Հայրենիք սիրելը հասարակական աշխատանք չէ՝ ազգային սրբազան պարտականություն է… Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛ – Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… – Առանց մեկնաբանության.- «Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է ընկալել (Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար)… – Առանց մեկնաբանության.- Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ պաշտոնաթող պաշտպանության նախարարին (Արմեն Գրիգորյան, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար)…

Ազգ-բանակ ծրագիրը պետք է կայանա՛

Եվ բոլոր համազգային ծրագրերը պիտի կյանքի կոչվեն

Համազգային բանակի ստեղծումը, իհարկե ժողովրդական ալիքի վրա ինքնաբերաբար հրամցված նվեր կամ շոու-ծրագիր չէ, սակայն ամեն հայի ուղեղին պիտի հասանելի լինի, եթե իհարկե ուղեղի հետ խնդիրներ չկան:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ Ազգ-բանակը այն համազգային ծրագիրը պիտի լինի, ինչպիսին պատկերացնում ենք Համահայկական խորհրդի կամ Սահմանադրության ստեղծումը, ինչը կնպաստի նաեւ Համահայկական խորհրդարանի առաջացմանը, Համազգային դրամատան եւ տնտեսական միավորման, այս կամ այն ոլորտային  կառույցի ստեղծումն ու Հայրենիք-Սփյուռք յուրաքանչյուր համատեղ գործողության կիրառումը…

Ով դեմ է Ազգ-բանակին եւ դեմ գնալու համար խնդրի հետ կապ չունեցող տարաբնույթ սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, նա կամ լավ չի պատկերացնում, թե ինչ կարող է տեղի ունենալ մեզ հետ կտրուկ եւ նպատակային պատերազմական իրավիճակներում, կամ՝ հասել է իշխանության ազգադավ նպատակներով:

Եթե համաշխարհային հերթական վերաբաժանման ժամանակ պայթեն բոլոր մեր սահմանակից հակամարտությունները (անգամ եթե դրանցից մի քանիսը), ապա միայն Հայաստանի Հանրապետությանը միջազգայնորեն թույլատրված քանակ ունեցող բանակով անգամ մեր սահմանները չենք կարող լիարժեք պաշտպանել… Արցախյան նոր պատերազմ (որը կարող է հեռանկարում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական (Նախիջեւանի կողմից) ծավալումների հասնել), Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի մասնատում, որի ժամանակ Արեւմտյան Հայաստանի Քրդստան դառնալու խնդիր կա դրված նաեւ, Իրանա-իսրայելական առճակատում, որտեղ Ադրբեջանի տարածքային ծավալման հնարավորություններ են նաեւ քննարկվում, Սաուդյան Արաբիա-Իրան առճակատում, որը մեծ հարվածի տակ է դնելու արաբական աշխարհուն եւ Իրանոմ ապրող հարյուր հազարավոր հայերի գոյությունը (որոնք էլ հիմնականում Արեւմտյան Հայաստանի ներգաղթյալներն են լինելու՝ մեզ համար նպաստավոր միջազգային ծրագրերում), ռուս-վրացական նոր պատերազմ, որը Հայաստանի համապարփակ շրջափակման սկիզբը կարող է դնել…  

Շվեյցարիայի նման զարգացած եւ միջազգային չեզոքության հասած պետությունը վաղուց է անցել համաժողովրդական բանակի կարգին: Այստեղ երկրի յուրաքանչյուր բնակիչը զինվոր է, բայց դա չի նշանակում, թե ամբողջ բնակչությունը ամեն օր մեկնում է զինվորական ծառայության: Իհարկե զիպատրաստություն ստանում են, բայց տեղերում: Պարզապես յուրաքանչյուրն ունի իրեն հատկացված զենք զինամթերքը եւ այլ անհրաժեշտ պարագաները, գիտի թե համապետական մարտակոչի ժամանակ որ զինվորական բաժանմունքն է գնալու, որտեղից կստանա իր զենք-զինամթերքը, իսկ ստանալուց հետո, գիտի, թե որ զինվորական զորամաս է մեկնելու՝ իր քաղաքացիական պարտքը պետության եւ ժողովրդի նկատմամբ կատարելու համար…

Սա որոշակիորեն նաեւ Ազգ-բանակի նախատիպն է եւ ոչ մի կապ չունի ինչ-որ անիմաստ շահարկումների հետ:

