Մնում է, որ ուղիղ եթերներից հետո ծռմռված չաշխատեն – Համացանցային Հայաստան (՞՞՞…)՝ վարչապետը շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ… Արդի հայերենով՝ խնդրվում է սիրել եւ ընդունել.- նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ…

Մնում է, որ ուղիղ եթերներից հետո աշխատեն

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջեւ: Ուստի նա, արդեն որպես վարչապետ, շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ…

Նորընտիր վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում պետք է իրականացվեն բարեփոխումներ տարբեր ոլորտներում:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին կարեւոր խորհրդակցությունը, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետեւ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:

«Մեր աշխատանքի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը պետք է լինի հետեւյալը՝ մեր կոչումը եւ խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում պետք է կարողանալ արձանագրել լուրջ արդյունքներ: Այս կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ:

«Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձեւավորել եւ որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ եւ որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաեւ ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու եւ դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:  

Նա կրկին նշել է, որ առաջիկայում կառավարությունը պետք է իրականացնի անհրաժեշտ բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում եւ այդ առումով նույնպես կարեւորել հանրության աջակցությունը: Վարչապետիի խոսքով՝ հանրային աջակցությունն այն հիմնական գործոնն է, որի վրա պետք է հենվի այս կառավարության գործունեությունը:

«Մեր կառավարության հետ լրջագույն հույսեր են կապվում եւ մեր կարեւորագույն խնդիրն է՝ արդարացնել ՀՀ քաղաքացիների հույսերը: Սա ենթադրում է նոր ոճ, նոր մոտեցում, նոր փիլիսոփայություն, նոր մշակույթ: Էական չէ, թե ինչ է մինչ այս Հայաստանի Հանրապետությունում նշանակել լինել նախարար կամ փոխվարչապետ, հիմա դա պետք է նշանակի բոլորովին այլ բան, էական չէ՝ ինչ է մինչ այս պահը նշանակել ՀՀ վարչապետ, ես հույս ունեմ, որ դա մայիսի 8-ից նշանակում է բոլորովին նոր բան»,- ասել է նորընտիր վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նորանշանակ նախարարներին ասել է, թե այսպիսով ձեւավորվել է համաձայնության կառավարություն, որի կազմում ընդգրկված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց կառավարությունը պետք է գործի որպես թիմ, հակառակ դեպքում՝ չեն կարող գործել արդյունավետ: «Եվ ես ինձ համարում եմ երաշխավոր, որ կառավարությունն այդպես էլ կգործի: Հույս ունեմ, որ այստեղ ունենք լիարժեք եւ փոխադարձ ըմբռնում»,- ասել է պետության ղեկավարըը:

Գործադիրն առաջիկա կարեւոր խնդիրներից է համարել կառավարության ծրագրի մշակումն  ու ներկայացումն Ազգային ժողովին: «Խնդրում եմ, որպեսզի յուրաքանչյուր նախարար իր ոլորտի ուղղությամբ ժամ առաջ սկսի կառավարության ծրագրի մշակման աշխատանքները:

«Իհարկե, այդ ծրագիրը պետք է լինի լավատեսական, արտահայտի այն բոլոր հույսերը, որոնք ՀՀ քաղաքացիները կապում են կառավարության գործունեության հետ: Մենք պետք է հավաքենք մեր բոլոր ուժերը եւ անցնենք աշխատանքի»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կառավարության հետագա գործունեությանը, միջնաժամկետ ծախսային ծրագրին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող այլ հարցերի:

Արդի հայերենով՝ խնդրվում է սիրել եւ ընդունել.-

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ.

Արարատ Միրզոյան՝ առաջին փոխվարչապետ,

Մհեր Գրիգորյան՝ փոխվարչապետ,

Տիգրան Ավինյան փոխվարչապետ,

Մանե Թանդիլյան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար,

Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար,

Արտակ Զեյնալյան՝ ՀՀ արդարադատության նախարար,

Հրաչյա Ռոստոմյան՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար,

Զոհրաբ Մնացականյան՝ ՀՀ ԱԳ նախարար,

Էրիկ Գրիգորյան՝ ՀՀ բնապահպանության նախարար,

Արթուր Խաչատրյան՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար,

Արթուր Գրիգորյան՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար,

Արայիկ Հարությունյան՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար,

Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար,

Դավիթ Տոնոյան՝ ՀՀ պաշտպանության նախարար,

Լեւոն Վահրադյան՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար,

Մխիթար Հայրապետյան՝ ՀՀ սփյուռքի նախարար,

Սուրեն Պապիկյան՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար,

Արծվիկ Մինասյան՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար,

Աշոտ Հակոբյան՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,

Ատոմ Ջանջուղազյան՝ ՀՀ ֆինանսների նախարար։

Վարդան Անանյան՝ Պետական եկամուտների կոմիտե:

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։