Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org-ից…  Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը… «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին… Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ… Հայ փրկարարներն օգնել են արշավախմբին… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում… Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին… «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում… Հենրիխ Մխիթարյանը կարող էր ուժեղացնել Ֆրանսիայի հավաքականը… Լեւոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում… Հայաստանի շախմատի ակումբային առաջնության եզրափակիչը… Ավարտվեց «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը… Մուայ Թայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանը կմասնակցի կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը… Հայաստանի ըմբիշին Ստամբուլում թուրք մրցակից է բաժին հասել… Սիմոնա Հալեպի առաջին «Մեծ սաղավարտ»-ը…

«Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել մյանմացի Չո Լա Աունը

Հունիս 10,2018  / Այսօր՝ ամենամյա «Ավրորա» մրցանակի 3-րդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին,պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից`ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածությունների ցանկից։  

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունիմասին դրվատանքի իր խոսքում ասել է. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը եւ հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական եւ միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աուննանում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւնվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետեւյալերեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.

– «Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (MédecinsSansFrontières)

– MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (MalaysianMedicalRelief – MERCY Malaysia)

– Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – InternationalCatholicMigrationCommission)

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների իրավունքների եւ արդարության պայքարին զորեղ է, քան երբեւէ։ Ստանձնած առաքելության հետեւանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աուննասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, եւ արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիեւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

«Չո Լա Աունիգործը «Ավրորա» մրցանակի ոգու մարմնավորումն է։ Նա ի ցույց է դնում այնպիսի բացառիկ ազդեցություն, որպիսին անհատը կարող է ունենալ հաճախ անխափանելի թվացող անարդարության դեմ պայքարելիս, եւ ոգեշնչում է մեզ՝ տեսնելու, թե որքան մեծ հետք կարող է թողնել աշխարհի ամենախոցելի մարդկանց օգնելուն ի նպաստ կատարված խիզախ քայլը»,– ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։

«Ավրորա» մրցանակի 2018թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզինեւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։

Չո Լա Աունին շնորհավորել է նաեւ բժիշկ Թոմ Քաթինան։ 2017թ. նրան «Ավրորա» մրցանակ է շնորհվել Սուդանի հարավի՝ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռների 750,000 բնակիչներին անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու գործում դրսեւորած բազմամյա բացառիկ նվիրումի համար։ Նա ասել է. «Ավրորա մրցանակն իսկական լույս է վառել Նուբա լեռների ժողովրդի համար՝ օգնելով վերականգնել մեր համայնքի ոգին ու տոկունությունը եւ արդյունքում պահպանել մարդկանց կյանքը։ Հպարտ եմ, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է նաեւ այնպիսի անձնազոհ մարդասեր, ինչպիսին Չո Լա Աունն է։ Շնորհավորում եմ նրան մրցանակն ստանալու առթիվ եւ ողջունում այսքան ազնիվ գործի համար մղած պայքարում նրա անհավատալի անձնվեր ջանքերը»։

«Ավրորայի» միջոցառումների մասնակիցները մեծարանքի արժանացրեցին նաեւ այն ներդրումը, որ ունեցել են «Ավրորա» մրցանակի 2018թ. մյուս երկու հերոսները՝ կանանց իրավունքների պաշտպան եւ Հնդկաստանի «Փրաջվալա» կազմակերպության  համահիմնադիր Սունիտա Քրիշնանը եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկյան ներգաղթյալներին աջակցող «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր Հայր Թոմաս ԳոնսալեսԿաստիլյոն։

«Ավրորա» մրցանակի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաեւ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամները միաձայն շնորհավորում են Չո Լա Աունինեւ «Ավրորա» մրցանակի 2018թ. հերոսներին՝ ցուցաբերած բացառիկ ջանքերի համար։ Որպես մերօրյա հերոսներ, որ հանուն այլոց փրկության վտանգի են ենթարկում սեփական կյանքը՝ նրանք ներշնչանքի մեծագույն աղբյուր են համաշխարհային հանրության համար, որպեսզի վերջինս էլ խիզախորեն եւ անձնվիրաբար ոտքի կանգնի՝ հանուն մարդկայնության։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի 8 տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ 8 տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, AuroraDialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանիեւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 300 նոր աջակիցներեւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ AuroraHumanitarianInitiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւIDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

