Ո՛չ ձկան համով լոլիկին ու կարիճի գենով ցորենին – (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ԳՁՕ-ների մասին գրավոր տարբեր աղբյուրներ նշում են, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության  ստույգ ապացույցներ դեռ չկան –  Բայց ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70%-ը տառապում է ալերգիաներից…

Որոշ ժամանակ առաջ ճիշտ այս վերնագրով նյութ հրապարակեցի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ընդգծել էի, թե Հայաստանում կարգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը: Հիմա նույն թեմայից խոսելիս պետք է հարցնեմ՝ Հայաստանում կարգելվի՞ տրանսգենային գյուղատնտեսութւնը: Որովհետւ կառավարության կազմն այլեւս փոխված է եւ չգիտեմ, թե խնդրո առարկային ինչպես են վերաբերում նոր գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները: Կարող էինք կապվել եւ ճշտել, բայց որոշեցինք նախ մեր այս հրապարակումն անել: Նրանց էլ մտածելու ժամանակ կտանք:

Բոլորովին վերջերս էր (նախորդ տարվա նոյեմբերին), որ մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։

Նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից անմիջապես հետո, լրագրողներս փորձեցինք պարզաբանում ստանալ գյուղատնտեսության նախարարից եւ սննդի անվտանգության պետական ծառայության պետից՝ ի վերջո հասկանալու, թե պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն: Եթե զերծ մնանք նրանց պաշտոնական ձեւակերպումներից ու պարզաբանումներից եւ խոսենք ավելի մատչելի, ապա գնահատականն առավել քան հստակ է. երկու պետական այրերն էլ, առանց խուսանավելու, հստակ շեշտեցին, որ իրենք, որպես ՀՀ քաղաքացի, չեն կարծում, որ ԳՁՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, եւ որ իրենք, որպես քաղաքացի, չէին ցանկանա նման ապսրանք օգտագործել։  

Ինչեւէ, նշված օրից մեկ շաբաթ հետո արդեն գյուղատնտեսսության նախարարությունը սկսեց ԳՁՕ-ների հետ կապված հարցերի քննարկումը:

Մինչ խնդրո առարկայի շուրջ հետագա ծավալումներին անդրադառնալը՝ կարեւոր մի նկատառում: Խնդիրն այստեղ ամենեւին էլ «Մոնսանտո»-ն չէ, դա կարող է լինել ցանկացած այլ ընկերություն, որ հայտնի է ԳՁՕ-ացված սերմերի արտադրանքով: Խնդիրը մեր, առանց չափազանցության, կենսաանվտանգությունն է:

Բացի այդ՝ նկատել եմ, որ շատերը ընտրասերումն ու գենային ձեւափոխումը խառնում են իրար: Մինչդեռ հստակ է, որ (հայերենն, ի դեպ, հստակեցնում է այդ տրամաբանությունը) խաչասերումը ընտրասերման նպատակով գենային ձեւափոխություն չէ: Երբ բալն ու կեռասը խաչասերում են, որ մեկ այլ՝ ընտիր սորտ ստանան, դա կոչվում է ընտրասերում: Այսինքն՝ խաչասերում են նույն ընտանիքի բույսը, միրգը… Իսկ գենային ձեւափոխությունը այն է, երբ միմյան հետ կապ չունեցող գեներ մեկտեղվում են՝ փոխելով այն բույսի կամ կենդանու գենը, որի մեջ դրվում են: Ձկան գենը լոլիկի մեջ դնելն է գենային ձեւափոխում, կամ՝ կարտոֆիլի մեջ բզեզի գեն դնելը եւ այլն: Այնպես որ, ընտրասերումը գենափոխության հետ խառնել պետք չէ: Իսկ խառնող «մասնագետները» խառնելով թյուրիմացության մեջ են դնում սպառողին: Գիտակցաբար: Որովհետեւ մասնագետն իրավունք չունի չմտածված խոսք ասելու: Նաեւ՝ եթե մի բան հազարանգամյա երաշխիքի կարիք ունի, ավելի լավ է հեռու մնալ դրանից:

