Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ… Վարչապետը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն… «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին… նա չի հեռանում Հայաստանից»,- ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը… Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված… «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ինքն է ցանկանում դառնալ վարչապետ… «Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- ասել է արտահերթ ընտրությունների կողմնակից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին… «ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը…

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի վարչապետ

ՀՀ ԱԺ մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Նրան կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: Վարչապետի թեկնածությունը պաշտպանեցին ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաեւ այնքան ՀՀԿ-ական պատգամավոր, որքան անհրաժեշտ էր ընտրությունում հաղթելու համար:

Շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ երկրի նախագահն ասել է. «Ուզում եմ մաղթել, որպեսզի որքան հնարավոր է շուտ ձեւավորեք կառավարությունը եւ լծվեք այն բոլոր խնդիրների լուծմանը, որ մեր պետության, կառավարության, ողջ ժողովրդի եւ երկրի՝ Հայաստանի Հանրապետության առջեւ են: Ձեզ լավագույն մաղթանքներս եւ հաջո-ղություններ»:

Նոր վարչապետը հայտնել է, որ կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այսօր անուններ հրապարակելը ճիշտ չէ: Այո, բազմաթիվ թեկնածուներ կան, ունենք պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավվեն կառավարման ոլորտում: Ի դեպ, երբ մենք ասում ենք ազգային համերաշխություն եւ միասնություն, դա չի նշանակում, որ բոլորս ամեն ինչի մասին նույն կերպ ենք մտածում, մեր տեսակետները նույնական են, իսկ քննադատությունը համարվում է միասնության խաթարում: Իհարկե ոչ: Հաշվի առնելով ընթացիկ քաղաքական վիճակի առանձնահատկությունները՝ մենք պետք է այդ մթնոլորտը կարգավորենք»,- ասել է վարչապետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին իր առաջին այցը կատարեց Արցախի Հանրապետություն, նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկվել են բազմաբնույթ հարցեր: Նա նաեւ նշեց, որ առաջիկայում մասնակցելու է ԵԱՏՄ գագաթնաժողովին:  

«Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ, քննարկել ենք իրավիճակը, թեյ ենք խմել միասին»,- մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հարցին՝ նախկին նախագահը եւ վարչապետը չի՞ պատրաստվում լքել Հայաստանը՝ գործող նախագահը հորդորեց նրանից հարցնել. «Իսկ իմ տպավորությունն այն էր, որ նա չի պատրաստվում լքել»:

Արմեն Սարգսյանը կարծում է՝ պետք է հպարտ լինել այսօրվա Հայաստանով. «Որովհետեւ կարողացանք անել մի բան, որը որեւէ ուրիշ պետություն վերջին տարիներին  կամ տասնամյակների ընթացքում չի կարողացել անել: Ինձ համար սա հայկական հեղափոխություն է, կամ՝ հեղափոխություն՝ հայկական ձեւով»:

Նախագահի խոսքով՝ մեր երկրի միջազգային վարկանիշն այսօր մի քանի անգամ բարձր է, քան մի քանի ամիս առաջ էր:

Կարեն Կարապետյանը շնորհավորել է նոր վարչապետին եւ մաղթել անճգնաժամ աշխատանքային ժամանակահատված:

Նա շտապել է հեռանալ վարչապետի պաշտոնակատարի իր գործից ժամ առաջ, որպեսզի առիթ չունենա հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Կարապետյանը գրառում է կատարել Ֆ/Բ իր էջում. «Շատ հետաքրքիր եւ պատասխանատու ժամանակաշրջան էր։ Ես իմ կարողությունները մաքսիմալ ներդրել եմ աշխատանքի մեջ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կառավարության մեր թիմին։ Չափազանց պարկեշտ եւ հայրենասեր մարդկանց թիմ էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ժամանակահատվածում պետական համակարգ մուտք գործած պրոֆեսիոնալ, անկաշկանդ, համարձակ եւ էֆֆեկտիվ երիտասարդներին»:

Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը, ինչպես ռուսաստանահայ շատ գործարարներ դառնալու են Սամվել (Տաշիրի Սամո) Կարապետյանի նախաձեռնած կուսակցության անդամ: Չնայած ՀՀԿ-ի վերհառնելը եւս չի բացառվում:

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի խոստանում, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու դեպքում կկատարի իր նախկին խոստումներից մեկը՝ Հայաստանի տնտեսութ-յունում կներդնի 15 մլրդ. դոլար: Սա սպասելի էր ավելի քան, քանզի ԲՀԿ ներկայացուցիչները մշտապես պնդում էին, որ այս ալիքը Նիկոլ Փաշինյանը չի բարձրացրել, այլ ժողովուրդը եւ իրենք ժողովրդի թեկնածուին են պաշտպանում…

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ինքն այդ խոստումը կիրականացնի միայն իր վարչապետ դառնալուց հետո: Վերջապե՜ս ասվեց այն, ինչի համար այս հեռացող-վերադարձող գործիչը անգամ ՀՀԿ-ի վրա ցեխ շպրտեց կամ ինչպես ասում են՝ խփեց ընկածին…

Ըստ նրա՝ այն ժամանակ իր գործընկերներն արտասահմանից զանգել էին եւ ասել, որ պատրաստ են 50 մլրդ. ներդնել, բայց ինքն ասել է՝ 15 մլրդ.: «Ես այսօր Հարվարդը, պարզ է, չեմ ավարտել, բայց հստակ գիտեմ խնդիրը, դրա լուծումը»,- ասել է ԲՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ պետք է հնարավորություն տալ մարդկանց, ոչ թե անձնական բիզնեսի մեջ ներդնել, ինչպես ինքն ընտրություններից հետո իր բիզնեսում 1,2 մլրդ ներդրել է, բայց ժողովրդի վիճակը փոխելու համար տնտեսությունում պետք է ներդնել:

Սակայն, ինչպես նշել է, եթե ինքը չի ղեկավարում երկիրը, չի կարող այդքան վստահել ու ներդնել. «Նիկոլ Փաշինյանի դեպքում կներդնենք, բայց ոչ այդքան, կախված է նրա ծրագրից»: «Էդ միլիարդները մնալու են իմ վրա, դրա համար, երբ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը Ծառուկյանը կլինի, այն ժամանակ 5-20 տարի հետո, ես ասեցի, իմ ժողովրդի առաջ պարտք ունեմ, դա ոչ թե հաճույք է, այլ լիարժեք չարչարանք է»,- ասել է իր շրջապատի կողմից «թագավոր ջան» կոչումը ստացած, ՀՀ 3 նախագահների օրոք իր «բարեգործական հիմնադրամը» հավաքած բարեգործ գործիչը:

«Ամենակարեւոր զարգացումն այն է, որ մեր ժողովուրդը վերցրեց իր ճակատագիրն իր ձեռքը»,- «Հաղթանակ» զբոսայգում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մասին: Նրա խոսքով՝ սա այնքան մեծ էներգիա է արձակել, որ այն մեծ մնայուն ազդեցություն է ունենալու հայ ժողովրդի ապագայի համար. «Մեր ժողովուրդն այլեւս չի հանդուրժի անարդարություն, ընտրակաշառք, օրենքը խախտող պաշտոնյայի»:

Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը կողմնակից է նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, ինչու չէ, նաեւ վարչապետի պաշտոնի ստանձմանը: ՀԱԿ-ը դեռ կփորձի Նիկոլ Փաշինյանին կադրեր մատուցել…

«Նոր վարչապետին կհաջողվի՞ պայքարել այս արատավոր երեւույթների դեմ» հարցին նա պատասխանել է. «Ես իմ հույսը եւ վստահությունը չեմ դնում հայտարարությունների վրա, այլ իմ հույսը կապված է ժողովրդի արթնացած այս ուժի հետ»: Նրա խոսքով՝ բոլորի գործն է այս էներգիան պահպանել:

Խոսելով ՀԱԿ-ի եւ Նիկոլ Փաշինյանի կառավարության հնարավոր համագործակցության մասին՝ Լեւոն Զուրաբյանն ասել է. «Մենք նոր ծնված ուժ չենք, 1988թ. այս ուժը կա եւ բավականին մեծ դերակատարություն է ունեցել հայոց պատմության մեջ, ունի իր նպատակները, գաղափարախոսությունը եւ անելիքները: Մենք դա անելու ենք՝ անկախ նրանից՝ որեւէ քաղաքական ուժի հետ մեր համագործակցությունը կստացվի՞, թե՞ ոչ: Առայժմ նման ոչ մի բան չկա, բայց ինչ տեղավորվում է մեր այս անելիքի մեջ, մենք դա անելու ենք»:

Հարցին՝ ինչո՞ւ առաջին նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ, հնչեց պատասխան, որ «Նիկոլ Փաշինյանին շնորհավորում ենք ընտրվելու կապակցությամբ, նա շատ մեծ գործ արեց ժողովրդի էներգիան արթնացնելու հարցում: Անուրանալի արարք էր դա, դա չի կարելի չգնահատել, բայց ամեն ինչ կախված է նոր հայաստանցիների պահվածքից: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ժողովուրդը հանգստանալու որեւէ առիթ չունի, ոչ էլ՝ կան նախադրյալներ»: Ապա նշել է՝ եթե իրենք բոլորով չանցնեին Մարտի 1-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի. «Հակամարտության գլխավոր թեման դարձավ Մարտի 1-ը, այն պահից, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց նոր Մարտի 1-ով, դա էր հեղափոխության սկիզբը»: «Ուզում եմ ասել՝ սա մեր բոլորիս հաղթանակն է: Բա Կոնգրեսը չի՞ արել դա 2008թ., 2011-ին, 2015-ին: Ես բացարձակ չեմ ցանկանում ու վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանն էլ դրա հետ կհամաձայնի, ասել՝ սա հաղթեց, նա հաղթեց: Համաձայն եմ՝ վերջին հաղթական հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը»:

«ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորացմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Քաղաքական ուժը, որը իրեն համարում է պետական գաղափարախոսության կրող, չպիտի առաջնորդվի վերմակը իր վրա գցելով: Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը: Ես ինքս դեմ եմ քվեարկել վարչապետին, եւ առհասարակ մեր հավաքական կարծիքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ չենք փոխել, բայց կան իրողություններ, մենք չենք կարող հաշվի չնստել դրանց հետ»:

Այն հարցին՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում պահպանելո՞ւ է մեծամասնությունը, ԱԺ փոխնախագահը պատասխանել է. «Իսկ որեւէ մեկը կասկածո՞ւմ է»: Ցայսօր միայն 1 պատգամավոր է հեռացել ՀՀԿ-ից:

Պատրաստ են դառնալ ընդդիմություն, բարձրաձայնել բոլոր խնդիրների մասին: Լինելու են կառուցողական ընդդիմություն:

«Մենք որեւէ ռեւանշիզմի, վրեժխնդրության, աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել եւ չենք դնելու: Մենք բացառապես մեր պայքարը պատկերացնում ենք ծրագրային ու գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու։ Մենք երբեք ձեւի գերի չենք եղել, մեզ համար ամենակարեւորը բովանդակությունն է»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ իրենց հիմնական խնդիրը, հիմքը լինելու է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։

«Լուսանցք» թիվ 17 (495), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։