Առաջին անգամ երդվեցին – Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը… Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է – բայց վարչապետն իրատեսական է համարում Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը մինչեւ հունիսի վերջ… / Արդյո՞ք նոր կառավարությունը ծանր տնտեսություն է ժառանգել – Այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն, այն բավականին լավ վիճակում է, ասում է տնտեսագետը…

Առաջին անգամ երդվեցին

Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը

Մայիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մեր երկրի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի նախարարներն առաջին անգամ են իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տալիս: Եվ առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդվել է վարչապետը։

Այս երդմանը հաջորդել է փոխվարչապետերի եւ նախարարների երդումը։

Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին եւ կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի ու ժողովրդի:

Կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման մշակույթում: Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրատեսական է համարում մինչեւ հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Նրա խոսքով՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»:  

«Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունն ունի եւ ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը եւս հանդես է գալու, թե ի՞նչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է»,- հավելել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով արագաչափերի եւ ճանապարհային տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ իր արված առաջարկին՝ վարչապետն ընդգծեց, որ ինքն առաջարկել է դիտարկել  դրանց գործունեությունը ժամանակավորապես կասեցնելու հնարավորությունը եւ նշել է, որ այդ հնարավորությունը կդիտարկվի նաեւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ:

«Եթե տեսնենք, որ ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրությունը վերջին մեկ շաբաթվա ընթացքում վատթարացման միտումներ է դրսեւորել, մենք կանենք եզրակացություններ, եթե չի վատթարացել, էլի կանենք եզրակացություններ:  Այդ հայտարարության շարունակությանը մենք կանդրադառնանք այդ հայտարարությունից հետո ճանապարհային երթեւեկության կարգապահության վիճակագրությունը հասկանալուց հետո»,- ասել է նա:

Սեփ. լրատվություն

* * *

Արդյո՞ք նոր կառավարությունը ծանր տնտեսություն է ժառանգել

Կառավարությունը պետք է շատ արագ քննարկումներ սկսի  երկրի տնտեսական վիճակի եւ հնարավորությունների մասին:

Տնտեսագետները կարծում են, որ միայն այս դեպքում հնարավոր կլինի ոչ միայն ներքին ուժերով, այլեւ սփյուռքահայ գործարարների միջոցով աշխատել թիրախային եւ նպատակադրված: Ներդրողները պետք է հասկանան ինչի համար են ներդնում եւ ինչ հեռանկարներ կան:

Հատկապես սփյուռքահայ եւ արտերկրի շահագրգիռ գործարարները պետք է լիովին հասկանան նաեւ իրացման հնարավոր վիճակը եւ նպատակային ներդրումների անհրաժեշտությունը, անգամ հնարավոր իշխանափոխությունից հետո…

Այլապես, զբոսաշրջային եւ սպասարկման ոլորտների մեջ նոր ներդրումների գնալը ոչ մի կերպ չի փոխելու այն տնտեսական աճի թվերը, որը միայն գործատուների փողին է փող ավելացնում տեսանելիորեն:

Որքանո՞վ է  իրական մտավախությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը ծանր տնտեսություն է ժառանգություն հասել։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ ծայրահեղ վատ վիճակում չէ երկրի բյուջեն։

«Բյուջեն չի սպառվել, նույնիսկ բավականին լավ վիճակում է գտնվում։ Գոնե այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն»,- ասել է նա։

Նա նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո էլ չեն դադարել բողոքի ցույցերը՝ տարբեր պահանջներով: Քաղաքացիների բողոքները տրամաբանական են, եւ իշխանությունը պետք է արագ լուծումներ գտնի։ Հատկապես, որ խոստումներ են տրվել:

«Այսօր ես գտնում եմ, որ ամենադժվարը եւ ծանրը պետական ինստիտուտների անխափան աշխատանքի ապահովումն է, ինչքանով կարող է անխափան ապահովել համակարգի աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ ժառանգություն են ստացել, ի՞նչ ֆինանսական հնարավորություն ունի, ինքը պարտավոր է դա անել»,- հավելել է տնտեսագետը։

Նա կարծում է, որ իշխանությունները նախ պետք է լուծեն հասարակությանը հուզող խնդիրները, ինչպես ասենք՝ արագաչափերի խնդիրը, պարտադիր կուտակային համակարգի հարցը։ Օրեր առաջ վարչապետը մասնավորապես հայտարարել էր, որ  իրավական հիմքերի առկայության դեպքում չի բացառվում տեսախցիկների եւ արագաչափերի ժամանակվորապես կիրառումը եւն…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։