Բռերով մեդալների հետեւանքը – Այս կամ այն անձը լավ գործ է անում՝ նշում եմ – վատ գործ է անում, դա էլ եմ նշում – այսինքն՝ պետական այրի մասին լավն ու վատը՝ ըստ գործի – այս նույն աշխատաոճը ես որդեգրել եմ արդեն 20 տարի (սա ասացի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հանգիստ լինեն ու ինձ զանգահարելով չհարցնեն՝ ախչի, ընչի Նիկոլին չես սիրում – Ես էլ ստիպված չլինեմ պատասխանելու նույն ոճով՝ հրողբեր կամ մորքուր ջան, ես իմ ամուսնուն եմ սիրում, իսկ Նիկոլի գործունեությունը կարող եմ հավանել կամ չհավանել՝ ըստ նրա ծրագրերի)…

Բռերով մեդալների հետեւանքը

Ես երբեք հակալեւոնական չեմ եղել:

Ես երբեք հակառոբերտական չեմ եղել:

Ես երբեք հակասերժական չեմ եղել:

Ես հականիկոլական էլ չեմ:

Սա գիտեն ոչ միայն ինձ ճանաչողները, այլեւ՝ իմ գրչին ծանոթները:

Ես ընդհանրապես հակա-ի շրջանակում չեմ (հակաթյուրքը բացառություն է, քանի դեռ իմ Միասնական Հայրենիքի տերը չեմ): Հանուն-ի տիրույթում եմ:

Այս կամ այն անձը լավ գործ է անում՝ նշում եմ:

Այս կամ այն անձը վատ գործ է անում, դա էլ եմ նշում:

Այսինքն՝ պետական այրի մասին լավն ու վատը՝ ըստ գործի:  

Այս նույն աշխատաոճը ես որդեգրել եմ արդեն 20 տարի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում եւ արդեն 10 տարի՝ «Լուսանցք» շաբաթաթերթում: Օրաթերթում՝ մի քիչ ավելի մեղմ, շաբաթաթերթում՝ մի քիչ ավելի կոպիտ: Մեղմը՝ պաշտոնաթերթի առանձնահատկությունից ելնելով, կոպիտը՝ նույն առանձնահատկության չլինելով պայմանավորված: Բայց գրիչն՝ անփոփոխ (ապացույցը՝ օրաթերթի ու շաբաթաթերթի համարները):

Եվ ոչ մի անգամ, արդեն 20 տարի, ինձ երբեւէ չեն ասել, թե ինչու չեմ գովում Պողոսին կամ Պետրոսին: Որովհետեւ հայերենս հստակ է, պատճառաբանվում է չգովելու պատճառը (կրկնեմ՝ գործը, ոչ թե անձը): Թերեւս բացառություն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները: Ուզում եմ հուսալ, որ անձամբ ինքն ու իր թիմակիցները տեղյակ չեն: Քանզի նրա որոշ կողմնակիցների քայլը արջի ծառայության պես բան է ստացվում: Առաջինը հենց նրանք են խփում Փաշինյանին: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը դա չհասկանա, դրա համար եմ ասում՝ ուզում եմ հուսալ…

Տարիներ առաջ արտերկրում  (Փարիզում) մի զրույցի ժամանակ  տեղաբնակ հայերից մեկը իմ ներկայությամբ հայհոյեց Լեւոն Տեր-Պետրոսյանին Թուրքիայի հանդեպ նրա որդեգրած քաղաքականության պատճառով: Ու քանի որ զրույցին նաեւ օտարերկրացիներ էին ներկա, ես ընդգծված կոպիտ ընդհատեցի նրան: Այնքան նեղված էր, որ նույնիսկ չեկավ ինձ Երեւան ճանապարհելու: Թռիչքս հետաձգեցի ու ինքս գնացի նրա մոտ: Զարմացավ, որ կոպտել էի, չէ՞ որ ինքս էլ չեմ ընդունում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական այդ ուղեգիծը: Ասում եմ, այո, չեմ ընդունում, բայց դու խոսեցիր օտարերկրացիների ներկայությամբ, իսկ ես դա թույլ տալ չէի կարող, որովհետեւ նա ՀՀ առաջին նախագահն է եւ վերջ:

Հասկացավ: Հաշտվեցինք: Ասաց՝ զարմանալի աղվոր մարդ ես:

Իմ ֆրանսիացի ընկերոջը երեւի 5 տարի անց Անտվերպենում տեսա (Բելգիա): Այսպես ասենք՝ միջազգային սեղանի շուրջ հայերը հենց խմեցին, կոկոները տաքացավ ու սկսեցին Քոչարյանին փնովել: Ընկերս տեղից գրեթե ցատկեց, ու նայելով փնովողին թե՝ «Մի անգամ ինձ մի աղջիկ լավ դաս տվեց, չեմ ասի՝ ինչ ու ինչպես, բայց քեզ կասեմ, որ դու ապուշի մեկն ես» ու դարձավ ինձ. «Լա՞վ էր: Քեզնից առաջ ընկա»:

Սերժ Սարգսյանի ժամանակ ես արդեն այս ու այն երկիր չէի մեկնում, ընտանիք կազմեցի, երեխաներ ունեցա: Շարունակեցի աշխատել, էլի անկեղծ եղա ինքս ինձ ու գրչիս հետ: Ինչքան հավանում էի նրա արտաքին քաղաքականությունը, նույնքան  դուրս չէր գալիս ներքին հատվածում գործունեությունը: Այս մասին մեկ անգամ չէ, որ հրապարակումներ արել եմ «Լուսանցք»-ում, հակառակվել անգամ նոր Սահմանադրությանը, Հայաստանը խորհրդարանական երկիր դարձնելու քաղաքականությանը եւ այլն: Նույնիսկ գրել եմ, որ պետության գործերում մանրուքներ չկան, եւ պետք է ամեն ինչին ուշադրություն դարձնել, օրինակ՝ բռերով մեդալներ չտալ, քանզի հետեւանքը վատ է լինելու, որովհետեւ իրական արժեւորումն է կորում եւ այլն եւ այլն: Ի միջի այլոց, առողջ քննադատելու համար էլ հաճախ եմ շնորհակալություն բառը լսել  տարբեր բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պետական այրերից:

Այս ամենն ասացի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները հանգիստ լինեն ու ինձ զանգահարելով չհարցնեն՝ ախչի, ընչի Նիկոլին չես սիրում:

Ես էլ ստիպված չլինեմ պատասխանելու նույն ոճով՝ հրողբեր կամ մորքուր ջան, ես իմ ամուսնուն եմ սիրում, իսկ  Փաշինյանի գործունեությունը կարող եմ հավանել կամ չհավանել՝ ըստ նրա ծրագրերի:

Այ, օրինակ, օրեր առաջ լավ բան է արել՝ ԲԷՑ-ը, որ պետք է հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր» գրուպին, մնալու է պետական հիմնարկություն (ես նմանատիպ գործարքներին միշտ էլ դեմ եմ արտահայտվել՝ օբյեկտի կարեւորությունից ելնելով): Եվ ես կշարունակեմ նաեւ ասել՝ ճիշտ է արել, եթե ԲԷՑ-ը իրոք մնա պետական կառավարմամբ եւ չընկնի, ասենք, Գագիկ Ծառուկյանի ձեռքը…

Այնպես որ, սիրելի մշտական, ժամանակավոր կամ վայրկյանական ընթերցողներ, որ քաղաքական թեւից էլ որ լինեք, սա մեր աշխատաոճն է: Մենք չենք տալիս այն, ինչ հանրությանն է հաճելի: Բռերով մեդալներ մի ուզեք մեզնից: «Լուսանցք»-ն աշխատում է թիրախային, ստեղծում է արժեք եւ դրա հետեւից տանում է հանրությանը:

Եվ վերջում. ես լրագրող եմ, խմբագիր եմ, իմ գործը խնդիը տեսնել, վերհանելն է, լուծման ուղիներ առաջարկելը: Այ հենց դառնամ գովազդային գործակալ, խնդրեմ, համեցեք առաջարկներով ու պատվերներով:

Այսքանը: Հուսամ:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։