Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող – Հայաստանը՝ չկարողացավ եզրափակիչ անցնել… Շառլ Ազնավուրը ի թիվս այլ պարգեւների՝ արժանացել է նաեւ Ճապոնիսյի Ծագող արեւի շքանշանին… Մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը… Հուշարձաններն էլ ներդրողի կարիք ունեն… Մարզական աշխարհի խաչմերուկներում.- սպորտային լուրեր՝ ֆուտբոլ, շախմատ, սամբո, ըմբշամարտ, մարտեր առանց կանոնների, աթլետիկա, Ցզյու Վենցզյունը՝ շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնուհի… Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության ինքնատիպ պաշտոնական www.hayary.org կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության շահերը պաշտպանող «Լուսանցք» շաբաթաթերթ…

Իսրայելը՝ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող

Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձավ «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում Նետան, որը դեռ մինչեւ մրցույթը հաղթողի հիմնական ֆավորիտն էր, վաստակեց 212: Այնուհետեւ, ըստ «Եվրատեսիլ 2018»-ի քվեարկության կարգի՝ հեռուստադիտողների քվեարկության շնորհիվ միավորների քանակը հասցրեց 529-ի:

Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավոր տվեց Շվեդիային: Նաեւ 10 միավոր տվեց Մոլդովային, 8 միավոր՝ Իսրայելին, 7 միավոր Կիպրոսին, 6 միավոր Չեխիային, 5 միավոր՝ Գերմանիային, 4 միավոր՝ Ֆրանսիային, 3 միավոր՝ Հոլանդիային, 2 միավոր՝ Ավստրալիային, 1 միավոր՝ Ավստրիային:

«Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնում էր երգիչ Սեւակ Խանաղյանը: Նա իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում եւ չկարողացավ եզրափակիչ անցնել:

Ի թիվս այլ շքանշանների ու պարգեւների, որոնք ստացել է տարբեր երկրների կողմից, Շառլ Ազնավուրը արժանացել է Ծագող արեւի շքանշանին… 

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Շառլ Ազնավուրը շքանշանի է արժանացել։

«2018թ. ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է եւ, ճանաչելով իր ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի եւ Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, արժանացել է Ծագող արեւի շքանշանին:

Ազնավուրը, ով նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում արտասահմանում, այդ թվում՝ Ճապոնիայում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունն իր ջերմ շնորհավորանքն է հղում նրան շքանշանը ստանալու առթիվ»:

Հայաստանի բնության պետական թանգարանում մեկնարկել է «Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը

Հայաստանի բնության պետական թանգարանը միացել է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառմանը եւ ներկայացել իր յուրօրինակ միջոցառումների ցանկով: Այս տարի Թանգարանների միջազգային խորհրդի կողմից ընտրված օրվա խորագիրն է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»:

Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ  մայիսի 18-ից 19-ը «Թանգարանների միջազգային օրվա» եւ «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում կցուցադրվի «Ակնթարթ» եւ «Ժամանակի շունչը» խորագրով ցուցահանդեսը։
Այսօր մեկնարկած միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել թանգարանի հանրահռչակման եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Գոհար Սամսոնյանը՝ բարձր գնահատելով նմանատիպ միջոցառումների կարևորությունը, որոնք միտված են բնության հանդեպ հոգատարության սերմանմանը։ Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ ՀՀ նկարիչների միության անդամ Վլադիմիր Գրիգորյանը, ով շնորհակալություն է հայտնել թանգարանի տնօրինությանը՝ համագործակցության, աջակցություն ցուցաբերելու համար։
Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977թ.-ից` յուրաքանչյուր տարի համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից:  

Հուշարձաններն էլ ներդրողի կարիք ունեն - «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախագծերը չեն ֆինանսավորվել 

Այս տարի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը՝ Էրեբունի-Երևան 2800-ամյակի հանդիսիսությանը գլխավոր դերակատարումն է ունենալու։ Թանգարանի փոխտնօրեն Արաքսի Մեշինյանը սակայն տեղեկացրեց, որ  խոստացված պետական ներդրումները չեն կատարվել եւ ցավոք՝ նախագծերը չեն իրականանա։

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետության  թանգարան-ինստիտուտը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ներկայացնում են «Երեւանի մշակութային ժառանգությունը եւ կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» համատեղ ժամանակավոր ցուցադրություն։