Տեսնենք, թե ինչ է հուշում Արտակարգ իրավիճակների հանրագիտարանը: Տեղեկանում ենք, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի մասին գիտնականների կարծիքները մինչ օրս միանշանակ չեն, ավելին՝ երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից: Բնության գործերին խառնվել ու կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թթ.: Օրինակ, ցորենի մեջ կարիճի գեն են դնում, որ դիմանա երաշտներին, կարտոֆիլի մեջ՝ կոլորադյան բզեզի գեն, որ հենց այդ բզեզը չուտի այն, պոմիդորի, վարունգի մեջ՝ ձկան գեն, որ ցրտադիմացկուն լինի: Ու գնալով գենետիկական ձեւափոխման ենթարկվող օրգանիզմների ցանկն աճում է. բացի ցորենից, կարտոֆիլից ու լոլիկից, այսօր նմանատիպ տեխնոլոգիաներ կիրառում են նաեւ սոյայի, եգիպտացորենի, բազուկի, ելակի, ծխախոտի եւ այլ բույսերի աճեցման համար: Ֆրանսիայի շատ ագարակատերեր, ովքեր այսօր զբաղվում են օրգանական գյուղատնտեսությամբ, վստահ են, որ վտանգավոր է սննդի գենը փոխել, հետագայում մարդու գենն էլ դրա պատճառով կփոխվի:

ԳՁՕ-ների մասին գրավոր տարբեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության  ստույգ ապացույցներ դեռ չկան: Գիտնականները խուսափում են կտրուկ եզարակացություններ անել, բայց տեսակետներ արտահայտում են՝ փաստարկված: Օրինակ՝ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով մեկը մյուսից սարսափելի ալերգիաներ են առաջանում: ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70%-ը տառապում է ալերգիաներից, իսկ Շվեդիայում գենային ձեւափոխման ենթարկված նյութեր պարունակող սննդամթերքն արգելված է, ու բնակչության միայն 7%-ն է ալերգիկ: Այլ տեսակետների համաձայն էլ՝ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով  հնարավոր է նաեւ անտիբիոտիկների նկատմամբ կայունության առաջացում, իմունիտետի անկում եւ նույնիսկ՝ քաղցկեղ: Տեսակետներ կան նաեւ, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներն ազդում են կենսաբազմազանության վրա, այսինքն՝ եթե սոյայից մի 100 մետր այն կողմ աճում է փոփոխվածը, ապա այդ փոփոխվածն իր գենի ինֆորմացիան փոխանցում է մյուսներին, եւ մենք հետզհետե կորցնում ենք ավանդական տեսակները: Օրինակ, Կալիֆորնիայում աճող եգիպտացորենի ձեւափոխված գենը գտել էին կիլոմետրերով հեռու Մեքսիկայում աճող եգիպտացորենի մեջ: Նշանակում է՝ կարող է գալ ժամանակ, երբ սովորական ու բնական տեսակներ այլեւս չլինեն:

Գանք խնդրո առարկայի շուրջ մեր գյուղնախարարության աշխատանքին: Նախորդ տարի նոյեմբերին գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումների նպատակով նախարարությունում հավաքվեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանության նախարարության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ: Այս ժամանակ էլ որոշեցին ստեղծել հանձնաժողով, որում կընդգրկվեն նաեւ առողջապահության նախարարության պատասխանատուներ, գիտնականներ: Հանձնաժողովի առաջին նիստը դեկտեմբերին կայացավ: Շատ կարեւոր որոշում կայացվեց, այն է՝  ԳՁՕ-ների գործածության օրենսդրական կարգավորումներն իրականացնել՝ առաջնորդվելով  «նախազգուշավորության սկզբունքով»՝ հաշվի առնելով, որ գիտությունը դեռեւս չի ապացուցել դրանց անվտանգությունը, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է արգելել  ԳՁՕ-ների կիրառումը:

