Հաղթելու ենք թուրքական ժխտողականությանը – Արդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգ… Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն… / Ծիծեռնակաբերդ էին ժամանել ՀՀ ԱԺում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական, ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչները – ներկա էր նաեւ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը…

Մայիս 19-ին Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին ժամանել նաեւ Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը: Ներկա էին նաեւ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միեւնույն ժամանակ մենք մեր հույն եւ Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել եւ հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական եւ հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասել է նա: Ապա շարունակել է, թե քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին՝ թուրքական ժխտողականության հետեւանք էին թե՛ 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե՛ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները եւ՛ խաղաղ բնակչության, եւ՛ զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է՝ մենք պայքարող ժողովուրդ ենք ու պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետեւ Աստված է մեզ հետ եւ որովհետեւ մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»:  

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ իր համար եւ՛ ապրիլի 24-ը, եւ՛ մայիսի 19-ը նախեւառաջ վերածննդի օր են: «Այդ օրերը ինձ համար ոչ թե լացելու, այլ վերաիմաստավորելու, ազգային համախմբման օրեր են: Բնականաբար, ես եւ՛ հունական, եւ՛ հայկական ցեղասպանության ժառանգորդն եմ: Ես հայրական կողմով հունական ծագում ունեմ, մայրական կողմով՝ հայկական: Ինչպես ասել եմ՝ ես 100 տոկոսով հույն եմ ու 100 տոկոսով հայ եմ: Եվ դա ինձ կրկնակի ուժ է տալիս կրկնակի եռանդով պայքարել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլ նաեւ Պոնտոսի հույների ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Մենք ունենք շատ լավ փորձ եւ միասնաբար պետք է պայքարենք»:

Հայաստանի խորհրդարանը 2015թ. մարտի 24-ին միաձայն ընդունել է Օսմանյան Թուրքիայում Պոնտոսի հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը: Միաձայն կողմ է քվեարկել 117 պատգամավոր: Պոնտոսի հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել են նաեւ Հունաստանը, Կիպրոսը, Շվեդիան:

Ապրիլյան օրերին յուրաքանչյուր հայկական կազմակերպություն, ամեն մի հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, ցանկանում է ի նպաստ մի քայլ անել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար:

Հայտնի դարձավ, որ հանրահայտ ամերիկահայ Քիմ Քարդաշյանի ամուսինը, ոչ պակաս հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը օգտագործել է իր կապերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար: Այս քայլը մեծ արձագանք է գտել ոչ միայն ամերիկահայերի, այլեւ՝ ամերիկյան եւ առհասրակ արեւմտյան հանրության մեծ մասի մոտ, որոնք Քրմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի երկրպագուներն են: Իսկ դրանք տասնյակ միլիոնների են հասնում:

Այս մասին ԱՄՆ Կանզաս նահանգի խոշորագույն The Wichita Eagle պարբերականում գրել էր Մարկոս Կունալակիսը՝ մինչ հանդիպումը. «Քանյե Ուեսթը կարող է օգնել Դոնալդ Թրամփին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածում: «Հայաստանն առաջին բանը չէ, որ գալիս է մտքիդ, երբ մտածում ես Քանյե Ուեսթի ու Քարդաշյանների մասին: Այդուհանդերձ, ճշմարտությունն այն է, որ Քանյեն մշտապես հոգ է տարել եւ երգել է արդարության մասին, իսկ նրա ամերիկահայ ընտանիքը միշտ կարեւորել է աշխարհի մեծագույն հանցագործություններից ու անարդարություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը»,- նշել է հեղինակը: Շատ մեկնաբաններ էլ ընդգծել են, որ սա կարող է լավ օրինակ դառնալ աշխարհի հանրահայտ հայերի համար, ովքեր իրենց երկրներում կարող են բարձր մակարդակով նման հանդիպումներ կազմակերպել եւ հաջողության հասնել:

Մարկոս Կունալակիսն ասել է, որ «ռեփեր Քանյեն կօգտագործի իր նոր մտերմությունը նախագահ Թրամփի հետ՝ դրդելու նրան անելու այն, ինչ մինչ օրս չի արել ԱՄՆ որեւէ գործող նախագահ՝ հրամանագիր ընդունել՝ հռչակելով 1915թ. իրադարձությունները որպես աշխարհի առաջին ցեղասպանություն: Հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես վերաբերում է դեպքերին որպես «ցավալի, տարաբախտ եւ ողբերգական» դեպքեր, սակայն չի ճանաչում որպես ցեղասպանություն: Նշվել է, որ դա կարող է հաջողության հասնել գուցե ոչ այս տարի: Հեղինակը հիշեցնում է, որ Քիմն ու Քանյեն 2015թ.՝ Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցին մեկնել էին Հայաստան: Խոսք կա նաեւ, որ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում հիշել այդ պատմական փաստի մասին, եւ քրիստոնյա հայերի հետ տեղի ունեցածն անվանում է որպես Առաջին աշխարհամարտի դժբախտ հետեւանք եւ ոչ թե էթնիկ կամ կրոնական զտում: Ավելին, այդ երկրի նախագահ Էրդողանը սպառնում է պատժել բոլոր այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

Հեղինակն ընդգծում է, որ այս հանգամանքը կարող է նպաստել, որ ԱՄՆ նախագահը չընդունելով իր հասցեին արվող սպառնալիքները, անի հայանպաստ հայտարարություն… Նա մշտապես հակում ունի անել ամեն բան այլ կերպ՝ դեմ դուրս գալով ավանդույթներին:

Այս տարի Դոնալդ Թրամփը կրկնեց իր նախորդի՝ Բարաք Օբամայի արտասանած բառը՝ Եղեռն, ինչը դեռ այդ տարիներին առաջարկվում էր որպես առանձնահատուկ որակում ընդունել Հայող ցեղասպանությանը հղված, ինչպես Հոլոքոսթն է հրեաների ցեղասպանության դեպքում…

Ինչեւէ, ամեն բան արվում է, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի աշխարհի, մարդկության կողմից եւ հաղթանակի արդարությունը, որը Հայոց պահանջատիրության հաղթանակը պիտի լինի:

Մի բան պարզ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը նաեւ արդյունավետ կավարտվի, պահանջատիրական հետեւանքներով, եթե Իսրայելը եւ Արեւմուտքը որոշեն պատժել Թուրքիային:

Իսկ Իսրայելում արդեն տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության հարցը օրակարգային է: Այս անգամ այն նորից վեր է հանվել Կնեսեթում, քանի որ իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի հերթական լարվածության պատճառով դարձյալ սրված են թուրք-իսրայելական հարաբերությունները: Հակաիսրայելական գործողություններին ի պատասխան, իսրայելական կողմը կրկին դիմել է Հայոց ցեղասպանության թեման տարբեր մակարդակներում շահարկելու միջոցին, ինչը պատիվ չի բերում Հոլոքոսթ տեսած ժողովրդին:

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վճռորոշ դիրքորոշումը վերապահված է գործադիր իշխանությանը, որը, հանձին նրա ղեկավար վարչապետ Բենյամին Նեթանյահուի, այսօր հազիվ թե գնա նման քայլի, քանի որ Իսրայելի արտաքին ու անվտանգության քաղաքականության համար տարածաշրջանում առկա են առավել առաջնային գերակայություներ:

Մերձավոր Արեւելքում Պաղեստինի եւ Սիրիայի հարցերով պայմանավորված՝ Իսրայելի առանցքային խնդիր է դարձել Իրանը: Եվ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, Իսրայելը հակաիրանական ճամբարի ընդլայնման նպատակով ջանքեր են գործադրվում: Հիմա հայկական խնդրի արծարծումը կկատաղեցնի թուրքերին եւ Իրանի դեմ քայլերին նոր խոչընդոտ կավելանա…

Բայց մի քանի տարի է, ինչ Հայաստան-Իսրայել  համագործակցության պատրաստակամություն է նկատվում, ինչը հույս է տալիս, որ Իսրայելում Հայոց Ցեղասպանության կամ Մեծ Եղեռնի ճանաչման գործընթացը կմոտենա հաղթական վերջաբանին… Որից հետո ամերիկյան ու եվրոպական ճանաչումներն ու դատապարտումները լոկ բանաձեւեր չեն մնա…

