Սկսվել է Նիկոլ Փաշինյանի որսը – Այս հարցը ոչ միայն արցախյան խնդրին է առնչվում, այլեւ՝ Հայաստանում ընթացող փոփոխություններին՝ ի վերջո նկատելի է, որ ամբոխահաճ վարչապետը այս փողոցային կառավարման գործելաոճով կտապալվի – Արտահերթ ընտությունները հնարավորություն կբացեն բոլորի համար… / Պետության համար վտանգավոր իրավիճակ – Այլեւս կաշխատի բումերանգի հարվածի օրենքը…

Սկսվել է Նիկոլ Փաշինյանի որսը

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ է հանդես գալիս ներքաղաքական կյանքի փոփոխությունների վերաբերյալ, անգամ իր երբեմնի դաշնակից, ավելի շուտ՝ նախկինում իր թիմում քաղաքականությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց երկրի վարչապետ, այսինքն՝ ղեկավար ընտրվելու կապակցությամբ:. Սակայն վերջերս արձագանքեց Նիկոլ Փաշինյանի եւ արդեն պաշտոնաթող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեսակետներին՝ արցախյան խնդրին առնչվող:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախկին նախագահը զգույշ էր արտահայտվում արցախյան հարցում, անգամ սատարեց այնպիսի տեսակետի, որը դեմ է իր «պատերազմ, թե խաղաղություն» մոտեցմանը, սակայն երկրի համար վտանգավոր այդ ժամին կիսեց ընդհանուրի կարծիքը եւ արտաքին աշխարհի համար ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տեսակետները համընկնող էին, ինչը վստահաբար սաստիչ ազդեցություն ունեցավ ադրբեջանա-արցախյան սահմաններին կուտակվող ադրբեջանական զինուժին զսպելու համար…

Իսկ վերջերս, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Վիգեն Սարգսյանի արցախյան խնդրի լուծման հրապարակային բանավեճին, պաշտպանեց այն տեսակետը, որն արտահայտել էր ներկայիս վարչապետը:

Հակաճառելով Հայաստանի՝ Արցախյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտոնաթող նախարարն ասել էր հետեւյալը. «3 օր առաջ, ՀՀ վարչապետը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միեւնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ: Վերջապես (վարչապետի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաեւ բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսեւորումներ» (Aravot.am):  

«Նիկոլ Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա հավելել,- Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ավելի հստակ‘ ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի՝ 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Շարունակելով միտքը, ՀՀ 1-ին նախագահը նշում է, թե այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, «Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն՝ ագրեսոր»: Եվ Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եթե Հայաստանի պաշտպանության նախարարը չի հասկացել այս տարրական իրողությունների տարբերությունը, ապա հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից:

Կարծում ենք այս հարցը ոչ միայն արցախյան խնդրին է առնչվում, այլեւ՝ Հայաստանում ընթացող փոփոխություններին: Ի վերջո նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանը այս փողոցային կառավարման գործելաոճով կտապալի իր կառավարության աշխատանքները եւ նախկին իշխանավորները, որ պարտադիր ընդդիմության են վերածվում, արդեն պատրաստվում են որսի՝ Նիկոլ Փաշինյանի որսալու՝ իրենցով անելու… Հակառակ դեպքում գոնե կպարտադրեն արտահերթ ընտրություններ եւ կփորձեն վերադառնալ…

«Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի եւ իր գլխավորած ՀԱԿ-ի՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ»,- պատասխանել է Վիգեն Սարգսյանը:

Նա կարեւորել եւ կարեւորում է արտաքին քաղաքական մոտեցումների շուրջ արհեստավարժ թիմ ձեւավորելու խնդիրը՝ անհատական մոտեցումները որպես երկրի կարծիք ներկայացնելը բացառելու նպատակով: Իսկ Հայաստանի՝ «պատերազմի կողմ» լինել-չլինելու հանգամանքն առաջ մղելուն զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է նաեւ հակամարտությունը ներկայացնել որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ:

«Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես՝ դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի… Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»:

