Հայազգի 4 թեկնածու՝ Թուրքիայի ընտրություններին – Սակայն Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել- նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր է ներկայացվել, ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ հայկական համայնքին վերաբերող տարբեր հարցեր մեջլիսում բարձրացնելու համար… / «Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը կոչ է արել քվեարկել Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրական հակառակորդ՝ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաի օգտին…

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը վերջնականապես հստակեցրել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների ներկայացրած թեկնածուների ցուցակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, ցուցակները հրապարակվել են Resmi Gazete պաշտոնաթերթում:

Համաձայն հրապարակված ցուցակների՝ Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն առաջադրել են 4 հայազգի թեկնածուի: Նրանք են՝ Մարգար Եսայանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից, Գարո Փայլանը եւ Լուդմիլա Բյույումը՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից, Էլմաս Կիրակոսը՝ «Լավ» կուսակցությունից:

Մարգար Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որեւէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել: Ավելին, 2016թ. հունիսին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում նա Թուրքիայի պատվիրակության կազմում կողմ էր քվեարկել բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի հակահայկական «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցին, որը ԵԽԽՎ-ում տապալվել էր:

Ի տարբերություն Մարգար Եսայանի՝ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915թ. դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաեւ պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:  Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:  

Էլմաս Կիրակոսը նախկինում «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է եղել: Այս ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրվելու թղթերը հանձնելիս նա նշել էր, որ ինքը հայ է, գնում է եկեղեցի ու հպարտ է, որ Աթաթուրքի զավակներից է։

Լուդմիլա Բյույումը հասարակայնության հետ կապերի մասնագետ է:

Բացի Գարո Փայլանից, ում թեկնածությունը կուսակցությունն առաջադրել է Դիարբեքիրում, մյուս բոլոր թեկնածուներն առաջադրված են Ստամբուլում:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն:

Նշենք, որ նախորդ՝ 2015թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ունի 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլանը, Մարգար Եսայանը եւ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը: Վերջինս այս անգամ կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու չի առաջադրվել։

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

* * *

«Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում 2-րդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Ըստ նրա, կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ, նախագահի կին թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում: Նա հիշեցնելով այս թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին: Մերալ Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: «Հիմա ես, որպես հայ, ինչպե՞ս ձայն տամ նրան: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականությունն է»,- ասել է Փայլանը:

Իմիջիայլոց, հայ պատգամավորի կարծիքը, որ հակահայ այս թրքուհին ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորվել է սոցհարցումների արդյունքներով:

Ադրադառնալով Սալահաթթին Դեմիրթաշի կալանքին՝ Գարո Փայլանը կոչ է արել դատավորներին նախագահի թեկնածուին ազատ արձակելու որոշում կայացնել. «Կոչով դիմում եմ դատավորներին՝ ձեր չկայացրած վճիռների համար, հունիսի 24-ից (խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ) հետո հնարավոր է, որ դատարանի առաջ կանգնել: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շարունակելու պաշտոնավարել»: Նաեւ նշել է, որ քրդամետ կուսակցության թեկնածուի բանտարկության համար իրավական հիմքեր չկան եւ, դատական գործերը, որոնք հարուցված են քուրդ քաղաքական գործչի դեմ, միայն քաղաքական ենթատեքստ ունեն: Սալահաթթին Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ում հանձնարարականով էլ նա ձերբակալվել է:

Ըստ հայազգի պատգամավորի՝ քուրդ քաղաքական գործիչը բանտից կարող է ազատ արձակվել միայն Թուրքիայի նախագահի ցանկությամբ, քանի որ դատական գործը վարողները ոչ թե դատավորներ են, այլ նախագահական պալատի հանձնարարականը կատարողներ: Գարո Փայլանը հանդիպել է կալանավորված Սալահաթթին Դեմիրթաշի հետ: Ապա արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը: Հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում. «Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ եւ պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց տո՛»։

Հայ պատգամավորի համառ գործունեությունը զայրացրել է Անկարային վաղուց եւ անգամ նախաձեռնություն կար Անկարայի դատախազության կողմից՝ Գարո Փայլանին զրկել անձեռնմխելիությունից, ապա ձերբակալել: Նշենք, որ Գարո Փայլանը մեջլիսում այս տարի ապրիլի 24-ին առաջարկել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։

Թուրքական զլմ-ները հայտնում են, որ մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը, ով ներկայացնում է Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ կուսակցությունը, պատգամավորի թեկնածու է առաջադրվել Դիարբեքիրից: Նախորդ ընտրություններում նա առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պոլսահայ մյուս պատգամավոր Սելինա Դողանը, ով խորհրդարան էր անցել գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցություն» ցուցակով, այս անգամ չի ընդգրկվել ընտրացուցակում:

Միջազգային զլմ-ները ահազանգում են, որ Թուրքիայում քաղաքական գործընթացները տեղափոխվում են «հաշվեհարդարի դաշտ», ինչը կարող է ակնհայտորեն սահմանափակել ազատ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 19 (497), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։