Խոսքը գործ է.- Խոսքին պիտի տե՛ր լինել – Վարչապետն արել եւ դեռ անելու է հայտարարություններ, որոնք պիտի կամ ամրացվեն գործով, կամ կարող են վնասել մեր երկրին… / Այսուհետ եւս գործուն աջակցություն – ՀՀ ՊՆ-ն շարունակելու է աջակցել ԼՂՀ ՊԲ-ի մարտական ներուժին՝ կատարելագործման հարցերում…

Խոսքին պիտի տե՛ր լինել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններին Արցախի միանալու մասին հայտարարությանը դեռ բացահայտ արձագանքել է միայն Ռուսաստանի արտգործնախարարությունը:

«Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է»,- այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը: Նա այսպես  է պատասխանել լրագրողի այն հարցին, թե Հայաստանի վարչապետի հայտարարությունը որքանով է բարդացնում արցախյան խնդրի կարգավորման գործընթացը:

Անդրադառնալով նաեւ այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը, վերանվանել է Հաշտության եւ համաձայնության օր, Արտյոմ Կոժինն ասել է. «Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը եղել է եւ շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար:  

Ինչ վերաբերում է տոների անվանակոչմանը, ապա տարբեր պետություններում որոշակի ոչ մեծ տարբերություններ կան, որը չի փոխում տոնակատարության էությունը… Հայ ժողովուրդը, որը մեծ գին է վճարել համընդհանուր հաղթանակին հասնելու համար, ինչպես մեզ հետ տոնել է, այնպես էլ շարունակելու է տոնել»:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրենը նշել էր, որ հունիսի 7-ին նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Ինչը եւ եղավ: Բանակցություններին քննարկվել են ինչպես երկկողմանի հարաբերություններին առնչվող, այնպես էլ միջազգային հարցեր:

«Կարծիքներ կփոխանակվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ակտիվ միջնորդական դեր է խաղում»,- հավելել էր ռուս պաշտոնյան դեռ մինչեւ նշյալ հանդիպումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել եւ դեռ անելու է հայտարարություններ, որոնք պիտի կամ ամրացվեն գործով, կամ կարող են վնասել մեր երկրին… Գործող վարչապետը ոչ պատգամավոր է, ոչ էլ առավել եւս ընդդիմադիր գործիչ, որ ասի այն՝ ինչ ուզում է… Իսկ եթե այնուամենայնիվ՝ ուզում է՝ պիտի նաեւ պատասխան տա:

Լավ է, թե վատ, որ ուզում է, ժամանակը ցույց կտա, ադրբեջանցին էլ ցանկանում է Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին, նաեւ հայ համայնքի, ոչ թե Արցախի Հանրապետության… Զգոն լինենք:

Արման Դավթյան

Այսուհետ եւս գործուն աջակցություն

ՀՀ ՊՆ-ն շարունակելու է աջակցել ԼՂՀ ՊԲ-ի մարտական ներուժին՝ կատարելագործման հարցերում: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունիսի 4-5-ը աշխատանքային այցով ՊԲ-ում է գտնվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է առաջնագծի մի շարք ուղղություններ, մասնակցել բանակի հրամանատարության ներգրավմամբ անցկացված դաշտային երթի պլանով նախատեսված միջոցառումներին:

Իրականացված աշխատանքների ընթացքում ճշգրտվել են փոխգործակցության ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, քննարկվել հավանական հակառակորդի հնարավոր գործողություններն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:

Արտակ Դավթյանը  բարձր է գնահատել ՊԲ-ի մարտական պատրաստականության արդի մակարդակն ու ռազմատեխնիկական հնարավորությունների զարգացմանն ուղղված հետեւողական քայլերը եւ հավաստիացրել, որ ՀՀ պաշտպանական ոլորտի պատասխանատուները այսուհետ եւս գործուն աջակցություն կցուցաբերեն ՊԲ-ի մարտական ներուժի հետագա կատարելագործման հարցերում:

Շրջայցի ավարտին հայկական հանրապետությունների զինված ուժերի պատասխանատուները հստակեցրել են երկկողմ համագործակցության համատեքստում նախատեսված առաջիկա անելիքները:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։