Հավելյալ տեղեկություններ.- «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ 8 տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգեւեւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչածեւ գործի մղած կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, ՇիրինԷբադինեւԼեյմաԳբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն ԳարեթԷվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրեւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար ԲեռնարդՔուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ ՍամանտաՓաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանըեւօսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին:

Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ.- «Ավրորա 2018»-ի հավակնորդ

2018թ. «Ավրորայի» հերոսներից է Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն։ Վերջինս «72» փախստականների ապաստանի հիմնադիրն է։ Հունիսի 9-ին Aurora Dialogues երևանյան երրորդ համաժողովի շրջանակներում նա պատասխանեց Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը։

- Ձեր կազմակերպությունը անվանվել է «72», ենթադրում եմ՝ ի հիշատակ զոհված 72 միգրանտների։ Հետաքրքիր է՝ ո՞րն է Ձեր ներշնչանքի աղբյուրը։

-Ես կարծում եմ՝ իրական հերոսները։ Իմ ներշնչանքի աղբյուրը հենց միգրանտներն են, ովքեր ստիպված են լքել իրենց երկիրը, հատել մեր սահմանը, եւ ես պարտավորված եմ նրանց ծառայել: Անհնար է տեսնել այն անձին, ով արնահոսում է, ում հետապնդում են միգրացիոն ոստիկանության աշխատողները, կանանց, որ հանցագործների կողմից ենթարկվել են բռնության, եւ մնալ անհաղորդ, մատնվել անգործության, երբ գիտես, որ նրանց միակ նպատակն արժանապատիվ ապրուստ գտնելն է:

- Դուք զգում եք այդ մարդկանց ցավն ու տառապանքը, որոնցով անցնում են նրանք ճամփորդության ընթացքում: Ինչի՞ եք ականատես եղել այս ընթացքում:

– Նախ և առաջ կուզենայի, որ հասկանայիք ամբողջ տարածաշրջանի վիճակը, որտեղից նրանք գալիս են. սա տարածաշրջան է, որ ծայրագույն աղքատության մեջ է, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նրանց ճանապարհին առատաձեռնություն են դրսևորում, բայց հանդիպում են նաեւ հանցագործներ, ինչպես նաեւ պետական իշխանությունների անգործություն։ Մարդիկ ստիպված են փոխել տները, բնակության վայրը, ինչն, ըստ էության, խթանվում է նաեւ պետական քաղաքականության հետևանքով։ Նրանք գալիս են սահման, մուտք գործում Մեքսիկա, այն մերժում է նրանց ընդունել։

Մեքսիկայի իշխանությունները բավական կոռումպացված են, եւ այդ մարդիկ ստիպված են ատնչվել այս կառավարության, հանցավոր խմբերի հետ, նաև ստիպված են ենթարկվել բռնության, այսինքն՝ որպես միգրանտ գումար են վճարում, դրա համար մինչև անգամ 10 հազար դոլար կարող է պահանջվել, դա թրաֆիքինգի մեկ զոհի արժեքն է, հիմա մի քիչ ավելի էժան է, բայց …

- Եթե նրանք ընկնում են գերության մեջ, ավելի թանկ է նրանց ազատելը: Կա՞ն մարդիկ, որ Ձեր կազմակերպությունում են հայտնվում մեկից ավելի անգամներ։

– Իհարկե, 2014-2015 թթ. հայտարարություն տարածվեց, որ երիտասարդների ճգնաժամ կա. այսինքն նրանք լքում էին Գվատեմալան, որ հասնեն ԱՄՆ, երեխաները միգրանտների ընտանիքներից էին, նրանք պատանիներ էին, դեռահասներ, որոնք փորձում էին տարանցել ԱՄՆ-ն՝ բռնելով միգրանտի ճանապարհը:

- Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում։

– Մենք ունենք 3 հիմնական խոչընդոտ, որոնց առնչվում ենք, առաջինը Մեքսիկայի իշխանություններն են, երկրորդը կազմավորված հանցավորությունը. ունենք ճգնաժամ ու լուրջ բռնության մակարդակ, պայքարը գնում է դրա դեմ, բայց այն լավ կազմակերպված չէ։ Մենք ունենք նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիր: Այսօր ունենք մոտ տասնմեկ հազար միգրանտներ, որ փաստաթուղթ չունեն, գիտակցում ենք, որ նրանք լուրջ տառապանքի ու ցավի միջով են անցնում, սակայն պետությունը դեռ ունի քսենոֆոբիայի եւ այդ մարդկանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելու խնդիր:

– Դուք շատ քիչ եք ժպտում, երբ նայում էի Ձեր տեսահոլովակը, այնտեղ եւս գրեթե չէիք ժպտում։ Ի՞նչն է պատճառը։

– Երբ ապրում ես մահվան կողքին, ծայրաստիճան դժվար է ժպտալ. այդ մարդիկ քո կյանքի մի մասն են, նրանք ամեն օր հատում են Մեքսիկայի սահմանը։ Մեր տանը, որ կոչում ենք «72», փորձում ենք ընդունել իրենց, մենք էլ ենք անցել տառապանքներով, որովհետև ինքներս ենք շատ բաներ սովորում միգրանտներից, մեր շարունակական ներշնչանքի աղբյուրը հենց իրենք են: Բազմաթիվ ընտանիքներ կան՝ երեխաներով, որ հայտնվում են այնտեղ, երեխաներ, որ չեն էլ պատկերացնում՝ ինչու են անցնում այդ ճանապարհը, մենք տեսել ենք երեխաներ, որ ուրախությամբ են լցվում, երբ հայտնվում են մեր «72» տանը:

Հարակից հրապարակումներ`

Ես անցա մի բանի միջով, որ մարդկանց դուր չէր գալիս. «Ավրորա 2018»-ի հավակնորդ Սունիտա Քրիշնան

Դառնալ հնարավորի դեսպանը. Ավրորա 2018-ի ուղերձներից

«Մարդիկ պետք է հասկանան, ընդունեն փաստերը, ոչ թե կեղծ լուրերը»

Մարդիկ փորձում են անտեսել խնդիրները. Ռուբեն Վարդանյան

Ավրորայի հերոսները ոչ միայն կողքից նայում են, այլև ոտքի են կանգնում ոճիրների դեմ. Սամանտա Փաուեր

Երևանում մեկնարկեց Aurora Dialogues համաժողովը

Փրկարարներն օգնել են արշավախմբին

Հունիսի 9-ին, ժամը 15:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արշավախմբի 16 մասնակցից 2-ը հոգնածության պատճառով չեն կարողանում շարունակել արշավը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արշավախմբին (7 կին, 9 տղամարդ) «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Կաքավասար գյուղ:

Մարզաշխարհի խաչմերուկներում.-

Հայաստանի հավաքականը 100-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:

հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է երկու տեղով և զբաղեցնում է 100-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը, 2-րդ տեղում է Բրազիլիան, 3-րդը Բելգիան է:

 

Ազգերի լիգայում պետք է հասնենք առավելագույնին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայում խաղալու է բացառապես հաղթանակի համար:

լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: «Ազգերի լիգայում պետք է առավելագույնին հասնենք: Մենք ունենալու ենք 8 հանդիպում եւ փորձելու ենք այդ բոլոր խաղերում հաղթել: Սա այն մրցաշարն է, որտեղ թեկուզ ոչ-ոքին կարող է իր ազդեցությունը թողնել»,- շեշտեց նա:

Հայաստանի ընտրանին այլեւս ոչ մի հանդիպում չի անցկացնի մինչ Ազգերի լիգայի մեկնարկը: Չի լինի նաեւ հավաք:

Առաջին հանդիպումն ազգային ընտրանին անցկացնելու է սեպտեմբերի 6-ին՝ հյուրընկալելով Լիխտենշտեյնին, իսկ 3 օր անց արտագնա խաղում մրցելու է Մակեդոնիայի հետ: Հոկտեմբերի 13-ին Հայաստանը հյուրընկալելու է Ջիբրալթարին, իսկ 3 օր անց՝ ՆՀՀ Մակեդոնիային: Նոյեմբերի 16-ին և 19-ին ընտրանին արտագնա հանդիպումներ կանցկացնի Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի հետ: Հաջորդ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերին: Խաղերը կանցկացվեն 2019-ի հունիսի 5-9-ը:

Արթուր Սողոմոնյանը որոշել է փոխել «Փյունիկ»-ի անունը

Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ցանկանում է ինքնուրույն էջ գրել հայկական ֆուտբոլի պատմագրքում: Այդ նպատակով նա որոշել է փոխել ակումբի անունը:

Նոր մրցաշրջանից «Փյունիկ» ակումբին փոխարինելու է «Երեւան» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը: Մեր այն դիտարկմանը, որ նախկինում նման անունով թիմ եղել է Հայաստանի առաջնությունում, Արթուր Սողոմոնյանն ասաց.

