ԵԱՏՄ-ն տեսա՞վ «Նոր Հայաստանը» – Նոր վարչապետը չասեց ոչ մի նոր բան, ավելին՝ ոչ մի բան չասեց… Ներքին դիմազրկման ընթացքը… / Արտաքին դիմազրկման մեկնարկը / Ինչպեսեւ՝ եզրակացություն… / – Բայց արդյո՞ք դա այդպես է, իհարկե ո՛չ՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկան վաղուց կասկածի տակ է դրել դրա ապագան…

Ներքին դիմազրկման ընթացքը

«Լուսանցք»-ն ի սկզբանե գրել է, որ ժողովրդական այն ալիքը, որի վրա Նիկոլ Փաշինյանը շարժվում է առաջ, որեւէ կապ չունի նրա մտավոր, հոգեւոր եւ նյութական արժեքների հետ: Այն առավելապես նկատվում էր որպես հակաիշխանական պայքարի ալիք, որի մասնակիցները պատրաստ էին գնալ յուրաքանչյուրի հետեւից, ով մտադիր էր տապալել 25-30 տարի Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը տիրապետող ուժերի բուրգը…

Դա այնքան ակնհայտ էր, որ ցայսօր Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել ժողովրդական զանգվածների աջակցությունը եւ պատրաստակամությունը՝ վերստին ելնելու փողոց: Ամենօրյա վարչապետական ուղիղ եթերները դրա ապացույցն են: Որ պահին ժողովրդին չհետաքրքրեց նոր իշխանության ուղիղ եթերները, Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական, որովհետեւ նա իսկապես մենակ է հսկա պետական կառույցի հնաբնակների դիմաց:

Նոր կառավարությունը, հետագա նոր նշանակումները ոչինչ չեն փոխելու, եթե ժողովուրդը անցավ իր առօրյա հոգսերին եւ բոլորի աչքին ամենակարող Նիկոլ Փաշինյանն էլ չհասցրեց կամ չկարողացավ առաջնային փոփոխություններով հասնել որոշակի բարելավման: Իսկ ժողովրդի սպասումները ավելին են, քան ժողովրդի ալիքի վրա տեղավորված վարչապետը պատկերացնում է:

«Լուսանցք»-ն ի սկզբանե նաեւ հայտնել էր, որ այս իշխանափոխությունը, ինչքան էլ այն հեղափոխություն հայտարարվի, միեւնույնն է՝ հեղաշրջում է բառի բուն իմաստով, երբ իշխող ուժը հրաժարական է տալիս ճնշումների ներքո… Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կարող էր իշխանական փոփոխություն սահմանել, եթե Նիկոլ Փաշինյանը սեփական մարդկային ու մասնագիտական պաշարներն ունենար եւ կառավարության կազմը, նաեւ մարզերում կարեւորագույն օղակները փոխեր ամբողջապես:  

Նշեցինք մարդկային եւ մասնագիտական, քանի որ արդեն հասկանալի է, որ քանակական եւ որակական առումներով լորջ խնդիրներ ունի Նիկոլ Փաշինյանը: Նրա առաջարկը մերժեցին ՀՀԿ-ականները եւ հեռացան իրենց պաշտոններից, իսկ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկները մասնագիտական առումով, քաղաքականապես ձեռնտու չէին ներկա վարչապետին, ով դեռ հողը ամուր չի զգում ոտքերի տակ: Եթե ՀՀԿ-ականները միառժամանակ գոնե հանգիստ շարունակեին աշխատել, քանի դեռ վարչապետա-ժողովրդական ուղիղ եթերները կան, ապա ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի կադրերը հետզետե կշրջափակեին վարչապետին… Հատկապես վերջինս դա ամեն գնով կաներ, քանի որ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, իր 15 եւ ընկերների 50 միլիարդ դրամի ներդրումների մասին, եթե ինքը դառնա վարչապետ…

