ԵԽԽՎ – Հայաստան – ԵՄ.- Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը… Փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին… Հայ պատգամավորի պատասխանն ադրբեջանցիներին… Եվրամիություն – Հայաստան… ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները (նման խնդրի առնչվել ենք նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Արցախը համարվել է ոչ հայաստանյան տարածք)… Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը… Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի հետ… 

Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կա­րեւո­րա­գույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան ի­րադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշ­խա­նության վերեւում:

«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կա­տարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր  հիմնախնդրի՝ Արցա­խին առնչվող իրադարձություններին:

Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը

ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված կոռուպցիան ուսումնասիրող Արտաքին հետաքննության մարմինը ապրիլի վերջերին հրապարակել է իր զեկույցը, որը գրեթե ամբողջությամբ վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից լոբբիստական աշխատանքներին ու ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գործընթացին։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ մի քանի այլ երկրների գործունեությանը, որոնց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Ղազախստանը, Մակեդոնիան։

Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, թե իբր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները ցանկացել են կաշառել ուկրաինացի զեկուցող Վոլոդիմիր Արիեւին՝ նրան առաջարկելով թանկարժեք կոնյակ, որպեսզի նա լրագրողների վերաբերյալ զեկույցից հանի հատվածը, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում էր որպես Ադրբեջանի տարածք։ Ուկրաինացին ասել է, որ մերժել է կոնյակն ու ասել, թե հաջորդ օրը հայերը սկսել են տարածել, թե իր տատիկը ադրբեջանցի է ու ինքն էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործակալը։

Նշենք, որ Վոլոդիմիր Արիեւին «կաշառելու» հետ կապված ԵԽԽՎ պատվիրակության անդամները մեկնաբանություններ տվել են ու հերքել այն։ Իսկ ինչ վերաբերում է նրա տատիկին ադրբեջանցի անվանելուն, ապա այդ մասին ոչ թե հայերն էին ասել, այլ հենց ուկրաինացին՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում, որում նաեւ «սեր է խոստովանում» Ադրբեջանին եւ նրա ղեկավարությանը։  

ԵԽԽՎ հետաքննության մարմնի շվեյցարացի պատգամավոր Մարթին ասել է, որ իր նախկին գործընկեր Ջոն Պրեսկոտը, ով Հայաստանի հարցով համազեկուցող է եղել, իրեն պատմել է, որ հյուրանոցի իր սենյակում մի անգամ նվեր է եղել՝ արծաթյա իր, 1000-ից 2000 եվրո արժողությամբ, ինչը Պրեսկոտն առանց մտածելու վերցրել է։ Մաթին այնուհետ Փարիզում Պրեսկոտին ու Հայաստանի պավիրակության ղեկավարին ասել է, որ սա դեմ է ԵԽԽՎ էթիկայի կանոններին։ Նաեւ նշել է, որ տեղյակ է նվերներ անելու մշակութային պատճառների մասին։

Ադրբեջանցի լոբբիստ Ալան Դեստեքսն էլ հետաքննության մարմնին ասել է, թե մի անգամ լսել է, թե ինչպես է ֆրանսիացի պատվիրակը հեռախոսով խոսելիս ասել է, որ «իր հայ ընկերների» համար մի փոփոխություն է ներկայացրել։

Լեռնային Ղարաբաղի հետ կապված զեկույցով հայտնի դարձած ադրբեջանի մեկ այլ լոբբիստ Ռոբերտ Ուոլտերն էլ ասել է, թե ԵԽԽՎ-ում հայկական լոբբին ավելի նուրբ է, քան ադրբեջանականը։ Նա ասել է, թե իր զեկույցի համար, որը վերնագրել էր «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում», հայերը իրեն մերժել են վիզա տրամադրել։

Եվս մեկ դեպք է ներկայացրել ԵԽԽՎ-ում Շվեդիայի նախկին պատգամավոր Գորան Լինդբլադը, ասելով, թե մի անգամ հայկական պատվիրակությունն իրեն «ՎԻՊ վերաբերմունք է» ցույց տվել՝ Հայաստանի ժողովրդավարության հետ կապված ֆորում անցկացնելու համար, ինչն ինքը մերժել է։

Փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին

Մինչ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը, ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի նիստում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հերթական ելույթն է ունեցել եւ կոչ արել Եվրոպական Կոնվենցիայով ամրապնդել փաստաբանների մասնագիտական գործունեության անվտանգության երաշխիքները։ Պատգամավորն ընդգծել է փաստաբանների կենսական դերն ու նշանակությունը արդարադատական համակարգում՝ որպես գլխավոր դերակատարների ու միջնորդների հանրության եւ դատարանի միջեւ։