«Նախկինում եղել է միայն թիմը, իսկ հիմա մենք գրանցվելու ենք որպես ֆուտբոլային ակումբ: Համենայնդեպս, մենք այդ հարցը նախապես քննարկել ենք ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի հանապատասխան մարմինների հետ: Եթե անվան հետ կապված խնդիրներ լինեին, ապա մեզ կմերժեին»,- ասել է ռուսաստանցի գործարարը:

Խոսելով առաջիկա անելիքների մասին, Արթուր Սողոմոնյանն ասաց, որ պատրաստվում է արմատական փոփոխություններ կատարել ակումբի բոլոր ենթակառուցվածքներում:

«Անցած առաջնությունում թիմի ցույց տված արդյունքը, բնականաբար, մեզ չի գոհացնում: Ուստի, մենք որոշել ենք փոփոխություններ կատարել՝ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզչական կազմում: Սակայն, ամենագլխավորը ակումբի ակադեմիայի զարգացումն է: Դրա համար էլ պատրաստվում ենք որակյալ մարզիչներ հրավիրել մեր մանկա-պատանեկան թիմերի համար, որպեսզի նրանք կարողանան մինչեւ վերջ պատրաստեն բարձրակարգ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է»,- նշեց «Փյունիկ»-ի սեփականատերը:

Արթուր Սողոմոնյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ճիշտ որոշում է կայացրել կապված Գյումրիի «Շիրակ»-ի հետ, սակայն նաեւ ավելացնում է, որ դրա պատճառով ակումբի ղեկավարները չպետք է հրաժարվեին առաջնության մասնակցությունից:

«Մենք պետք է պայքարենք նման բացասական երեւույթների դեմ: Ֆեդերացիան կարող էր ավելի կոշտ որոշում կայացնել: Ցավալի է, որ «Շիրակ»-ը վերջնագրի լեզվով է խոսում: Հուսանք, որ նոր մարդիկ կգտնվեն եւ այդ հարցը կհարթվի»,- եզրակացրեց հայկական ֆուտբոլի նվիրյալը:

«Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի Մինսկում

Հավաքի ընթացքում «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի: Հունիսի 26-ից հուլիսի 4-ը Մինսկում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում «Ալաշկերտ»-ը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի:

Հունիսի 28-ին «Ալաշկերտ»-ը կհանդիպի Կալինինգրադի «Բալթիկա»-ին, հունիսի 30-ին մեր թիմը կխաղա «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ, իսկ հուլիսի 3-ին ալաշկերտցիները ուժերը կչափեն Նիժնի Նովգորոդի «Օլիմպիեց» թիմի հետ:

Բոլոր մրցակիցները հանդես են գալիս Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ՖԱԼ): «ԲՄԱ-Խաբարովսկը» ավարտված մրցաշրջանի արդյունքում դուրս մնաց Պրեմիեր լիգայից:

Հունիսի 14-20 կայանալիք հանքավանյան ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտ»-ը մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի, եւս մեկ խաղ նախատեսված է հավաքների միջակայքում:

Չեմպիոնների լիգայում «Ալաշկերտ»-ն ի տարբերություն նախորդ տարիների պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից` նախնական փուլի փոխարեն: Վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին, իսկ որակավորման 1-ին փուլի հանդիպումները` հուլիսի 10-11-ին եւ 17-18-ին:

Հենրիխ Մխիթարյանը կարող էր ուժեղացնել Ֆրանսիայի հավաքականը

Հանրահայտ «Ֆրանս ֆուտբոլ» պարբերականը հրապարակել է ներկայիս այն 10 ֆուտբոլիստների անունները, որոնք կարող էին ուժեղացնել Ֆրանսիայի հավաքականի կազմը, սակայն տարբեր պատճառներով չեն հայտնվել թիմի շարքերում:

