Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք – Եռատոնը միասին նշել են հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները, քննարկել են նաեւ ներքաղաքական հարցեր… Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ – Եռասերունդ երկրապահն այսօր էլ բանակի կողքին է եւ պատվով համալրում է հայկական զինուժը…

Շուշիի ազատագրումը՝ հայրենատիրության երաշխիք

Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Գերագույն Խորհրդի անդամները մայիսի 8-ին, առավոտ ծեգին եղել են Գառնի տաճարում՝ շնորհավորելու Շուշիի ազատագրման օրը: Ճիշտ նույն պահին Հայոց ռազմի Աստված Վահագնի արձանի մոտ Շուշիի տոնը Երեւանում նշել են Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները:

Այնուհետեւ խմբերը հանդիպել են Եռաբլուրում՝ հարգանքի տուրք մատուցելու մերօրյան հաղթանակը կռած հայորդիներին: Այստեղ փառաբանման ծես է կատարվել երկիրը պահողների՝ ազատամարտիկների, երկրապահ կամավորականների տոնի առթիվ:

Հետո խմբերը եղան հայ արիների գրասենյակում եւ Շուշիի տոնը նշեցին ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհրդի հետ միասին:

Տոնը սկսվել է քրմական ծեսով, որ վարել է ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Ար-մոգը: Խորհրդանշական կրակը վառելու պատիվը տրվել է նրանց, ովքեր Արցախյան ազատամարտի մասնակից են եղել:  

Նրանք, ովքեր ցավոք այսօր ողջ չեն, հերթափոխն իրենց որդիներին էին հանձնել:

Որդիներից երկուսը երդման տեքստը կնքեցին ու հանձնեցին Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Արցախյան ազատամարտի տարիներին Հայոց Ազգային բանակի (ՀԱԲ) ռազմական խորհրդր անդամ, հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար Արմեն Ավետիսյանին, ում հետ էլ ընդդեմ թուրքական հրոսակների նրանց հայրերն էին կռվել:

Կրակը վառելուց եւ առ Վահագն Աստված ձոնը հնչեցնելուց հետո որդիները երդվեցին շարունակել հայրերի գործը, որովհետեւ Շուշիի ազատագրումը վճռական բեկում էր Հայոց Հողահավաքի նպատակի ճանապարհին, որ դեռ պետք է շարունակվի:

Նույն օրը երեկոյան հայ արիները մեկնեցին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի տարածք՝ Անհայտ զինվորի հուշարձանի մոտ մայիսի 9-ի լուսաբացին էլ փառք տալու մեր հայրերին ու պապերին, ովքեր 2-րդ աշխարհամար-տի օրերին ոտքի ելան ու պայքարեցին ազգին նոր թուրքական սպանդից փրկելու համար:

Մինչ այդ, ինչպես տեղեկանում ենք Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, ՀԱՄ գրասենյակում ԳԽ անդամները նիստ են հրավիրել:

Օրակարգում հիմնականում ներքաղաքական հարցեր են եղել:

08.05.2018թ.

Երեւան-Գառնի-Եռաբլուր-Ծովինար (Սեւան)

* * *

Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ երկրապահներ, Արցախյան ազատամարտի հարգելի՛ վետերաններ, սրտանց շնորհավորում եմ Երկրապահի օրվա առթիվ: Մեր անկախ պետականության կերտման եւ կայացման գործում իրավամբ անժխտելի է Երկրապահի դերը: Արցախյան ազատամարտը, որ Հայոց նորագույն պատմության փառահեղ էջն է, գրվեց հենց նվիրյալ երկրապահնե-րի սխրանքով, ովքեր ինքնակամ ստանձնեցին հայրենիքի պաշտպանի շնորհակալ առաքելությունն ու, հերթական անգամ վերանվաճելով հայերիս ազատ ապրելու եւ հարատևելու իրավունքը, դարձան հաղթանակած մեր բանակի ամուր հենասյունը:

Եռասերունդ երկրապահն այսօր էլ, վստահաբար, շարունակում է իր նշանակալի ավանդն ունենալ բանակային կադրերի համալրման գործում՝ հավատարիմ մնալով իր բուն կոչմանն ու առաքելությանը եւ ապավինելով անցած փառավոր ուղուն ու դավանած արժեքներին: Երկրապահի տոնը նաև խոնարհումի օր է բոլոր այն հայորդոց հիշատակին, ովքեր իմացյալ մահվան գնով վերանվաճեցին ազատ Արցախ ու անկախ Հայաստան ունենալու մեր իրավունքը:

Հավե՛րժ փառք բոլոր հերոսներին ու խորին խոնարհում նրանց շիրիմներին:

Զոհված ազատամարտիկների ու զինվորների սիրելի՛ ծնողներ եւ հարազատներ, այս օրը նաև ձեր անհատնում համբերության եւ անկոտրում կամքի գնահատման օր է: Դուք իրավամբ արժանի եք ամենաբարձր գնահատանքի ու մեծարման: Անկեղծ երախտագիտությամբ խոնարհվելով ձեր առաջ` վստահեցնու՛մ եմ, որ իմ ուժերի եւ  հնարավորությունների սահմանում շարունակելու եմ միշտ լինել ձեր կողքին»:

Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է

1992-ի մայիսի 8-9-ին ազատագրվեց Շուշի քաղաքը: Մշակման եւ իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:

Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով:

Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանական ուժերի (ԻՊՈՒ) հրամանատար Ա. Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Ս. Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զ. Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաեւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը եւ ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել եւ ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի պաշտնական էջից  տեղեկանում ենք, որ պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը:

Պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադեւոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան եւ ուրիշներ) գործուն մասնակցությամբ:

Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները:

Ռազմագործողությունը ղեկավարել են Շուշիից հյուսիս գտնվող բարձունքի վրա տեղակայված եւ 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռեւս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ եւ այլն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական եւ մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, այն վավերացված է հրամանատար, գնդապետ Ա. Տեր-Թադեւոսյանի եւ հրամանատարի տեղակալ Ռ. Գզողյանի ստորագրություններով: Ռազմական գործողությունը զարգացել է 4 ուղղություններով՝ հյուսիսային՝ Ստեփանակերտ-Շուշի մայրուղիով, արեւելյան, հարավային՝ Լաչին, հյուսիսարևմտյան՝  Ջանհասան-Քյոսալարի:

Կազմակերպված նահանջի ու համառ դիմադրության շնորհիվ հակառակորդի մեծաթիվ ուժերը գամված են մնացել հյուսիսարեւմտյան ճակատում, ինչը վճռորոշ նշանակություն է ունեցել Շուշիի ազատագրման համար: ԻՊՈՒ հրամանատարությանն այդպիսով հաջողվել է մոլորեցնել ադրբեջանցիներին՝ ստիպելով գլխավոր հարվածի ուղղությունից դուրս բերել զգալի թվով ուժեր ու միջոցներ: Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի եւ մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Երեկոյան կողմ տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Մայիսի 8-ին թշնամին ընդամենը տարերային դիմադրություն է ցույց տվել: Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաեւ Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր. դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան կողմ հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը եւ մայիսի 9-ին ավարտվել հինավուրց հայկական բերդաքաղաքի ազատագրումը թշնամուց:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից ու Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ Աժ-ն 1994-ին սահմանել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման եւ հաղթանակի օր:

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։