Հետաքրքիր է, որ այս նիստից մի քանի օր անց գյուղատնտեսության նախարարն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանին: Եվ նախարարը դեսպանին փոխանցել էր հանձնաժողովի որոշումը: Այս տարվա հունվարին եւս հանձնաժողովը նիստ գումարեց, որի ժամանակ աշխատանքային խմբի անդամները քնսնարկել էին «ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության կենսաանվտանգության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը, առաջարկներ ներկայացրել լրամշակումներ կատարելու վերաբերյալ: Մեկ նիստ էլ եղավ փետրվարին: Վերահաստատվել է, որ ներկայացվող նախագծում օրենսդրական կարգավորումներն անհրաժեշտ է իրականացնել՝ հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը: Հանձնաժողովի կազմում է նաեւ սննդագետ Դավիթ Պիպոյանը, ով մասնագիտական կրթությունը ստացել եւ դոկտորական ատենախոսությունն էլ պաշտպանել է մի երկրում՝ Իտալիայում, որտեղ արգելված է տրանսգենային գյուղատնտեսությունը: Իտալիան կարող է լավագույն օրինակ լինել այն ձեւի, թե ինչու եւ ինչպես է պետք արգելել այդ կարգի գյուղատնտեսությունը:

Նախորդ տարի նոյեմբերին գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության կենսաանվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումների նպատակով նախարարությունում հավաքվեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բնապահպանության նախարարության, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչներ: Այս ժամանակ էլ որոշեցին ստեղծել հանձնաժողով, որում կընդգրկվեն նաեւ առողջապահության նախարարության պատասխանատուներ, գիտնականներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այդ հանձնաժողովի կազմում է նաեւ սննդագետ Դավիթ Պիպոյանը: Նա միանշանակ դեմ է Հայաստանում տրանսգենային գյուղատնտեսության վարմանը:

Դավիթ Պիպոյանը դեմ է նաեւ իրենց սննդաբան հռչակած բոլոր այն «մասնագետներին», ովքեր հանրությանը գցում են թյուրիմացության մեջ՝ ասելով, թե առանց ԳՁՕ-ացված ապրանքների չեն կարող կերակրել երկիրը: «Մասնագիտական կրթությունս ստացել ու աշխատանքային փորձս անցել եմ Իտալիայում, որտեղ արգելված է տրանսգենային գյուղատնտեսությունը: Բայց այս երկիրը զարգացած գյուղատնտեսություն ունի եւ ունակ է կերակրելու ու կերակրում է իր բնակչին:

Իտալական փորձը կարելի է ընդօրինակել: Նրանք նաեւ շատ լավ ձեւ էին գտել տրանսգենային գյուղատնտեսությունն արգելելու: Խոսելով այս փորձից՝ իմ զրուցակից Դավիթ Պիպոյանը հստակեցնում է, որ այս երկիրն իր ագրարային գերազանցությունների գնահատման կենտրոններում եկել է այն եզրակացության, որ սակավահող երկիրը չի կարող շահել տրանսգենային գյուղատնտեսությունից: Որովհետեւ ամբողջ աշխարհում տրանսգենային արտադրանքը շատ ավելի մատչելի է, քան արժեւորված կամ օրգանիկ գյուղատնտեսական արտադրանքը: Եթե երկիրը փոքր հողատեքեր ունի, ապա նա շեշտադրումը պետք է անի թանկ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի վրա: Որովհետեւ նույն Իտալիան շատ լավ հասկանում է, որ զեյթունի ձեթ արտահանելը շատ ավելի թանկ է որեւէ էժան մթերքի արտահանումից: «Լինելով ԵՄ անդամ երկիր, դեռեւս այն տարիներին, երբ Եվրոպան իրավական ակտերով թույլտվություն տվեց իր անդամ երկրներին, որպեսզի իրենք որոշեն, թե ինչի տիպի գյուղատնտեսություն զարգացնեն՝ ավանդական, օրգանիկ թե տրանսգենային, Իտալիան բնականաբար չէր կարող չմոտարկել այդ իրավական ակտը: Եվ նախագահի հրամանագրով տրվեց ազատականացում»,- պատմում է Դավիթ Պիպոյանը:

Ավելի հետաքրքրիր է այն, թե ինչ եղավ այդ ազատականացումից հետո: Բոլոր շրջանները առանձին-առանձին արգելեցին տրանսգենային գյուղատնտեսությունը: Խոսքը չի վերաբերում վերամշակվածի ներկրմանը,երբ մակնշվել է, որ կա ԳՁՕ, այլ խոսքը վերաբերում է գյուղատնտեսության վարմանը: Այսինքն՝ սպառողն ինքն է որոշում՝ գործածե՞լ ԳՁՕ պարունակող մթերթ, թե՞ ոչ: Բայց եթե խոսքը վերաբերում է գյուղատնտեսության վարմանը, ապա ինչու չարգելել:

Իսկ արգելելը, ըստ սննդագետի, միանշանակ ճիշտ է, քանզի եթե երկու հոգի կողք կողքի հողատարածքներում որոշում են զբաղվել մեկը՝ օրգանիկ, մյուսը՝ տրանսգենային գյուղատնտեսությամբ, ապա օրգանիկը փչանում է: Ուրեմն՝ սահմանափակվում է մարդու՝ օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվելու իրավունքը: «Իսկ օրգանիկը այսօր ամբողջ աշխարհում զարգանում է, եւ Հայաստանում էլ այդ սաղմերը առաջանում են ի դեպ: Հայաստանի Հանրապետություն երկրի նման երկրում, որ սակավահող է, փոքր հողատեսքերն են գերակշռում, պետք է շեշտադրումն անի թանկ գյուղատնտեսության արտադրանքի արտադրմանն ու արտահանմանը: Օրգանիկ մթերքն ունի ավելի բարձր գին: Սրանից շահում է եւ՛ արտադրողը եւ՛ վերամշակողը. որ ավելի թանկ է իրացնում ապրանքը եւ՛ սպառողը»,-շեշտում է Դավիթ Պիպոյանը:

Այս ամենից զատ՝ օրգանական գյուղատնտեսությունը ենթադրում է նաեւ մաքուր պարարտանյութի գործածում, այլ կերպ՝ օրգանիկ գյուղատնտեսության ծավալը ենթադրում է, որ այդ ծավալին համապատասխան թունանյութ չի գորրծածվել, դուրս չի եկել շրջակա միջավայր: Իսկ եթե ավելի պարզ ձեւակերպենք, ապա օրգանական գյուղատնտեսությունը մաքրում է շրջակա միջավայրը: Թե սա ինչքան կարեւոր է մեր երկրի համար, որտեղ հանքարդյունաբերությունը մեծածավալ է, կարծում ենք, հասկանալի է: Մենք  ընդհանրապես պետք է կիրառենք այնպիսի գյուղատնտեսական պրակտիկաներ, որոնք հնարավորինս քիչ են վնասում շրջակա միջավայրը եւ, ըստ այդմ էլ, սպառողին, մեզ բոլորիս:

Այս առումով շատ կարեւոր է նաեւ համապատասխան պետական ռազմավարությունը: Որովհետեւ, միեւնույն է, որեւէ ուղղություն առանց պետական խթանի չի զարգանա: Եվ այսպես է նաեւ համաշխարհային պրակտիկայում: Եվ խթանն էլ պետք է լուրջ լինի, ոչ թե թղթի վրա կամ խորհրդանշական նվազագույն: Ի վերջո, զարգացած երկրները նույնիսկ ագարակատիրոջն աջակցելու համար այսպես ասած «0 կմ-ի շուկաներ»-ի գաղափարն են կիրառում: Դավիթ Պիպոյանը Հռոմի օրինակն է բերում: «2013-2014թթ. երբ ես աշխատում էի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության մի ծրագրում, ուսումնասիրվում էին ֆերմերային շուկաները, որոնք ամբողջ աշխարհում հիմա կոչվում են 0 կմ-ի շուկաներ: Այն շուկաները, որտեղ գյուղացիները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը վաճառելու եւ, բնականաբար, կային նաեւ օրգանիկ շուկաներ, երբ պետությունն էր անվճար տարածք տրամադրում: Եթե պատկերացնենք այնպիսի հզոր մայրաքաղաքներ, ինչպիսին Հռոմն է, որտեղ 1մ-ի վարձակալությունն անգամ շատ թանկ արժե, բնականաբար գյուղատնտեսներին այդպիսի տարածք անվճար տալը լուրջ խթան է: Շատ լուրջ ու կարեւոր»,- նկատում է զրուցակիցս:

Ի դեպ, նրանք սննդամթերքի գնումների գործընթացում էլ լուրջ արտոնություն են տալիս այն ատադրողներին, որոնք քիչ են վնասում շրջակա միջավայրը: Ասել է թե՝ ընդհանուր բնական հավասարակշռության հարց է դրվում: Ամբողջական շղթայի մասին է խոսքը: Քանզի երբ ասում ենք գյուատնտեսություն, մարդիկ միանգամից հասկանում են սննդարդյունաբերություն: Բայց բամբակի արտադրությունն էլ է գյուղատնտեսություն: Տեքստիլի ոլորտի համար է, բայց գյուղատնտեսություն է, գյուղատնտեսական պրակտիկաներ են կիրառվում: Այսինքն՝ շրջակա միջավայրի պաշտպանությունն է կարեւորվում: Իսկ շրջակա միջավայրի պաշտպանությունը համայնքային բարիք է: Ընդհանրապես այն տնտեսվարողները, որոնք քիչ են վնասում շրջակա միջավայրը, պետք է ունենան արտոնությունները, եւ պետությու՛նը պետք է սահմանի խաղի կանոնները:

Մաքուր գյուղատնտեսության կողմնակից երկրները ունեն սրա փորձը: Օրինակ՝ մանկապարտեզներին մատակարարումների ժամանակ նախապատվություն չի տրվում 60 կմ-ից ավելի հեռու տեղից սննդի ձեռք բերմանը: Որովհետեւ ոչ միայն թանկ է լինում, այլեւ ստիպված պետք է կոնսերվացնեն եւ այլն: Մինչդեռ պետք է, որ ասենք պարտեզներին մատակարարվող կաթը հակաբիոտիկներ չներառի, իսկ դրա համար պետք է շատ մոտ տեղից ձեռք բերված լինի: Հեռու եղավ՝ հակաբիոտիկներ կլինեն… Մի խոսքով, եթե հետեւենք միջազգային փորձին, ապա մենք սննդի անվտանգության առումով լուրջ խնդիր ունենք: Իսկ դա ազգային անվտանգության հարց է:

Ի վերջո եթե հիշյալ հանձնաժողովը որոշել է, որ օրենսդրական կարգավորումները պետք է անի՝ հիմք ընդունելով «նախազգուշավորության սկզբունքի» գաղափարախոսությունը, ուրեմն այսպես թե այնպես հաստատել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը գնալու է մաքուր ճանապարհով: Սա ենթադրում է մի ամբողջական գործընթաց, որ մեկ շղթայում ներառելու է գյուղատնտեսության արժեքավորումը, պարենային ապահովությունն ու անվտանգությունը, որ բերելու է համայնքային զարգացման, ինչն անհրաժեշտություն է մեր երկրի համար:

Իբրեւ ամփոփում. հաճախ եմ սիրում փաստել նշանավոր ծագումնաբան ու բուսաբույծ Ն. Վավիլովին, ով գրել է, որ ցորենի, գարու, խաղողի, ծիրանի, նռան եւ խնձորի մշակումը Հայկական լեռնաշխարհում է եղել։

Իսկ Մերձավոր Արեւելքի հնագիտական տվյալների համաձայն, գինու, օղու, գարեջրի եւ քացախի ստացումը նույնպես իրականացվել է մեր երկրում։ Խորհրդային տարիներին, երբ Վայոց ձորի տարածքում ուսումնասիրություններ էին արել, բուսաբույծների արշավախումբը հայտնաբերել էր վայրի ցորեն: Սա նշանակում է, որ մեր հայրենիքը ֆենոմեն ունի. մենք եղել ու շարունակում ենք մնալ բնական մթերքի բնօրրան: Ու սա չտեսնված մի առավելություն է արդի աշխարհում, երբ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով սնունդը օրեցօր ավելի ու ավելի է մտնում բոլորիս սննդակարգ: Մնում է, որ այդ ֆենոմենը գործածել կարողանանք:

Արմենուհի Մելքոնյան

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից (նայել համարի PDF տարբերակում -

http://www.hayary.org/wph/wp-content/uploads/18-496.pdf  - 6-րդ էջ) 

Նկարում տարիներ առաջ երեւանյան սուպերմարկետներից մեկից գնված թուրքական լոլիկի միջուկ է

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։