ԵԽԽՎ – Ադրբեջան.- Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ… Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը – 200 էջանոց զեկույց, որի մեծ մասը վերաբերում է Ադրբեջանին՝ ինչպես է ԵԽԽՎ-ում իրականացրել կաշառատվությունը… Պատգամավորների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը – Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից… ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել… ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժամիջոցներ… Ուշադրությունը շեղելու փորձերն անհանդուրժելի են… Ադրբեջանի դիվանագիտական «դիվերսիաները» (ԼՂՀ հարցով)…

Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կա­րեւո­րա­գույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան ի­րադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշ­խա­նության վերեւում:

«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա­տարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր  հիմնախնդրի՝ Արցա­խին առնչվող իրադարձություններին:

Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ

ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից կառույցում Ադրբեջանի կողմից տարածված կոռուպցիան ուսումնասիրող զեկույցի հրապարակումից հետո ԵԽԽՎ-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ։ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձեւի առաջարկություն. «Քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում» թեմայի վերաբերյալ։

Ընդունված տեքստում ասվում է, որ 2013թ. Վեհաժողովը մերժեց գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Անկախ հետաքննական մարմինը, ի թիվս այլոց, գտել է, որ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեծ դեր է կատարել այդ զեկույցը տապալելու գործում։ Ավելին, Հետաքննական մարմինը գտել է, որ հիմնավոր հիմքեր կան հավատալու, որ Վոլոնտեն, ադրբեջանցի նախկին պատգամավորներ Սուլեյմանովն ու Մամմադովը զբաղված են եղել կոռուպցիոն բնույթի գործարքներով։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերը պարզ են դարձնում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թեման իրական է, որի օրինակն է նաեւ Իլգար Մամմադովի գործը, ում Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել՝ չնայած ՄԻԵԴ վճռին, որը գտել էր, որ նա ձերբակալվել է իշխանություններին քննադատելու համար։

Ուստի, տեղին է, որ գրվի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին նոր զեկույց, որը զերծ կլինի կոռուպցիոն ցանկացած ազեցությունից։

Նշենք, որ բանաձեւի առաջարկությունից հետո այն ուղարկվում է համապատասխան հանձնաժողով, որը քննարկում է այն, նշանակում զեկուցող, որն էլ պատրաստում է զեկույցը։ Զեկույցը քննարկվում է Վեհաժողովում եւ դրվում քվեարկության։

Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված են հօգուտ Ադրբեջանի գործունեություն ծավալած ներկա ու նախկին պատգամավորները, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Ստեֆ Գորիսը, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամմադովը, Անդրեաս Գրոսը, Ալան Դեստեքսը ու այլոք։  

Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը

Եվրոպայի խորհուրդը ապրիլի 22-ին հրապարակեց ԵԽԽՎ-ում 2017թ. հունվարին ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի զեկույցը, որն ուսումնասիրում էր ԵԽԽՎ-ում վերջին տարիներին լայն տարածում գտած կոռուպցիան։ Հետաքննության ընթացքում, որն իրականացնում էին ԵԽԽՎ կողմից նշանակված ՄԻԵԴ նախկին 3 դատավորները՝ նախկին դատավոր ՄԻԵԴ-ի նախկին նախագահ Նիկոլաս Բրատզը (Մեծ Բրիտանիա), Ֆրանսիայի նախկին դատավոր Ժան Լուի Բրիեգերին եւ նախկին ՄԻԵԴ-ի դատավոր Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիա), ձեռք է բերել բազում փաստաթղթեր, հարցումներ է կատարել 50-ից ավելի վկաների, նախկին ու ներկա ԵԽԽՎ անդամների, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչների, դեսպանների շրջանում։ Այս ամենի արդյունքում կազմվել է մոտ 200 էջանոց զեկույց, որի մեծ մասը վերաբերում է Ադրբեջանին, թե ինչպես է վերջինս ԵԽԽՎ-ում իրականացրել լոբբիստական աշխատանքներ, առձեռն գումարով կաշառել պատգամավորներին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար։