Ճարտարապետության թանգարանի տնօրեն Անուշ Մինասյանի խոսքով, ուրախ է, որ «Էրեբունի» թանգարանի տնօրինության առաջարկով նման ցուցադրություն են կազմակերպել, քանի որ ուրարտական ճարտարապետության ազդեցության մասին քիչ ենք տեղեկացված։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ Միքայել Բադալյանը, որ հայ-ֆրանսիական պեղումների արշավախմբի հայկական կողմի ղեկավարն է,  ներկայացրեց վերջին պեղումների ընթացքում հայտնաբերած հնագույն փողոցի մասին, որի պահպանման համար շատ կարևոր է անհրաժեշտ պայմաններ ապահովելը։

«Ներդրողները, եթե հասկանային, թե որքան մեծ օգուտ կարող են բերել։ Տեսեք Թուրքիան ինչպես է հասկացել,  թե ինչ հարստություն ունեն և ինչպես են ներկայացնում մեր հուշարձանները ու ներդրումներ անելով ինչ նյութական օգուտներ են ունենում,– ասում է տիկին Անուշը։ Մեր ներդրողները պետք է հասկանան, որ այսօր կատարված ներդրումների հարյուրապատիկը վաղը կվերադառնա»։ Ցուցադրությունը բաց կլինի մեկ ամիս։

Սկանդալային պատմություններով հայտնի ռուսաստանաբնակ հայուհին տուգանվել է 15 հազար ռուբլիով…

Ավտոմեքենա վարելու իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը կրկին մեքենայի ղեկին է նստել ու մի քանի մետր վարել: Փաստն արձանագրել են տեսախցիկներն ու ոստիկանները: Արդյունքում երթեւեկության խախտումների հետ կապված սկանդալային պատմություններով հայտնի մեր հայրենակցուհին տուգանվել է 15 հազար ռուբլիով:

«Լայֆ.ռու»-ն հայտնում է՝ ոստիկանների պահանջով նա դուրս է եկել մեքենայից, բայց փաստաթղթերը ներկայացնել չի կարողացել:

Պետք է ծանոթանալ այս եւ այլ հրապարակումներին`

- Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են 

- Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել 

- Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է՝ ինչու են նրան տուգանել 

- Մառա Բաղդասարյանը երշիկ կվաճառի, որպեսզի վճարի տուգանքները 

- Մառա Բաղդասարյանին կալանավորել են 

- Մառա Բաղդասարյանը Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին 

- Մարզական աշխարհի խաչմերուկներում.-

Պլասիդո Դոմինգոն եւ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն 2018 թ. Աշխարհի առաջնության բացման ժամանակ

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն եւ պերուացի օպերային աստղ Խուան Դիեգո Ֆլորեսը կերգեն Ռուսաստանում Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը նվիրված համերգի շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։

Դոմինգոն եւ Ֆլորեսն արդեն հաստատել են, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում համերգային ելույթով հանդես կգան։ Միջոցառման հյուրերը կունկնդրեն դասական երգացանկի հատընտիր ստեղծագործություններ։

Նշանակալից է այն, որ մարզական միջոցառումները, մրցաշարերը ամենից հաճախ բացում են հենց օպերային աստղերը, քանի որ դասական երաժշտությունը ունիվերսալ կոդ է, որ հասկանալի է բոլոր երկրների բնակիչներին»,- ընդգծում են կազմակերպիչները։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 15-ը՝ Ռուսաստանի 11 քաղաքներում։

Կարդալ հարակից հրապարակումները`

Փոխվել է ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների հաշվառման կանգնելու ժամկետը

Արգենտինայի նախագահը չի մասնակցի 2018 թ. Աշխարհի առաջնությանը՝ երկրում ճգնաժամի պատճառով

Պուտինը ներկա կլինի ֆուտբոլի աշխարհի գավաթի առաջին խաղին

ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված՝ ՌԴ որոշ քաղաքներում հատուկ ռեժիմ կմտցվի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հիմնը հայտնվել է YouTube-ում

