«B+» «Դրական» կանխատեսմամբ – «Ֆիչ Ռեյթինգս»-ը վերահաստատել է Երեւան քաղաքի վարկանիշը… Կրկին բացօթյա ապօրինի առեւտրի մասին – Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկել համապատասխան միջոցներ… «Երեւանյան ամառ 2018»-ն ու փոքրիկ ստեղծագործողները – Արժանացել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին, ստացել նվերներ…

«B+» «Դրական» կանխատեսմամբ

Աշխարհի առաջատար վարկանիշային գործակալություններից մեկը՝ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը, վերահաստատել է Երեւան քաղաքի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» «Դրական» կանխատեսմամբ:

Հարկ է նշել, որ աշխարհի առաջատար մասնագիտացած կազմակերպության կողմից արդեն 4-րդ անգամ հաստատված վարկանիշը միջազգային վարկային կազմակերպությունների եւ գործարարների համար կարևոր ցուցիչ է, քանի որ ներդրումային շուկա ընտրելիս նման կառույցների կողմից հրապարակած ցուցանիշներն ու կայունության կանխատեսումները գործնականում համարվում են արժանահավատ եւ հիմնավոր։

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանը եւ «Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) կազմակերպությունը ստորագրեցին Երեւան քաղաքի հանրային ֆինանսների բնագավառում միջազգային վարկանիշ շնորհելու գործընթաց իրականացնելու մասին համագործակցության համաձայնագիր:

Վերահաստատված վարկանիշի առավել մանրամասն հիմնավորումներին եւ կանխատեսումներին կարող եք ծանոթանալ Ֆիչ Ռեյթինգս (Fitch Ratings) գործակալության պաշտոնական կայքում:  

Կրկին բացօթյա ապօրինի առեւտրի մասին

Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման եւ երեւույթը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման հետ կապված աշխատանքային հանդիպում-քննարկում: Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ նախաձեռնված հանդիպմանը, որը վարել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, վարչության ներկայացուցիչներ, Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Ընդգծելով վերջին շրջանում բացօթյա ապօրինի առեւտրի ակտիվացման միտումները՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը եւ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել՝ ապահովելու առեւտրի կազմակերպման օրենքով սահմանված կարգը:

«Վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ ոստիկանության համագործակցության շնորհիվ այս ոլորտում զգալի արդյունքեր ենք գրանցել: Ցավոք, վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում՝ մայթերին, ինչպես նաեւ ավտոկայանատեղերում մեքենաներից կազմակերպվող բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի առնչությամբ, որոնք տարբեր անհարմարություններ են պատճառում: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, ուստի՝ օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցներ»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայության գծով տեղակալ Էդգար Պետրոսյանը, համաձայնելով հնչած մտահոգութանը, ընդգծել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենք պատրաստ են աջակցել եւ ձեռնարկել օրենքով սահմանված անհրաժեշտ միջոցներ:

«Երեւանյան ամառ 2018»-ն ու փոքրիկ ստեղծագործողները

«Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում Արամ Խաչատրյանի 115-ամյակի առթիվ, ավանդույթի համաձայն, կոմպոզիտորի տուն-թանգարանում տեղի է ունեցել պատանի հեղինակների 40-րդ ամենամյա ստուգատես-փառատոնը: Միջոցառմանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

Փառատոնին մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցների սաները, ովքեր հանդիսատեսին են ներկայացրել իրենց ստեղծագործությունները: Փոքրիկ ստեղծագործողներն արժանացել են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պատվոգրերին, ստացել նվերներ:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։