Բոլորն են շտապում՝ եւ՛ խորհրդարանական եւ՛ արտախորհրդարանական շատ ուժեր – Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը՝ 1 տարվա ընթացքում, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների…

Անգամ կառավարության նոր ծրագրում է առկա արտահերթ ընտրությունների անցկացման փաստը, ինչը նշանակում է շուտով ականատես կլինենք Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունների: Խորհրդարանական բոլոր ուժերն էլ խոսում են այդ ընտրությունների կարեւորության մասին՝ կարծես թե հասկացնելով, որ ներկա իշխանությունը պիտի հիշի, որ ժամանակավոր է ու իր գործն անելուց հետո գուցե հեռանա իշխանությունից, եթե քաղաքական մեծամասնոթւյուն չդառնա…

Եվ ահա, ԱԺ-ին ներկայացված կառավարության ծրագրի համաձայն՝ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության հաղթանակից հետո «ակնհայտ է դարձել, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները եւ ուժերի իրական հարաբերակցությունը»։ Եվ ըստ նոր իշխանության, այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։

Կառավարությունը արձանագրել է նաեւ, որ Հայաստանում կառավարման եւ վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, «երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր եւ կործանարար պրակտիկային»։ Այս առումով կառավարությունը կարեւորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու եւ ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի եւ ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է.

– Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից եւ անցնել լիարժեք համամասնական համակարգի,  

– Ձեւավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,

– Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա եւ ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,

– Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար եւ վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,

– Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների եւ օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների եւ ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում, իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ։

Ըստ կառավարության ծրագրի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը 1 տարվա ընթացքում։ Սակայն, ինչպես վերը նշվեց, քաղաքական շատ ուժեր շտապում են, անգամ արտախորհրդարանական:

«Կառավարության ծրագրի ամենալավ գնահատականը լինելու է արտահերթ ընտրությունների ժամանակ ստացած քվեն»,- ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ապա հավելել է. «Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ճակատագրի բերումով  այդ միսիան վերցրել է իր վրա եւ մինչեւ վերջ պետք է տանի»…

Կառավարությունը, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պատրաստվում են Ազգային ժողովի դատին ներկայացնել Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը. այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո: ՀՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ եւ լսել առաջարկները եւ տալ առաջարկներ, եւ հասնել նոր Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը։

Նա հիշեցրեց, որ իրենք բարեփոխել են Ընտրական օրենսգիրքը, այն քննարկել միջազգային կազմակերպությունների հետ, ստացել են դրական եզրակացություն, քննարկել են նաեւ քաղհասարակության հետ։ Ըստ Էդուարդ Շարմազանովի, ամենակարեւորն այն է, որ «ՀՀԿ-ի առաջարկած Ընտրական օրենսգիրքը ստացել է խոհրդարանական ուժերի կոնսեսուսը… Մենք ակնկալում ենք, որ նոր կառավարությունը եւս կորդեգրի հին կառավարության ժողովրդավարական, լայնախոհ մոտեցումը եւ բոլոր քաղաքական ուժերին կլսի, առանց շտապելու բովանդակային քննարկումներ կիրականացնի, որպեսզի ունենանք ավելի լավ օրենսգիրք»,- ասել է ԱԺ փոխնախագահը։

«Իրավիճակը մեկ քայլով չես շտկի, սակայն որպես հրատապ քայլ առաջարկում ենք ԸՕ փոփոխություն կատարել»,- ասված է  ՀԱԿ-ի հայտարարության մեջ: Այստեղ մասնավորապես, ասված է. «Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված է իրավիճակ, որում, մի կողմից, գործադիր իշխանությունը պատկանում է հեղափոխությունը իրագործած եւ ժողովրդի վստահությունը վայելող ուժին, մյուս կողմից, սակայն, Ազգային Ժողովի կազմը, ձեւավորված լինելով 2017թ. կեղծված ընտրությունների արդյունքում, շարունակում է արգելք լինել երկրի զարգացման եւ արմատական փոփոխությունների համար։ Երկրի կայունությունը վտանգող եւ պետական արդյունավետ կառավարումը խոչընդոտող քաղաքական այս ճգնաժամի միակ լուծումը՝ հնարավորինս սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական այնպիսի ընտրությունների անցկացումն է, որոնց արդյունքներն անվիճելի կլինեն հանրության համար եւ որոնց ազատ եւ արդար բնույթը որեւէ կասկածի ենթակա չի լինի։

Մեր մշտական համոզմունքն է եղել, որ սեփական իշխանություն ընտրելու ժողովրդի իրավունքի հարգումը եւ երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը պահանջում է ընդամենը պետական իշխանության հստակ եւ աներեր քաղաքական կամք։ Օրենսդրական որեւէ դրույթ կամ օրինականության վերահսկման որեւէ մեխանիզմ չեն կարող երաշխավորել ժողովրդավարական ընտրություններ, եթե այդ կամքը բացակայում է։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում ամհրաժեշտ է պետական իշխանությանը զինել ընտրությունների օրինականության երաշխավորման բոլոր անհրաժեշտ գործիքներով։

Նկատի ունենալով, որ նոր, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը իր առաջնային նպատակներից է հռչակել Ընտրական օրենսգրքի արմատական  բարեփոխումը, Հայ Ազգային Կոնգրեսը անհրաժեշտություն է համարում վերաիմաստավորել եւ վերափոխել ողջ ընտրական համակարգը՝ համապատասխանեցնելով այն քաղաքակիրթ աշխարհում ընդունված հիմնարար սկզբունքներին:

Կարեւորելով ընտրատեղամասերում ընտրությունների օրինականության վերահսկման մեխանիզմների կառուցման շուրջ ձեռք բերված այնպիսի արմատական նվաճումները, ինչպիսիք են, մասնավորապես, ընտրողների մասնակցության ստորագրված ցուցակների հրապարակումը եւ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղակայումը, միեւնույն ժամանակ վստահ ենք, որ երկրում զարգացող ժողովրդավարական գործընթացը հիմք է ստեղծել ավելի խորքային փոփոխությունների համար, որոնք ուղղված կլինեն ընտրակաշառքի, ընտրողների վրա վարչական, քրեական եւ մասնավոր ընկերությունների կողմից  ճնշումների  վերացմանը եւ քաղաքացիների ազատ կամքի անարգել դրսեւորմանը։

Այսպիսով, ՀԱԿ-ը վերահաստատում է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իր կողմից նախկինում արված առաջարկները, այդ թվում 100%-ոց համամասնական ընտրակարգի անցման առանցքային պահանջը:

Վստահաբար դեռ նոր առաջարկներ եւս կլինեն տարբեր ուժերի կողմից:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։