Այս ողջ հետաքննության ընթացքում ձեռք բերված փաստերը մանրամասնորեն ներկայացվել է՝ առանձին պատգամավորների իրականացրած խախտումներով, որոնք կներկայացնենք առանձին-առանձին, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Միլիցա Մարկովիչը։ Հետաքննության մարմինը գտել է, որ հիմնական լոբբիստական ու կաշառման դեպքերը տեղի են ունենում տարբեր պաշտոններում նշանակումների ժամանակ, ինչպիսիք են զեկուցողների՝ խմբերում, հանձնաժողովներում նշանակումները եւ հատկապես դիտորդական առաքելությունների իրականացման համար նշանակումների ժամանակ։

Հետաքննությունը պարզել է, որ ԵԽԽՎ-ում գործել է մարդկանց մի խումբ, որը գործել է ի շահ Ադրբեջանի։ Զեկույցում ասվում է, որ ԵԽԽՎ մի շարք ներկա ու նախկին անդամներ Ադրբեջանի հետ կապված իրենց գործունեության մեջ խախտել են ԵԽԽՎ էթիկայի չափանիշները՝ կոռումպացված բնույթի գործունեություն իրականացնելով Ադրբեջանի համար։

Մարմինը մանրամասնորեն ներկայացրել է, թե ինչպես եւ ովքեր են մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների, հանրաքվեների դիտորդական առաքելություններին, ինչ են արել այդ ընթացքում Ադրբեջանում գտնվելով, ինչպիսի հյուրանոցներում են մնացել, ինչպիսի նվերներ են ստացել ու այս ամենով հանդերձ դիտորդական առաքելությունն անվանել «ֆեյք» (կեղծ)։ Նշվում է, որ նվերների մեջ եղել են գորգեր, ժամացույցներ, խավիար, նկարներ ու անգամ որպես նվեր՝ մարմնավաճառներ։

Մարմինը զեկույցի վերջում նաեւ մի շարք առաջարկություններ է ներկայացրել, թե ինչպես է հնարավոր կանխել ԵԽԽՎ-ում վարքագծի կանոնների խախտումներն ու կոռուպցիան, որոնցից է ԵԽԽՎ նախկին անդամներին թույլ չտալ ազատորեն մուտք գործել ԵԽ կենտրոնակայան։

Պատգամավորների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը

ԵԽԽՎ լիագումար նիստում բուռն քննարկումներից հետո ընդունվել է կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219 էջանոց զեկույցը: ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:

Փաստաթուղթը վերաբերում է ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, երբ նրանք կոնկրետ երկրների շահերից բխող գործունեություն ծավալելու եւ քվեարկելու դիմաց ստացել են գումարներ ու նվերներ: Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից (հազարավոր դոլարներ, թանկարժեք նվերներ, շքեղ հյուրանոցներում անբարո ծառայություններ մատուցող աղջիկների ուղեկցությամբ ժամանց եւ այլն):

Հետաքննչական խումբը առանձնացրել էր ԵԽԽՎ 17 պաշտոնյայի, որոնք ներգրավված են եղել համակարգված կոռուպցիայի մեջ: 9 ամիս տեւած աշխատանքներից հետո ներկայացրել է քննության արդյունքները:

Ըստ ներկայացվող մեղադրանքների՝ 2013թ-ի հունվարին ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ կամ նախկին ներկայացուցիչներ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ վերահսկողության զեկույցին դեմ քվեարկելու համար Ադրբեջանի կառավարությունից կաշառք են վերցրել: Այս մասին տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվական միջոցներում, ինչից հետո ԵԽԽՎ-ն սկսել է զբաղվել այդ հարցով:

ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Քրիստոֆ Շտրասսերի կողմից ներկայացված Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ վերահսկողության զեկույցը քվեարկության արդյունքում չի հաստատվել եւ ենթադրվում է, որ ԵԽԽՎ որոշ ներկայացուցիչներ, կաշառվելով Ադրբեջանի կողմից, դեմ են քվեարկել: 2017-ի հունվարին ԵԽԽՎ 60-ից ավելի պատգամավորներ պահանջել են այս հանգամանքի հետ կապված անցկացնել անկախ հետաքննություն: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունն էլ դիմել է Եվրոպայի խորհուրդ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությունները քննության առնելու պահանջով:

2017-ի մարտի վերջին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ հորդորելով ուսումնասիրել ԵԽԽՎ պատգամավորների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները:

ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել

Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը կոչ է արել ԵԺԿ անդամ հանդիսացող բոլոր կուսակցություններին «անմիջապես կասեցնել կամ հեռացնել» այն անդամներին, որոնց անունները ներառված են ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից կազմված զեկույցում՝ Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցում ներառված պատգամավորներին:

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի տարածած հայտարարությունում ասվում է, որ մանրամասնորեն ուսումնասիրել է  զեկույցն ու իր լիակատար աջակցությունն է հայտնում Եվրոպայի խորհրդին ու նշում, որ «պետք է անել առավելագույնը՝ ԵԽԽՎ-ի նկատմամբ արժանահավատությունը վերականգնելու համար՝ որպես Եվրոպայում մարդու իրավունքների, ժողովրդավարության պահապան ու խաղաղության խթանող»։ «30 տարի քաղաքականության մեջ լինելով՝ ես տխուր ու վրդովված եմ՝ տսնելով քաղաքական գործիչների անուններն այդ զեկույցում։ Մեր քաղաքացիներն ընտրում են քաղաքական գործիչներին իրենց ծառայելու ու իրենց շահերը ներկայացնելու համար, այլ ոչ բացարձակ հակառակը»,- ասել է Ժոզեֆ Դոլը։

Նա նշում է, որ ԵԺԿ-ին անդամակցած կուսակցությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն ու բարելավեն թափանցիկությունն ու նրանց ներկայացուցիչները պետք է գործեն ԵԺԿ արժեքներին համապատասխան։ «ԵԺԿ-ն զրոյական հանդուրժողականություն է ցուցաբերում էթիկային հակառակ վարքագծի նկատմամբ, որը ներառում է կոռուպցիա, կաշառակերություն կամ շահերի բախում»,- ասվում է հայտարարության մեջ։

Այդ անունների մեջ են նաև ԵԺԿ անդամներ Լուկա Վոլոնտեն ու Պեդրո Ագրամունտը, ովքեր եղել են նաեւ ԵԽԽՎ ԵԺԿ խմբի ղեկավարներ։

ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժամիջոցներ

Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստի ժամանակ: Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ:

«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիեւի անօրինական կալանավորման հետ: Հիշեցնենք՝ լրագրողը կալանավորվել էր օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:

Ուշադրությունը շեղելու փորձերն անհանդուրժելի են

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն անհանդուրժելի է համարում Ադրբեջանի կոռուպցիոն զեկույցից շեղելու ցանկացած փորձ, որը նպատակ ունի ուշադրությունը շեղել ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից հրապարակված զեկույցից։

Այս մասին ասել է Յագլանդը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորի հարցին, թե Եվրոպայի խորհուրդը նրա կառավարման տարիներին քայքայվել է, որի օրինակ է ԵԽԽՎ կոռուպցիայի զեկույցը։

Այն, ինչ փորձում եք անել, դա ուշադրությունը Արտաքին հետաքննության մարմնի զեկույցից շեղելն է, որը վերաբերում է ԵԽԽՎ-ում որոշների կողմից էթիկայի խախտումներին ու կոռուպցիոն գործունեությանը։ Ես շատ տխրեցի, իմանալով, որ կոռուպցիոն գործերում ներառված են եղել 3 նախկին, ինչպես նաեւ մինչեւ վերջերս խմբի 1 ղեկավար։

Ես կասեմ հետեւյալը՝ սա զեկույց է Ադրբեջանի մասին ու Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ում կոռուպցիոն բնույթի գործունեության ներգրավվածությանը»,- ասել է Յագլանդը։

Գլխավոր քարտուղարը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ շատ տխուր է, բայց պետք է ասի, որ այն ժամանակ, երբ Նախարարների կոմիտեն պայքարում էր Իլգար Մամմադովին բանտից հանելու ուղղությամբ ու Ադրբեջանին ստիպելու կատարել իր պարտավորությունները, ԵԽԽՎ 3 խմբերի ղեկավարներ ու մի քանի այլ անդամներ, որոնց անունները ներառված են կոռուպցիոն զեկույցում, ամեն ինչ անում էին իրենց հեղինակությունը խաթարելու համար։

Արտակ Հայոցյան

Ադրբեջանի դիվանագիտական «դիվերսիաները»

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին, ինչպես հայտնի է, քվեարկության դրվեց հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող 2 զեկույց՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» եւ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր կերպով զրկվում են ջրից»։

