրթական ծրագրերի ապագա հիմնական ուղղությունները։ Վստահ ենք, որ «FAST» հիմնադրամը շարունակելու է իր ուրույն դերն ունենալ Հայաստանի ապագա տեխնոլոգիական առաջընթացիև նորարարությունների համար միջավայր զարգացնելու գործում։ Շնորհակալ ենք անցած ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»:

«Լույս»-ի աշխատակազմին եւ Ժաքլին Կարաասլանյանին ծանուցել են աշխատանքի դադարեցման մասին

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տարածել է հայտարարություն՝ տեղեկացնելով իր գործունեության դադարեցման մասին: Հիմնադրամի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Ուղիղ 9 տարի առաջ այնժամ դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինձ հնարավորություն ընձեռեցին ղեկավարելու նորաստեղծ եւ մեծ տեսլականով «Լույս» հիմնադրամը։ Նպատակն էր կազմավորել նորարար եւ քննամիտ երիտասարդների նոր սերունդ՝ ապահովելու համար Հայաստանի զարգացումը աշխարհի առաջատար երկրներին համաքայլ։

Լավագույն կրթություն ստանալով՝ այս երիտասարդները ձեռք են բերել առաջնակարգ գիտելիք ու հմտություններ, վերլուծական կարողություններ, զարգացրել առաջնորդության ջիղը․ այս ամենի նպատակն էր պատրաստել երկրում դրական փոփոխության առաջամարտիկներ։

«Լույսի» կայքը գործարկվեց հենց 2009-ի մայիսի 9-ին, եւ Հիմնադրամն սկսեց կրթաթոշակ շնորհել աշխարհի լավագույն համալսարաններ ընդունված հայ երիտասարդներին։ «Լույս»-ը մասնագիտական կյանքիս ամենամեծ արկածներից է՝ սկսած այն օրվանից, երբ սկսեցի աշխատել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի հիմնած «Ինֆորմատիկայի եւ մարդկային ռեսուրսների համաշխարհային կենտրոնում»։ Այնուհետ ես միացա Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի «Մեդիա լաբորատորիայի» (MIT Media Lab) հիմնադիր թիմին, որի անդամներն էին համաշխարհային ճանաչում ունեցող 12 գիտնականներ, այդ թվում՝ Սեյմուր Փափերթը եւ Մարվին Մինսկին՝ արհեստական ինտելեկտի հիմնադիր հայրերը։ «Մեդիա լաբորատորիայում» աշխատող գիտնականներին հաճախ անվանում են ապագան կերտողներ, որոնց մեծագույն նպատակն է աշխարհն ավելի լավը դարձնել։

Սովորելու եւ գործելու համակցումը «Մեդիա լաբորատորիայի» սկզբունքային գործելակերպն է, որն էլ ինձ հետ բերեցի «Լույս»։ Ինձ համար մեծ պատիվ ու երջանկություն էր աշխատել խելացի, համարձակ ու եռանդուն շուրջ 550 երիտասարդների հետ, որոնք ներգրավված են Հայաստանում գիտելիքահենք տնտեսության զարգացման գործում։

Այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Լույս»-ի հիմնադիրներին, կրթաթոշակառուներին, «Լույս»-ի գիտակ ու նվիրված աշխատակազմին, արժեքավոր խորհրդականներին եւ Հիմնադրամի բարեկամներին, ողջ լույսական համայնքին, որ կառուցել ենք բոլորս միասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ եւ շարունակաբար սովորել ձեզնից։

Վերջին շաբաթների ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա, որտեղ ծավալվող աննախադեպ իրադարձությունները հանգեցրին իշխանափոխության՝ պահպանելով խաղաղ բնույթն ու փոխըմբռնման մթնոլորտը։ Այս ձեռքբերումը բոլորի հաղթանակն է, որը թույլ է տալիս, որ միասին կերտենք Հայաստանի ապագան։ «Հայաստանը պարգեւատրում է խիզախներին»։ Սա տեղի ունեցածի լավագույն նկարագիրն է, որ գալիս է մտքիս, եւ որը ես փոխառել եմ GK Brand Armenia-ից։ Այսօր՝ մայիսի 10-ին, «Լույս»-ի աշխատակազմին եւ ինձ ծանուցում է ներկայացվել մեր աշխատանքի դադարեցման մասին։ Ցանկանում եմ վստահեցնել «Լույս»-ի՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած երիտասարդներին (Կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող), որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի շուտով։