ՀՀ 1-ին նախագահը չդիմանալով գայթակղությանը, այս հարցում կրկին մեղադրել է ՀՀ 2-րդ նախագահին: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե թեմայից դուրս, թերեւս, արժե հիշեցնել, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը:

Այս օրերին Արցախ այցելությունից վերադարձած Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին հանդիպելով «Լուսանցք»-ի խմբագրատանը, խնդրեցինք իր տեսակետը հայտնել նախկին նախագահի տեսակետների մասին:

Նա եւս նշեց ՀՀ 1-ին նախագահի պետականամետ պահվածքը Արցախի հարցում, երբ իշխանափոխություն էր տեղի ունենում, եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հերթով ընդունեցին եւ միահամուռ (անգամ որոշակիորեն դեմ գնալով իր տեսակետին) սատարեցին ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահները:

Հայ արիների առաջնորդը սա կարեւորագույն դրվագ համարեց ինչպես, այսպես կոչված «նոր Հայաստանի», այնպես էլ կտրուկ իրավիճակում հայտնված արցախյան խնդրի պատմության մեջ: Այժմ վերոնշյալ կտրուկ պահը վերացել է եւ յուրաքանչյուրչն իրավունք ունի կրկին պնդել իր տեսակետը կամ հայտնել կարծիքը Արցախի հարցի կարգավորման մասին: Եվ սա միայն նախագահներին չի վերաբերում:

«Միջազգային իրավունքի առումով, Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ է շարադրում իր տեսակետը: Իրավական բանավեճը անիմաստ է: Սակայն Արցախի խնդիրը եղել ու մնում է առավելապես ռազմա-քաղաքական խնդիր: Այլապես, ըստ իրավական սկզբունքների Արցախը վաղուց պիտի անկախ երկիր ճանաչվեր, անգամ կարող էր միջազգայնորեն հաստատվել Հայաստանին վերամիավորվելու որոշումը: Չեմ կարծում Լեւոն Տեր-Պետրոսյանը այս ամենը չգիտի: Բայց ՀՀՇ-ն դեռ իր ձիու վրա գտնվելու տարիներին հայտարարում էր, թե Արցախի հարցը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ուստի պետք է լուծվի, թեկուզ որոշակի զիջումներով… Սա ասվում էր ոչ միայն Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, այլ նաեւ՝ Անկարայի»,- նշել է Արմեն Ավետիսյանը: Ըստ նրա, ՀՀՇ-ից ՀԱԿ անցումը ոչ մի բան չի փոխել այս պատկերացումներում, ուստի նախկին իշխանության ղեկավարի նման մոտեցումը Վիգեն Սարգսյանի հայտարարությանը՝ հասկանալի է:

Հայ արիների ղեկավարը նաեւ ընդգծեց, որ ՀՀՇ-ի նախկին եւ ՀԱԿ-ի ներկայիս առաջնորդը լավ գիտի, որ միջազգային այդ սկզբունքները հենց իրենք են խճճում հարցը: Այսօր «Մադրիդյան սկզբունքները» ասում են, որ Արցախի հարցը լուծելիս պիտի մի շարք այլ սկզբունքներ հետ պաշտպանվեն նաեւ սահմանների անձեռնմխելիության ու ազգերի ինքնորոշման իրավունքները: Ծիծաղելի է, որ երբ Արցախի հայությունը պնդում է, որ անկախության հանրաքվե է իրականացրել ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ միջազգային օրենքներով եւ ցանկանում է անկախանալ, հայտնվում է արհեստածին Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության իրավունքը եւ, ստացվում է, արցախյան ինքնորոշումը հայտնվում է օդի մեջ…