Հայ արիականների առաջնորդը մտավախություն ունի. «սիրո եւ երջանկության» հեղափոխություն ասվածը հանկարծ չդառնա նախկին ամեն ինչը փնովելու եւ հոշոտելու կործանարար (նաեւ ինքնակործան) քաղաքականություն: Այն մեթոդները, որ կիառվել են այս հեղափոխության ժամանակ, միջազգային սադրանքների մեջ փորձված են եւ կիրառվում են նաեւ աշխարհի շատ հեղափոխությունների ու հեղաշրջումների ընթացքում: Գունավոր հեղափոխությունների ժամանակները անցան, սպառվեցին եւ կրկին գալիս են «առանց բռնության» հեղափոխությունների ժամանակները: Իսկ սա մի այլ վտանգ ունի, մեզ շատ ծանոթ հուդա-մասոնական «Եղբայրություն, արդարություն, հավասարություն» կարգախոսներով հեղափոխություններն արդեն բազմիցս կեղեքել են Հայաստանն ու հայությանը, անգամ Խորհրդային Հայաստանում դրանք կիրառվեցին բոլշեւիկա-մասոնական հակահայ դրսեւորումներով…

Եվ, ցավոք, մեր պատմության տարաբնույթ վայրիվերումներից հետո, մեր հասարակության մեծամասնությանը հայրենիքը սիրել սովորեցնելու անհրաժեշտություն կա, քանզի այդ մեծամասնությունը այդպես էլ չի տարբերում հայրենիքը՝ պետությունից, ավելին՝ իշխանությունից, իսկ ազգը՝ ժողովրդից, ավելին հասարակությունից… Հայրենիքը մեր ազգային ու հավերժական տունն է, կապ չունի, թե մեր հայրենի տարածքների վրա ինչ պետություն եւ իշխանություններ են փոխում մեկմեկու, դրանք ոչ մի կապ չունեն հայրենիք-բնօրրան հավիտենարժեք ու աստվածային հասկացողության հետ, ինչպես տվյալ հասարակությունն իր արեւմտյան, արեւելյան, թե հյուսիսային կողմնորոշումներով չի կարող կապ ունենալ ազգային արմատական իրողությունների եւ ինքնության հետ…

Ժողովուրդ, հանրություն, հասարակություն, խումբ-խմբավորում եւ նման այլ ձեւակերպումները ոչ բնածին ազգերի եւ անհայրենիք խառնագեն մարդատեսակների առաջ քաշած պատկերացումներն են, որոնք անարմատ ու անակունք են ցայսօր:

Արարելու մյուս կողմը՝ Ավերելն է, քանզի եթե բարի գործի համար արարում է, ապա չար գործի համար այն դառնում է ավերում: Պիտի ուղղակի հասկանալ, հայտարարված եղբայրությունն ու հավասարությունը կամ սերն ու երջանկությունը ու՞մ համար եւ ի՞նչ նպատակներով են ասվել…

Նորանշանակ ԱԱԽ քարտուղարը իր միտքն է շարադրել. «Եթե անհրաժեշտություն լինի պաշտպանվելու, ապա հասարակությունը պաշտպանվելու մեծ բնազդ ունի եւ պաշտպանվելու է, պետք չէ մարդկանց սովորեցնել հայրենիք սիրել»… Երբ խոսում են հասարակության անունից, այդ դասերն անցել ենք, հասկանում եմ, որ գործ ունենք կամա թե ակամա անտեղյակության հետ, քանզի հայրենիքի պաշտպանությունը  հասարակական աշխատանք չէ…

1990-ականների 3-4 միլիոնանոց Հայաստանից միայն մի 30 հազարը մեկնեցին մարտի դաշտ, որի մոտ կեսը նահատակվեց: Իսկ թե քանի հոգի հասարակական ու քաղաքական գործունեությամբ դարձավ միլիոնատեր, ապա բարեգործ ու ամենակարող, այժմ թող նոր իշխանությունը հաշվի (գուցե իրենց մեջ էլ հայտնաբերեն)…

