Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի – Իսկ եթե պարզվի, որ գնաճն արդարացված է, ապա ի՞նչ են անելու՝ հաշվի առնելով բնակչության առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։…- ԱԱԾ-ն իրավունքներին չի կպել – «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել…  Հիմա ԱԱԾ է՞, թե՞ ԿԳԲ – Ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ՝ եվրոպակա՞ն տիպի, ռուսակա՞ն, բելառուսակա՞ն, թե՞ ղազախական…

Եթե ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործն է անում, ապա ՊԵ՞Կ-ն ինչ անի

ԱԱԾ-ն տնտեսվարողների մոտ ստուգումներ է սկսել: Առաջին հայացքից կարելի է մտածել՝ ի՞նչ կա որ, չվճարված հարկերն ուզում է վերադարձնել պետբյուջե: Անշուշտ, բանական ոչ մի մարդ չի կարող դեմ լինել գումարները բյուջե վերադարձնելուն: Այստեղ բոլորովին այլ հարցի մասին եմ ուզում խոսել:

Տնտեսվարողների մոտ ստուգումը ԱԱԾ-ի՞ գործն է, թե՞ ՊԵԿ-ի:

Անշուշտ, պատասխան կարող է հնչել (բուն գործառութային հարցերն այստեղ չենք քննարկում), որ տնտեսվարողները թույլ են տվել այնպիսի սխալներ, որ դրանք արդեն սովորական սխալներ չեն, այլ կոռուպցիոն շղթայի մաս են կազմում, իսկ կոռուպցիան երկրի անվտանգությանն է սպառնում: Տարբերակ է, դեմ չեմ:

Բայց այլ տարբերակ էլ կա, որը նույնպես պետք է հնչեցնել: Տնտեսվարողների մոտ ստուգումները ՊԵԿ-ի գործը չե՞ն: Ով ով, ՊԵԿ-ն էլ քաջատեղյակ է օրենքներին եւ սողանցնքներին եւ կարող է ինքն էլ այնպես անել, որ տնտեսվարողները գումարները վերադարձնեն բյուջե: Քանզի լավ գիտե, թե որտեղ են այդ չվճարված գումարները:

Իսկ եթե ավելի պարզ խոսենք, ապա ԱԱԾ-ն չպետք է իջեցնի իր նշաձողը: ԱԱԾ-ի գործը պետք է լինի լռելը: Լռելը եւ գործելը: Այն ոլորտներում, որտեղ ազգային անվտանգության դեմ այնպիսի մեխանիզմներ են գործել կամ գործելու, որի մասին պետական ոչ մի կառույց չէր էլ կարող իմանալ:  

Հիմա, մասնավորապես, «Երեւան Սիթի»-ի համակարգում ա՞յդ մեխանիզմն էր: Համենայնդեպս այն տեղեկատվությունից, որ տրվում է հասարակությանը, ոչ: Դե ասենք, թեկուզ հենց այն, որ նախկին իշխանությունների հետ պայմանավորվածություն է եղել գյուղմթերքի մասով աշխատել ԱՁ-ի դաշտում՝ գյուղմթերքի գնային տատանումներ թույլ չտալու համար: Իսկ որ պայմանավորվածություն եղել է, դա ՊԵԿ-ն էլ չի հերքում:

Այսպես, ուղիղ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում խոստացավ, որ մոտ օրերս կոռուպցիոն բնույթի նոր բացահայտումներ է ներկայացնելու։

Լրագրողները կրկին հարցեր հնչեցրին «Երեւան սիթիի» խնդրի հետ կապված՝ դիտարկելով, թե այստեղ բացահայտումներն այնքան էլ բացահայտումներ չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ համաձայնեցված եւ որոշակի մեխանիզմների կիրառմամբ։ Ի պատասխան Արթուր Վանեցյանը միանգամից նշեց. «Տարիներ շարունակ ապօրինի գործած մարդիկ շատ բաներ կարող են հայտարարել։ Անգամ շահարկվեց 350 թիվը, սակայն այդ թիվն անցավ 460-ից»։ Այնուհետեւ ԱԱԾ տնօրենը հավելեց, որ կազմակերպությունների թիվը, որոնք նույնպես պետք է հրավիրվեն հարցաքննության, կհասնի 1000-ի կամ ավելիի։

Նկատենք, որ 350-ը այն մարդիկ են, ովքեր տեղյակ չեն եղել, որ, ըստ ԱԱԾ-ի, իրենց անուններով կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ են գրանցված։

Հնարավո՞ր է հարցաքննվողների շարքում լինի ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ «Քննությունը ցույց կտա»,- ասաց Ա. Վանեցյանը։

