Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Աշխարհի մարզական հեւքից.- «Լեո»-ն՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն… ՀՖՖ.- «Շիրակ»-ն ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը… ՀՖՖ-ն «Շիրակ» ակումբի 2 թիմին հանեց առաջնությունից… Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել էր Ավստրիա / Հայաստանի եւ Մալթայի, Հայաստան եւ Մոլդովա… Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ մնացել է առանց մրցակցության… Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Daily Express-ին… Ինչու Զինեդին Զիդանն ավարտեց իր առաքելությունը «Ռեալ»-ում… Մարադոնան խորհուրդներ է տվել Մեսիին… «Վաշինգտոն»-ը վերջապես հաղթել է Սթենլիի գավաթի եզրափակիչում… Անատոլի Կարպովը քննադատել է Մագնուս Կառլսենին… Մարիա Շարապովան եւ Կարեն Խաչանովը շարունակում են հաղթարշավը… Լեւոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 սուպերմրցաշարում… Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է «Չիկագո Օփեն»-ում… Երեւանում՝ շաշկու միջազգային մրցաշար / մրցաշարում հաղթեց Դմիտրի Մելնիկովը… Սարգիս Ստեփանյանը եւ Խաչատուր Սարիբեկյանը՝ Եվրոպայի բազկամարտի չեմպիոն…

Մարզաշխարհի խաչմերուկներում

«Լեո»-ն՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

Կայացավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ 3-րդ հանդիպումը՝ «Լեո» եւ «Չարբախ» թիմերի միջեւ: 2 խաղերից հետո սերիայում առջեւում էին լեոնցիները՝ 2:0: Համաձայն մրցաշարի կանոնակարգի՝ չեմպիոնի տիտղոսը նվաճում է այն թիմը, որը եզրափակիչում առաջինն է 3 հաղթանակ տանում:

«Լեո»-ն լարված պայքարում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 5:3, եւ 2-րդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Հանդիպման ավարտից հետո չեմպիոնական գավաթը հաղթող թիմին հանձնեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:

ՀՖՖ.- «Շիրակ»-ն ընտրել է սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել` «Շիրակ» ակումբի շուրջ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ՀՖՖ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018թ. կայացրած որոշման  շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված  իբրեւ թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության եւ դրա արդյունքում  նույն օրը՝ 17.05.2018թ.-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։

Մամուլում անընդհատ շրջանառվում է 17.05.2018թ. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին եւ արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ»-ի միավորները, որն էլ իբրեւ թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։

ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որեւէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։ Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առեւտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ եւ «Շիրակ ՖԱ» ՀԿ միջեւ եղած հարաբերությունները իրենց բնույթով որեւէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առեւտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ եւ հետեւապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։  

Եվ, եթե մի պահ պատկերացնենք թե ինչ կլինի ֆուտբոլի կամ այլ մարզաձեւերի հետ, եթե մեր դատական ատյանները որոշեն միջամտել սպորտային վեճերին, օրինակ՝ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած մարզիկի մի քանի խաղով որակազրկման  կամ այլ սպորտային պատճամիջոցերի կիրառմանը, ապա ավելի անհեթեթ եւ միաժամանակ ավելի վտանգավոր իրավիճակ պատկերացնելն անհնար կլինի: Եվ հենց դա է պատճառը, որ սպորտին վերաբերվող բոլոր վեճերը ենթակա են լուծման բացառապես սպորտային արբիտրաժային դատարանների կողմից։ Իսկ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս արբիտրաժային լուծում չի սահմանել սպորտային վեճերի համար՝ ՀՖՖ-ն հարկադրված է եղել ճանաչել Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը:

Անգամ նման պայմաններում, ինչպես արդեն նախկինում հայտնել ենք, դատարանի նշված որոշման չկատարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն ՀՖՖ-ին տրամադրվել է 18.05.2018թ. երեկոյան, եւ այն բանից հետո միայն, երբ ՀՖՖ կողմից, ի կատարումն ՀՖՖ Կարգապահական եւ Բողոքարկման կոմիտեների  որոշումների «Շիրակ» ՖԱ ՀԿ միավորներն արդեն նվազեցված են եղել։