Վստահ չենք, որ ամերիկյան, եվրոպական կամ ռուսաստանյան հայ գործարար շրջանակները անմիջապես նետվելու են ներդրումներ կատարելու, ինչի ականատեսն ենք տարիներ շարունակ: Այո, դրա համար եղել են նաեւ մեզ բոլորիս հայտնի պատճառները, սակայն մեզ հայտնի է նաեւ, որ արտերկրի հայ գործարարները առավելապես իրենց շահույթները փորձում են ստանալ այլ երկրներում, քանզի Հայաստանի բնակչության ֆինանսական կարողությունները ավելի քիչ են: Եվ ավելի քիչ են այդ ներդրողների հայրենասիրական մղումները, որոնք հանրահավաքներից (որտեղ ինչ-որ դրամական պարգեւոտրումներ են խոստանում եւ մոռանում, ինչը իրականում պիտի չհաջողված առուծախ կոչել ամենավատ իմաստով…) եւ շոու-հաղորդումներից այն կողմ գրեթե չեն անցնում, ինչպես Հայաստանում ոմանց հայրենասիրությունն ավարտվում է սեղանի շուրջ ասված հերթական կենացից հետո…

Այսօր Նիկոլ Փաշինյանը հնարավորինս փորձել է «սեփական կառավարությունը» ձեւավորել, ինչ-որ ձեւով բավարարելով նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պահանջները, սակայն այն պատանեական կառավարությունը, որին ապավինելու է Նիկոլ Փաշինյանը, առաջիկայում հաստատ չի կարողանալու ապահովել ժողովրդական նվազագույն պահանջներն անգամ, ինչը հղի է անսպասելի հետեւանքներով…

«Լուսանցք»-ը ոչ բռնության, այլ սիրո եւ բարության հեղափոխություն հռչակված ժամանակների առաջին օրերի արձագանքներում արդեն իսկ հարց բարձրացրեց, թե «Հիմա ու՞մ է զիջելու ՀՀ 3-րդ նախագահը» հոդվածով: Ակնհայտ էր, որ ոչ ԲՀԿ-ն ոչ էլ ՀՅԴ-ն պարզապես չեն գնալու իշխանափոխության հանուն … իշխանափոխության: Ուստի սկսելու է վարչապետի աթոռակռիվը որոշ ժամանակ անց, ինչը ՀՀ 1-ին եւ 2-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին մղելու է նոր մրցակցության:

Հայտնի է, որ ՀԱԿ-ը ՀՀ 1-ին նախագահի, իսկ ԲՀԿ-ն ՀՀ 2-րդ նախագահի քաղաքական հենարաններն են, անգամ եթե վերջինիս դեպքում Գագիկ Ծառուկյանը փորձի խաղեր տալ (կրկին կհայտնվի «դոդի Գագո» կիսաքաղաքական կարգավիճակում, ինչպես Սերժ Սարգսյանը դա կիրառեց…): ՀՅԴ-ն էլ կարող է միանալ Ռոբերտ Քոչարյանի առաջ քաշած ծրագրին: Եվ եթե այս ուժերը ընդդիմանան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրերի իրականացմանը, ապա նրան կմնա կամ հրաժարական տալ, որպեսզի ավելի խայտառակ չհեռանա իշխանության իր բարձունքից, կամ էլ պիտի հայտարարի արտահերթ ընտրությունների մասին, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անգամ «Ելք» դաշինքը (որի միայն անունն է թերեւս մնացել) չեն կարող լրջորեն ընդդիմանալ նախկին նախագահների թիմային պայքարին (որին կարող է միանալ նաեւ Սերժ Սարգսյանն իր նոր թիմով կամ թարմացված ՀՀԿ-ով):

Նիկոլ Փաշինյանն անգամ այսօր լիովին չի վստահում «Ելք»-ի իր դաշնակից կուսակցություններին, որոնք միայն պայքարի վերջին փուլում, երբ արդեն Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց եւ Նիկոլ Փաշինյանը եկավ ԱԺ, միացան իրեն… Այնպես որ արտահերթ ընտրությունները նաեւ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ, նա չի էլ շտապում, ասում է, թե այս տարվա մեջ երեւի թե կլուծվի այդ հարցը… Նշում է, թե «արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունավետ ձեւեր թերեւս կգտնվեն»…

 Ինչպես ասում են, այժմ էլ ՀՀԿ-ի հերթն է առաջնորդվել «որքան վատ, այնքան լավ» կարգախոսով: Շատերն արդեն հրահանգներ են տվել իրենց նախկին ենթականերին ու մտերիմներին, թե ինչ պետք է անել… Նախապես ասենք, որ հերքում է եղել, բայց վստահ ենք, որ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը կոչ է արել իր ղեկավարած հաստատության աշխատակիցներին իր օրինակով աշխատանքից ազատման դիմումներ գրել: Այդպես արել են բոլորը, որոնք նաեւ վստահությոմբ ասել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ շուտով ձախողվելու է, եւ իրենք 2-3 ամսից վերադառնալու են իրենց առօրյա աշխատանքին…

Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վարչապետի ընտրությունից առաջ իր ելույթում հայտարարեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին կտան 10 +1 ձայն: Նա դրանով հասկացրեց, որ իրենք են որոշել, թե ովքեր պետք է քվեարկեն իրենց հակառակորդի օգտին: Առանձնացրել են այն 10 պատգամավորներին, ովքեր կուսակցության որոշմամբ կողմ են քվեարկելու: Գումարած 1-ը՝ մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած Ֆելիքս Ցոլակյանն է, ով թեեւ ՀՀԿ խմբակցությունից է, բայց կողմ է քվեարկում առանց կուսակցության որոշման: ՀՀԿ-ից նորընտիր վարչապետը ստացավ 13 ձայն, ինչը նշանակում է, որ եւս 2 ՀՀԿ-ական կողմ են քվեարկել իրենց նախաձեռնությամբ: Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք կողմ կքվեարկեն նաեւ կառավարության ծրագրին, եւ կաջակցեն այդ կառավարության գործունեությանը, եթե այն համապատասխանի իրենց տեսակետներին:

Շատ պարզ է, ՀՀԿ-ում հասկանում են, որ իրենք միավորված են ընդհանուր շահով, որը գործող խորհրդարանը պահպանելն է եւ նրանք կառավարությանը հնարավորություն են տալիս ինքնուրույն տապալվելու համար, ինչը նաեւ նորերին գցելու է այն նույն ժողովրդի աչքից, որը նրանց բերել է իշխանության: Ծանոթ տեսարան է:

ՀՀԿ-ականների համար պարզ է նաեւ, որ նոր ընտրությունների դեպքում իրենցից շատերը պատգամավոր ընտրվելու ոչ մի հեռանկար չունեն, չի բացառվում նաեւ, որ խորհրդարանական մեծամասնություն չձեւավորեն… Դրա համար պիտի համախմբված լինեն, որպեսզի թույլ չտան այս խորհրդարանի լուծարումը: Իսկ դա հնարավոր չի լինի, եթե ՀՀԿ խմբակցությունը իսկապես պահպանի իր միասնականությունը, միասնաբար հաստատեն կառավարության ծրագիրը, կառավարությանն աջակցեն այնքան, մինչեւ զգան խորհրդարանական մեծամասնությամբ վարչապետին անվստահություն հայտնելու պահը…

Չնայած Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ կառավարության երիտասարդ կազմով կհասնեն հաջողության, քանի որ իրենք նոր էջ են սկսում: Նրա կարծիքով, կառավարության կազմը բալանսավորված է: Իսկ անփորձները անփորձ են նախարար լինելու մեջ եւ ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է:

Այստեղ է, որ ՀՀԿ-ի հաշվարկով՝ արդեն 1 տարի հետո, եթե ոչ ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանը այլեւս չի ունենա փողոցի աջակցությունը, ուղիղ եթերների անհրաժեշտությունը եւ նրան հեռացնելը դժվար չի լինի: Կամ էլ՝ նոր կառավարության ձախողումից հետո, նույն փողոցը կպահանջի իրենց վերադարձը, ինչպես դա եղավ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը, ով բոլոր հնարավորություններն ուներ արյուն թափելով մնալ իշխանության վերեւում, հեռացավ անարյուն, հայտարարելով, որ դա իրենը չէ՝ չի կարող արյուն թափել: Չնայած անօրինական ցույցերը դրա իրավունքը որոշակիորեն տալիս էին… ՀՀԿ-ն կամ մի նոր կառույց կհայտարարի, որ ամեն ինչ սկսում է նոր էջից:

Ինչեւէ, ինչ մնում է երկրի երիտասարդությանը, ապա, իհարկե այն մեր ուժն է, բայց՝ ապագա ուժը: Ինչպես ասում են՝ երիտասարդությունը մեր ապագան է: Իսկ այդ ապագան առանց փորձառության կարող է լուրջ սխալներ ունենալ: Ինչպեսեւ ասում են, արարող ուժը նաեւ ավերող է, եթե ոչ ճիշտ ուղղությամբ է ընթանում:

Եվ այսպես, մեր երկրի ներքին հնարավոր փոփոխությունների մասին առավել հստակ կտեղեկանանք մոտ ապագայում, քանի դեռ կգործի վարչապետ-ժողովուրդ ուղիղ եթերը: Այլապես, այդ կապի խզման դեպքում անգամ մոտ ապագայի մասին խոսելն անհնար կդառնա, ինչպես վերը նշվեց: Պիտի ասել նաեւ, որ ամենօրյա ուղիղ եթերները. որ այսօր գոտեպնդում եւ հույս են տալիս վարչապետին, որ դեռ կարող է աշխատել առանց խոչընդոտների, վաղը կարող են հակառակ ազդեցությունն ունենալ … ամեն օր հնարավոր չէ նոր եւ լուրջ բաներ ասել, փոփոխությունների տանող օրինակներ բերել, ինչը վարչապետին կխանգարի երկարաժամկետ կարեւորագույն ծրագրերի իրականացման հարցում եւ ներքին ընդվզում կառաջացնի ամենօրյա հոգսերը չթեթեւացնելու, սպասումների առումով: Ժողովրդից չկտրվելու խնդիրը պետք է լուծել գոնե ամիսը մեկ կամ մի քանի ամիսը մեկ ուղիղ եթերների միջոցով, որպեսի ասելիքը որակյալ լինի, կրկնվող ամեն օրը թուլացնելու է առկա կապը: Բայց արդյո՞ք ներկա վարչապետը կարող է գործնական կյանքի անցնել եւ դուրս գալ «ժողովրդական մնալու» բարդույթից…

Արտաքին դիմազրկման մեկնարկը

Ինչ մնում է արտաքին հնարավոր փոփոխությունների մասին տեղեկանալու ընթացքին, դա արդեն տեսանելի դարձավ նորընտիր վարչապետի առաջին իսկ պատասխանատու արտաքին հանդիպումից անմիջապես հետո:

Մայիսի կեսերին Սոչիում կայացավ առաջին պաշտոնական հանդիպումը: Բայց մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այդ շրջանի հայ բնակչության հետ, ինչը ցույց տվեց, որ մեր նորընտիր վարչապետի մոտ առավելապես դեռ գործում է հանրահավաքային հռետորաբանությունը…

Բայց այլ բան է հանրահավաքայի տրամադրությունը, այլ բան՝ պաշտոնական բանակցությունը: Սոչիում կայացավ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ վերընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Ներկայացնենք կողմերի խոսքը ամբողջապես՝

«Հարգելի՛ վարչապետ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք ողջունել ու եւս մեկ անգամ շնորհավորել Հայաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հանդիպման սկզբում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր եւ դաշնակից, դա վերաբերում է եւ՛ տնտեսական փոխգործակցությանը, եւ՛ անվտանգության հարցերին: Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35%-ը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առեւտրաշրջանառության 25%-ի աճ, եւ առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38%: Սա շատ լավ դինամիկա է, եւ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլեւ բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում եւ հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, եւ՛ անվտանգության ոլորտում, եւ՛ տնտեսական զարգացման»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

«Վլադիմի՛ր Վլադիմիրի, շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ, քանի որ կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին, քննարկման ենթակա չէ: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսենսուս, եւ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը ոչ ոք երբեւէ չի դրել, եւ կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք եւ լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին եւ՛ քաղաքական, եւ՛ առեւտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում եւ այլ բնագավառներում: Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երեւանում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում եւ ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաեւ հայ հասարակության կողմից: Թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ անցած տոների կապակցությամբ, հետաքրքիր էր հետեւել Կարմիր հրապարակում անցկացված շքերթին: Մենք շատ տպավորված ենք այն ձեռքբերումներով, որոնք այժմ ունի ռուսական ռազմաադրյունաբերական համալիրը: Եվս մեկ անգամ շնորհակալություն այս հնարավորության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ելույթները դարակազմիկ չէին կարող լինել, հասկանալի է ընդունված կարգի արձանագրության նմուշներ են տվյալ հանդիպումներում հարգի, սակայն այստեղ եւս լինում են ելեւեջներ եւ կան: Կրեմլի պատասխանատուի խոսքին կանդրադառնանք միայն այն դրվագով, որում նա նշեց այն միջազգային ուղեգիծը, որում ցանկանում է տեսնել Հայաստանին, այն է՝ « Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում, սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը եւ Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, եւ՛ անվտանգության ոլորտում, եւ՛ տնտեսական զարգացման»:

Սա այն հարցն էր, որը շատ տեղին հասցեագրեց Վլադիմիր Պուտինը, որին էլ պիտի առանձնահատուկ արձագանքեր Նիկոլ Փաշինյանը: Բայց մինչ այդ արդեն թուլացավ «համաժողովրդական ընտրությամբ» Հայաստանի վարչապետի խոսքը, երբ Նիկոլ Փաշինյանը ժպտադեմ հայտնեց, թե «հաճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իմ ընտրվելուց մի քանի օր անց հնարավորություն ունեմ հանդիպելու Ձեզ հետ»… Իսկապե՞ս այդքան հաճելի էր: Ի՞նչ կարիք կար հաճոյախոսելու մի երկրի նախագահի, ով իր հետ խոսելու ընթացքում հազիվ մի քանի անգամ նայեց այդ ուղղությամբ, որի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը ժպտում էր, կարծես այդ պահը որսալով, որպեսզի փոխադարձ ժպիտ կորզի, ինչը թերեւս հաջողություն չունեցավ…

Եվ «Նոր Հայաստան» հռչակած Նիկոլ Փաշինյանը ի պատասխան խոսեց այնպես, ինչպես ավելի քան 25 տարի առաջ խոսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա Ռոբերտ Քոչարյանը եւ հետո էլ Սերժ Սարգսյանը… Եթե «Նոր Հայաստանը» 25-30 տարվա առաջվա Հայաստանն է լինելու, ապա շատ լուրջ հարցեր են ծագում…

Դառնալով ռազմա-քաղաքական վերոհիշյալ խնդրին, նշենք, որ բոլորը գիտեն, այդ թվում ռուսները, որ Նիկոլ Փաշինյանը առավելապես դուրս է տեսնում Հայաստանը ռուսական ռազմա-քաղաքական եւ տնտեսական շրջանակներից, որ նա միանշանակ դեմ է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամագրվելուն, եւ այսպես շարունակ… Ուստի, նախապես Հայաստանում հայտարարել, թե փոխվում են իրողությունները եւ դրա հետ նաեւ տեսակետները, առնվազն ծիծաղելի է հնչում:

Անգամ վերջին տարիներին, երբ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ իշխում է փոխլրացնող եւ համադրելի ուղեգիծը, Սերժ Սարգսյանն այդքան համաձայն հայացքով ու ելույթով աչքի չէր ընկնում… Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի ուղեգիծ պիտի նշեր, որ Հայաստանը, առավել եւս «Նոր Հայաստանը» մնալու է որպես համաշխարհային երեւույթներին համադրվող երկիր եւ ոչ՝ հակադրվող: Որ շարունակելու է ԵԱՏՄ եւ ԵՄ ուղղություններով աշխատել, որպեսզի տարածաշրջանում պահպանվի կայունության հայկական տարբերակը, որպեսզի ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ հարաբերություններում Հայաստանը լինի լիարժեք վստահելի կողմ՝ հնարավոր վայրիվերումների ընթացքում: Որ Հայաստանը շարունակելու է Վրաստանի ու Իրանի հետ վարել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա ձեւավորել տարածաշրջանային եռյակ՝ Եվրոպա-Ասիա կապը, ենթակառուցվածքները ավելի վստահելի ու գործուն դարձնելու համար: Որ Հայաստանը եղել եւ մնում է թյուրքական ծավալապաշտության դեմ պարիսպ, ինչը ոչ միայն տարածաշրջանը, այլեւ աշխարհը կփրկի ծավալապաշտական ախտից, եթե Արեւմուտքը, Ռուսաստանն ու Չինաստանը շարունակեն աջակցել հայկական պետությանը… Ի վերջո Արցախի հարցով պիտի հանդես գար Նիկոլ Փաշինյանը, ու կրկներ այն, ինչն ասել էր օրեր առաջ, որ Ստեփանակերտը պիտի վերադառնա բանակցային սեղանի շուրջ:

Ոչինչ չասվեց, ավելին՝ նշվեց հետեւյալը. «Կարծում եմ, որ կան քննարկվելիք հարցեր, բայց այն, ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային ու ռազմավարական հարաբերություններին քննարկման ենթակա չէ: Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուս, եւ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարեւորությունը ոչ ոք երբեւէ չի դրել, եւ կարծում եմ, չի դնի կասկածի տակ…»:

Բայց արդյո՞ք դա այդպես է: Իհարկե ո՛չ: Հայ-ռուսական հարաբերությունների ներկան վաղուց կասկածի տակ է դրել դրա ապագան: Իսկ ռազմա-տնտեսական զարգացմանը նպաստող Նիկոլ Փաշինյանը ինչու՞ չհիշեց Ադրբեջանին ռուսական զանգվածային ոչնչացման զենքի վաճառքը, որի մասին թմբկահարում էին ամեն օր, երբ ընդդիմություն էին եւ էլի բաներ…

Մի հետաքրքիր համեմատություն կար ներկա կառավարության ղեկավարի համար այդքան ընդունելի համացանցում: Այն վերնագրված է. «Նիկոլ Փաշինյանի ու ԵԱՏՄ մյուսների տարբերությունները»: «Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի ավանդական ելույթի ժամանակ, ով ամենայն լրջությամբ խոսում էր միության ձեռքբերումների եւ հետագա ինտեգրացիայի մասին, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի «հավերժ» նախագահները նստած էին նույնքան ավանդական՝ քարացած դեմքերով:

Տեսանյութն անգամ սկզբում լուսանկարի էր նման, բայց հետո տեսախցիկը շրջվեց հայկական պատվիրակության՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմը: Նիկոլ Փաշինյանը հանգիստ չէր կարողանում նստել, ժպտում էր՝ Վլադիմիր Պուտինի ասածի կամ էլ՝ Նուրսուլթան Նազարբաեւի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի խիստ հայացքների համապատկերին:

Նիկոլ Փաշինյանը երեւի շատ էր ուզում լայվ մտնել: Տիգրան Ավինյանը նույնպես չէր կարողանում հանգիստ նստել եւ սկսեց տանջել գրիչը, շուռումուռ գալ՝ իր վրա հրավիրելով խիստ աչքերի ուշադրությունը: Ի՞նչ էին մտածում սեղանի շուրջ նստած եվրասիական իշխանները: Այն, որ իրենց ժամանակն ավարտվու՞մ է, եւ փոխարինելու են գալիս հեղափոխական լրագրողները, ովքեր կարող են երգով ու պարով իշխանություն փոխել նաեւ իրենց երկրներո՞ւմ: Թե՞ կարոտախտով Սերժ Սարգսյանին էին հիշել…»:

Եզրակացություն

Ստացվում է՝ ներքին ասպարեզում Նիկոլ Փաշինյանը իր ներկա գործողություններով հետզհետե խաչ է քաշելու այս կառավարության ապագայի վրա:

Այսօր փողոցին վարժված ժողովրդի մի հատվածը շարունակում է տանել ամբոխավարական քաղաքականություն, ինչը անհասկանալի է, թե ինչպես է լուծելու նույն ոճով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը:

Վերջապես ո՞վ է կերակրելու փողոցում գործող ժողովրդին: Պետության բյուջեո՞վ, թե՞ այս կառավարության անհայտ միջոցներով…

Իսկ արտաքին ոլորտում արդեն խաչը քաշվեց՝ առաջին իսկ միջազգային հանդիպումից հետո:

Անգամ դժվար է մտածել, թե ինչպես կպահի իրեն Նիկոլ Փաշինյանը, երբ հանկարծ վերսկսի Մերձավոր Արեւելքում իսրայելա-արաբական հակամարտությունը եւ կրկին սրվեն իրանա-ամերիկյան հարաբերությունները, թեժանան ռուս-ուկրաիանական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, իսկ թուրքական իշխանությունները փորձեն համաշխարհային բեւեռների հետ հաշտության գալ տարածաշրջանային հարցերում…

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր: Գուցե Տիգրան Սարգսյանին հաջողվել է նաեւ մի քանի անհրաժեշտ խորհուրդներ տալ Նիկոլ Փաշինյանին…

Հայլ Թորգոմյան եւ Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։