Յուրա Մովսիսյանը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի խաղերը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հնարավոր է չմասնակցի մեր թիմի առաջիկա խաղերին: Շվեդիայի առաջնությունում այսօր կայացած «Յուրգորդեն»-«Էրեբրո» խաղին մեր ֆուտբոլիստը խաղը սկսել է տանտերերի մեկնարկային կազմում: Սակայն, ինչպես նշում է «Յուրգորդեն»-ի թվիթերյան էջը, Յուրա Մովսիսյանը 41-րդ րոպեին վնասվածք է ստացել եւ փոխարինվել:

Առայժմ հայտնի չէ վնասվածքի բարդությունը, սակայն եթե մինչեւ մայիսի վերջը նա չհասցնի ապաքինվել, ապա ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի հավաքականի ընկերական խաղերը, որոնք նախատեսված են մայիսի 29-ին եւ հունիսի 2-ին:

Հենրիխ Մխիթարյանը Երեւանում է

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2017-18թթ մրցաշրջանի ավարտից հետո արդեն լքել է թիմի ճամբարը եւ գտնվում է Երեւանում:

Ինչպես տեղեկացնում է Երեւանի «Ալաշկերտ» ակումբի ֆեյսբուքյան էջը կայացած մարզումից հետո թիմի ֆուտբոլիստներ Դանիել Ստոյկովիչը, Մլադեն Զելկովիչը եւ Մարկո Յորդանը հանդիպել են Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

ՀՖՖ-ն լրագրողներին ներկայացրեց «Շիրակ»-ի գործով բոլոր փաստերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  շտաբ-բնակարանում այսօր կայացավ ՀՖՖ ֆեդերացիայի բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց «Շիրակ» ակումբի եւ Արարատ Հարությունյանի բողոքը ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի համար 17-18-28 արձանագրության եւ այնտեղ տեղ գտած որոշման դեմ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկությամբ գործի մանրամասներին եւ տվյալներին ծանոթանալու համար ԶԼՄ-ի ներկայացուցիչները հրավիրվեցին ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիա: Այդտեղ ֆեդերացիայի վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը լրագրողներին տրամադրեց «Շիրակ»-ի եւ Արարատ Հարությունյանի ներկայացված բողոքների պատճեները, հեռախոսազանգերի «screen shoter»-ը եւ այլն: Լրագրողների պահանջով ՀՖՖ աշխատակիցը միացրեց նաեւ Արարատ Հարությունյանի եւ «Բանանց»-ի ֆուտբոլիստ Կպոդոյի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Պարզվեց, որ բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ կարգապահական կոմիտեի մայիսի 5-ի որոշումը, այն է.

  1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ:
  2. «Շիրակ» ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:

Ըստ բողոքարկման կոմիտեի կանոնակարգի, սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ կարող է բողոքարկվել Սպորտային Արբիտրաժային Դատարան (CAS) այն ստանալու պահից 21 օրվա ընթացքում:

Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ՈւԵՖԱ–ի Կարգապահական կոմիտեն վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ եւ 15 օրում պետք է տա իր եզրակացությունը։

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ի բողոքարկման կոմիտեի որոշումից անմիջապես հետո հանդես է եկել հայտարարությամբ. «Այն նյութերը, որոնք ներկայացվելու եւ քննարկվելու են արբիտրաժում, չեն կարող հրապարակվել ՀՖՖ եւ Շիրակ ՖԱ-ի կողմից։ Հատկապես ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք վերաբերվելու են արբիտրաժային վարույթին»:

Եվրոպայի սամբոյի ֆեդերացիան հարգել է Լեւոն Հայրապետյանի հիշատակը

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախկին նախագահ Լեւոն Հայրապետյանի հիշատակը, ով մայիսի 15-ին մահացել էր երկարատեւ հիվանդությունից հետո:

ԵՍՖ-ի նախագահ Սերգեյ Ելիսեեւը իր ելույթում հիշատակել է անցած տարի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի սամբիստ Կոլյա Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպը, որի պատճառով մարզկը հայտնվել է խորը բիոլոգիական կոմայում: Նախագահը մասնակից 36 ազգային ֆեդերացիաների ղեկավարներին հորդորել է ապահովագրել բոլոր սամբիստներին, որոնք մասնակցելու են միջազգային մրցաշարերին:

Հավելենք, որ այսօր Աթենքում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որը կավարտվի մայիսի 20-ին: Առաջինը պայքարի մեջ են մտել երեք քաշային կարգերում:

Սպորտային սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը առաջին փուլում կհանդիպի ադրբեջանցի Աղասիֆ Սամադովի հետ: 68 կգ կարգում հանդես եկող Ռաֆիկ Մանուկյանը առաջնությունը կսկսի հոլանդացի Մարլոն Բոոնսի հետ մրցամարտով: 90 կգ քաշային Գրիգոր Սահակյանը առաջին մարտում կհանդիպի էստոնացի Ալեքսանդր Միրմելյուկի հետ:

Մարտական սամբոյի առաջնությունում կկայանան 57, 74 ու 100 կգ քաշային կարգերի մրցումները: Հայաստանի սամբիստները կմասնակցեն առաջին 2 քաշերին՝ համապատասխանաբար Մխիթար Մխիթարյանը եւ Թաթուլ Ավագյանը:

Հ.Գ. – Լեւոն Հայրապետյանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ ռուս սամբիստների հետ մրցելիս պայքարում ենք նաեւ մրցավարի հետ: 2017թ. Նոյեմբերին Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ 5 մեդալով՝ 2 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լեւոն Հայրապետյանը հիանալի համարեց հայ սամբիստների արդյունքը, ապա վերստին նշեց.  «Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90 տոկոսով: Կածում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը եւս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաեւ մրցավարի հետ…

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Աթենքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճեցին 2 մեդալ:

Սպորտային սամբոյի տղամարդկանց մրցումներում գերազանց հանդես եկավ մեր 52 կգ քաշային մարզիկ Տիգրան Կիրակոսյանը: Նա նախնական փուլերում պարտության մատնեց ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին ու ռուսաստանից Եվգենի Երյոմինին եւ մտավ եզրափակիչ: Այստեղ մեր մարզիկը 5:2 հաշվով վստահ հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Գիվի Նադարեյշվիլուն եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում հանդես եկած Մխիթար Մխիթարյանը կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհամասի ապագա չեմպիոն, ուկրաինացի Բոգդան Բաբենկոյին եւ ստիպված բավարարվեց բրոնզե մեդալով:

Այսօր մասնակցած մեր մյուս մարզիկ-մարզուհիները պարտություն կրեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից: Վաղը կկայանան կանանց երեք եւ տղամարդկան վեց քաշային կարգերի մրցումները: Մերոնցից հանդես կգան Սոսե Բալասանյանը, Արսեն Ղազարյանը, Կարեն Իսախանյանը եւ Դավիթ Պետրոսյանը:

Հայ սամբիստները 2 մեդալ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտային սամբոյի տղամարդկանց մրցումներում բրոնզե մեդալ նվաճեց 74 կգ քաշային Արսեն Ղազարյանը, ով պարտվեց միայն ապագա Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Սարայկինին: Մարտական սամբոյի առաջնությունում մեր 82 կգ քաշային սամբիստ Դավիթ Պետրոսյանը նույնպես գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Նա պարտվեց միայն եզրափակիչի մասնակից, ֆրանսիացի Չառլի Շմիտին:

Վաղը տեղի կունենան մնացած 9 քաշային կարգերի մրցումները: Հայաստանից հանդես կգան Աննա Մկրտչյանը, Գոռ Մայիլյանը, Ժորա Լագզյանը, Գրիգոր Մխիթարյանը, Վաչիկ Վարդանյանը եւ Հակոբ Օրդանյանը: – Հ.Գ.Գրիգոր Մխիթարյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր – Աթենքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումային 2-րդ օրը Հայաստանի մարզիկները հերթական 2 մեդալները նվաճեցին: Մարտական սամբոյի առաջնությունում մեր 52 կգ քաշային սամբիստ Գրիգոր Մխիթարյանը եւ 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանն իրենց կարգերում գրավեցին 3-րդ տեղը եւ արժանացան բրոնզե մեդալի: Այդպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի աթենքյան առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեց 6 մեդալ՝ 1 ոսկե, 5 բրոնզե:

Հայաստանի ըմբիշ Միհրան Հարությունյանը կանկացնի առաջին մրցամարտը ММА-ում

2016թ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոեմական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, կանցկացնի առանց կանոնների իր առաջին մրցամարտը, որն ավելի հայտնի է ММА անվանումով:

Մարտը տեղի կունենա Դոնի Ռոստովում, Экспресс մարզապալատում: Մեր մարզիկը 65,8 կգ քաշային կարգում կհանդիպի 32-ամյա իրանցի Ալի Յուսեֆի հետ, որն արդեն 10 մենամարտ է անցկացրել եւ տարել է 6 հաղթանակ: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերներն ավելի շատ հավատու են Միհրան Հարությունյանի հաղթանակին՝ 1,275 գործակից՝ 3,34-ի դիմաց: Նույն երեկոյի՝ FIGHT NIGHTS GLOBAL 87-ի շրջանակում, տեղի կունենան եւս ինը մրցամարտեր: Դրանցից գլխավոր համարվում է Հայաստանը ներկայացնող Դավիթ Խաչատրյանի եւ իռլանդացի Պիտեր Կուիլիի մարտը: Մենամարտերը սկսվե լու են Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին:

Հ.Գ. – Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ, մեծ առավելությամբ հաղթեց իրանցի Ալի Յուսեֆին:

Սահակ Հովհաննիսյանը՝ կադետների Եվրոպայի չեմպիոն

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեյում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի կադետների առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները նվաճեցին 4 մեդալ: 60 կգ քաշային կարգում հանդես եկած Սահակ Հովհաննիսյանը հաղթելով իր բոլոր մրցակիցներին, զբաղեցրեց առաջին տեղը եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: 3 քաշային կարգում մեր ըմբիշները նվաճեցին բրոնզե մեդալներ: Նրանք են Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ քաշային կարգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (65 կգ):

Ի դեպ, անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը, Բուլղարիայի հավաքականի կազմում հաղթել է 45 կգ քաշային կարգում:

Հայաստանի եւ Արցախի 110 աթլետներ կորոշեն լավագույններին

Մայիսի 19-20-ը Արտաշատում կանցկացվի աթլետիկայի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի մամուլի ծառայությունը:

Առաջնությանը կմասնակցեն Հայաստանի մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի Հանրապետության 110 մարզիկ-մարզուհիներ: Մրցումները կմեկնարկեն մայիսի 19-ին՝ ժամը 15-00-ին:

Շանթ Սարգսյանը շարունակում է գլխավորել «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարը

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ընթացող շախմատի «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչները վստահ են մեկնարկել եւ առաջատարների թվում են գտնվում:

Հերթական՝ 3-րդփուլում, 16-ամյա Շանթ Սարգսյանը հաղթելով Վոլոդար Մուրզինին, վաստակեց 2,5 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձյա առաջատար: 14-ամյա Մամիկոն Ղարիբյանը նույնպես հաջողության հասավ ռուսաստանցի Դմիտրի Կուզնեցովի հետ մրցամարտում, իսկ ահա 17-ամյա գրոսմայստեր Արամ Հակոբյանը միավոր վասնակցեց առանց պայքարի, քանի որ նրա մրցակից Արսենի Նեստերովը չէր ներկայացել հանդիպմանը: Մեր 2 շախմատիստները վաստակել են 2-ական միավոր եւ այժմ բաժանում են 2-4-րդ տեղերը:

Մայիս 18-ին տեղի կունենան 4-րդ փուլի խաղերը: Մերոնք կհանդիպեն հետեւյալ շախմատիստների հետ.

Շանթ Սարգսյան – Դմիտրի Կուզնեցով (Ռուսաստան),

Պաուլյուս Պուլտինեւիչյուս (Լիտվա) – Արամ Հակոբյան,

Մամիկոն Ղարիբյան – Վյաչեսլավ Զարուբիցկի (Բելառուս):

Ցզյու Վենցզյունը՝ աշխարհի 17-րդ չեմպիոն

Կանանց շախմատը աշխարհի նոր չեմպիոն ունեցավ: Չինաստանում կայացած չեմպիոնական մրցամարտի վերջին՝ 10-րդ փուլում, չինուհի գրոսմայստեր Ցզյու Վենցզյունը, ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն, իր հայրենակից Տան Չժունի հետ եւ հաղթեց 5,5:4,5 ընդհանուր հաշվով:

Այդպիսով, Ցզյու Վենցզյունը դարձավ կանանց շախմատի թվով 17-րդ աշխարհի չեմպիոնը:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                  «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։