Բույլ մը ժպիտ ԱԺ-են.- Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների… ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել կառավարության ծրագրին… Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ… Ո՜նց թե թիվ չկա, հիմա կոխե՞մ աչքներդ… Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք… Լավ է հալածվեմ, քան տնփեսա լինեմ… Ալենի աչքը լույս…

Հունիսի 7-ը՝ առանց մեկնաբանությունների

ԱԺ-ն երեկ հավանության արժանացրեց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը:

Համապատասխան որոշմանը կողմ քվեարկեց 62, դեմ՝ 39 պատգամավոր:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, իսկ ՀՀԿ խմբակցությունը, թեեւ դեմ էր ծրագրին, միեւնույն է, հայտարարել էր, որ կապահովի անհրաժեշտ ձայները:

Ծառուկյանը հո ձեր կոճակ սեղմո՜ղը չէ

ՀՀԿ խմբակցության 12 անդամներ կողմ են քվեարկել Հայաստանի կառավարության ծրագրին։ Նշենք, որ ծրագիրն ընդունվեց 62 կողմ, 39 դեմ ձայներով։

ՀՀԿ խմբակցությունից կողմ են քվեարկել Տաճատ Վարդապետյանը, Մանվել Գրիգորյանը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, Միհրան Պողոսյանը, Հակոբ Բեգլարյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գեւորգյանը, Սեդրակ Սարոյանը, Արկադի Համբարձումյանը, Աշոտ Արսենյանը, Հակոբ Հակոբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ քվեարկությունը հայտարարել էր, թե խմբակցությունը կապահովի անհրաժեշտ կողմ ձայների քանակը։ Թերեւս, խմբակցության՝ կողմ քվեարկած անդամների թիվն ավելին է եղել, քան անհրաժեշտ էր։

Կողմ են քվեարկել նաեւ ՀՀԿ խմբակցությունը արդեն լքած Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Ֆելիքս Ցոլակյանը։

Կողմ են քվեարկել նաեւ «Ելք», ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները։ Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, «Ելք» դաշինքից՝ Գեւորգ Գորգիսյանը բացակա են եղել եւ չեն մասնակցել նիստին։  

Ո՜նց թե թիվ չկա, հիմա կոխե՞մ աչքներդ

Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ իրեն ուղղված այն քննադատություններին, թե ծրագրում թվերը բացակայում են. «Մեր ծրագրի մեջ կան բազմաթիվ թվեր եւ այդ թվերը բազմաթիվ դեպքերում նույնն են: Եթե այդ թվերն այդքան նկատելի չեն, ես կներկայացնեմ: Ի՞նչպիսին է արդեն Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը. ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Ի՞նչպիսին է լինելու Հայաստանում արտոնյալների տոկոսը. ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը՝ զրո: Հայաստանում խոշոր բիզնեսն ամսական որքա՞ն «նալոգ» պետք է տա հանրապետության վարչապետին. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո: Հայաստանում ինչպիսի՞ եւ քանի՞ մենաշնորհներ պետք է գոյություն ունենան. ես պաշտոնապես հայտարարում եմ այդ թիվը՝ զրո»:

Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Երբ դուք ընդդիմադիր էիք, փայլուն ելույթ էիք ունենում եւ կերազեիք, որ որեւէ կառավարություն նման ծրագիր բերեր: Պատկերացնո՞ւմ եք, թե այստեղ ինչեր կանեիք, ինչ հռետորության դասեր կտայիք: Խոստովանեք, որ հիմա մեզ նախանձում եք»:

Ալենի աչքը լույս

«Եթե նարկոդիլերը խորհրդական է նշանակվել, դա լավ չէ»։

Հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ հավելելով սակայն, որ ինքը ոչ մի «Ժորիկ»–ի չի ճանաչում։ Ի դեպ,  խոսքը Գեորգի Մուրադյանի (մականունը՝ Ժորիկ) մասին է, ով նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական:

«Ես իսկապես չեմ ճանաչում, գուցե Ավինյանին հարցնեք»,–նշեց Միրզոյանը։

Լավ է հալածվեմ, քան տնփեսա լինեմ

«Տնտեսական առաջնահերթությունների բլոկը պարզապես Նիկոլ Փաշինյանի մայիսի 8-ի ելույթից քոփի փեսթ արած առաջնահերթություններ են։ Սիրելի նախարարներ, այն ինչ որ կարելի է վարչապետին, չի կարելի վարչապետի ցլերին, հունական ասացվածքով ասած, աշխատեիք մի քիչ տեքստի վրա։ Ի՞նչ եք պատկերացնում, հեղափոխական տուրիզմի զարգացման հեռանկարը ո՞րն է, հարգում եմ ձեր կատարած աշխատանքը, ընդունում եմ իշխանափոխության արդյունքները, չեմ հեգնում, կարո՞ղ է Մադամ Տյուսոյի հետ մոմե արձանների սրահ բացեք՝ հեղափոխությանը նվիրված։ Չեմ հասկանում, Գառնին, Գեղարդը, Սեւանը, Ծաղկաձորը, Մատենադարանը ձեզ ի՞նչ են արել, որ տուրիզմի հիմնական մասը դրել եք բացառապես այս ուղղության վրա»,- ասաց Աշոտյանը։

Անդրադառնալով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ելույթին՝ նա նշեց. «Նման ելույթներով ձեր քաղաքական թիմին ավելի շատ վնաս եք տալիս, քան օգուտ։ Ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակում հանգրվանած քաղաքական ուժ»:

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։