Իսկ իրականում Արցախը ԽՍՀՄ կազմում ավելի շուտ է անկախացել, բոլոր առկա օրենքներին համապատասխան. նույնը՝ Հայաստանի հետ վերամիավորման հարցին է վերաբերում, քան Ադրբեջանը պետություն է դարձել՝ ԽՍՀՄ փլուզումից հետո: Այս ամենը այդպես էլ «չնկատեցին» ՀՀ 1-ին նախագահն ու նրե թիմակիցները: «Այսօր էլ վստահ եմ, որեւէ զիջումից հետո Ադրբեջանը չի ճանաչելու Արցախի իրավուքները, ավելի լպիրշ է դառնալու Բաքվի հռետորաբանությունը: Կամ է, եթե ճանաչի, մեկ շաբաթ անց կչեղարկի այն, ինչ-ինչ զավեշտալի մեկնաբանությամբ… Նախկին իշխանության երազած՝ «Զիջենք տարածքները՝ զարգացնենք Հայաստանը» կարգախոսը վերածվելու էր դավադրության կարգախոսի… Եվ նրանց բախտից է, որ 1998-ին իշխանափոխություն եղավ:

«Եվ այստեղ համաձայն չեմ, որ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Արցախի խնդրի կարգավորման խաթարող: Կարծիքս նշեցի վերեւում: Իհարկե լավ կլիներ, որ արցախյան կողմը շարունակեր մնալ բանակցող կողմ, բայց Ադրբեջանն այլեւս հարձակումներ էր գործում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի վրա: Իրականում հարցը արցախյան խնդրից վերածվել էր հայ-ադրբեջանականի (մեր դեպքում համահայկական խնդրի, քանզի սփյուռքի հայությունը եւս անմասն չի մնում Արցախը պաշտպանելու հարցում): Եթե «Լաչինի միջանցք»-ին զուգահեռ առաջարկվում էր «Մեղրիի միջանցք», ապա ո՞ր հայկական հանրապետությանն էր առնչվում խնդիրը…

Եվ այստեղ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի: Ես համաձայն չեմ եղել նրա որոշ մոտեցումներին Արցախի խնդրի կարգավորման հարցում, բայց դա այլ թեմա է:

Իսկ թե ՀՀ 1-ին նախագահն ինչու է ասել, որ «հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է Վիգեն Սարգսյանից, ով իրեն Ազգ-Բանակի հայր էր հռչակել…», «պարզապես այլ հուշեր եմ զգում, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ներում իր երազանքը խաթարած կամավորական այն ուժերին, որոնք Նժդեհյան Ցեղակրոն ուսմունքը որպես բանակային գաղափարախոսություն որդեգրած, գնում են Ազգ-բանակի ձեւավորմանը: Ես եղել եմ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) հազարապետ, ռազմական խորհրդի անդամ, որ գործում էր ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի գլխավորությումբ, նաեւ գաղափարա-քաղաքական բաժնի պատասխանատուներից մեկը՝ ՀԱԲ-ի կոմիսար Վարդան Վարդանյանի հետ, ուստի լավ գիտեմ, թե Ազգ-բանակի ծրագիրը ինչպես էր հունից հանել ՀՀՇ-ականներին, երբ շուրջ 100-հազարանոց կամավորական բանակը հրաժարվեց ենթարկվել ՀՀՇ-ի իշխանությանը՝ պահանջելով բազմակուսակցական խորհրդարանի ձեւավորում…»,- հայտնեց հայ արիների առաջնորդը…

Նա նշեց նաեւ, որ Վիգեն Սարգսյանը իրեն երբեք «Ազգ-բանակի գաղափարական հայր» չի համարել եւ ինքը անձամբ է ճանաչում պաշտոնաթող պաշտպանության նախարարին, ով երբեք վերամբարձ մտքեր չի ունեցել եւ զինվորական չլինելով լուրջ բարեփոխումներ արեց մեր բանակում, հատկապես իրավական առումներով: Ինչ մնում է Ազգ-բանակ ծրագրին, ապա դա նպատակ է եղել ու կա ո՛չ միայն հայ ազգի համար, դեռ 1800-ականներին կար նման գաղափար եվրոպական երկրներում, իսկ աշխարհի ամենազարգացած երկներից մեկը՝ Շվեյցարիան վաղուց անցել է Համաժողովրդական բանակ կարգավիճակին եւ շատ վստահ է իր երկրի պաշտպանության հարցում: Սա էլ իր կառուցվածքն ունի:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ցինիզմի աստիճանը ապշեցնող է. նա կրկին մեղադրում է 2-րդ նախագահին մի բանի համար, որ ինքն է կատարել»,- արձագանքում են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական գրասենյակից՝ ընդգծելով, որ 1-ին նախագահը իր հայտարարության վերջում նորից կրկնել է իր ավանդական կեղծիքներից մեկն այն մասին, թե իբր Ռոբերտ Քոչարյանի սխալի հետեւանքով ԼՂՀ-ն ժամանակին դուրս է մնացել բանակցությունների սեղանից:

Պատմական փաստերն ապացուցում են, որ ԼՂՀ ներկայացուցիչները դադարել են մասնակցել բանակցային գործընթացին Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելուց առնվազն 1 տարի առաջ: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին՝ սկսած 1990թ.-ից` Մինսկի գործընթացին զուգահեռ: Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցել է եւ Այազ Մութալիբովի, եւ Աբուլֆազ Էլչիբեյի, եւ Հեյդար Ալիեւի հետ: Ավելին. միեւնույն ժամանակ հաճախակի հանդիպումներ էին կազմակերպվում երկու նախագահների ներկայացուցիչների` Ժ. Լիպարիտյանի եւ Վ. Գուլուզադեի միջեւ (1995-96թթ. տեղի է ունեցել 11 այդպիսի հանդիպում):

Ասվածը հերթական փաստացի ապացուցելու համար մեջբերենք մի հաղորդագրություն, որ տպագրվել է «Հայք» թերթի 1997թ. հունվարի 25-ի համարում: «Հայաստանն այլեւս չի բանակցի Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցի շուրջ՝ առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ելույթ ունենալով Լոնդոնում անցկացվող «Անդրկովկասի հեռանկարները» խորհրդաժողովում: Նա հայտնեց, որ այդ որոշումը Հայաստանը կայացրել է այն պատճառով, որ, ինչպես ցույց տվեց Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովը, Ադրբեջանը ձգտում է օգտագործել երկկողմանի հանդիպումները ղարաբաղյան կողմին բանակցություններից աստիճանաբար դուրս մղելու նպատակով: Նրա խոսքերով, ժամանակին Հայաստանը ընդառաջեց եւ ընդունեց Ադրբեջանի առաջարկությունը՝ անցկացնել երկկողմ բանակցություններ, որպեսզի փորձի դյուրացնել բանակցությունների ընթացքը»…

Արամ Ավետյան

Պետության համար վտանգավոր իրավիճակ – Այլեւս կաշխատի բումերանգի հարվածի օրենքը

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրսյանը իր հոդվածում մտահոգվել է, թե ցանկացած հեղափոխության համար ամենակարեւոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ, հաղթանակից ոգեւորված, միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսեւորել եւ փորձում նույն հեղափոխական մեթոդներով լուծել տարիներով կուտակված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ: Ահա այս երեւույթն է, որի ականատեսն ենք այսօր մեր երկրում: Տեղի են ունենում ցույցեր, իրենց պահանջներում միանգամայն արդարացի, բայց հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող… Արարատի ցեմենտի եւ ոսկու գործարանների, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Նաիրիտի» աշխատակիցների, կաթի արտադրությամբ զբաղվողների, տաքսիստների, ավտոներկրողների, «Սասնա ծռերի» կողմնակիցների, բարձրագույն ուսումնական հաստատություններում ծագած խնդիրներով շահագրգիռ անձանց, ինչպես նաև դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների գործունեությունից դժգոհ քաղաքացիների, Սեւանում եկեղեցական ամառանոցի հողերի պատկանելության դեմ բողոքողների, զինկոմիսարիատի ծառայողների, եւ այլն:

…Այսօր վախերը վերացել են, եւ մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել այլեւս, բայց ոչ կուռ վերահսկվող իրավիճակում, ակամա գործելով արդեն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության…

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։