«Որոշ մարդիկ ակտիվ բողոքի ակցիաներ էին անում, երբ վերակառուցվում էր «Վերնիսաժ»-ը: Ընդամենը ամիսներ անց, այսօր այդ տարածքը դարձել է գեղեցիկ, ժամանակակից, բարեկարգ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան շինություն ու վայր, որը դարձել է ոչ միայն երեւանցիների, այլ նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ եւ զբոսնում են, եւ ծանոթանում Հայաստանի մշակութային առանձնահատկություններին, պատմությանը եւ այլն: Վստահ եմ, որ երբ քաղաքապետարանի մերձակա այգին (Երեւանի 2800-ամյակին նվիրված,- խմբ.) կառուցի եւ հանձնվի մեզ՝ դա առավելեւս դառնալու է մեր ամենասիրելի զբոսայգին եւ պուրակը, կասկած չունեմ»,-գրում է ֆ/բ օգտատեր Սմբատ Ղահրամանյանը ճիշտ այն օրը, երբ ցուցարարները մտել էին քաղաքապետարանի շենք՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Մի առիթով նշել ենք, որ ընդհանրապես մեր երկրում ցուցարարների խմբեր կան, որոնց որեւէ տեղ հայտնվելը հակառակ «արդյունքն» է ունենում: Գոնե մեզ համար: Ու ասում են՝ մենք ժողովուրդն ենք:
Եթե մազերի հետ խաղացող նվնվան ձայնով ու հետույքը տեսախցիկների առաջ ցցող այդ տղան ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե սիրունատես աղջիկը բերանն այնպես է բացում, որ բացվածքը գերազանցում է նրա գլխի երկարությունն ու լայնությունը, ու նա ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե մեր երկրի անխտիր բոլոր խնդիրներից «գլուխ հանող» հասարակական կազմակերպությունները ժողովուրդն են, բա մե՞նք ով ենք:
Եթե անտեսենք այն հանգամանքը, որ ինչպես ասում է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանը, «շարունակական հեղափոխության» տրամաբանությունը կարող է անդառնալի վատ ազդեցություն ունենալ ՏԻ համակարգի վրա (պատճառներին ու հետեւանքներին նախորդ թողարկումում անդրադարձել ենք), ապա մի հարց պիտի տամ ցուցարարների որոշակի խմբերի: Եվ հարցս տալիս եմ ամենայն լրջությամբ ու առանց հեգնանքի: Սեփական բերանը կեղտոտողն ու սեփական անձը ամեն ինչից վեր դասողը կարո՞ղ է մտածել իր բակի, Երեւանի, երկրի մաքրության ու երկրի մասին: Ոչ: Հաստա՛տ ոչ: Իրեն ժողովուրդ ու դիմացինին ժողովրդի թշնամի համարողը կարո՞ղ է մտածել նույն ժողովրդի բարեկեցության մասին: Ո՛չ: Անկասկա՛ծ ոչ:
Չենք ուզում քննարկել՝ այգին լավն է, լավը չէ, քանզի այգին դեռ պատրաստ չէ, իսկ մենք էլ ոչ գծագրից, ոչ էլ նախագծից գլուխ չենք հանում: Հասարակական կազմակերպություն չենք, որ համ ճարտարապետ լինենք, համ բնապահպան, համ մաթեմատիկոս, համ աստղագետ… Բայց երբ ինչ-որ պահանջ ենք ձեւակերպում, փորձում ենք դա անել գրագետ, հավասարակշռված, առանց մեզ ու դիմացինին վիրավորելու, առանց դիմացինին մեր ատամնաշարն ու ստամոքսի պարունակությունը ցուցադրելու, նախապես ոլորտի օրենսդրությունն ուսումնասիրելով:
Հա, մի հարց էլ ուզում ենք մեր նոր ձեւավորված կառավարությանն ու նրա ղեկավարին ուղղել: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում, Երեւանում ապրում է ժողովրդի մի հատված, ընդ որում մեծածավալ, որ որեւէ կուսակցության չի հարում, որեւէ քաղաքական խաղի չի խառնվում, ապրում է սովորական քաղաքացու կյանքով՝ մի օր լավ, մի օր վատ, պարտաճանաչ վճարում է հարկերը, բայց չի կարողանում հանգիստ քնել, որովհետեւ Երեւանում խառնակ վիճակ է: Մի օր այս փողոցն է փակ, մի օր այն, մի օր մի խմբի շահ է, մեկ այլ օր՝ մյուսի: Ու ոչ մի բանի չի խառնվում, ոչ թե որովհետեւ խելքը չի հասնում, այլ որովհետեւ իր ու բոլորի՝ մեր երկրի զարգացման մասին տեսլականներն են տարբեր: Ժողովրդի ա՛յս հատվածի իրավունքնե՞րը երբ եք պաշտպանելու: Դու՛ք, հենց նոր ձեւավորված իշխանությունը:
Այլապես Երեւանը վերածել եք թատրոնի, որտեղ միակ հանդիսատեսը ժողովրդի ա՛յս հատվածն է ու նա դեռ միայն մենախոսություն է դիտում, վերնագիրը՝ խառնակություն:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



