Հասցետերը ով լինի, ում ասեն – «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է – ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը եւս Երեւանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եւ իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից… / «Զառային անջատեք, լոգիկան միացրեք» – Զարուհի Փոստանջյանը խուսափեց ցուցարարների հետ հանդիպումից եւ հարց ու պատասխանից…

Հասցետերը ով լինի, ում ասեն

Տարոն Մարգարյանն այսուհետ նախատեսել է պարզաբանումներով հանդես գալ, քանի որ շահարկումները եւ անտեղի մեղադրանքները ուղղված քաղաքապետարանին, չեն դադարում: «Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու եւ ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված այս կամ այն անհարմարությունների համար»:

Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նախորդ շաբաթ օրը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով փողոցներում անձրեւաջրերի կուտակումներին, ինչպես նաեւ ջրահեռացման համակարգում առաջացած խնդիրներին՝ մեկ անգամ եւս ընդգծելով, որ անձրեւաջրերի եւ, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երեւանի քաղաքապետարանի գործառույթը չէ:

«Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրեւաջրերի ու, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաեւ ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը եւս Երեւանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եւ իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Այո, հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով եւ հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են:  

Մենք էլ ենք շարունակելու լինել պահանջատեր, քանի որ քաղաքացիները դիմում են մեզ, մենք էլ ձեզանից ենք պահանջում՝ անկախ նրանից, որ վերահսկողությունը Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ:

Կոնկրետ այս դեպքում անձրեւընդունիչների մաքրումն ու սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է: Արդեն կանխատեսումներ կան, որ այս շաբաթ էլ են սպասվում առատ տեղումներ:

Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրեւընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Խորհրդակցության ժամանակ նաեւ զեկուցվել է, որ ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի՝ արդեն իսկ նախապատրաստական քայլեր են ձեռնարկվում հորդառատ անձրեւի հետեւանքով մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում փլուզված հենապատի վերականգնման ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է տվյալ աշխատանքների ընթացքը պահել մշտական հսկողության տակ:

Սեփ. լրատվություն

«Զառային անջատեք, լոգիկան միացրեք»

Օրեր առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ երիտասարդներ ինքնատիպ ակցիա էին կազմակերպել, ուրախ ակցիա:

Հավաքված երիտասարդները պնդում էին, որ իրենք պարզապես որոշել են հումոր ավելացնել բոլոր տեսակի բողոքի ակցիաներին, «որոնք ժողովրդական հեղափոխությունից հետո չարաշահվում են տարբեր շահագրգիռ խմբերի ու անհատների կողմից»։ Նրանք այս կերպ որոշել էին դիմավորել Զարուհի Փոստանջյանին ու նրա խմբին, ովքեր հայտարարել էին, որ բողոքի ակցիա կանցկացնեն Երեւանի քաղաքապետարանի դիմաց։

Հավաքված երիտասարդներն իրենց հետ բերել էին փոփ-քորն, ակնոցներ ու փուչիկներ, պաստառներ հումորային գրություններով՝ «Զառիվայր», «Զառային տարեք, պոպ քորն բերեք», «Զառային անջատեք, լոգիկան միացրեք», «Զառա շոու» եւ այլն:

«Մենք որոշեցինք այս անգամ ոչ թե ֆեյսբուքի լայվ վիդեոների միջոցով տեսնել քաղաքական այս շոուն, այլ գալ եւ տեղում դիտել այս շոուն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Զարուհի Փոստանջյանը ուշացումով միացավ Երեւանի ավագանու նիստին եւ անցնելով ակցիայի մասնակիցների կողքով՝ խուսափեց նրանց հետ հանդիպումից եւ հարց ու պատասխանից։

Բա՜, Զարուհի Փոստանջյան, մտքներովդ չէր անցե՞լ, որ ձեր լեզվով կարող են ձեզ հետ խոսել: Չնայած, դուք այսպիսի մաքուր, ուրախ բան չեք անում, ձերը գոռգոռոցն է, փրկչի դերը ստանձնելը, ազգի մասին միակ մտածողի շապիկը հագնելը: Այ, որ լայվով այդ ամենը ցույց տայիք, քաղաքապետարանի շենք չէինք հասնի, ձեզ էլ տխուր չէինք տեսնի:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։