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ԱԱԾ գործողությունների հետեւանքով խոշոր սուպերմարկետների՝ ամբողջությամբ հարկային դաշտ գալը թանկացումների չի՞ հանգեցնի։

Ի պատասխան ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց։ Ըստ այդմ, այո՛, ժամանակին պայմանավորվածություններ են եղել՝ հենց գների աճից խուսափելու համար։ Խնդիրը շատ ավելի պարզ ու հասարակ է՝ եթե ասում ենք, որ տնտեսավարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերքը եւ մսամթերքը պետք է գան ԱԱՀ դաշտ։ Եթե այդ հարկերի վճարման հետեւանքով գնագոյացման աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի խանութներն ավելի մրցունակ կլինեն։ «Մինչդեռ,– ասաց ՊԵԿ նախագահը,– նախկինում սուպերմարկետները մրցել են նաեւ իրենց հարեւանությամբ գործող փոքր ու միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը»։

Ինչ մնում է այս ամենի հետեւանքով սպասվող թանկացումներին, ապա, ըստ բանախոսի, եթե խոշոր բիզնեսի՝ հարկային դաշտ գալուց հետո գները բարձրանան, ապա ուսումնասիրություններ կարվեն՝ պարզելու համար, թե այդ գների բարձրացումը որքանով է արդարացված։

Իսկ եթե պարզվի, որ գնաճն արդարացված է, ապա ի՞նչ են անելու՝ հաշվի առնելով բնակչության առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակը։ Պատասխանը հստակ էր. «Եթե տեսնենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք»։

Բայց մի բան, ՊԵԿ նախագահի խոսքերով, միանշանակ է. քանի դեռ օրենսդրությունը գործում է, լավն է այն, թե վատը, բոլորը պարտավոր են օրենքի շրջանակում իրենց հարկային պարտավորությունները կատարել. «Եթե աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում եւ տեսնում ենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, մենք ֆինանսների նախարարության հետ համատեղ օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք։ Եվ օրենսդրական փոփոխություններն էլ բացառապես պետք է լինեն հանրային քննարկումների արդյունքում»։

Ո՞րն է, ի վերջո, այս ամենի նպատակը։ «Մեր նպատակն այն է, որ չգրանցված որեւէ աշխատող չլինի»,- ասաց Դավիթ Անանյանը։

Եթե նախկինում ՊԵԿ-ի հետ համաձայնությանը այժմ կոռուպցիոն մեխանիզմներ անունն է տրվում, ապա ՊԵԿ նախագահը կարո՞ղ է այդ շղթայում ներգրավված որեւէ անձի կամ անձանց անուն տալ։ «Նախկինում պայմանավորվածությունները եղել են պետական եկամուտների կոմիտեի եւ գործարարության որոշ ներկայացուցիչների միջեւ։ Այդ համաձայնություններն ավելի բարձր մակարդակում հավանության են արժանացել։ Ես ՊԵԿ որեւէ պաշտոնյայի անուն չեմ կարող առանձնացնել, քանի որ համակարգն է համաձայնության եկել։ Եթե որոշ պաշտոնյաներ մասնագիտական առաջարկություններ են արել, դրանց քննարկման արդյունքում երկրի ղեկավարության հետ համաձայնության են եկել, մենք որեւէ իրավունք չունենք ՊԵԿ-ի որեւէ պաշտոնյայի ինչ-որ բան ասել»,- հայտնեց Դավիթ Անանյանը։

Ու որպեսզի թյուրըմբռնման տեղիք չտա, հստակեցրեց. «Գիտեմ, որ մինչեւ վարչապետի մակարդակ նման համաձայնություններ եղել են, որ գյուղմթերքների առումով գնային շեղումներ չլինեն։ Ես կողմ եմ, որ գործարարներին պատժենք այդ համաձայնություններից դուրս կատարված գործողությունների համար։ Իսկ եթե որոշում ենք, որ համաձայնությունները եղել են ապօրինի, եւ համաձայնության կողմերն էլ պետք է պատժվեն, ուրեմն, այո, պետք է պատժվեն բոլորը»։

Լրագրողները դիտարկեցին, որ հանրապետականներն ասել են, թե իրենք ի շահ գյուղացու են գնացել նման որոշման։ «Ես չեմ կասկածում հանրապետականների ազնվությանը,- նկատեց Դավիթ Անանյանը,- բայց ես ունեմ այլ տեսակետ՝ մանավանդ հիմա, ՊԵԿ նախագահի պաշտոնում, այն է՝ նույնիսկ այն, ինչ կատարվել է ազնիվ մղումներով, ինձ համար ընդունելի չէ։ Մենք պետք է հարկային ոլորտը կարգավորող օրենսդրությունը Ավետարանի սկզբունքով կիրառենք։ Լավն է, թե վատը, պետք է կիրառենք։ Եվ կրկնում եմ, եթե կիրառման ընթացքում զգանք, որ այն փոփոխման կարիք ունի, կքննարկենք, կփոփոխենք»։

