Ժողովրդականի թացն ու չորը.- Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով – հակառակ կողմը հասկացնում է, որ կարող են նույն կերպ հրաժարականներ պահանջել՝ իրենց մարդկանց փողոց հանելով… / Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն – Տեղական իշխանությունները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանը, ավագանին պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ ՀՀ միջազգային պարտավորություններով…

Ժողովրդականի թացն ու չորը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին, ilur.am-ին երեկ ասել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ համաժողովրդական ալիքի ռեսուրսը սպառված է: Լեւ-ոն Տեր-Պետրոսյանը մասնավորապես նշել է. «Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան՝ վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը»:

Քաղաքական ու պետական այս գործչի գնահատականին չհավատալ չեմ կարող, բայց մտածում եմ՝ ինչ էր երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցածը: Կրկին նշյալ ռեսուրսի գործածում:

Երեկ այստեղ բողոքի ակցիա էր, որի մասնակիցները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Ո՞վ էր կազմակերպել: Պատասխան՝ նախաձեռնող խումբը: Ո՞վ կամ ովքե՞ր էին այս նախաձեռնող խմբում: Հստակ պատասխան չկա: Տարածքում իհարկե Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է, ավագանու «Ելք» խմբակցության անդամները՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ եւ, իհարկե, կանանց իրավունքների ու էլի իրավունքների պաշտպաններ:  

Զարուհի Փոստանջյանին ու Դավիթ Խաժակյանին՝ մի կողմ: Կանանց իրավունքների պաշտպանների մասնակցության տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ: Ի՞նչ է, Տարոն Մարգարյանը իր ղեկավարած կառույցում կանանց նկատմամբ խտրականությու՞ն է ցուցաբերում, կանանց տանջու՞մ է, աշխատեցնում, տղամարդկա՞նց է վճարում: Ի՞նչ է անում, որ կանանց իրավունքների պաշտպաններն էլ էին այստեղ եկել:

Ի դեպ, նախաձեռնողները նշել են, որ ակցիան ոչ մի կապ չունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ նրա թիմի հետ: Ի՞նչ է սա նշանակում. ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այլեւս Նիկոլ Փաշինյանի թիմից չե՞ն: Նոր վարչապետի թիմակից Ալեն Սիմոնյանն ասում էր, որ իրենց օրակարգում դեռ քաղաքապետի հրաժարականի հարց չկա: Հիմա՝ թիմի աջ ձեռքը չգիտի՞, թե ինչ է անում ձախը, թե Նիկոլ Փաշինյանն է խաղը տանում նրանց միջո-ցով: Գուցե «Ելք» դաշինքում են խժդժություններ սկսվել արդեն: Նիկոլ Փաշինյանի հաջողությունը, ինչու ոչ, կարող էին եւ չմարսել:

Ինչեւէ, սա մեր այս նյութի թեման չէ, ինչպես եւ քննարկվելիք հարցը չէ, թե որոնք են հրաժարականի պահանջի ձեւական պատճառները (իրականը հասկանալի է), քանզի եթե կան այդ պատճառները, ապա եւ կան հակադարձող պատճառները: Օրինակ՝ 10 պատճառ, թե ինչու պետք է հրաժարական ներկայացնի Տարոն Մարգարյանը եւ 10 պատճառ, թե ինչու չպետք է հրաժարական ներկայացնի եւ այլն:

Խնդիրն այստեղ այն է, թե եթե ՀՀ նոր վարչապետի ասածով՝ քայլ ենք անում, որ նոր երկիր կառուցենք, քայլ ենք անում, որ հարգենք օրենքը, ապա դա պետք է լինի բոլորիս համար, այլ ոչ թե նոր վարչապետի թիմի հրահանգը՝ բոլորիս: Այլ կերպ՝ կա ոլորտային օրենսդրություն, որով էլ հստակ կարգավորվում են հարցերը: Իսկ ի՞նչ է դուրս գալիս Դավիթ Խաժակյանի ասելով. Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա, որովհետեւ հանրապետական է եւ Երեւանում հարգված գործիչ չէ. «Ես միշտ համարել եմ, որ Երեւանում քաղաքապետ ընտրվել է ոչ թե նա, թե ով է ավելի հարգված գործիչը քաղաքում, այլ ընտրվել է կենտրոնական իշխանության որոշմամբ: Դրանից բխել են նաեւ ընտրությունների արդյունքները: Այժմ մարդիկ հայտարարել են, որ

փոշմանել են իրենց ընտրության համար, ցանկանում են բոլորովին այլ իշխանություն, հետեւաբար տրամաբանական է, որ այստեղ եւս այդ փոփոխությունը պետք է կատարվի՝ անկախ դրանից դա կլինի հարկադրանքով, թե այլ մեխանիզմներով: Այդ փոփոխությունը եղել է եւ պետք է այն իրավականորեն արձանագրվի»:

Հիմա փորձենք հասկանալ Դավիթ Խաժակյանի  խոսքերի տրամաբանությունը: Նա համարում է, որ Տարոն Մարգարյանը քաղաքում հարգված գործիչ չէ եւ ուզում է, որ փոփոխությունը լինի հարկադրանքով: Այսինքն՝ օրենք, կարգ, թուղթ, թանաք չկա, ուզում եմ եւ վերջ: Սա ճի՞շտ գործելաոճ է՝ պետության արդյունավետ կառավարման տեսանկյունից: Երեւանն էլ են այսպես կառավարելու՞: Տարոն Մարգարյա՞նն էլ Ֆելիքս Ցոլակյանի պես հրաժարական տար, որ հանգիստ թողնեին, ի՞նչն են խրախուսում, ի՞նչ են քարոզում, չեմ հասկանում:

Հետո ցուցարարները փակում են Արգիշտի փողոցը ու չեն թողնում, որ խաղաղապահ բրիգադի զինծառայողներն անցնեն: «Բացեք ճանապարհը, հասնենք ծառայության», – զինծառայողների խնդրանքին ի պատասխան ցուցարարները թե՝ «սա էլ մեր ծառայությունն է»:

Ի դեպ, մեքենաների վարորդներին էլ ասում էին. «Դուրս եկեք, պահանջեք Տարոնի հրաժարականը»:

Վարորդներից մեկն էլ (ում մեքենայում էի ես) թե՝ «հո զոռով չի այ ախպեր, ես չեմ պահանջում»: Ախպերը հանգիստ գնաց, բայց հետեւից մի քուրիկ թե՝ «ժողովրդի թշնամի» (ես խոսակցությանը չխառնվեցի. զուտ դիտարկողի դերում լինելը հաճախ ձեռնտու է գրվելիքը պատրաստելիս): Վարորդը զարյացավ. «Թշնամին դու՛ ես, անամոթ»:

Կանանց իրավունքների պաշտպաններին միանգամից ասեմ, որ «անամոթ»-ը այս պարագայում ամենամեղմ բնութագրումն էր այդ աղջկա հասցեին: Հազիվ 20-ը բոլորած աղջիկը սպիտակահեր մարդուն «ժողովրդի թշնամի» կասի՞, կարելի՞ է բառերն այդպես շաղ տալ, աջ ու ձախ շպրտել, վիրավորել դիմացինին՝ առանց իմանալու նրա ով լինելը: Գուցե այդ մարդու սրտին «ժողովրդի թնամի» արտահայտությունը ծանր, շատ ծանր արժենա: Չէի՞ք մտածել: Մտածեք: Չէր խանգարի:

Լրագրողներից մեկի հարցին, թե կհաջողի՞ արդյոք նման ակցիաներով հասնել Տարոն Մարգարյանի հրաժարականին, Զարուհի Փոստանջյանն էլ ասել էր, որ եթե պահանջ կա, ապա պահանջը պետք է բավարարվի:

Ըհը, մեռնեմ օրենքին, դե եթե պահանջով է, ուրեմն հակընդդեմ պահանջ էլ կա:

«Ես էլ ուզում եմ, որ Զարուհի Փոստանջյանը հրաժարական տա,- ասել էր քաղաքացի Արայիկ Սաղաթելյանը,- Տարոն Մարգարյանը մեր քաղաքի համար կատարել է մեծ գործեր, ի՞նչ անենք, որ հանրապետական է: Ես նստացույց եմ անելու, հացադուլ: Ո՞վ էր խաղահրապարակ կառուցում, այգիները բարեկարգում»:

Անմիջապես մտքովս անցավ  մեկ օրում 50-100 մարդ հավաքել (հաստատ կարող եմ) ու գնալ հրաժարական պահանջելու: Մինչեւ կկողմնորոշվեմ՝ ում հրաժարականը, մի հավելում անեմ:

Նյութը պատրաստելիս մտածում էի՝ ոլորտի օրենսդրությունից խոսեմ, տեղեկացնեմ, որ էսպես ու էնպես, այսկերպ ու այնկերպ, բայց կանգ առա. դա երեկվա հավաքվածներին պետք չէր: Նրանք պահանջում են ու վերջ: Մինչդեռ արժե լսել ՀՀ առաջին նախագահին: Ու անցնել ա՛շ-խա՛-տե՛-լու՛ն: Թե չէ հիշյալ ռեսուրսն ինչքա՜ն պետք է օգտագործվի…

Անի Մարության

Հ.Գ. – հա, որ ինձ էլ «ժողովրդի թշնամի» չասեն ու քարերով չխփեն, հայտնեմ, որ ես Երեւանի գրանցում չունեմ

Պահանջները հետո հենց մեզ կհարվածեն

Ակնհայտորեն, «շարունակական հեղափոխության» տրամաբանությունը կարող է անդառնալի վատ ազդեցություն ունենալ տեղական ինքնակառավարման համակարգի վրա, քանի որ դրանք ուղղակի քաղաքական միջամտություն կարող են դառնալ տեղական իշխանությունների գործերին։

Համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, իսկ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում ավագանիներն ընտրությունների միջոցով ստացել են ուղղակի ընտրական մանդատներ։ Այդ ընտրությունները լեգիտիմ էին եւ «հեղափոխական տրամաբանությամբ» ցանկացած ճնշում կհանգեցնի Հայաստանում ՀՀ սահմա-նադրական համակարգի եւ տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքների արժեզրկման…

… Կուսակցական պատկանելության հիմքով նույնիսկ մեկ համայնքում հրաժարական պահանջելու փորձերը, եթե դրանք, հատկապես, ուղղորդվեն նորընտիր կառավարության կողմից՝ վտանգավոր նախադեպ կարող են դառնալ՝ երկրում ստեղծելով հավելյալ քաղաքական լարվածություն, հարվածելով մեր երկրի միջազգային իմիջին։

Տեղական իշխանությունները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ ՀՀ միջազգային պարտավորություններով։

Տեղի ունեցած հեղափոխության հիմնական դասերից մեկն այն է, որ բոլորս պետք է սովորենք ապրել բազմակուսակցական ու բազմակարծության միջավայրում։

Հույս ունեմ, որ «Ժողովրդական բողոքի» մեթոդով տեղական իշխանություններին վերահսկողության տակ առնելու փորձերը չեն հրահրվում եւ կազմակերպվում նոր ձեւավորվող կառավարության ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից…

Էմին Երիցյան

Հայաստանի համայնքների միության նախագահ,

Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար

(հայտարարությունը տպագրել ենք կրճատումներով)

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։