1990-ականների 2 ինքնաթիռի տոմսով 2 սենյականոց բնակարաններ էին վաճառում ոմանք, որ մեկնեն Հայստանից, հետո եկան ու օքսֆորդներն ու հարվարդները ավարտած զավակներով տիրեցին երկրին, շատերն էլ ռուսաստաններում փողեր աշխատած եկան ու դարձան գործատերեր, գծատերեր եւ այլն, որտեղ այդ մի քանի հազար մարտական ուղի անցած կամավորականները աշխատանք էին փնտրում եւ պետականաշինությամբ զբաղվում…

Եթե այսօր էլ շարունակենք բարբաջել հասարակական հիմունքներով (մի տեղ որ հասարակ բառն է արմատը…), ոչ թե՝ ազգային, ապա քիչ է մնում ասեմ, թե՝ նոր պատերազմում (դեռ պատերազմական վիճակում ենք) խրամատներում կհաշվեմ հասարակության՝ հայրենիքը սիրողներին եւ օդանավակայանում ինքնաթիռի տոմս առնողներին… Շատ բան չի փոխվել: Եթե 1990-ականների միլիոնանոց ցույցեր էին եւ 1-2 տասնյակ հազար ազատամարտիկ, ապա այս ցույցերից չգիտեմ ինչքան կամավորական դուրս կգա, եթե կեսից ավելին էլ ուսանողներ ու դպրոցականներ էին…

Իրականում այս խնդիրը վերնախավում երեւի թե բարդ է լինելու հասկանալ, քանի դեռ բողոքի ալիքի վրա եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգ-բանակը համարում է ընտրություններին ամբողջ բանակը քվեարկության տանելու սինաբանություն…

Նարե Մշեցյան

Հ.Գ. – Ինչ մնում է այս իշխանությունների՝ հասարակական հայրենասիրության տեսությանը, ապա նախկին իշխանություններից հիասթափված եւ իշխանափոխություն անողներին աջակցած ժողովրդական ալիքը նույն հաջողությամբ իշխանական աթոռներից շուտով մաքրելու է նոր իշխանությանը, եթե միայն ճամարտակությունը մնա ասպարեզում…

Իսկ հասարակական հայրենասիրություն ասվածին միայն Գարեգին Նժդեհի խոսքով կպատասխանենք՝ այսօր պիտի ոչ թե հայրենասեր, այլ հայրենապաշտ լինե՛նք… Ուրեմն՝ ի գործ: Այլապես…

Առանց մեկնաբանության. «Ազգ-բանակ» հայեցակարգը պետք է ընկալել

«Ազգ-բանակ» հայեցակարգը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի դիտարկումների առանցքում է:

ՀՀ ԱԽ քարտուղարը հարցազրույցներից մեկում դեմ է արտահայտվել «Ազգ-բանակ» հայեցակարգին՝ նշելով, որ հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելու անհրաժեշտ չկա: Դրա փոխարեն պետք է երկրում ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում էլ մնան:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին զարմացրել են Արմեն Գրիգորյանի դիտարկումները: Նա, արձագանքելով այդ դիտարկումներին, նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ թե հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Վիգեն Սարգսյանի խոսքով, այն, ինչ Արմեն Գրիգորյանը ներկայացնում էր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որեւէ փաստաթղթում, ելույթում եւ դրա շրջանակներում ներդրված որեւէ ծրագրում չի կարողանա մատնանշել:

«Ազգ-բանակի» հիմքում հետեւյալն է՝ երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, եւ հետեւաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ՝ պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ՝ հասարակությանը վերադարձնելով ամենատարբեր ոլորտներում՝ ռազմական գիտությունից եւ արդյունաբերությունից մինչեւ կրթական համակարգ եւ բուժ.սպասարկում: Բանակը պետք է ավելի թափանցիկ գործի՝ արձագանքելով հանրության յուրաքանչյուր հարցին եւ մտահոգությանը: Որպես տնտեսության սուբյեկտ բանակը պետք է նշաձող սահմանի ու տնտեսական մրցակցության, եւ կոռուպցիայի դեմ պայքարի, եւ արդյունավետության բարձրացման ոլորտում: «Ազգ-բանակը» ոչ թե հասարակությանը՝ հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Այդ թվում՝ ակտիվ պահեստազորի ներդրման, ժամկետային եւ պայմանագրային ծառայությունը համադրելու, զինծառայողների համար սոց.պաշտպանության ավելի գործնական մեխանիզմներ ներդնելու միջոցով»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ ամեն ոք ազատ է իր կարծիքն արտահայտելու հարցում, սակայն, կարծիք արտահայտող հանրային պաշտոնյան գոնե պարտավոր է շատ հստակ պատկերացնել, թե ինչի մասին է խոսում:

«Որպես նախկին պաշտոնյա՝ ներկայումս բեռ կրող մարդու, ուզում եմ մի կողմից համբերություն եւ կատարած աշխատանքի արդյունքներով ուրախանալու առիթներ մաղթել, մյուս կողմից էլ խորհուրդ տալ՝ անկախ բեռի ծանրությունից եւ պատասխանատվության ծավալից մի փորձիր միավոր վաստակել՝ սեւացնելով նախկինում արած աշխատանքը: Արա քո գործն, արա այն ավելի լավ, ավելի արդյունավետ, եւ հասարակությունն անպայման կգնահատի: Երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը բոլորիս սրբազան առաքելությունն է: Տրոհելով այն յուրայինների եւ օտարների, դու փորձում ես հարվածել Հայոց բանակի կերտման եւ Արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ուժին, ինչը, գուցե, հարիր է քաղաքական այս կամ այն թեւի ներկայացուցչին, բայց ոչ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին: Ժամանակն է վեր կանգնել դրանից, եւ պետական մտածելակերպ ստանձնել: Իրողություններ են փոխվել նաեւ քո համար: Աստված պահապան մեր սպային եւ զինվորին, մեր Ազգ-բանակին, մեր Հայաստանին եւ Արցախին: Ուժ եւ խոհեմություն մեր երկրի ղեկավարներին»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Նա շնորհավորել է Արմեն Գրիգորյանին բարձր պաշտոնում նշանակվելու առթիվ եւ մաղթել հաջողություն մեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման պատասխանատու գործում: Նա ընդգծել է, որ Արմեն Գրիգորյանի եւ պաշտպանական ոլորտի նոր ղեկավարների արդյունավետ եւ հետևողական ծառայությունից է կախված ամբողջ հասարակության, մեզնից յուրաքանչյուրի, մեր ընտանիքների բարեկեցությունն ու խաղաղ կյանքը:

«Ուստի, հուսով եմ, վայրկյան անգամ չես կասկածում, որ սրտանց մաղթում եմ, որ հաջողես, քանի որ ձախողումների գինը յուրաքանչյուրս է վճարելու՝ յուրաքանչյուր հայ մարդ: Քո եւ պաշտպանական մեր թիմի հաղթանակները մեր բոլորի երազանքն են»,- հավելել է նախկին նախարարը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին քաղաքագետ, հրապարակախոս Արմեն Գրիգորյանը նշանակվել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ դեմ է «Ազգ-բանակ» հայեցակարգին, որովհետեւ հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա: Նա համոզված է, որ ժողովուրդը սիրում է իր հայրենիքը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած ադեկվատ հասարակություն «Ազգ-բանակ»-ի անհրաժեշտություն չունի: «Եթե անհրաժեշտություն լինի պաշտպանվելու, ապա հասարակությունը պաշտպանվելու մեծ բնազդ ունի եւ պաշտպանվելու է, պետք չէ մարդկանց սովորեցնել հայրենիք սիրել»,- ասել է նա:

Առանց մեկնաբանության.Արմեն Գրիգորյանի պատասխանը՝ Վիգեն Սարգսյանին

Մայիս 21-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ իրեն ուղղված հրապարակմանը:

«Պաշտպանության նախկին նախարարին եւ իմ նախկին դասախոսին

Պարոն Սարգսյան,

Ես եւ Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, եւ մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ ֆեյսբուքի անձնական նամակներով։

Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը եւ նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։

Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։

Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին։

Դուք մի թիմի անդամ եք, որի կառավարման շրջանում Հայաստանից 370.000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացրել ՀՀ արտաքին պարտքը, 800.000-ից ավել քաղաքացի աղքատության մեջ է ապրել, եւ այս ձախողումների արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում եւ կորցրել կյանքեր ու տարածք։

Եվ այս արդյունքները գրանցվել են Ձեր եւ Ձեր թիմի իշխանության մեջ գտնվելու տարիներին:

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։