Նա ներկայացրել է, որ մարդու իրավուքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները մեծագույն ճնշման եւ սպառնալիքի տակ են։ Եվ ըստ այդմ՝ սպառնալիքի հիմնական թիրախը փաստաբաններն են, որոնք դառնում են իշխանությունների կամ այլ ուժերի հետապնդման թիրախը։

Նշվել է, որ փաստաբանների մասնագիտական աշխատանքի անվտանգության ապահովման փոխարեն, ՀՀ դատական օրենսգրքում նախատեսում են մի դրույթ, որի համաձայն փաստաբաններին նկատմամբ կկիրառեն տուգանք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ Պատգամավորը համոզված է, որ այս դրույթը իշխանության ձեռքին կդառնա ճնշման լծակ փաստաբանների դեմ կիրառելու համար։ Եվ կոչ է արել Կոնվենցիային համապատասխան հաստատել նոր եւ ավելի արդյունավետ գործիքներ փաստաբանների մասնագիտական գործունեությունը պաշտպանելու համար։

Հայ պատգամավորի պատասխանն ադրբեջանցիներին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի վերջին նիստում ադրբեջանցի պատգամավորների հակահայկական հայտարություններին ի պատասխան ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նրանց հորդորել է նախ եւ առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար, քանի որ միայն ժողովրդավարական Ադրբեջանի  հետ կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը՝ հիմնվելով մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի վրա:

Շնորհավորելով Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների կոմիտեի նոր նախագահ Դունյա Միատովիչին՝ պատգամավորը ասել է, որ նա պատրաստ է աջակցել նրան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներում մարդու իրավուքների պաշտպանության ժողովրդավարական արժեքները հետընթաց են ապրում։ Նշել է, որ պետք է բարելավել փաստաբանների եւ մարդու իրավուքնների պաշտպանների մասնագիտական գործունեությունը՝ առաջարկելով միջազգային մակարդակով փորձված եւ հաջողված լուծումներ որոշում ընդունողների համար։

Հայ պատգամավորը հավելել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության սպասումները Մարդու իրավունքներով զբաղվող կոմիտեի նոր նախագահից բարձր են եւ ինքը որպես այդ կառույցի անդամ եւս պատրաստ է իր ներդրումն ունենալ հանուն մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պայքարի գործում»։

Եվրամիություն – Հայաստան

Անցյալ ամիս ԵՄ պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհային ծրագրերի չարաշահումների գործն ուղարկվել է դատարան: Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների հատկացված դրամաշնորհներից կատարված առանձնապես խոշոր չափով գումարի հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ 14 մեղադրյալների մասով: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել,որ 2009-2016թթ. ընթացքում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ մշակել են դրամաշնորհային ծրագրեր, ձեռք բերել արդեն իսկ գրանցված եւ պատմություն ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնց միջոցով ծրագրերը ներկայացրել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի գնահատման մրցույթին: Ներկայացված ծրագրերը ԵՄ պատվիրակության աշխատակցի աջակցությամբ հաստատվել են եւ հատկացվել ծրագրերի իրականացման համար նախատեսված գումարները:

Նշված անձինք կազմել են կեղծ հաշվապահական հաշվառման, ֆինանսատնտեսագիտական, ծրագրային փաստաթղթեր, մասնավորապես՝ աշխատանքային, ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, ապրանքների ձեռք բերման կեղծ փաստաթղթեր, գործուղումների կեղծ թերթիկներ, որոնց հիման վրա հափշտակել են ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումար։

Բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակություններ են կատարվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորված թվով 18 դրամաշնորհային ծրագրերով, իսկ հափշտակված ընդհանուր գումարը կազմում է՝ 907.281.869.7 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթի կեղծիք կատարելու համար:

14 անձի մասով գործն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին եւ 14 մեղադրյալների մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել, իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը ձերբակալվել էր:

ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները

ԱԺ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ՝ մի կողմից, ԵՄ եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։  Հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հիմնական զեկուցողը եղել է Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը: «Բանակցային գործընթացը մշտապես գտնվել է սեւեռուն ուշադրության կենտրոնում: Համաձայնագրով նպատակ ունենք ամրապնդել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ քաղաքական երկխոսությունը եւ ամուր հիմք ստեղծել»,- ասել է նա:

Դիմելով հիմնական զեկուցողին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է. «Վաղը, մյուս օրը Ադրբեջանն էլ կարող է ունենալ նման համաձայնագիր: Ի՞նչ քայլեր են արվում, որ քաղաքականությունը միասնական լինի: Մենք ունենք դառը փորձ, որ տեղը երբ գալիս է, ամեն մեկն իր հստակ հայտարարություններով կողմերից յուրաքանչյուրի համար հանդես է գալիս, ու սա չի նպաստում հարցի կարգավորմանը, արդյոք հստակ մեխանիզմներ դրվելու՞ են, որ համոզված լինենք, որ ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու են Արցախի հակամարտության կարգավորման ի սկզբանե դրված սկզբունքները (նման խնդրի առնչվել ենք նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Արցախը համարվել է ոչ հայաստանյան տարածք,-խմբ.)»։