Մասնավորապես՝ նրանց թվում են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Էդեն Ազարը, Գոնսալո Իգուաինը, Ռիյադ Մարեզը եւ այլք:

Աղբյուրը նշում է, որ «եռագույնների» կազմը կարող էր համալրել նաեւ հայազգի Հենրիխ Մխիթարյանը, քանի որ նա ծնվել է ֆրանսիական Վալանս քաղաքում եւ առաջին մի քանի տարիներն անցկացրել է այնտեղ, ուստի նա հանգիստ կարող էր դառնալ Ֆրանսիայի քաղաքացի եւ հանդես գալ այդ երկրի ազգային թիմում:

Լեւոն Արոնյանը 6-րդն է «Norway chess»-ում  

Լեւոն Արոնյան ավարտեց ելույթները Նորվեգիայի գերխոշոր մրցաշարում:

վերջին` 9-րդ փուլում Արոնյանի մրցակիցը Հիկարու Նակամուրան էր: Պարտիայի 42-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:

«Norway chess» մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան, ով 8 հնարավորից հավաքեց 5 միավոր: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2-րդն է: Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են 8 թիմեր: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 6 հիմնական եւ 2 պահեստային մասնակցից: Մրցաշարի 64 մասնակիցներից 38-ը կրում են միջազգային կոչումներ. մասնավորապես մրցաշարին մասնակցում են 17 գրոսմայստեր, 8 միջազգային եւ 13 ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն եւ հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը, փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը, մեր անվանի վետերան շախմատիստներ Ռաֆայել Վահանյանը ու Արտաշես Մինասյանը:

Մրցաշարի անվերապահ ֆավորիտն է «Chessify» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի 2017թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայաստանի 2016թ. չեմպիոն Զավեն Անդրիասյանը, Հայաստանի 2015թ. չեմպիոն Կարեն Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը եւ Գեւորգ Հարությունյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Արմենակ Եզիազարյանը:  Ուժեղ կազմ է հավաքել նաև Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթող «Էջմիածին Լոգիկոն» ակումբը: Մեդալների համար կպայքարեն նաեւ Գրոսմայստերական դպրոցի: Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի, ինչպես նաեւ հիմնականում մեր վետերան շախմատիստներից բաղկացած «Երեւան» ակումբը:

Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում ֆավորիտները մրցում էին միմյանց դեմ՝ «Chessify»-ը «Էջմիածին Լոգիկոն»-ի դեմ, իսկ Գրոսմայստերական դպրոցը՝ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի:

Տուրի կենտրոնական պարտիան էր Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան դիմակայությունը: Հիշեցնենք, որ հենց այս 2 շախմատիստներն էին հիմնականում պայքարում Հայաստանի 2018թ. չեմպիոնի կոչման համար: Սպիտակներով Հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ ստանալ առավելություն եւ 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտությամբ ավարտվեց նաև 2-րդ խաղատախտակում, որի վրա հանդես էին գալիս Հովիկ Հայրապետյանը եւ Զավեն Անդրիասյանը:

Իսկ ընդհանուր դիմակայությունում «Chessify»-ը ուներ մեծ առավելություն. Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Արմենակ Եղիազարյանը հեշտորեն հաղթեցին համապատասխանաբար Վահե Բաղդասարյանին, Դավիթ Պետրոսյանին եւ Գրիգոր Դիլանյանին: Մեծ առավելություն ուներ նաեւ «Chessify»-ի կազմում հանդես եկող Աննա Սարգսյանը, սակայն վերջնամասում նա սխալվեց եւ պարտվեց:

Հետաքրքրի պայքարում անցավ նաեւ Գրոսմայստերական դպրոցի եւ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի մրցախաղը: 6 խաղերից 4-ում գրանցվեցին ոչ-ոքիներ: Հավասար էին նաեւ դրությունները ընթացքի մեջ գտնվող 2 խաղերը: Սակայն, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի կազմում հանդես եկող Վահե Դանիելյանը կոպիտ վրիպում թույլ տվեց եւ պարտվեց Շանթ Սարգսյանին:  Դանիելյանի թիմակից Դավիթ Միրզոյանը, փորձելով շտկել դրությունը, դիմեց անհարկի ռիսկի եւ արդյունքում նույնպես պարտվեց: Արդյունքում Գրոսմայստերական դպրոցը հաղթեց 4:2 հաշվով:

Մեկնարկային փուլում մոտ էին անակնկալ մատուցելուն Հայաստանի շախմատի ակադեմիայի պատանի շախմատիստները, որոնց մրցակիցն էր «Երեւան» ակումբը: «Երեւան»-ը հանդես էր գալիս առանց իր առաջատարի՝ Ռաֆայել Վահանյանի: Մրցախաղում առաջին միավորը գրանցեց Ակադեմաիյի պատանի սան Հակոբ Հակոբյանը, ով հաղթեց «Երեւան»-ի «լեգիոներին»՝ Սյունեցի Հովհաննես Հակոբյանին, այնուհետև պատանի շախմատիստ Ալբերտ Գեւորգյանը ոչ-ոքի խաղաց բազմափորձ Աշոտ Ավետիսյանի հետ: Մնացած 4 խաղերից 2-ում մեծ առավելություն ունեին Ակադեմիայի սաները, իսկ մյուս 2-ում՝ «Երևան» ակումբի շախմատիստները: Արդյունքում, «Երեւան»-ի բազմափորձ շախմատիստներ Արտաշես Մինասյանը եւ Դավիթ Կարաթորոսյանը հաղթեցին, իսկ Ակադեմիայի ներկայացուցիչներ Արմեն Բարսեղյանը եւ Արեգ Շմավոնյանը չկարողացան իրացնել առավելությունը համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի եւ Աղասի Ինանցի հետ պարտիաներում: Այսպիսով մրցախաղում «Երեւան»-ը հաղթեց 3,5:2,5 հաշվով:

Տուրում ամենավստահ հաղթանակը տոնեց Քանաքեռ-Զեյթունի թիմը, որը 5,5:0,5 հաշվով առավելության հասավ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմի նկատմամբ:

Ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարը  

Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտին է մոտենում «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը: Այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից եւ Էստոնիայից:
Կայացան մրցաշարի 6-րդ եւ 7-րդ փուլերը: 6-րդ փուլում մեր դպրոցականները պարտություն կրեցին Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմից, իսկ 7-րդում 3:1 հաշվով հաղթեցին Թուրքմենստանի հավաքականին:
Մրցաշարի ավարտից 2 փուլ առաջ Հնդկաստանի թիմը վաստակել է 26,5 միավոր եւ գործնականում ապահովել է 1-ին հորիզոնականը: 2-րդ տեղում ընթացող Սվերդլովսկի մարզի թիմն ունի 19,5 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող Բուրյաթիայի թիմը վաստակել է 19 միավոր: Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի թիվ 12 դպրոցի թիմը վաստակել է 17,5 միավոր եւ կիսում է 8-11-րդ հորիզոնականները:

Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը շախմատային Սպիտակ Նավակ մրցաշարում գրավեց 4-րդ հորիզոնականը

Սոչիում ավարտվեց Սպիտակ Նավակ մրցաշարը, որին մասնակցում էին հանրակրթական դպրոցների թիմերը:

այս տարի մրցաշարին մասնակցում էին 100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում էին նաեւ դպրոցական թիմեր Հայաստանից եւ տասնյակ այլ երկրներից:
Մրցաշարի վերջին փուլում Հայաստանը ներկայացնող Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց Վոլոգոդսկի մարզի թիմին եւ գրանցեց 22,5 միավոր, սակայն այդ արդյունքը, ցավոք, բավարար չեղավ բրոնզե մեդալ նվաճելու համար, քանի որ բրոնզե մեդալի համար պայքարում մեր հիմնական մրցակիցը՝ Սանկտ-Պետերբուրգի թիմը, վերջին փուլում հաղթանակ տոնեց 4-0 հաշվով եւ 24 միավոր դարձավ 3-րդը:
2-րդ հորիզոնականը զբաղեցրեց 25.5 միավոր վաստակած Սվերդլովսկի մարզի թիմը, իսկ մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի հավաքականի թիմը:
Վաղարշապատի N 12 դպրոցի թիմի կազմում հանդես էին գալիս Աստղիկ Հակոբյանը,Գոռ Սարգսյանը, Հայկ Գրիգորյանը եւ Արտյոմ Հովհաննիսյանը, իսկ թիմի մարզիչն էր Հովհաննես Անդրեասյանը: Թիմի կազմում հիանալի հանդես եկավ Աստղիկ Հակոբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Հաջող էր նաեւ 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտյոմ Հովհաննիսյանի արդյունքը, ով վաստակեց 6 միավոր:

 

Մուայ Թայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Մուայ Թայի Հայաստանի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Հունիսի 29-ից հուլիսի 8-ը Հայաստանի Մուայ Թայի հավաքականը կմեկնի Չեխիա (Պրահա) մասնակցելու եվրոպայի առաջնությանը։ Մեծահասակների կազմում կմեկնեն Արմեն Գրիգորյանը 71կգ. եւ Ալբերտ Ամիրջանյանը 63.5 կգ., երիտասարդների կազմում մեկնելու են Անտոնիո Քոչարյանը 57կգ.(Արցախ), Ռազմիկ Գրիգորյանը 60կգ.(Արցախ),Արման Գալստյանը 63.5կգ (Արցախ) եւ մարզիչ Ալեքսան Աղաբալյանը։

 

Հայաստանը կմասնակցի կանանց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

Հունիս 5,2018 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի կանանց բռնցքամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը:

Այդ մրցաշարում Հայաստանը ներկայացնեն երկու բռնցքամարտուհիներ: 54 կգ քաշային կարգումն հանդես կգա Լիլիթ Դալլաքյանը, իսկ 64-ում՝ Անի Հովսեփյանը:

Հարկ է նշել, որ Եվրոպայի այս առաջնությունում մեդալներից բացի խաղարկվելու են նաեւ 2019թ Եվրոպական խաղերի առաջին ուղեգրերը: Ավաղ, մեր մարզուհիները դուրս են մնացել այդ պայքարից, քանի որ եկող տարի Մինսկում կայանալիք այդ խաղերում հանդես են գալու միայն 5 քաշային կարգերի ներկայացուցիչները ( 51, 57, 60, 69, 75 կգ):

Հավելենք, որ այսօր տեղի կունենա մասնակիցների կշռման արարողությունը, ապա՝  վիճակահանությունը: Երեկոյան կմեկնարկեն նախնական փուլի առաջին մրցամարտերը: Կիսաեզարփակիչ հանդիպումները նախատեսված են հունիսի 11-ին, եզրափակիչները՝ հունիսի 12-ին:

 

Հայաստանի ըմբիշին Ստամբուլում թուրք մրցակից է բաժին հասել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

Մրցումների առաջին օրը մեդալի համար պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից հանդես կգան երեք ըմբիշ:

55 կգ քաշային Նորայր Հակոբյանը առաջնությունը կսկսի ռուսաստանցի Վիկտոր Վեդերնիկովի հետ մրցամարտով: 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանի անդրանիկ մրցակիցն է գերմանացի Քրիստոֆեր Կրամերը:

Մեր ծանրքաշային Էդգար Խաչատրյանն (130 կգ) առաջին փուլում կհանդիպի Թուրքիայի ներկայացուցիչ Օսման Իլդիրիմի հետ:

 

Սիմոնա Հալեպի առաջին «Մեծ սաղավարտ»-ը

Աշխարհի 1-ին ռակետ Սիմոնա Հալեպի հաղթանակով ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մրցաշարը:

Եզրափակիչ խաղում ռումինացի թենիսիստուհին 2:1 ընդհանուր հաշվով պարտության մատնեց ամերիկուհի Սլոան Ստիվենսին, չնայած առաջին փուլում զիջել էր իր մրցակցին՝ 3:6: Նա կամք դրսեւորեց նաեւ 2-րդ եւ 3-րդ խաղափուլերում՝ հաղթելով 0:2 հաշվի ժամանակ:

Սիմոնա Հալեպն առաջին անգամ արժանացավ «Մեծ սաղավարտի» մրցանակի: Մինչ այդ նա պարտվել էր նախորդ 3 մեծ եզրափակիչներում, այդ թվում այս տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում:

 

Արսեն Պետրոսյան

 

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

 

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։