«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց – Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա..  / – Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն… / Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով… Բերման է ենթարկվել 15 քաղաքացի, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար… Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների… Խորհրդարանը ստեղծել է քննիչ հանձնաժողով… Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից… Լեւոն Տեր-Պետրոսյան.- Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել… Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին… Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել… Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել…Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել… Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները… Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում… Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները… Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին… Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից… Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը… Արցախի պետնախարար .- Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ…

«Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ.- «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց –

Հեղափոխությունները լինում են զինված եւ անզեն, խաղաղ եւ ծեծկռտուքով, գունավոր եւ թավշյա… անգամ հեղափոխություններ են լինում, որ հաստատ հեղաշրջումներ են, սակայն հեղափոխություն են համարվում, անգամ եթե ահաբեկչություն են, միեւնույնն է հեղափոխություն են գրանցվում: Ինչեւէ, Հայաստանն այս ամենը տեսել է:

Մեզ համար այս բոլորը գրեթե նույն հարթության մեջ են, որոշակի տարանջատումներով, քանզի «Լուսանցք»-ը միշտ է հայտարարել, որ դեմ է ահաբեկչությանը, հեղաշրջումներին ու հեղափոխություններին, կողմնակից է բնականոն եւ համընթաց զարգացումներին: Այլ լեզվով հնչող ռեւոլյուցիա՞, թե՞ էվոլյուցիա հարցին մեր պատասխանը հստակ է եղել:

Ըստ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով, ում հարց ուղղեցինք այս առումով, «գիտության, թե մշակույթի մեջ անգամ թռիչքային զարգացումները բնականոն եւ բնագիտական բացատրություններ ունեն, սակայն, եթե այստեղ անգամ դրանք հեղափոխություններ են կոչվում, գիտա-մշակութային հեղափոխություններ, ապա ինչ-որ տեղ գոնե դրական ազդակներ են արձակում, իսկ մեր կյանքի հեղափոխականացումը հանգեցնում է խեղափոխականության, ինչպես ժողովրդավարությունը՝ ամբոխավարության… Եվ ամեն նոր իշխանություն քարանձավի դեւի պատմության օրինակով՝ հետզհետե ինքն է դեւ դառնում՝ փոխարինելով նախկին դեւին»…

Հայ արիների առաջնորդը նաեւ նշել է. «Երբ դիտարկում ենք ազգային-ազատագրական պայքարը օտարի լծից ազատվելու համար մղված, ահաբեկչությունը վրիժառություն է դառնում, հեղափոխությունը՝ ազգային շարժում, հեղաշրջումը՝ ազատագրական պայքար… Կասեք՝ բառախա՞ղ է: Ամենեւին, նույն բնականոն համակարգում արարիչ եւ ավերիչ հասկացողությունները նույնական են, պարզապես մեր կյանքի հետ ի սկզբանե ստեղծված բարի եւ չար ուժերի համար դրանք հակառակ բեւեռների իրականությանը համարժեք ընկալումներ ունեն… Կան հավիտենարժեք իրողություններ, ըստ որոնց բարին արարման համար ընդունում է արդար պատիժը, որը ներառում է նաեւ արդար վրեժը (Հայ Աստվածային համակարգը հենց դրանով է առանձնանում, երբ Վահագնի հզոր ուժը միայն Աստղիկի սիրով է կարգավորվում որպես դրական ուժ, այլապես առանց սիրո ուժը՝ բիրտ ուժն է…), հակառակ ծայրում՝ չարը չի կարող արարել ի բնե, ուստի ավերում է, ինչը չի կարող արդար պատիժ սահմանել, ինչն էլ միայն ահաբեկչություն կարող է ծնել… Այն ինչ ասվեց՝ բնախոսություն է, բնագիտություն, ուստի ոչինչ չունի բնազանցական, ինչն էլ նշանակում է բնակարգով եւ բնական հավատով ապրող ազգերն ու մարդիկ չեն կարող նույն ընկալումներն ունենալ ազգամերժ եւ հակամարդ արհեստածին «ազգ-ժողովուրդների» ու անինքնությամբ ապրող մարդկանց» հետ:

Արմեն Ավետիսյանը հիշեցրեց, որ Արցախյան շարժումը այսօրվա ձեւակերպումներով հեղափոխություն էր, սակայն իրականում՝ ազգային շարժում, իսկ Արցախյան պատերազմը այսօրվա ձեւակերպումներով՝ իբր հեղաշրջում էր՝ ահաբեկչական ելեւէջներով, իսկ իրականում ազատագրական պայքար էր՝ վրիժառուական հավելումներով: Ուստի,  Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը պիտի մեր աչքերի լույսի պես պահենք, որպեսզի տեսողական, լսողական եւ այլ զգայարաններով չկտրվենք իրականությունից եւ կարողանանք նաեւ տեսնել մեր Միացյալ Հայրենիքի տեսլականը, լսել Հայրենականչը եւ գործել Հայրենատիրական մղումներով:  

* * *

«Լուսանցք»-ը Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված թավշյա հեղափոխությունից առաջ, այդ ընթացքում եւ հետո համարներ թողարկեց, որոնցում ամրագրվում էին պատմական իրադարձությունները, իշխանության եւ ընդդիմության խոսքը, հիմնականում առանց մեկնաբանության, որպեսզի այն հաջորդ սերնդի համար լինի առավելապես տեղեկատու աղբյուր:

 Իհարկե, առանձին նաեւ մեր տեսակետներն էին դրվում:

Այս թողարկման մեջ կփորձենք նման մի բան անել՝ Արցախի խաղաղ հեղափոխությունից հետո: Եթե Հայաստանի հեղափոխությունը ներքեւից վերեւ հասավ, ապա Արցախի դեպքում այն վերեւից իջավ ներքեւ: Բայց իրականում այս երկուսն էլ միջազգային պատմության մեջ արձանագրվեցին «հայկական հեղափոխություններ», երբ ոչ մի կրակոց, որ մի զոհ չկար այդ երկու հեղափոխություններ ասվածից առաջ եւ հետո:

Այսպիսով.

Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին Անվտանգության խորհրդի անդամները, Ազգային ժողովի նախագահի տեղակալը, խմբակցությունների ղեկավարները եւ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները։

Քննարկվել են մայրաքաղաքում նախօրեին կենցաղային հողի վրա տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը կարեւորել է մանրակրկիտ ու պատշաճ մակարդակով հետաքննության անցկացման անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ օրենքով սահմանված կարգով։ Բակո Սահակյանը շեշտել է, որ երկրում կայունության եւ օրինականության պահպանումը, սահմանների անվտանգության ապահովումը բացառիկ արժեքներ են մեր ժողովրդի եւ համայն հայության համար։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի լուծման ուղղությամբ։

Միջադեպերի քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները հղի են հասարակությունը պառակտելու վտանգով

Արցախի նախագահը հունիսի 4-ին հրավիրել է խորհրդակցություն կառավարության անդամների եւ պետական այլ մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Նախագահը նշել է, որ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ցավալի միջադեպը պետության կողմից դատապարտվել է, որակվել անթույլատրելի եւ ստացել իրավական գնահատական: «Հետաքննությունը անվերապահորեն տարվելու է օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան եւ հնարավորինս հրապարակային՝ հանրությանը պարբերաբար իրազեկելով ընթացքի մասին: Բոլոր մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել է Բակո Սահակյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մեր երկրում անընդունելի են ինչպես նման միջադեպերը, այնպես էլ դրանց քաղաքականացումը եւ տարբեր շահարկումները, որոնք հղի են հասարակությունը պառակտելու վտանգով: «Այս համատեքստում ես կուզենայի հատուկ դիմել մեր ժողովրդին՝ ապավինելով նրա իմաստնությանը, բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, սթափություն, բազմակողմանի հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու եւ ճիշտ որոշումներ ընդունելու, կարեւորագույն հարցերի հանդեպ հոգատար ու սրտացավ վերաբերմունք դրսեւորելու ունակությանը: Մեզ համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, միասնականությունը եւ համախմբվածությունը, պետական հիմքերն անսասան պահելը, երկրի անվտանգության եւ պաշտպանունակության հետեւողական բարձրացումը, մեր քաղաքացիների աշխատանքի եւ կյանքի խաղաղ պայմանների ապահովումը, ժողովրդի կենսապայմանների բարելավման նպատակով կարեւորագույն սոցիալ-տնտեսական հարցերի լուծումը»,- շեշտել է Բակո Սահակյանը:

Նախագահի խոսքով՝ իշխանությունները, պետական կառավարման օղակները պարտավոր են ցուցաբերել պատասխանատվության առավելագույն աստիճան առկա խնդիրների լուծման գործում՝ այս ուղղությամբ իրականացնելով սկզբունքային, հետեւողական ու քրտնաջան աշխատանք: Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։

Ստեղծվել է քննիչ հանձնաժողով

ԱԺ Կանոնակարգ ԱՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների պահանջով Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 2-ին հայտարարել է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կուսումնասիրի հանրային հնչեղություն ստացած հարցերը:

Քննարկվել է իրական վիճակը Ստեփանակերտում:

Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ իրավիճակը սրելու վտանգավոր քայլերից

Հունիսի 1-ին Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն: Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթեւակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը եւ անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը եւ անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսեւորում՝ Արցախի ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից եւ հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում:

Լեւոն Տեր-Պետրոսյան. Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել

ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները եւ ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետեւանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար:

Որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն, ոչ ոք չի կարող առարկել. այս կապակցությամբ ԼՂՀ նախագահը եւս հստակ հավաստիացում է տվել: Սակայն ուժային կառույցների՝ ԱԱԾ եւ Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարեւորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել…

…Այս գործում իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը, նույնիսկ վերջինիս անհապաղ ազատ արձակման միջոցով: Բոլոր հակասությունները մի կողմ դնելով… Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»:

Էդուարդ Շարմազանովն Արցախի հարցում համամիտ է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

«Արցախում ցանկացած ներքաղաքական լարման հետ կապված պետք է շատ զգույշ լինենք»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին։

Նա նշեց, որ համամիտ է ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Արթուր Աղաբեկյանի եւ բոլոր այն մտահոգ պատգամավորների հետ, որոնք նշում են՝ պարտավոր ենք Արցախում լինել շատ ավելի շրջահայաց։

«Մեզ անհրաժեշտ է կայուն Արցախ, անհրաժեշտ է, որ եւ Արցախի հասարակությունը, եւ քաղաքական ուժերը համախմբվեն իշխանությունների շուրջ, քանի որ Արցախում ցանկացած ներքաղաքական իրավիճակի լարում չի բխում ոչ արցախահայության, ոչ Հայաստանի, առհասարակ հայության շահերից», – ընդգծել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ինչպես 20 տարի առաջ, այսօր էլ կայուն, ուժեղ եւ միասնական Արցախը ողջ հայության հաղթանակի գրավականն է։

Նրա խոսքով՝ միգուցե այնտեղ կան ներքաղաքական տարաձայնություններ, բայց միշտ պետք է հիշել, որ հակառակորդը նենգ է եւ կարող է օգտվել ցանկացած անկայունությունից։

Պատասխանատվության ենթարկել մասնակիցներին

Վերջին 2 օրերին Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությունները գալիս են փաստելու այն իրողությունը, որ անօրինականության եւ ամենաթողության մթնոլորտն անթույլատրելի է եւ սպառնալիք երկրի անվտանգությանը: Մեր երկրի համար կարեւորագույն արժեքներ են կայունությունը, ժողովրդավարությունը եւ քաղաքացիների իրավունքների իրացումը:

Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից թե՛ իշխանությունների եւ թե՛ հասարակության համար: ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կոչ է անում բոլոր իրավասու մարմիններին իրավական դաշտում պատասխանատվության ենթարկել հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին:

