«Տաշի՞ր»-ն է ճիշտ ասում, թե՞ նախարարը – «Տաշիր»-ը պնդում է, թե ճիշտ հակառակը՝ այդ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից… «ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը… / «Տաշիր»-ից վերցրին, Գագւիկ Ծառուկյանի՞ն կտան – Ի նշան երախտագիտության ճիշտ ժամանակին Նիկոլ Փաշինյանի թիմին միանալու համար…

«Տաշի՞ր»-ն է ճիշտ ասում, թե՞ նախարարը

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը ասել էր, թե «ԲԷՑ»-երը թողնում են պետական եւ դադարեցնում են «Տաշիր»-ի հետ պայմանագիրը:

«Տաշիր»-ը պնդում է, թե ճիշտ հակառակը՝ այդ իրենք են հրաժարվել «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումից։

Ընկերությունը տարածել էր հայտարարություն, որում ասվում է. «2017թ. ՀՀ կառավարության առաջարկով բանակցություններ էին սկսվել կառավարության ու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ միջեւ՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (այսուհետ՝ ԲԷՑ) ընկերության կառավարումը «Տաշիր Կապիտալ»-ին հանձնելու նպատակով:

Ուռճացված ծախսերի կրճատման նպատակով «Տաշիր Կապիտալ»-ը առաջարկել էր 6 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ իրականացնել եւ համապատասխան խորհրդատվական աջակցություն տրամադրել ԲԷՑ ղեկավարությանը:

Ապատեղեկատվությամբ լի այս ժամանակաշրջանում հարկ ենք համարում ներկայացնել մի քանի պարզ ցուցանիշ եւ եզրակացությունները թողնում հասարակությանը:

«Տաշիր Կապիտալ»-ը առաջարկվում էր ԲԷՑ-ի տարեկան ընթացիկ ծախսերը, որոնք կազմում են շուրջ 7 մլն դոլար, կրճատել 40%-ով, որի արդյունքում պետությունը տարեկան մոտ 3 մլն դոլար կշահեր:  

«ԲԷՑ»-ը հանդիսանում է ՀՀ պետական պարտքի ամենածանր դերակատարում ունեցող կառույցներից մեկը, որը 15 տարվա «գերարդյունավետ» կառավարման արդյունքում 520 մլն դոլարի պայմանագրային պարտավորություն է կուտակել: Սա հավասար է այսօրվա պետական պարտքի շուրջ 7%-ին:

«Տաշիր Կապիտալ»-ի սկզբունքային դիրքորշում էր Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ օդային գծի կառուցման 200 մլն դոլար արժեք ունեցող նախագիծը (վերջնական հաշվարկներով այս թիվը կարող էր հասնել մինչեւ 240 մլն դոլար) տեխնիկապես ավելի գրագետ իրականացնել՝ դրա ընդհանուր արժեքը դարձնելով 70 մլն դոլար:

Արդյունքում՝ ա) կտնտեսվեր պետության համար 130 մլն դոլար՝ պետական պարտքի բեռը 520 մլն դոլարից հասցնելով 390 մլն դոլարի, բ) էլեկտրաէներգիայի սակագնի բեռը կնվազեր:

Հավատարմագրային կառավարման անցման նպատակն էր կառավարման արդյունավետության բարձրացումը, ընթացիկ ծախսերի օպտիմալացումը՝ միավորելով բաշխիչ ու հաղորդող ցանցի ուժերը: Պետության համար ամենաշահեկան կետն այն էր, որ «Տաշիր Կապիտալ»-ի կողմից կառավարման ստանձնման պարագայում պետությունը հետագա ֆինանսավորման բեռն այլեւս չէր կրի: Ծրագրերը կիրականացվեին «Տաշիր Կապիտալ»-ի կողմից ներգրավված միջոցների հաշվին, որոնք կներգրավվեին առանց պետական երաշխիքի եւ առանց պետական պարտքի վրա ազդեցության:

«Տաշիր Կապիտալ»-ի 6-ամսյա խորհրդատվության արդյունքում ԲԷՑ-ի կողմից գրանցված ծախսերի արդյունավետությունը հետեւյալն է.

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքների՝ վարկերի սպասարկման տոկոսադրույքների նվազեցման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնում մոտ 6 մլն դոլարի խնայողություն է ապահովվել:

Դրամական հոսքերի կառավարման արդյունքում տարեկան 300 մլն ՀՀ դրամի եկամուտ կգրանցվի 2018թ.-ին:

Աշխատանքի արդյունավետության բարձրացման շնորհիվ խնայված միջոցները տարեկան 400 մլն դրամ կկազմեն:

Ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքում ապահովվել է մոտ 8 մլն դոլարի պարտքային բեռի կրճատում:

Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող եւ խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող:

Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը:

Այս առումով տարակուսանք ենք հայտնում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար պրն. Արթուր Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ առ այն, որ ՀՀ կառավարության եւ «Տաշիր Կապիտալ»-ի միջեւ կնքված պայմանագրի որոշ դրույթներ պետությանը ձեռնտու չեն:

Պայմանագրի չեղարկման գործընթացի ժամանակ ՀՀ կառավարության եւ «Տաշիր Կապիտալ»-ի միջեւ որեւէ կետ չի քննարկվել, որեւէ հարցի շուրջ բանակցություններ տեղի չեն ունեցել առավել եւս նորանշանակ նախարարի մասնակցությամբ:

Այսօր էլ պատրաստ ենք մեր փորձը փոխանցել պետական կառավարիչներին՝ մաղթելով նրանց առավել արդյունավետ կառավարում»,- ասվում է հայտարարության մեջ:

Տե՛ս նաեւ էջ 6

«Տաշիր»-ից վերցրին, Ծառուկյանի՞ն կտան

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի օգտակար է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ քվոտայով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար նշանակված Արթուր Գրիգորյանը. «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, եւ այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը»:

Նախարարը չի մանրամասնել, թե կոնկրետ որ կետերը ձեռնտու չէին պետությանը եւ եթե ձեռնտու չէին, ապա ինչո՞ւ էր նախկին կառավարությունը այդ որոշումը կայացրել։

«Լուսանցք»-ը մեկ անգամ չէ, որ նշել է, թե պետք չէ ամեն ինչ օտարին տալ: Ճիշտ է՝ հաճախ են սիրում կրկնել, որ պետությունը վատ կառավարիչ է, բայց ես չեմ համաձայնել դրան: Պետությունը եթե ճիշտ մարդ նշանակի տվյալ ռազմավարական ձեռնարկությունը կառավարելու, վատ կառավարիչ չի լինի: Եվ եթե ղեկավարն էլ հասկանա, որ պետության ունեցածից մազ պակասի, գլխով պատասխան կտա, խելոք կաշխատի: Որ պետությունը վատ առավարիչ է, սովետական տարիներից եկավ, երբ բոլորը տանում էին ու տանում ու դա նորմալ էր բոլորի համար: Ու արմատավորվեց, թե պետականից տանում են, մասնավորից՝ ոչ:

Ինչեւէ, հիմա այստեղ այլ խնդիր կա. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է փորձում ձեռք բերել ԲԷՑ-ը (հնարավո՞ր է՝ ոչ թե պայմանագրային կետերն էին պատճառը, այլ՝ անձը):

Դիտարկմանը նախարարը պատասխանել է. «Բացարձակ սուտ է»: Մեր աղբյուրները, սակայն, նշում են, որ դա սուտ չէ եւ տրվելու է Գագիկ Ծառուկյանին՝ ի նշան երախտագիտության ճիշտ ժամանակին Նիկոլ Փաշինյանի թիմին միանալու համար:

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։