Առավել ուշագրավ է, որ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն եւ Արարատ Հարությունյանը, գործելով համատեղ եւ հանդես գալով որպես համահայցվորներ,  դեռեւս 07.05.2018թ. նույն դատարանին ներկայացրել էին հայցադիմում ընդդեմ  ՀՖՖ-ի՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, հավանաբար նպատակ հետապնդելով դրա շրջանակներում հայցի ապահովում ստանալու դատարանից։ Այս դեպքում սակայն  դատարանը /նախագահող դատավոր Ա.Պետրոսյան/, իրականացնելով գործի բազմակողմանի ուսումնասիրություն, հղում կատարելով ինչպես «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի, այնպես էլ ՀՖՖ կանոնադրություններին, իրավացիորեն եզրակացրել էր, որ ներկայացված հարցը դատարանում քննության ենթակա չէ եւ 17.05.2018թ. որոշում էր կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։

Նման պայմաններում առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, թե ինչ օպերատիվությամբ է գործել  «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, որը, հավանաբար արդեն տեղյակ լինելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 17.05.2018թ. հասցրել է վերը նշված միջնորդությունը մուտք անել դատարան։ Նույնքան ուշադրության է արժանի դատավոր Ռ. Վարդազարյանի օպերատիվությունը, ով հասցրել է հենց նույն օրն ուսումնասիրել ոչ ստանդարտ, իր բնույթով շատ սպեցիֆիկ խնդիրը և որոշում կայացնել:

Այսպիսով, ակնհայտ է  որ «Շիրակ» ՖԱ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները խախտելու քաղաքականությանը՝ Սպորտային Արբիտրաժային Դատարանին բողոք ներկայացնելու փոխարեն, ամեն գնով փորձել է գործի քննությանը ներգրավել ներպետական դատարաններին:

Ակնհայտ է նաեւ այն, որ «Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում եւ փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը եւ լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար:

Եվ միայն սա է պատճառը, որ այժմ «Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների եւ կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը»:

Կարելի է կարսակ նաեւ հետեւյալ հարակից հրապարակումները`

– 15 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի. Ռուբեն Հայրապետյան

– Դատախազությունն արձագանքում է ՀՖՖ նախագահին

– «Փյունիկ» ակումբը դատապարտում է ցանկացած տեսակի պայմանավորված խաղերի փորձը

ՀՖՖ-ն «Շիրակ» ակումբի 2 թիմին հանեց առաջնությունից

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեի որոշմամբ «Շիրակ-2» ֆուտբոլի թիմը եւ «Շիրակ» ֆուտզալի թիմը դուրս են հանվել Հայաստանի առաջնություններից, քանի որ 2-րդ անգամ չեն ներկայացել հանդիպումներին: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է համապատասխանաբար 500000 եւ 100000 դրամով:

Ի դեպ, անցած շաբաթվա ընթացքում չեն կայացել նաեւ պատանեկան առաջնության մի քանի հանդիպումներ: Սակայն զարմանալին այն է, որ կարգապահական կոմիտեն տարբեր տուգանքներ է սահմանել դրանց համար: Մասնավորապես՝ «Ադանա-01» -«Արարատ-Մոսկվա-01» խաղը չկայանալու համար Չարենցավանի մանկապատանեկան մարզադպրոցը տուգանվել

10հազար դրամով, իսկ ահա «Գանձասար-Երևան-04» -«Շիրակ-1-04» չկայացած հանդիպման համար «Շիրակ» ֆուտբոլային ակումբը պատժվել է 50 հազարով, չնայած երկու դեպքում է կիրառվել է ՀՖՖ կանոնակարգի 18-րդ հոդվածի 4-րդ կետը:

Հետեւաբար հարց է ծագում. ի՞նչ սկզբունքներով կամ փաստերով են առաջնորդվում նիստի մասնակիցները, երբ նույն հոդվածի նույն կետի համար տարբեր որոշումներ են ընդունում:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մեկնել էր Ավստրիա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն այսօր չարտերային չվերթով մեկնել են ավստրիական Զալցբուրգ, որտեղից կուղեւորվեն Ինսբրուկ քաղաք: Թիմը հանգրվանելու է «Պարկո հոտել ին Տիրոլ» հյուրանոցում եւ շարունակելու է նախապատրաստվել Մալթայի եւ Մոլդովայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին:

Մեր հավաքականը Ավստրիա է մեկնել այսպիսի կազմով

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»

 Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար»

Հրայր Մկոյան, «Շիրակ»

 Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

 Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Գեղամ Հարությունյան, «Գանձասար»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին եւ Կամո Հովհաննիսյանը հավաքականին կմիանան արդեն Ավստրիայում: Չալըշըրը ժամանելու է մայիսի 28-ին, իսկ մնացած երեքը՝ հունիսի 1-ին:

Հայաստանի եւ Մալթայի, Հայաստան եւ Մոլդովա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերադարձից հետո առաջին հանդիպումն անցկացրեց: Մեր ընտրանին ավստրիական Վատենս փոքր քաղաքի մարզադաշտում ուժերը չափեց Մալթայի ազգային թիմի հետ:

Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվեցին 1-ին խաղակեսում: Նախ 13-րդ րոպեին աչքի ընկավ Հայաստանի հավաքականի նորեկ Իվան Յագանը: հանդիպման 45-րդ րոպեին մալթացիները 11մ հարվածի իրավունք ստացան, որը վստահ իրացրեց Անդրեյ Աջյուսը: 2-րդ խաղակեսում կողմերից ոչ մեկին չհաջողվեց աչքի ընկնել եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:

Այդպիսով, Հայաստանի եւ Մալթայի հավաքականներն առաջին անգամ գոլեր խփեցին միմյանց դարպասը եւ ոչ-ոքի խաղացին: Նախորդ 5 հանդիպումներն ավարտվել էին միեւնույն 1:0 հաշվով:

Հայաստան-Մոլդովա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին:

Հ.Գ. – Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, 1-ին խաղակեսում մեր ֆուտբոլիստները 2 լավ պահ ունեին: Կառլեն Մկրտչյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, իսկ Համլետ Մխիթարյանի անցումից ու հարվածից հետո լավ խաղաց դարպասապահը:  2-րդ կեսում մեր ընտրանին նույնպես ուներ փոքր տարածքային առավելություն, սակայն երկու թիմերին գոլ խփել այդպես էլ չհաջողվեց՝ 0:0:

Իրանի հավաքականը աշխարհի առաջնությունից առաջ մնացել է առանց մրցակցության

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է Կոսովոյի ֆեդերացիայի հետ համագործակցությունը: Պատճառն այն է, որ հունիսի 2-ին Իրանի հավաքականը Թուրքիայում պետք է ընկերական խաղ անցկացներ այդ երկրի ընտրանու հետ, սակայն Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ խաղը չի կայանալու: Պատճառներն առայժմ հայտնի չեն:

Իրանի ՖՖ-ն բողոք են ներկայացրել ՖԻՖԱ-ին եւ պահանջել, որպեսզի Կոսովոն փոխհատուցի բոլոր այն ծախսերը, որը ֆեդերացիան կատարել է հանդիպման կազմակերպման համար: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ խաղի հետաձգումը մեծ վնաս է հասցրել հավաքականի նախապատրաստական փուլին:

Այդպիսով, Իրանի հավաքականը, որը պատրաստվում է 2018թ աշխարհի առաջնությանը, մինչեւ այդ մրցաշարի մեկնարկը կանցկացնի միայն մեկ ընկերական հանդիպում: Հունիսի 8-ին իրանցիները Մոսկվայում կմրցեն Լիտվայի հավաքականի հետ, որն այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած ընկերական խաղում 1:0 հաշվով հաղթել է Հայաստանի ազգային թիմին:

Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Daily Express-ին

Անգլիական Daily Express օրաթերթի լրագրող Հարի Տալբոթն զրուցել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ՝ հետքրքրվելով, թե ինչ կարծիք ունի իսպանացի մասնագետ Ունայ Էմերիին Լոնդոնի «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին: «Մենք դեռեւս ժամանակ չենք ունեցել իրար հետ զրուցելու համար: Կարծում են նա տակտիկական նոր մտահղացումներ կբերի եւ նոր ոգի կհաղորդի թիմին: Նրա մասին դեռեւս չեմ խոսել խաղընկերներիս հետ: Թիմում բոլորն էլ պրոֆեսիոնալ են եւ գիտեն, թե ինչ է իրենցից պահանջվում, եւ ինչ է հարկավոր անել», – ասել է մեր ֆուտբոլիստը:

Խոսելով «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռանալու մասին, Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ շատ դժվար էր նրանից բաժանվելու պահը:

«Այդքան էլ հեշտ չէր համակերպվել այն մտքի հետ, որ թիմից հեռանում է մի մարդ, որը 22 տարի հավատարմորեն ծառայել է ակումբին: Դժվար է պատկերացնել, թե նա ինչպիսի ջերմ մթնոլորտ էր ստեղծել թիմում: Եթե նա որոշում ընդուներ եւս 10 տարի մնալ թիմում, ապա ոչ մեկ դեմ չէր լինի»,- խոստովանել է Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարծում է, որ «Արսենալ»-ը նոր մարզչի գլխավորությամբ պետք է ձգտի վերադառնալ եվրոպական ֆուտբոլի էլիտա:

«Անցած մրցաշրջանում մեր գլխավոր նպատակը չեմպիոնների լիգայում հայտնվելն էր, սակայն դա մեզ չհաջողվեց, չնայած մեծ ցանկություն ունեինք եւ պայքարում էինք դրա համար: Ֆուտբոլում ամեն ինչ էլ լինում, ուստի գալիք մրցաշրջանում պետք է կենտրոնանանք հենց այդ խնդրի վրա եւ փորձենք վերադառնալ չեմպիոնների լիգա»,- եզրակացրել է հայազգի ֆոտբոլիստը:

Մոուրինյոն պատմել է, թե ինչու Մխիթարյանը չդիմացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ջոզե Մոուրինյոն BBC-ի եթերում բացատրել է, թե ինչու հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մշտապես մնալ եւ խաղալ մանկունիանցիների կազմում, եւ արդյունքում տեղափոխվեց լոնդոնյան «Արսենալ»։

«Դժվա՞ր է պահել խաղացողներին, ովքեր հիմնական թիմի կազմում չեն մասնակցում խաղին։ Ոչ թե դժվար է, այլ անհնար։ Խաղացողի արձագանքը թիմի կազմում տեղ չունենալուն կախված է նրա բնավորությունից։ Հենրիխ Մխիթարյանը գիտակցեց, որ պատրաստ չէ նման իրականության՝ ոչ ֆիզիկապես, ոչ հոգեբանորեն, ոչ էլ մրցակցային առումով։ Նրա համար բարդ էր հարմարվել ակտիվության այսպիսի մակարդակի, չէ՞ որ մրցաշարերի արանքում կարճ ժամանակ էր լինում»,- ասել է նա։

Ինչու Զինեդին Զիդանն ավարտեց իր առաքելությունը «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը այսօր կազմակերպված հատուկ մամուլի ասուլիսում հրաժարական է տվել: «Ես որոշեցի ավարտել աշխատանքս «Ռեալ»-ում: Դա անսպասելի պահ է, սակայն որպեսզի թիմը շարունակի հաղթանակներ տանել, պետք են փոփոխություններ, նոր մոտեցումներ եւ աշխատանքային մեթոդներ: Այդ իսկ պատճառով էլ կայացրել եմ այս որոշումը: Ես միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել եւ վերաբերվում ակումբին ու նրա նախագահին»,- հայտարարել է Զինեդին Զիդանը:

Այդ լուրը լիովին անակնկալի է բերել ֆուտբոլային հասարակայնությանը, քանի որ ընդամենը 5 օր առաջ «Ռեալ»-ը ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ 3-րդ անգամ անընդմեջ հաղթող էր ճանաչվել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում: Սակայն արքայական ակումբի վերջին տարիների պատմությանը տեղյակ մարդիկ շատ լավ գիտեն, որ նախագահ Ֆլորենտինո Պերեսի օրոք գլխավոր մարզիչները 3 տարուց ավելի չեն մնացել թիմում:

Վերջին անգամ «Ռեալ»-ը 4 տարի գլխավորել էր հանրահայտ իսպանացի մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, 1999-2003թթ, որից հետո թիմի ղեկը ստանձնել են 17 մասնագետներ: Ֆլորենտինո Պերեսի օրոք ամենաերկար աշխատել էր Ժոզե Մոուրինյոն՝ 2010-2013թթ:

Զինեդին Զիդանը «Ռեալ»-ը մարզում էր 2016թ. հունվարից, երբ ակումբի նախագահը պաշտոնանկ արեց նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Երկուսուկես տարում ֆրասնիացի մասնագետը նվաճել է 9 մրցանակ. Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, եռակի չեմպիոնների լիգայի հաղթող, կրկնակի Եվրոպայի սուպերգավաթիր եւ աշխարհի ակումբային չեմպիոն:

Մարադոնան խորհուրդներ է տվել Մեսիին

Աշխարհի չեմպիոն Ռուսաստանի 2018թ. Աշխարհի գավաթի մեկնարկից առաջ խորհուրդներ է տվել  Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։ «Ես Մեսիին խորհուրդ կտայի ուղղակի խաղալ eu դրանից հաճույթ ստանալ։ Նա պետք է մոռանա քննադատությունների մասին։ Նա ոչինչ չպիտի ապացուցի, այլ պետք է վայելի իր խաղը։
Ես չեմ ճանաչում Սամպաոլին, չգիտեմ, թե ինչպես է նա խաղում: Բայց ես գիտեմ այդ թիմի խաղացողներին, նրանք խաղի մեջ կմտնեն ամբողջովին: Նրանք լավ հնարավորություն ունեն հաղթելու համար: Բայց ես Արգենտինան ֆավորիտ չեմ համարում, քանի որ ֆավորիտը երբեք չի հաղթում»,- Sports.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Մարադոնան։

«Վաշինգտոն»-ը վերջապես հաղթել է Սթենլիի գավաթի եզրափակիչում

«Վաշինգտոն Կեպիտալս» հոկեյի թիմն առաջին հաղթանակն է տոնել Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում: Մայրաքաղաքի հոկեյիստները Պարադայսում 2-րդ հանդիպումն են անցկացրել մրցաշարի նորեկ «Վեգաս Գոլդեն Նայթսի» հետ: Խաղն ավարտվել է հյուրերի կամային հաղթանակով՝ 3:2: Այդպիսով, 2 խաղից հետո սերիայի հաշիվը հավասար է՝ 1:1:

Հավելենք, որ «Վաշինգտոն Կեպիտալսը» 2-րդ անգամ է մտել Սթենլիի գավաթի եզրափակիչ: 20 տարի առաջ մայրաքաղաքի հոկեյիստները «Դետրոյտ Ռեդ Ուինգզի» հետ եզրափակիչ չորս խաղերը տանուլ էին տվել:

Մարիա Շարապովան եւ Կարեն Խաչանովը շարունակում են հաղթարշավը

Ռուսաստանի առաջատար թենիսիստ, հայազգի Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ Փարիզում ընթացող Ֆրանսիայի բաց առաջնությունում: Այսօր կայացած 3-րդ փուլի խաղում մեր հայրենակիցը 3:0 հաշվով հաղթել է կորտի տերերից մեկին՝ ֆրանսիացի Լյուկա Պուիին՝ 6:3, 7:5, 6:3:

Այդպիսով, Կարեն Խաչանովը կրկնել է իր լավագույն արդյունքն այս մրցումներում՝ հասնելով մինչեւ 1/8 եզրափակիչ: Նրա հաջորդ մրցակիցը աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւն է, որը ներկայացնում է Գերմանիան:

Հանրահայտ «Ռոլան Գարոսի» կորտերում հաջող է խաղում նաեւ Ռուսաստանի առաջատար թենիսիստուհի Մարիա Շարապովան: Այսօր նա 59 րոպեում պարզապես ջախջախեց աշխարհի 6-րդ ռակետ Կարոլինա Պլիշկովային՝ 6:2, 6:1: Հաջորդ փուլում Մարիա Շարապովան կմրցի Յուլիա Գիորգես – Սերենա Ուիլյամս զույգի հաղթողի հետ:

Անատոլի Կարպովը քննադատել է Մագնուս Կառլսենին

Շախմատի աշխարհի թվով 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը բավականին մտահոգված է շախմատի ապագայով: Նա այդ մասին ասել է հերթական հարցազրույցի ժամանակ: «Պարզից էլ պարզ է, որ ՖԻԴԵ-ն գտնվում է խորը ճգնաժամում: Դա սպասելի էր, բայց ոչ մեկը չէր պատկերացնում, որ դա այդքան շուտ կսկսի: Կիրսան Իլյումժինովը, այո, բավական շատ է ճանապարհորդում, բայց նա պետք է վերանայի իր վերաբերմունքը շախմատի հանդեպ: Լավ կլինի, որ նա խորհրդակցի պրեֆեսիոնալ շախմատիստների հետ, որպեսզի սխալ որոշումներ չկայացնի: Օրինակ, նոկաուտ մրցակարգով անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունը: Շախմատը դրանից կորցել է իր իմիջն ու հեղինակությունը: Ցավալին այն է, որ Կիրսան Իլյումժինովն առանց հասկանալու շախմատի բուն էությունը, ցանկանում է փոփոխություններ մտցնել դրա կանոններում»,- ասել է անվանի շախմատիստը:

Անատոլի Կարպովը կարծում է, որ աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենն այնքան էլ չի մտածում շախմատի հեղինակության մասին: «Աշխարհի չեմպիոնները պետք է մտածեն շախմատի ավանդույթների պահպանության մասին: Սակայն Մագնուս Կառլսենը ցանկանում է, որ ամեն ինչ իր ուզածով լինի: Արդյունքում, նա թույլ տվեց փոխել շախմատի կանոնները, ինչը անընդունելի է», – եզրակացրել է աշխարհի նախկին չեմպիոնը:

Լեւոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարի 2-րդ խաղը նույնպես ոչ-ոքի ավարտեց: Նա սպիտակներով հանդիպեց ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոյի հետ: Լեւոն Արոնյանը խաղասկզբում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ օգտվել դրանից եւ պարտիայի 43-րդ քայլից հետո հաշտություն կնքեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 1 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջատար Մագնուս Կառլսենին, որը կես միավոր շատ ունի:

3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի հենց աշխարհի չեմպիոնի հետ:

Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս ԿառլսենինՄեր շախմատիստն այսօր սեւ խաղաքարերով մրցեց Մագնուս Կառլսենի հետ: Աշխարհի չեմպիոնը բավական ակտիվ սկսեց պարտիան՝ փորձելով տիրել նախաձեռնությանը: Լեւոն Արոնյանը սկզբում բավական հաջող պաշտպանվում էր, սակայն նա հայտնվեց ցայտնոտում եւ ժամանակի սղության պատճառով մի քանի սխալներ թույլ տվեց: Սպիտակների 31-րդ քայլից հետո մեր շախմատիստը ստիպված կանգնեցրեց ժամացույցը:

Մագնուս Կառլսենը 2-րդ հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 2,5 միավոր եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում, քանի որ մնացած պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին: Իսկ ահա Լեւոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց եւ միանգամից նահանջեց վերջին՝ 10-րդ հորիզոնական:

- Լեւոն Արոնյանը հաղթեց Շահրիյար ՄամեդյարովինԼեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ադրբեւանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Բավական լարված եւ անզիջում պայքարից անցած հանդիպումն ավարտվեց 70-րդ քայլին, մեր շախմատիստի առավելությամբ: Այդպիսով, Լեւոն Արոնյանը տարավ առաջին հաղթանակը մրցաշարում եւ այժմ 2 միավորով բաժանում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն մագնուս կառլսենը, վն ունի 3 միավոր:

- Լեւոն Արոնյանը եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը կիսեցին միավորը5-րդ փուլում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Կողմերը խաղասկզբում շատ արագ փոխանակումներ կատարեցին եւ արագ անցան միջնախաղին: Այդ ընթացքում սեւերով հանդես եկող Լեւոն Արոնյանը դիրքային թեթեւակի առավելություն ստացավ: Ֆրանսիացի շախմատիստը զգալով այդ փոփոխությունը, սկսեց կրկնել քայլերը՝ փորձելով ոչ-ոքի ավարտել խաղըիան: Լեւոն Արոնյանը ներքուստ համաձայնվեց մրցակցի հետ, եւ 25-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին:

Այդպիսով, Լեւոն Արոնյանը վաստակեց 2,5 միավոր եւ պահպանեց կես միավորի առավելությունը ֆրանսիացի գրոսմայստերի հանդեպ: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով ոչ-ոքի խաղաց նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ իր միավորների քանակը հասցրեց 3,5-ին: 6-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, ով չնայած 1 միավոր ունի, սակայն դեռ պետք է անցկացնի 2 խաղ:

Կանայք հավանել են Լեւոն Արոնյանի պատրաստած խորտիկը

Նորվեգիայում անցկավող Altibox Norway Chess շախմատի մրցաշարի կազմակերպիչները հանգստյան օրը մասնակիցների համար կազմակերպել են նաեւ խոհարարական մրցույթ: 10 շախմատիստները նախապես բաժանվել են 5 զույգերի: Լեւոն Արոնյանն այդ յուրատեսակ մրցույթում հանդես է եկել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները իրենց պատրաստած խորտիկները հյուրասիրել են մրցաշարը սպասարկող կանանց: Ինչպես հայտնում է շախմատային լրագրող Տարջեյ Սվենսենը, Լեւոն Արոնյանի պատրաստած ուտեստը դուր է եկել համտեսողներին:

Հովհաննես Գաբուզյանը 13-րդն է «Չիկագո Օփեն»-ում

Շախմատի Հայաստանի նախկին չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը համեստ արդյունք ցույց տվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում անցկացվող «Չիկագո Օփեն» ամենամյա մրցաշարում: Մեր շախմատիստը չնայած հաղթանակով մեկնարկեց մրցաշարը, սակայն հետո միավորներ կորցրեց իրենից ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ հանդիպումներում: Արդյունքում, նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ բաժանեց 9-20-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրեց 13-րդ տեղը եւ զրկվեց դրամական պարգեւավճարից (1-10-րդ տեղեր):

Մրցաշարին մասնակցած մեր հայրենակից, ամերիկահայ Սամուել Սեւյանը, վերջին տուրում տարած հաղթանակի շնորհիվ վաստակեց 6,5 միավոր եւ ի վերջո գրավեց 5-րդ հորիզոնականը: Նա ստացավ 1000 դոլար պարգեւավճար:

Մրցաշարը 7 միավորով հաղթեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսանդր Շիմանովը, որը միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ հավասար արդյունք ցույց տված իր հայրենակից Անդրեյ Ստուկոպինից եւ ամերիկացի գրոսմայստեր Էվենդեր Լիանից:

Երեւանում՝ շաշկու միջազգային մրցաշար

Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի տարածքում գտնվող Էթիկայի դպրոցում մեկնարկել է ռուսական շաշկու «Հայաստան-2018» անվանումը կրող շաշկու միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ ստուգատեսին մասնակցում են 5 երկրների 36 շաշկիստ, որից 27-ը Հայաստանից են, 6-ը`Ռուսաստանից, 1-ական՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Ուկրաինայից:

Յուրաքանչյուր փուլում մրցակիցները 2 հանդիպում են անցկացնում՝ մեկը սպիտակներով, մյուսը` սեւերով: Այդ միկրոմրցամարտի հաղթողը ստանում է 1 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում շնորհվում է կես միավոր:

Հ.Գ. – Երեւանի շաշկու մրցաշարում հաղթեց Դմիտրի ՄելնիկովըԵրեւանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում գտնվող Էթիկայի դպրոցում ավարտվեց  1000 եվրո մրցանակային հիմադրամ ունեցող ռուսական շաշկու միջազգային առաջին մրցաշարը:

Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Մելնիկովը, ով հաղթանակ տարավ բոլոր 8 փուլերում եւ ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք: Մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրից Հայաստանի ամենափորձառու շաշկիստ, 71-ամյա Մարատ Ղուլյանը, ով վաստակեց 6 միավոր: Առաջատար եռյակը եզրափակեց ռուսաստանցի միջազգային վարպետ Ռուսլան Պեշչերովը, որը առաջատարից հետ մնաց 2 միավորով:

Տեղի կունենա կայծակնային մրցաշար, որից հետո տեղի կունենա մասնակիցների պարգեւատրման արարողությունը:

Սարգիս Ստեփանյանը եւ Խաչատուր Սարիբեկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող են հանդես գալիս Հայաստանի հաշմանդամ բազկամարտիկները:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վիրավոր զինվորների հիմնադրամի ֆեյսբուքյան էջը, Սարգիս Ստեփանյանը Physical (PIDH) siting 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով վարժությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը եւ նվաճել չեմպիոնի կոչումը:

Խաչատուր Սարիբեկյանը Physical (PIUH) standing 85կգ քաշային կարգում աջ ձեռքով նույնպես գրավել է 1-ին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի:

Վահան Տեր-Բալյանը  մինչեւ 21 տարեկանների 70 կգ քաշային կարգում ձախ ձեռքով զբաղեցրել է 2-րդ, իսկ աջ ձեռքով՝ 3-րդ հորիզոնականը:

Հարություն Մխիթարյանը Physical (PID) siting 65կգ քաշային կարգում աջ եւ ձախ ձեռքերով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։