Անշուշտ, այս 2 զեկույցների արծարծումը հնարավոր էր դարձել ադրբեջանական արտաքին քաղաքականության ջանադրության շնորհիվ, որը, վերջին տարիներին իրեն պարտված ու անբավարարված զգալով գործող բանակցային շրջանակներում, ապարդյուն փորձում է միջազգային միջնորդական այլ հարթակներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Նաեւ հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն կաշառատվությամբ է զբաղված ԵԽԽՎ-ում եւ այդպես է շատ հարցերի լուծում տալիս…

Հասկանալու համար, թե ինչու ենք այդ քաղաքականությունը համարում ապարդյուն, հարկ է քննարկել երեւույթի նպատակները, որ հետապնդում է Ադրբեջանը։ Առաջինը միջազգային իրավաքաղաքական նշանակություն ունի, հաջորդը՝ ներքին լսարանին վերաբերող նպատակ:

Նախ նշենք, որ ԵԽԽՎ-ն եւս ճանաչում է ԵԱՀԿ ՄԽ բացառիկ իրավունքը՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցում: ինչը մեկ անգամ չէ, որ հավաստվել է: Ինչ մնում է ԵԽԽՎ-ի անդրադարձին, ապա ի սկզբանե արձանագրենք, որ ԵԽԽՎ բանաձեւերը միջազգային իրավական պարտադիր ուժով օժտված չեն։ Դրանք իրավական փաստաթղթեր չեն, այլ, ավելի շուտ՝ քաղաքական են եւ արտահայտում են կազմակերպության եւ վերջինիս միջխորհրդարանական համագործակցությունն իրականացնող մարմնի՝ խորհրդարանական վեհաժողովի՝ տվյալ պահին ունեցած քաղաքական հանրագումարային դիրքորոշումը։ Բացի դա, վեհաժողովի ընդունած փաստաթղթերը չունեն միջազգային իրավական պարտադիր ուժ, դրանք նաեւ ո՛չ անուղղակի, ո՛չ էլ առավել եւս ուղղակի կերպով չեն կարող համարվել անդամ-պետությունների եւ/կամ վերջիններիս գործադիր-կառավարական մարմինների պաշտոնական դիրքորոշումը։ Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված են անդամ պետությունների օրենսդիր մարմինների խմբակցությունների (իշխող-կոալիցիոն եւ ընդդիմադիր) անդամները եւ ամենակարեւորը՝ այդ անձինք հիմնականում քվեարկում են ըստ իրենց խմբակցության/կուսակցության դիրքորոշման՝ անկախ այն բանից, թե ինչպիսին է իրենց պետության պաշտոնական դիվանագիտական դիրքորոշումը։

Փաստացի, ԵԽԽՎ ընդունած բանաձեւերն ունեն զուտ քաղաքական-իրավիճակային նշանակություն, այնքանով, որքանով, ինչպես վերը նշեցինք, արտահայտում են տվյալ պահին այդ մարմնի շրջանակներում տիրապետող հանրագումարային մտայնությունները։

Դառնալով Բաքվի երկրորդ թիրախին՝ իր իսկ հասարակությանը, պետք է նշենք, որ թեման ադրբեջանական հանրային շրջանակներում մեծ արձագանք չգտավ։ Պատճառը մեդիայի ուղղորդումն էր։ Պայմանավորված այսպես կոչված «կիսատ հաղթանակով», այն է՝ բանաձեւերից միայն մեկի ընդունմամբ, ադրբեջանական՝ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամասը նիստի մասին հաղորդեց իր նախընտրած կերպով՝ առաջին պլան մղելով զեկույցի ընդունումը եւ դա ներկայացնելով որպես՝ «ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական տարածքների օկուպացիան Հայաստանի կողմից»։ Այս խայծը կուլ տվողներ եւ/կամ իշխանամետ ճամբարից վերատարածողներ եղան։

Ինչ վերաբերում է բուն զեկույցին եւ դրա չընդունմանը, ապա դրա մասին կա՛մ չէր հիշատակվում, կա՛մ հիշատակվում էր հարեւանցիորեն՝ հաղորդելով, որ չի ընդունվել՝ առանց լրացուցիչ մանրամասների։

Այսպես, ադրբեջանական շրջանակներն ընդհանուր առմամբ բանաձեւի չընդունման հիմնական պատճառ են համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որն «ուժեղացրեց հայերի դիրքերը»։

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:  

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։