«Սիրո հեղափոխությունն» ատելությու՞ն է տարածում – ոմն տիկինը զագնահարել եւ «Լուսանցք»-ին մեղադրել է «Նիկոլի ոսկորները լվանալու մեջ»՝ խմբագիրը ու իր թերթը թուրք են ասելով… / «Ես ինձ սպառնացող ոչ մի ձայն ու ոչ մի հեռախոսահամար երբեք չեմ մոռանում… ինձ սպառնացողներ ու վիրավորողներ ջան, հուսամ՝ հասկանում եք, թե ինչու եմ այս ամենը նշում…» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

«Մայիսի 19-ին, ժամը 12:34-ին, իմ բջջայինին են զանգահարել 011.98.10.90 հեռախոսահամարից: Պատասխանել է «Լուսանցք»-ին թղթակցող ուսանողներից մեկը, ով ասել է, որ խմբագիրը հանդիպման է եւ չի կարող անձամբ պատասխանել:

Զանգահարող ոմն տիկինը ասել է, որ խմբագիրը (ես այսինքն) ու իր թերթը թուրք են, թուրքի գործ են անում, որովհետեւ լվանում են Նիկոլի ոսկորները:

Ուսանողը զարմացել է, քանզի քաջատեղյակ է, որ մենք մեր թերթում ընդհանրապես որեւէ մեկի ոսկորները չենք լվանում, որեւէ մեկի անձի հետ գործ չենք ունենում, եւ մեր խնդիրը բացառապես որեւէ անձի գործունեությունն է, այս կամ այն քայլը: Ուսանողը հարցրել է զանգողին. «Կներեք, դուք տառաճանա՞չ եք, կարդացե՞լ եք թերթը»:

Ոմն տիկինը գազազել է. թուրք եք, դուք թուրք եք… ու անջատել է հեռախոսը:

Ուսանողը դեռ չէր հասցրել դա պատմել ինձ, երբ եկավ երկրորդ զանգը, որը սակայն փակ համարից էր: Վերցրեցի: Էլի տիկին էր, ով կրկնեց նույն խոսքերը, որ եթե Նիկոլի ոսկորները լվանում ենք, ուրեմն՝ թուրք ենք:  

Թե ինչ կար մեր թերթի վերջին համարում (նախորդ համարի մասին է խոսքը,-Ա.Մ.), ասեմ. վերլուծել ենք նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը եւ հայտնել մեր տեսակետը, թե ինչը ճիշտ կլիներ եւ ինչը՝ ոչ: Դա արձանագրված է, թերթի ուրբաթ օրվա համարն է, եւ այնտեղ ոչ մեկի ոսկորները լվացված չեն…

Այս զանգերը վիրավորել են իմ՝ որպես հայի եւ որպես մարդու ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը: Չգիտեմ՝ ում կողմից է հրահանգված եւ ովքեր են զանգողները, պատասխանեմ. «Թուրքը դու՛ք եք, այ լամուկներ»:

Ոստիկանության ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքին: Սա համարում եմ հանցագործություն իմ անձի նկատմամբ:

Հ.Գ. – Արդեն 20 տարի տարբեր կառավարությունների գործունեություն եմ լուսաբանում, երբեւէ «սիրո հեղափոխությունը» այ էսպես «սիրով» ինձ վրա չէի զգացել…»:

Այս գրառումը ֆ/բ-ում արեցի նույն օրը՝ մայիսի 19-ին ժամը 14:10-ին: Ոստիկանությունից, հասկանալի է, պարզաբանեցին, որ վիրավորանքն ու զրպարտությունը ապաքրեականացված են եւ միայն դատարանով է հնարավոր հարցը լուծել:

Ես էլ, հասկանալի է, ավելորդ ոչ մի դրամ չունեմ դատարան մտնելու: Բայց՝ այսօր: Չի նշանակում, որ դա չեմ անի վաղը…

Ինչեւէ: Զանգերը չդադարեցին հաջորդող օրերի ընթացքում: Արդեն փակ համարներից: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ՝ բոլորն էլ կանայք էին:

Մայիսի 22-ին ֆ/բ իմ էջում արեցի մյուս գրառումը (այն, այսպես ասեմ, ստատուսային ոճում է, սա իմ թերթային ձեռագիը չէ, բայց դարձյալ անկեղծ է,-Ա.Մ.):

«Վայ «սիրո հեղափոխություն», էս ի՜նչ բերիր դու իմ գլխին:

Ուրեմն՝ նոր կառավարությունից ձեն չկա, նորմալ է, մերձավոր շրջապատից ձեն չկա, նորմալ է, բայց էդ «սիրո», տակ մնացած կնանիք, որ երեւի «Լուսանցք» չեն էլ կարդում կամ կարդում են ձուկ մաքրելիս (դե էն պահին, երբ պոչը բարձրացնում են), ինձ զանգում, քրքրում են է՛լ դու սուս, թե՝ հենց Նիկոլի մասին վատ բան գրեցիր, բոյկոտում ենք…

Այ ձեր ջանին մեռնեմ, ես Նիկոլի մասին ոնց կարող եմ վատ բան գրել, նրան անձամբ չեմ ճանաչում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մասին լավն ու վատը՝ ըստ քայլերի:

Այ կնանիք, խնդրում եմ, մեկ-մեկ էլ էդպես պատվախնդրորեն թուրքական ապրանքները մերժեք էլի: Թուրքական երաժշտությունը: Ձեր թուրքական բառուբանը: Կենցաղը վերջապես…)))

Հ.Գ. - հա, իմ լռելուն ու քաղաքավարությանը մի՛ նայեք: Ես ինձ սպառնացող ոչ մի ձայն ու ոչ մի հեռախոսահամար, կրկնում եմ՝ ո՛չ մի, չեմ մոռանում… Բարի գիշեր: Հուսամ՝ սիրո մեջ կմնաք, ես էլ կազատվեմ ձեզանից»:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – 2 - ինձ սպառնացողներ ու վիրավորողներ ջան: Հուսամ՝ հասկանում եք, թե ինչու եմ այս ամենը հատի՜կ-հատի՜կ նշում:

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։