Ի պատասխան նշվել է, որ համաձայնագրում առկա է հակամարտության կարգավորման ոլորտը եւ կարգավորված է բանակցությունների կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը. «Այստեղ խոսքն այն մասին է, որ կողմերն ընդունում են ամրագրված նպատակներն ու սկզբունքները, այս համաձայնագիրն ունի իրավաբանական պարտադիր ուժ կողմերի համար, եւ մեր ակնկալիքն է, որ այն կծառայի նաեւ այս կարեւոր հարցերում»,- ասել է Կարեն Նազարյանը։

Արձանագրվել է, որ ամեն ինչ պետք է անել, որ համաձայնագիրն իրականություն դառնա եւ չմնա թղթի վրա, վավերացվի բոլոր կողմերով եւ ընթացքի մեջ դրվի: Նշվել է, որ շատ կարեւոր է այն հաստատումը, որ մենք պետք է ունենանք միասնական քաղաքականություն։

Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս խնդրով պայմանավորված նախագահն ընդունել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հայաստանի նախագահը մեծապես կարեւորել է ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ նշել. «Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը տնտեսության, շարժունակության, արդյունավետ կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ բնագավառներում»: Պյոտր Սվիտալսկին ողջունել է Հանրապետության նախագահի կողմից 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «ՀՀ՝ մի կողմից, եւ ԵՄ ու ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին օրենքի ստորագրումը:

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակվել ԵՄ աջակցությամբ ՀՀ-ում իրագործվող ծրագրերի, դրանց արդյունավետության բարձրացման, առաջնահերթությունների եւ նոր ծրագրերի նախանշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը: «Հույս ունեմ՝ ինչ-որ մի փուլից կսկսվեն նաեւ վիզաների ազատականացման բանակցությունները»,- «ՀՀ ՝ մի կողմից, ԵՄ եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով նիստին ներկա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։

Նրա խոսքով՝ արեւելյան գործընկերության կարեւոր բաղադրիչներից մեկն անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն է։

«Չկա որեւէ ոլորտ, որը համաձայնագրի տիրույթից դուրս է, կամ այդ ոլորտում փոփոխություններ ու բարեփոխումներ այս համաձայնագրով չեն արվելու: Առաջիկա ամիսներին մեր օրենսդրությունը կմոտեցնենք եվրոպական օրենսդրությանը, եւ որեւէ ոլորտ դուրս չի մնալու դիտարկման այս տիրույթից։ Մեր բոլոր հանձնաժողովները մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու են»,- ասել է հայ պատգամավորը:

Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի հետ

Հայաստանը շարունակելու է քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը դաշնակից Ռուսաստանի, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ, շարունակելու է բարեկամական հարաբերությունները Իրանի հետ, ակտիվ գործընկերությունը՝ Եվրոպական Միության հետ: Այս մասին խոսել էր վարչապետ Սերժ Սարգսյանը՝ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցին, թե ի՞նչ քաղաքականություն է տանելու Հայաստանը Ռուսաստան-Արեւմուտք-Իրան հակասությունների համապատկերում:

«ԵԱՏՄ անդամ երկրներում եւ Իրանում մենք ունենք հետաքրքրություններ, ունենք շուկաներ, այդ երկրները շատ կարեւոր նշանակություն ունեն մեր տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում: Մենք շարունակելու ենք համագործակցությունը Եվրամիության հետ, եւ կարծում եմ, որ մենք արդեն հուլիսի 1-ից կսկսենք իրականացնել այն դրույթները, որոնք ներառված են ՀՀ եւ ԵՄ միջեւ ստորագրված պայմանագրում»,- նշել էր նախկին վարչապետը:

Ըստ նրա, Հայաստանը շարունակելու է համագործակցությունը նաեւ Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ, որովհետեւ ուղղակի չի կարող չհամագործակցել, որովհետեւ մեր երկրի ընդհանուր քաղաքական գաղափարախոսությունը հետեւյալն է՝ միշտ շահել համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների հակամարտության հաշվին: Ինչը անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է: Ապա հավելել է, որ մեր իրականության մեջ մենք տեսել ենք, եւ մեր իրականության մեջ ունենք օրինակներ, թե ինչի կարող է բերել հակառակ քաղաքականությունը, այն է՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ ձեռնտու չէ:

Հայաստանի առեւտրաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում ՌԴ-ին եւ ԵԱՏՄ-ին, 1/3-ը՝ ԵՄ-ին եւ նույնքանը այլ շուկաներին:  Այստեղ էլ ամեն ինչ դիվերսիֆիկացված է:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։