Փոփոխությունը զարգացում է։ Այն իր հետ բերում է առաջին հերթին մտածողության եւ ուժի փոփոխություն։ Այն սովորեցնում է շնորհել, ստանալ եւ ստեղծել։ Ինչպես ասվում է «Լույս»-ի կարգախոսում՝ Սովորել, Գործել, Համաստեղծել։ «Լույս»-ը կատարել է իր խոստումը վերջին ինը տարիների ընթացքում։ Այսօր ծնվում է նոր ժամանակաշրջան։ Եկենք հիշենք, որ գիտելիքն ուժ է եւ դեպի զարգացում տանող ուղի, երբ համակցվում է խաղաղության եւ փոխվստահության հետ։ Հայաստանը պետք է անպայման շարունակի ներդրում անել կրթության մեջ։ Գիտելիքի եւ երիտասարդության մեջ արվող ներդրումը զարգացած Հայաստան ունենալու միակ ճանապարհն է։ Խորապես համոզված եմ, որ աշխարհի առջև ծառացած ներկա եւ ապագա բոլոր խնդիրների լուծման հիմքում կրթությունն է։

Այսօր ես դադարում եմ գործել որպես «Լույս»-ի կրթական ծրագրի գործադիր տնօրեն՝ երախտագիտությունս հայտնելով բոլոր հայրենակիցներիս եւ ապագայի հանդեպ մեծ վստահությամբ լցված»:

Ժաքլին Կարաասլանյան

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն

Սեփ. լրատվություն

Փառատոն.- Գինին «ողողեց» մայրաքաղաքի Սարյան փողոցը

Անուշահամ գինի, լավ երաժշտություն, համեղ խորտիկներ Սարյան փողոցում։ 2-րդ տարին է անցկացվում «Երeuանի Գինու Օրեր» խորագրով փառատոնը։ Այս անգամ նվիրված Երեւանի 2800 ամյակին, որի նշումը դեռ առջեւում է:

Կազմակերպիչ Նունե Մանուկյանի խոսքով այս տարի եւ մասնակիցների թիվն է ավելացել, եւ գինու տեսականին ևերևանցիներից բացի, փառատոնը հատկապես հետաքրքրել է ռուս զբոսաշրջիկներին

Թանգարանների գիշեր միջոցառմանը միացել են Հայաստանի եւ Արցախի 116 թանագարաններ

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերը արդեն 15-րդ անգամ եւ 6-րդ անգամ Արցախում կնշվի մայիսի 19-ին: Միջոցառումն անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977թ.-ից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի միջոցաառմանը միացել են Հայաստանի եւ Արցախի 116 թանագարաններ:

2018թ. ԻԿՕՄ-ի կողմից ընտրված Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»: Միաժամանակ, երկօրյա միջոցառումների ծրագրում անդրադարձ կլինի նաև Առաջին հանրապետության 100-ամյակին:

​Միջոցառումների ձեւաչափին համապատասխան` մայիսի 18-ին` 10:00-ից 18:00-ն, իսկ մայիսի 19-ին` 18:00-ից 00:00-ն Հայաստանի եւ Արցախի 116 թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության համար: Մայիսի 19-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև 01:00-ն:

Խորհրդանշական  է, որ հենց այս օրերին է կայանալու Արշակ երկրորդը. Բարսեղ Թումանյան

Քառորդ դար անց Բարսեղ Թումանյանը կրկին հանդես կգա իր հայրենի բեմում։ Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք Տիգրան Չուխաջյանի «Արշակ երկրորդ»-ի հոբելյանական ներկայացումն է։  Ներկայացում, որ առաջին անգամ բեմադրվեց 1868թ. եւ ազդարարեց հայկական օպերայի ծնունդը։