Արցախի դատախազությունը ծեծկռտուքի տեսանյութն է հրապարակել

Արցախի Հանրապետության դատախազությունը հրապարակել է տեսանյութ՝ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ տարվում է նախաքննություն:

«Դատախազությունը նպատակահարմար է գտել հրապարակելու քրեական գործում առկա տեսանյութի՝ կոնկրետ ծեծկռտուքին վերաբերող հատվածը»,- նշել են դատախազությունից: Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Արցախի գլխավոր դատախազությունն անուններ է հրապարակել

Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«2018թ. հունիսի 01-ին, ժամը 19.15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի  Բաղրամյան-2բ  հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից, Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից, Մհեր Մուսայելյանի /ԱԱԾ աշխատող/, Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի /ԱԱԾ աշխատող/ միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ 02.06.2018թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի՝ 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Ստեփանակերտում քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստով քրգործ է հարուցվել

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հունիսի 1-2-ի գիշերը սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն այն մասին, որ ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողներ, կենցաղային հողի վրա, Ստեփանակերտում ծեծի են ենթարկել 2 քաղաքացու։ Ներկայացված տեղեկությունների հիման վրա, ղեկավարվելով ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի 15–րդ հոդվածով, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը հունիսի 2-ին կայացրել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու մասին որոշում:

Գիշերվա ժամը 3։30-ին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների առողջական վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ 2 տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչները նաեւ հետեւում են փաստի առթիվ Ստեփանակերտում տեղի ունեցող հավաքին:

Բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները

Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեն հանդես է եկել  հայտարարությամբ: Հունիսի 3-ին, Լեռնային Ղարաբաղի «Հելսինկյան նախաձեռնություն» կոմիտեի համակարգող, մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարգեւների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը եւ գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանն այցելել են Ստեփանակերտ քաղաքի ոստիկանության բաժին եւ ծանոթացել Արցախի կալանավորված քաղաքացիների կալանավորման պայմաններին, որ կապված է Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի հետ, որ տեղի է ունեցել 2018թ. հունիսի 1-ին։ Այսօր «ՀՆ-92» կոմիտեն նշում է, որ ոստիկանությունը հարգանքով վերաբերմունք է ցուցաբերում բոլոր ձերբակալվածներին, եւ քննությունը կատարվում է օրենքով սահմանված կարգով։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է բարելավել ձերբակալված անձանց պահելու պայմանները, ժամանակավոր կալանքի վայրերը բավարար չափով լուսավորված չեն, անհրաժեշտ է ձերբակալվածներին տրամադրել գրականության եւ թերթի նորությունների օգտագործման հնարավորություն, ինչպես նաեւ օգտվել օրվա ընթացքում 3 անգամ սնվելուց։

Կալանավորները չեն բողոքել ոստիկանության աշխատակիցների ձերբակալման եւ բուժման պայմաններից։

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում դադարեցնել բողոքի գործողությունները Ստեփանակերտում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր են տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավվածությամբ ծեծկռտուքի պատճառով: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ընթացքում նշեց, որ որեւէ կասկած չկա, որ ուժային կառույցների ներկայացուցիչների պահվածքը մտահոգություններ առաջացնող է: «Անընդունելի է խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Իհարկե, այս իրավիճակը պետք է շատ կոնկրետ լուծումներ ստանա եւ բերի կոնկրետ եզրակացությունների եւ հետեւությունների: Ես ուշադիր հետեւում եմ Արցախում ծավալված իրադարձություններին: Ես այս ընթացքում մշտապես կապի մեջ եմ եղել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Ես գոհունակությամբ եմ արձանագրում, որ Արցախի նախագահը մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել ցուցարարների ներկայացուցիչների հետ եւ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց՝ Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կյանքի կոչել այդ պայմանավորվածությունները, իրականացնել լրիվ եւ ամբողջական քննություն եւ դրանից անել նաեւ կազմակերպչական հետեւություններ:

…Վարչապետը կարծիք հայտնեց, որ շատ ճիշտ կլինի, եթե հիմա ցուցարարները հնարավորություն տան իրագործել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջին օրերին կայացած հանդիպումների ընթացքում: «Եվ, եթե իրադարձությունների հետագա ընթացքում պայմանավորվածություններն ի կատար չեն ածվում, հետեւություններ չեն արվում, միայն այդ դեպքում իմաստ կունենա շարունակել որեւէ բողոքի գործողություն…»:

Վեհափառն արցախցիներին  հորդորում է եղբայրասիրության ոգով լուծել բոլոր տարաձայնությունները

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ստեփանակերտում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ։ Ուղերձում նշված է. «Մտահոգված ենք այս օրերին Ստեփանակերտում տեղ գտած իրադարձություններով, որոնք հուզումների պատճառ են դարձել՝ վտանգելով Արցախի ներքին կայունությունը: Երկրում ներքաղաքական իրադրության սրացումը, անզիջում դիրքորոշումները անթույլատրելի են, քանզի դրանք կարող են խոցելի դարձնել Արցախի ապահովությունն ու խաղաղությունը:

Հորդորում ենք Արցախի Մեր սիրելի զավակներին՝ համերաշխության ու եղբայրասիրության ոգով եւ երկխոսության ճանապարհով լուծել բոլոր տարաձայնություններն ու խնդիրները՝ հանուն Արցախի կայունության ու առաջընթացի: Պողոս առաքյալի հորդորի համաձայն՝ եղբայրասիրության մեջ եղեք գթասիրտ, պատիվ տալու մեջ միմյանց գերազանցեք:

Աղոթում ենք, որ Աստված խաղաղ ու անսասան պահի ու պահպանի Արցախի Հանրապետությունը եւ Իր առատ օրհնությունները հեղի արցախահայության կյանքից ներս. ամեն:

Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Բակո Սահակյանին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելով Ստեփանակերտում տեղի ունեցող ցույցերն ու դրանց դրդապատճառները։ Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը։

Հայտնի է, որ ԱՀ նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել տիրող իրավիճակն ու խոսել դրա դրդապատճառների մասին։ Արամ Ա-ն իր զորակցությունն ու մտահոգությունն է հայտնել նախագահ Սահակյանին ու Արցախի ժողովրդին՝ շեշտելով, որ առկա մարտահրավերները պետք է լուծվեն փոխըմբռնման մթնոլորտում, իսկ կողմերը պետք է առաջնորդվեն զգոնությամբ ու խոհեմությամբ՝ հեռու մնալով Արցախի անվտանգությանը հնարավոր վնաս հասցնող մթնոլորտի ստեղծումից։

* * *

Արցախում կայունությունը եւ համերաշխությունը պահպանելու կոչով հանդես են եկել գրեթե բոլոր գործուն քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ Սփյուռքից:

Ինչպեսեւ խոստացել էր Արցախի նախագահ Բակո Սահակյանը, եղան հրաժարականներ եւ նոր ձերբակալություններ:

Հրաժարական են ներկայացրել Արցախի Պետնախարար Արայիկ Հարությունյանը, Ոստիկանապետ Կամո Աղաջանյանը եւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը:

Փաստորեն, Արցախում գործեցին առավել արագ եւ բողոքող կողմի հետ համագործակցված, ձերբակալություններ եղան, եւ նախաքննությունն արդեն սկսվել է: Եթե սա համարենք Հայաստանի հեղափոխական ալիքի ներթափանցում Արցախ, ապա այն այստեղ ավելի թավշյա ստացվեց: Ավելին՝ հեղափոխությունը հենց վերեւից շարունակվեց ու քննության հաջող ավարտի դեպքում, կարելի է սպասել, որ հեղափոխությունը նույնպես կավարտվի:

Այս հրաժարականը կապված չէ ցույցի մասնակիցների պահանջի հետ

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը մինչ հրաժարականը հանդիպեց ցուցարարների հետ, խոսեց նրանց հետ, նշեց, որ ինքն իրեն մեղավոր չի համարում, սակայն եթե երկիրը վտանգի մեջ կհայտնվի՝ մինչ թացն ու չորը զատվեն, ինքը հրաժարական կտա, բայց կշարունակի ծառայել հայրենիքին որպես գործարար: Ու երբ ամեն բան պարզվի, ինքը կարող է նաեւ շարունակել իր պետական ծառայությունը:

Նա համարում է, թե տնտեսական առումով բարեփոխումները հաջողել են իրականացնել, ժողովրդական արժեքների ամրապնդման, քաղաքացիական հասարակարգի ձեւավորման առումով ունեցել են առաջընթաց, բայց այսօր հանրության պահանջն ավելի մեծ է: «Ինձ թվում է՝ նաեւ անհրաժեշտ է հաճախակի իրականացնել կադրային փոփոխություններ՝ սկսում ենք մեզանից»,- ասել է նա եւ նշել, որ միշտ էլ հնարավոր է ընդդիմություն լինել, եթե ճանապարհից շեղվեն, բայց խնդրեց հետին մտքեր չունենալ եւ ավելացրեց, որ իր համար հայրենիքը առաջնահերթ է: «Ուզում եմ ասել, որ առաջին պատմավեպը, որ ես ընթերցել եմ, եղել է «Սամվելը», ինձ թվում է՝ ավելին ասելու կարիք չկա»,- ասել է պետնախարարը:

Հարցին, թե ե՞րբ է առաջացել պաշտոնը թողելու միտքը, նա նշեց, որ քննարկումներ միշտ կային: «Այդ քննարկումները ոչ միայն այս վերջին ամսին են տեղի ունեցել, այլ նախագահի հետ պարբերաբար քննարկումներ եղել են կոնկրետ իմ հրաժարականի անհրաժեշտության մասին: Նման իրավիճակ ունեցել ենք 2012թ. ընտրություններից հետո, երբ ամբողջ հասարակությունը փորձեց թիրախ ընտրել ինձ, համարելով, որ երկրում բոլոր պրոբլեմներն իմ պատճառով են, եւ ես այն ժամանակ նախագահին ասել եմ՝ պատրաստ եմ հրաժարվել պաշտոնից, շարունակել ծառայել երկրում, այդ թվում՝ այն ժամանակ նախագահի թիմում»,-պատմեց նա:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ իրենք շարունակում են մնալ իշխանություն եւ սատարելու են կառավարության գործունեությանը, ծրագրին, որի կազմմանը ինքը մասնակցություն է ունեցել:

Ինչ վերաբերում է լուրերին, թե իր վրա ճնշում է գործադրվել (կարծիք էին հայտնել, թե Հայաստանից են ճնշել նրան նոր իշխանությունները), նա ժպտալով ասել է, որ դա միայն ծիծաղ է առաջացնում, ընդամենն այդքանը…

Իսկ հրաժարականի պատճառներից մեկը՝ երեւի գլխավոր պատճառը, բարեփոխումներն են, քանի որ ինքը ղեկավարում է «Ազատ հայրենիք» կուսակցությունը եւ ինքը գնալու է՝ կատարելու այդ առաքելությունը: «Այսօր ղեկավարում եմ կուսակցությունը, բայց պաշտոնս թույլ չի տալիս իրականացնել այն, ինչ ես ուզում եմ: Խորհրդարանում այսօր ամենամեծ խմբակցությունը ունի մեր կուսակցությունը»,- ասել է նա եւ նշեց, որ նպաստելու են նախագահի կողմից իրականացվող բարեփոխմանը:

«Իմ հրաժարականը կապված չէ բողոքի մասնակիցների պահանջից,- կրկնել է նա,- ես մասնակցել եմ երկրում  բարեփոխման քաղաքականությանը, երեւի մեր երկրին այսօր նոր ավելի երիտասարդ կադրեր են պետք: Դեռ չի սպառվել իմ ռեսուրսը, չեմ պատրաստվում հրաժարվել քաղաքականությունից, շարունակելու եմ իմ գործը»,- ասել է նախկին պետնախարարը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։