Ահա այն ամենը, ինչ ցանկանում էինք ասել. փաստացի ՊԵԿ-ն նախագահը հաստատեց, որ «Երեւան սիթի»-ն չի գործել առանց նախապես թույլտվություն ստանալու:

Այս ամենից հետո կարո՞ղ եմ ենթադրել, որ ԱԱԾ-ն պարզապես մահակ է հանրապետական կամ նախկին իշխանամերձ շրջանակների գործարարների գլխին: Եվ այդ մահակն այնպես է աշխատում, որ նրանք հերթով լքում են ՀՀԿ-ն:

Եթե ԱԱԾ-ն մահակ չէ, հապա ինչու՞ են ստուգումները մեկ ուղղությամբ: Չէ՞ որ ասում էին, թե վենդետա չի լինելու:  Եթե սա վենդետա չէ, ուրեմն կարելի՞ է ենթադրել, որ ասենք Գագիկ Ծառուկյանը կամ Պողոսն ու Պետրոսը սուրբ է, քանզի բոլոր իշխանություններին մերձ լինելով՝ նա ոչ մի համաձայնության չի եկել ու հարկերը, լումա առ  լումա, մուծել է պետբյուջե:

Ինչ կա որ, սա էլ սրբության կանխավարկած է, որ խախտել չենք կարող:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ. – Իսկ «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի մասին այս պահին չենք խոսի, քանզի, վստահ ենք, առկա՝ իմա մատուցված տեղեկույթն ամբողջական չէ եւ դեռ փաստեր կան բացահայտելիք: Դրանք տիրապետելու պարագայում անպայման հանդես կգանք հրապարակումով: Այժմ միայն կներկայացնենք ընկերության գլխավոր տնօրենի հայտարարությունը՝ առանց մեկնաբանության:

ԱԱԾ-ն իրավունքներին չի կպել

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը հայտարարություն է տարածել.

«Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, եւ 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում։ Քրեական գործով հաշվարկված վնասը ըստ նախնական հաշվարկի կազմել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։ Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում։ Ցանկանում եմ նաեւ նշել, որ ընկերության զուտ շահույթն ի սկզբանե նպատակ եմ ունեցել հանձնել պետությանը, ինչն էլ իրականացնելու եմ համապատասխան հարկային ստուգումից հետո։

Ներկայումս՝ իմ եւ իմ աշխատակիցների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իմ գնահատմամբ ՀՀ ԱԱԾ-ի գործողությունների արդյունքում պահպանվել են իմ եւ իմ աշխատակիցների իրավունքները»։

Հիմա ԱԱԾ է՞, թե՞ ԿԳԲ

Հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հետաքրքրվեց, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ՝ եվրոպակա՞ն տիպի, ռուսակա՞ն, բելառուսակա՞ն, թե՞ ղազախական: Ու նաեւ հարցրեց. «Չե՞ք կարծում, որ նոր կառավարությունն իր գործունեությունը սկսել է՝ հիմք ընդունելով ԿԳԲ-ն: Ինչու եմ այդպես ասում, քանի որ այն չի վերափոխվել, ու պետք է այն փլուզվի եւ, իրոք, ազգային մարմին պետք է ստեղծվի»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ունի բացառապես հայաստանյան ծագում: «Մենք արտաքին որեւէ ուժի օգտին կամ դեմ չենք պայքարում, ու այն չունի արտաքին քաղաքական որեւէ ենթատեքստ, մենք պայքարում ենք մեր իրավունքների համար, ուզում ենք ունենալ մեր ինքնագիրն ու առանձնահատկությունը: Ես չեմ հասկանում, երբ մեր քաղաքացիները դրսում անընդհատ ուղենիշներ են փնտրում։ ՀՀ Սահմանադրությունն ունի առաջին հոդված՝ ՀՀ-ը ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Սա եմ ես համարում ամենամեծ արժեքային համակարգը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա այն Հայաստանի ԱԱԾ է, ես չեմ ասում, որ այն կատարյալ է, խնդիրներ չկան: Ես ասում եմ, որ այն ՀՀ ԱԱԾ է, եւ ես դա կարող եմ երաշխավորել ու հետագայում էլ կերաշխավորեմ»:

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։