Պոպուլիզմից տուժելու է պետությունը, որովհետեւ տուժելու է օրինապահ քաղաքացին – Նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական… Իշխելու է՝ օրինապահ լինելը ճիշտ չէ մտածելակերպը… Ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ…

Ոստիկանությունը մայիսի 23-ի վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ վերջին 5 տարիների ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական տուգանքները չեղարկվելու են:

Պարզ է դառնում նաեւ, որ նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական:

Գումարային, որովհետեւ կարող էին չմուծել եւ այսօր ներվել: Բարոյական, որովհետեւ համոզվելու են, որ օրինապահ լինելը ճիշտ չէ:

Հարցին կարելի է այլ տեսանկյունից էլ մոտենալ, այն է՝ նրանք, ում գործը հասել է ԴԱՀԿ, գումար չեն ունեցել մուծելու տուգանքը, հետեւաբար, նրանց աջակցելը ճիշտ է: Բայց սրան էլ այլ հարց է հետեւում, իսկ ո՞վ ասաց, որ միայն չունեցողնե՛րը չեն մուծել կամ՝ ո՞վ ասաց, որ մուծողները իրենց բերանից չեն կտրել: Եվ վերջապես՝ արդյո՞ք այդ 5 տարվա գումարը, որ միլիարդավոր դրամների է հասնում, պետբյուջե չպետք է մտնի:

Հասկանալի է, որ այս որոշումը ոստիկանությանը չէ, այլապես ավելի շուտ կարվեր: Այս որոշումը նոր ոստիկանապետինն է՝ նոր իրողություններով թելադրված: Ճի՞շտ է արդյոք աբոխահաճ որոշումներով պետություն կառավարելը:

Այլապես՝ եթե սա ամբոխահաճ որոշում չէ, ապա իշխանությունները չպետք է վիրավորեն օրինապահ քաղաքացուն: Նշանակում է՝ այս 5 տարիների ընթացքում նրանց վճարածն էլ պետք է վերադարձնի: Կանի՞:

Կարծում եմ՝ ոչ:

Հետեւաբար՝ որոշումը ամբոխահաճո է: Սա պոպուլիզմ կոչվածի դասական օրինակ է:

Եթե ոչ, ապա պետք է կամ շատ հստակ թիրախավորված լիներ, ինչը վերոհիշյալ պարագայում չկա կամ պետք է տարածվեր բոլորի վրա, որպեսզի ոչ մի կողմ իրեն վիրավորված չզգար:  

Օրինակ՝ բոլորովին վերջերս քաղաքապետարանը չեղարկեց ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժերը՝ նշելով, որ ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հետ կապված վարչական տույժեր չեն կիրառվի՝ պայմանավորված այդ օրերին Երեւանում կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթեւեկության խաթարմամբ…

Ինչեւէ, տեսնենք՝ ուր կտանեն զարգացումները:

Ստորեւ ներկայացնում ենք ոստիկանության հայտարարությունը:

Վերջում հավելենք միայն, որ ՃՈ պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանը հուսով է, որ պատասխանատվության մեղմացման քաղաքականությունը բացասական ազդեցություն չի ունենա:

Ինչպես ասում են՝ վերջ: Բայց՝ առաջին արարի…

Աստղինե Քարամյան

* * *

Հայտարարություն

2018 թվականի մայիսի 23-ից ՀՀ ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մասնավորապես, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում՝ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում: Այդ զանցանքներն են.

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթեւեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որեւէ արգելքի միջեւ տարածությունը 3 մ պակաս է /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ հատվող երթեւեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի եւ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետերի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթեւեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս/,

– գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս/

– տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/,

– տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս եւ խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները /կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակներ և այլն / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս/

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.

– տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրասպորտում) /ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս/,

– տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս/,

– տրանսպորտային միջոցի վարորդը երթեւեկության գոտիները փոփոխելիս կամ մանեւր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից / ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս/:

Բացի այդ, ՀՀ տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթեւեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով /թմբեր/:

ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլեւս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը աշխատանքային կարգով ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 01.01.2012թ. առ 31.12.2017թ. կայացված վարչական ակտերի կատարումը եւ կչեղարկվեն 13,7 մլրդ. դրամի չափով տուգանքները:

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։