Կամ՝ անկախ Արցախ, կամ՝ Հայաստանին վերամիավորված

Վերջերս ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մի ելույթում խիստ կարեւորվեց հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Պատճառն, իհարկե՜, միմիայն «ժողովրդավարական» էր, որպեսզի կարեւոր հարցերում հանրաքվեներից առաջ հարցումներ անցկացվեն, աշխատավոր զանգվածների կարծիքները ճշտվեն, այսպես ասենք՝ նախահանրաքվեներ կազմակերպվեն: Եվ դրա իրավունքը բացառապես պիտի ՀՀ կառավարությունն ունենա՝ երկրի նախագահի հետ խորհրդակցելով: Դե՜, մեր իշխանությունները չեն կարող մարդկանց կարծիքը հաշվի չառնել ու ցանկանում են նախապես ծանոթանալ սիրելի ընտրողների տեսակետներին:

Իսկ եթե հարցին ավելի լրջորեն նայենք, ապա հայրենի իշխանությունները սիրելի ժողովրդի կարծիքն իրապես իմանալուց հետո, երեւի ուզում են իրենց ազդեցության չափն ու ձեւերը ճշտել, որպեսզի այդ տեսակետը համընկնի իրենց մտածածին (ինչպես միշտ է լինում), երբ արդեն նախաձեռնվի հանրաքվե, բայց իհարկե՝ ավելի ու ավելի ժողովրդավարորեն… Պարզապես նախանձել կարելի է մերոնց հնարամտություններին, ինչը, կարծես, սահման չունի:

Այս նախաձեռնությունից հետո երկրում ավելի «սրվեցին» քաղաքական հայացքները, չնայած դրանից առաջ էլ հայ քաղաքական ու հասարակական շրջանակներն արդեն արձագանքել էին Արցախի խնդրի նորօրյա կարգավորմանը: Իսկ հիմա «առավել նկատելի է դառնում», որ «Արցախի կամ ազատագրված տարածքների առուծախի հանրաքվեն է նախապատրաստվում»…

Գուցե իսկապես այս նախաձեռնությունը որեւէ կապ չունի Արցախ-ԼՂՀ-ի հարցի կարգավորման հետ, բայց ինչպես «անհեռատեսորեն» ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միակամ որոշմամբ ՀՖՖ զինանշանի վրայից հանվեց մեծ եւ փոքր Մասիսների պատկերը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից առաջ (գուցե դա ֆուտբոլային դիվանագիտության հայրապետյանական մոտեցումն էր), ապա չի բացառվում, որ այս անգամ էլ ասենք՝ շախմատային դիվանագիտության դրսեւորմամբ (սարգսյանական մոտեցմամբ) որոշվի, թե հիմա էլ Արցախի «վրայից» պիտի հանել ազատագրված տարածքները…

Պարզ բան է, որ պարբերաբար կրկնվող զուգադիպությունները երբեք պատահականություններ չեն լինում: Չնայած միշտ որպես պատահականություն են հրամցվում: Փորձված ձեւ է: Բայց ոչ բոլորն են խաբվում:

Իսկապես մտավախությունն ակնհայտ է, հատկապես, որ մեր երկրի վրա ճնշումները կավելանան նաեւ մարտիմեկյան դեպքերի քննության դանդաղկոտության եւ միակողմանիության պատճառով: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի ճնշումները կհամեմվեն եվրաճնշումներով:

Ուստի՝ Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորման հանրային մտահոգությունները տեղին են եւ էլ ահագնացան՝ արդարադատության նախարարի վերոնշյալ նախաձեռնության պատճառով:

Չնայած կան տեսակետներ էլ, որ վստահեցնում են, թե ամեն բան այդքան վատ չէ: Իհարկե, այսօրինակ տեսակետներ արտահայտում են հիմնականում իշխանական կուսակցությունների անդամները, սակայն որոշ փորձագետներ նույնպես պաշտպանում են այս կարծիքը: Օրինակ՝ փորձագիտական մի եզրակացությունում (Արմեն Աղայան, Ալեքսանդր Քանանյան, Վաչագան Վահրադյան) ասվում է, թե «Իրականում, ոչ Հայաստանի, ոչ էլ անձամբ Ս. Սարգսյանի վրա ոչ մի անհաղթահարելի ճնշում չկա եւ երբեք էլ չի գործադրվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկություններում միշտ հաշվի են առնվել բանակցող կողմերի, այդ թվում՝ ՀՀ ղեկավարների բոլոր պահանջները, իսկ մնացած հարցերում՝ զիջելու պատրաստակամությունը: Մադրիդյան սկզբունքների դեպքում մոտեցումը նույնն է: Ս. Սարգսյանից չի պահանջվում ոչ մի հավելյալ բան, բացի այն զիջումներից, որոնց գնալու պատրաստակամության մասին նա բազմիցս հայտարարել է սկսած 2001թ.-ից: Լեգիտիմության պակաս ՀՀ նախագահը նույնպես չի զգում: Ճիշտ է, նա նախագահ է դարձել խայտառակ ընտրակեղծիքներով եւ իշխանությունը պահպանելու համար հարկադրվել է բռնի ուժ կիրառել, սակայն այսօր թե՛ Մոսկվան ու Վաշինգտոնը, մյուս կառավարություններն ու միջազգային կառույցները, թե՛ ներքին ընդդիմությունը, այդ թվում՝ տեր-պետրոսյանական ավարտվող շարժումը, փաստացիորեն նրան են նախագահ համարում: Բովանդակազուրկ են նաեւ այն ենթադրությունները, թե ինչ-ինչ արտաքին կամ ներքին ուժեր կարող են կամ նույնիսկ սպառնում են գահընկեց անել Ս. Սարգսյանին»: Չնայած այս լավատեսական տրամադրությանը, փորձագետներն, այնուամենայնիվ, մտահոգ են եւ նշում են. «Լ. Տեր-Պետրոսյանը տեսնելով, որ Ս. Սարգսյանը միանգամայն կամավոր պատրաստվում է տարածքներ հանձնել Ադրբեջանին եւ բարեկամանալ Թուրքիայի հետ, իր կողմից արեց ամեն ինչ, որպեսզի դա
տեղի ունենա հնարավորինս շուտ: Դա հիանալի առիթ կլիներ՝ ազատվելու «թուրքամետ» եւ «Արցախը ծախող» գործչի պիտակներից, որ ինքը վաստակել էր իր նախագահության տարիներին: Ավելին, կպարզվեր, որ 1998թ. հեղաշրջումը զուրկ էր գաղափարական պատճառներից, եւ այն, ինչ Տեր-Պետրոսյանը առաջարկում էր այն ժամանակ, նրա ընդդիմախոսների ճամբարի ներկայացուցիչ Ս. Սարգսյանն անում է այսօր: 1-ին նախագահի կարծիքով, հավանաբար, սա իր լիակատար արդարացումը կլիներ պատմության դատարանի առաջ: Այսպիսով, արցախյան կարգավորման առումով, Ս. Սարգսյանը նախատեսում է նախ Ադրբեջանի նախագահի հետ ստորագրել նախնական պայմանագիր հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, որտեղ նշված կլինեն ինչպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այնպես էլ ԼՂԻՄ բնակչության ինքնորոշման իրավունքը: Դրանից հետո եւ նախքան հաշտության պայմանագրի ստորագրումը, նա փորձելու է հայ ժողովրդին համոզել, որ այդ սկզբունքներով հարցի լուծումը հայ ժողովրդի հաղթանակն է: Զուգահեռաբար, նախաձեռնող նախագահը շարունակելու է շփումներն իր թուրք գործընկերների հետ, որպեսզի նրանք համոզեն Ադրբեջանին մի քիչ նահանջել իր արմատական դիրքերից, չմերժել պայմանագրի առաջարկվող տարբերակը, առավել եւս, որ նրանք մի քանի հազար քառ.կմ տարածք են նվեր ստանալու: Դրա համար Ս. Սարգսյանը պետք է կարգավորի նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները՝ դրա ներկայիս սահմանները ճանաչելու դիմաց խնդրելով ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը: Դրանից հետո Թուրքիայի համար սարսափելի չի լինի նույնիսկ Ցեղասպանության ճանաչումը… Վերոհիշյալ քաղաքականությունը հայ ժողովրդի համար կարող է ճակատագրական հետեւանքներ ունենալ: Ազատագրված տարածքների հանձնումը կվերացնի Հայաստանի արեւելքում ոչ միայն պատմական, այլեւ բնական եւ անվտանգ սահմանները վերականգնելու հեռանկարը: Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գերիշխանության ճանաչումն էլ մեզ կզրկի հայ ժողովրդի ավանդական կենսատարածքը վերակագնելու հույս-հեռանկարից: Այս պայմաններում ՀՀ ներկայիս տարածքի առեւտրատնտեսական եւ հաղորդակցային ներառումը թուրքական միջավայրում կարճ ժամանակահատվածում կարող է հանգեցնել Հայոց պետականության վախճանին»:

Նույն մտահոգություններն ունեն «Միացում» ազգային նախաձեռնության անդամները, ովքեր զիջումային քաղաքականության հետեւում նույնպես պետականության վախճանն են տեսնում՝ «գիտակցելով Հայաստանի ազատագրված տարածքի ռազմաքաղաքական, տնտեսական եւ պատմաիրավական բացառիկ կենսական նշանակությունը Հայոց պետականության գոյատեւման եւ ամրապնդման համար… Քաջ գիտակցելով, որ տարածքային նվազագույն զիջումն իսկ հանգեցնելու է հրադադարի բուն եւ միակ երաշխիքը հանդիսացող ներկայիս ռազմաքաղաքական անվտանգության համակարգի ամբողջական փլուզմանը եւ ՀՀ պաշտպանունակության վերացմանը… Արձանագրելով, որ հայրենի տարածքների զիջման դիմաց Հայաստանին (ՀՀ, ԼՂՀ) խոստացված միջազգային ցանկացած մակարդակի եւ կարգի երաշխիքներն ի զորու չեն լինի կանխել Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման անխուսափելիությունը… Գիտակցելով, որ Հայաստանի ազատագրված տարածքի որեւէ հատվածի հանձնումից բխող վերոնշյալ հետեւանքների կործանարար համապարփակ բնույթը հանգեցնելու է պետության գոյատեւման հիմնասյուների ամբողջական խարխլմանը եւ Հայոց պետականության հեռանկարային վախճանին»: Ուստի, այս նախաձեռնությունը, նկատի ունենալով, «որ արցախյան գոյամարտի տարիներին ազատագրված ամբողջ տարածքը սահմանադրորեն ամրագրված է որպես ԼՂՀ տարածքային ամբողջականության բաղկացուցիչ… պահանջում է անհապաղ դադարեցնել Հայաստանի ազատագրված տարածքի նկատմամբ պետականակործան զիջումներին ընդառաջ գնալու բանակցային քաղաքականությունը, արագ եւ վճռական քայլեր ձեռնարկել ազատագրված տարածքները վերաբնակեցնելու, ինչպես նաեւ ՀՀ-ին միջազգային իրավունքով վերապահված ԼՂՀ սահմանադրական ամբողջ տարածքում ՀՀ ինքնիշխանությունը վերականգնելու ուղղությամբ»: Այս նախաձեռնության ղեկավարների կարծիքով, իշխանությունները պատրաստվում են «հողերը հանձնել», որովհետեւ խոչընդոտում են «մարզերում «Արցախ-Հայաստան-Միացում» կարգախոսով հանդիպումների» անցկացմանը, «Հող հանձնողը դավաճան է կարգախոսներով օրենսդրորեն թույլատրելի սակավամարդ երթ»-ի կազմակերպմանը, ինչպեսեւ՝ ոստիկանների միջոցով հեռացրել են «Եռաբլուրում մի խումբ ազատամարտիկների «Ո՛չ մի թիզ հող» եւ «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս» պահանջով 3-օրյա նախազգուշական հացադուլ»-ի մասնակից ազատամարտիկներին:

Մտահոգված են նաեւ սփյուռքահայ որոշ փորձագետներ: Արտավազդ Ավագյանը ԱՄՆ-ից հայտնել է, որ «հողերի հանձնումը Արցախը կնետի չարիքի ճանկերը: Երբ Արցախը շրջապատող 2 ռազմավարական տարածքները լքենք, դա կդառնա Ադրբեջանի՝ Արցախը հեշտությամբ նվաճելու գործողության սկիզբը»: Ըստ սփյուռքահայ վերլուծաբանի, խնդիրը «մեղմելն ու սիրաշահելը ազգը պաշտպանելու միջոց չէ», քանզի թուրքերն ու ադրբեջանցիները խաղաղությունից խոսելով, անընդմեջ զինվում են. «թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են խորանում, իսկ Թուրքիան էլ ավելի բացահայտ է աջակցում Ադրբեջանին՝ ռազմական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում… Իսրայելը ոչ միայն տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի զինված ուժերը սպառազինող ու նախապատրաստող թիվ մեկ պետությունը, այլեւ թարմացրել է Թուրքիայի տանկերն ու օդուժը… 1915թ. Թուրքիայում իշխում էին երիտթուրքերը (սիոնիստ-մասոններ): Նրանք էին հայոց ցեղասպանության իրական կազմակերպիչները: Հայաստանի հասարակությունը գիտի սրա մասին»: Ա. Ավագյանը մտավախություն ունի, որ այս ամենը կարող է կրկնվել, իսկ տարածքների հետ միասին նաեւ պատմական արդարության զիջումը կհանգեցնի նոր աղետների, ինչը չեն գիտակցում պատերազմի բովով չանցած ՀՀ պաշտոնյաները. «Հողերի հանձնումը կվհատեցնի ապագա հայրենասերներին, ովքեր այլեւս չեն պայքարի հանուն ազատության: Մի՞թե ազատությունը դիվանագետների համար է, որպեսզի արտանետեն իրենց սանձարձակ, բայց փայլուն բառերն ու մտքերը: Ժիրայր Սէֆիլյանի եւ Արմեն Ավետիսյանի նման հայրենասերներին, ովքեր պայքարել են հանուն հաղթանակի եւ ազատության, արհամարհելն ու պատժելը դավաճանություն է: Նրանց բանտարկել են հազարավոր զոհված հայ երիտասարդների արյան գնով ազատագրված տարածքների հանձնմանը հայրենասիրաբար ընդդիմանալու պատճառով: Դավաճանները ռազմի դաշտում չեն եղել, նրանք ընդամենը հարմարավետ աշխատասենյակների են արժանացել»:

Զիջումների պատրաստ չէ նաեւ Հայ Արիական Միաբանությունը, որի առաջնորդ Արմեն Ավետիսյանը ՀՀ նախագահի եւ շուրջ 50 կուսակցապետերի վերջերս կայացած հանդիպման ընթացքում, ըստ լրատվության մեր աղբյուրի, հայտարարել է, թե ՀԱՄ-ը ներկա պահին կհանդուրժի կամ Արցախ-ԼՂՀ-ի (ազատագրված տարածքներով) անկախության ճանաչումը ՀՀ կողմից, կամ՝ հայկական երկրամասի՝ Հայաստանին վերամիավորվելու որոշումը: Ավելին՝ նա նշել է, որ հայրենիքի որեւէ հատված նույնիսկ հանրաքվեով չի կարելի օտարել, որովհետեւ դա բոլոր սերունդների սեփականությունն է, եւ «հայրենիքը մեզ հանրաքվեով չի տրվել՝ աստվածատուր է»: Ուստի, ասել է նա, «անկախ այն հանգամանքից, թե ՀՀ իշխանություններն ինչ քաղաքականություն կորդեգրեն այս հարցում, ամեն դեպքում Հայ Արիական Միաբանությունը դեմ է Արցախ-ԼՂՀ-ի կողմից (ազատագրված տարածքներով հանդերձ) հնարավոր հողային զիջումներին եւ կոչ է անում անցնել վճռական քայլերի՝ չմոռանալով նաեւ պատերազմի հնարավոր վտանգի ու նախապատրաստության մասին»:

Իհարկե, Արցախի խնդրի կարգավորման հարցում կան էլի բազում տեսակետներ, բայց վերը նշվածները, մեր կարծիքով, առավել քիչ հնչած եւ ավելի հայանպաստ տեսակետներից են, որոնք, վստահ ենք, սրտամոտ են յուրաքանչյուր հայի:

Վահագն Նանյան

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 44 (83)


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։