«Հայրենասիրություն, պայքար հանուն անկախության ու հայոց պետականության հաստատման։ Ինչ խոսք, շատ խորհրդանշական  է, որ հենց այս օրերին է կայանալու ներկայացումը»,- ասում է Արշակ երկրորդի դերակատար Բարսեղ Թումանյանը։

Անահիտ Մխիթարյանի համար Օլիմպիան իր ամենասիրված դերերից է։ Անասելի երջանիկ է նաեւ, որ առաջին անգամ երգելու է Բարսեղ Թումանյանի հետ։

«Արշակ երկրորդը» տարիներ մեր բեմի զարդերից է եղել, Բարսեղն էլ իր գույներն ու մոտեցումը բերեց»,- ասում է ներկայացման դիրիժոր Հարություն Արզումանյանը։ Նման հիանալի կազմով այս ներկայացումը հանդիսատեսը կվայելի միայն մեկ օր՝ մայիսի 17-ին»։

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների եւ արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի եւ թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։ Մաեստրո Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։ Վերջինս Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ ամենաերիտասարդ կոնցերտմայստերն էր, ով հեղինակավոր այս կոլեկտիվում 12 տարի նվագելուց հետո սկսեց մենակատարի իր կարիերան։ Այժմ նա հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ ու հեղինակավոր բեմերում։

Ռիգայում կայանալիք համերգային ծրագրում ներառված են Պյոտր Չայկովսկու, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։ Համերգը կկայանա բալթյան հնագույն կառույցներից մեկում՝ Ռիգայի Great Guild միջնադարյան շինության դահլիճում։

Նշենք, որ Ռիգայում կայանալիք ելույթից հետո դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ եվրոպական շրջագայությունների կմեկնի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Ելույթները կկայանան մայիսի 19-31-ը Մալթայում, Ավստրիայում եւ Գերմանիայում։

Դրամատուրգիան պահածոյի տուփ չէ, որ ուտես ու վերջանա. Արմեն Էլբակյան

«Եթե իտալացիները կարող են պարծենալ Էդուարդո դե ֆիլլիպոյով, իսկ ամերիկացիները Նիլ Սայմոնով, մենք համարձակ կարող ենք ասել, որ ունենք դրամատուրգ Ժոռա Հարությունյան»,- ասում է մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը։

Վաղը «Հարսնացուն հյուսիսից ներկայացման պրեմիերան է, նվիրված Ժոռա Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի եւ Վարդան Աճեմյանի հիշատակին։ Ի դեպ Վարդան Աճեմյանն առաջինն էր, որ բեմ բարձացրեց այս պիեսը։ Ինչ վերաբերում է, թե որքանով է այն այսօր արդիական, Արմեն Էլբակյանի խոսքով կան արժեքներ, որ երբևէ ժամանակավրեպ լինել չեն կարող, իսկ դրամատուրգիան պատի թերթ չի, որ կարդաս ու անցնես,կամ պահածոյի տուփ, որ ուտես ու վերջանա։ Պետք է կարողանալ  ժամանակի իրական դեմքը ներկայացնել, որը հեշտ գործ չէ։

Մայր թատրոնի  տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրեց կատարված աշխատանքներն ու գալիք ծրագրերը՝ սկսած տոմսարկղի փոքր պատուհանից, որ դարձրել են լայն ու լուսավոր, մինչեւ «Սեւ տուփ» փորձարարական թատրոնի հիմնումը, որ տնօրենի խոսքով, երիտասարդները իրենց «գժությունները» իրականացնելու հնարավորություն ունենան ։ Հայտնեց նաեւ, որ թատրոնը պատրաստ է համագործակցել տարբեր ռեժիսորների հետ։

Մայր թատրոնը կունենա նաև նոր կայքէջ, որը միտված է լինելու հանդիսատեսի հետ առավել անմիջական կապ ստեղծելուն, քանի որ ինչքան էլ հովանավորներ ու պետական ներդրումներ լինեն, ի վերջո թատրոնը պահում է հանդիսատեսը։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։