Իսկ արդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգ, որտեղ հաջորդիվ պիտի նշված լինեն Արեւմտյան Հայաստանի եւ այլ բռնազավթված հայկական տարածքների (ոչ միայն Թուրքիայի կողմից) վերադարձի, վերաբնակեցման եւ վերազարթոնքի խնդիրները…

Արամ Ավետյան

Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն

Ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը, թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Այս մասին ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում նշել էր ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:

«Դա պայքար է ոչ թե՝ ընդդեմ, դա պայքար է՝ հանուն, հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որպեսզի նոր ցեղասպանություններ կանխարգելվեն, հանուն նրա, որ ժխտողականությունը գլուխ չբարձրացնի: Մենք՝ ՀՀ ԱԺ-ն, մի շարք եվրոպական եւ ոչ միայն եվրոպական երկրներում ՄԱԿ-ի Ցեղասպանության դեկլարացիայի ընդունման 70-րդ տարեդարձի առթիվ մեծ ցուցահանդեսներ ենք կազմակերպելու»,- ասել է նա:

Ցուցահանդես է եղել Սլովակիայում՝ ապրիլի վերջին մայիսի սկզբին՝ Բրատիսլավայում, այնուհետեւ ցուցահանդեսներ են եղել Կիպրոսում, Հունաստանում, նաեւ Մերձբալթյան երկրներում եւ այսպես շարունակ: «Սրանով մենք մեկ անգամ էլ ուզում ենք ասել, որ մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն, դրանք պետք է դատապարտվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը՝ դահիճը եւ ոճրագործը, չի ճանաչել այդ ցեղասպանությունը»,- ասել է նա:

Վերջերս նշվում է, թե ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին գաղտնի նախագիծ է մշակվում… Թուրքական մամուլը եւս գրում է այս մասին: «HabertՖrk»-ի թղթակից Սերդար Թուրգութը իր «Կա՞ արդյոք Թուրքիայի դեմ ուղղված օրինագիծ» խորագրով հոդվածում գրում է. «Ես լսել եմ ու գիտեմ, որ Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ աշխատում են այսպես կոչված Հայոց ցեղասպանության նախագծի շուրջ։

…Բայց չգիտես ինչու, մինչ օրս այս մասին ոչ մի լուր չի հայտնվում, ոչ ոք չի ասում. «Այո, նման աշխատանքներ տարվում են»։ Մինչդեռ նախորդ տարիներին Կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ իրենց ընտրազանգվածներին ուղղված ակնարկներ էին հնչեցնում, տեղեկացնում էին, որ նախագիծ է մշակվում։ Իսկ այս տարի կատարյալ լռություն է տիրում։ Բնազդս եւ Վաշինգտոնի առումով նախկին փորձս հուշում են, որ որոշ տհաճ զարգացումներ են խմորվում լուռ կերպով»։

Սերդար Թուրգութը հավելում է, որ այս կասկածները հաստատվում են նաեւ այն հանգամանքով, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը ապրիլի վերջերին հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից առաջ տարածված հայտարարության համաձայն՝ հանդիպման օրակարգային թեման եղել է Հայոց ցեղասպանությունը եւ նման իրադարձությունների հետագա կանխումը։

Հեղինակը նշում է, որ անցած տարիներին Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախագծեր ներկայացրած Էդ Ռոյսը չի հայտնել նման նախագծի մասին, բայց մի քանի գործընկերների հետ Դոնալդ Թրամափին ուղղած նամակում չի մոռացել հիշեցնել Ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին: Ամեն ինչ գաղտնի է մնում, քանի դեռ հայտնի չէ նախագծի հրապարակման պահը: Չի բացառվում, որ դա իսրայելա-ամերիկյան ծրագիր է:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Երեւանում, Ծիծեռնակաբերդում հայտնեց. «ԱՄՆ-ի ժողովուրդը, կառավարությունը չեն մոռանում 1,5 մլն. հայերին, ովքեր Օսմանյան կայսրությունում զոհ գնացին կոտորածներին: Մենք  նաեւ հիշում ենք այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում օգնել են տուժածներին, այն մարդկանց, ովքեր կարողացան կերտել Հայաստանի ապագան»:

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։