Աշխարհի վերաբաժանման փորձ՝ առանց լուրջ առճակատման – Չնայած ռուս-ամերիկյան հակասությունների ծավալներն անհանգստացնում են… Հաջորդ ռուս-ամերիկյան բախումը բուն եվրոպայում է… Հայաստանը այլեւս չի ցանկանում հարմարվել առկա իրավիճակին, ինչը որոշակի նաեւ համաշխարհային գերտերությունների շահերի հետ է համընկնում…

Կարելի է արձանագրել, որ ռուս-սիրիական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի, այնքան, որ Սիրիան գտնվելով պատերազմական իրավիճակում եւ ներքաղաքական զինված ընդհարումների մեջ, ճանաչել է Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը: Անգամ այն հանգամանքը, որ ինքը՝ Սիրիան է կանգնած տարածքային պառակտման շեմին, հատկապես քրդական գործոնի հետ առնչված, չի կանգնեցրել սիրիական իշխանություններին իրենց երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ նաեւ լուրջ ռազմա-քաղաքական այս քայլով:

Իհարկե, Վրաստանի արձագանքը կտրուկ էր եւ պաշտոնական Թբիլիսին կասեցրել է հարաբերությունները Սիրիայի հետ: Սա Մոսկվայի պատասխաններից մեկն է Վաշինգտոնին, որտեղից ղեկավարվում է հակառուսական քաղաքականությունը ամբողջ աշխարհի համար, այդ թվում՝ Եվրոպայի: Նոր պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ անմիջապես առաջացնում են հակընդեմ քայլեր, ինչը հավաստում է, որ ռուսական կողմը չի պատրաստվում զիջել, իսկ սա ենթադրում է նոր առճակատումներ ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում:

Միացյալ Նահանգները փորձում է ամենավտանգավոր կետերում հասնել եթե ոչ լիարժեք համաձայնության, ապա՝ գոնե լարվածության թուլացման: Սպիտակ Տունը եւ Կրեմլը մեծ ջանքեր թափեցին, որպեսզի կարողանան Հյուսիսային Կորեայի խիստ վտանգավոր արտաքին քաղաքականությունը սեփական շահերի տարածք տեղափոխել, ինչն ընթանում է մերթ ընդ մերթ հաջողություններով:

Իհարկե երկու Կորեաների՝ Հյուսիսային եւ Հարավային, ղեկավարների հանդիպումը երկու պետությունների սահմանագծին, նրանց գրկախառնվումն ու բանակցությունները կարելի է համարել ամերիկյան ջանքերի արդյունք, ինչը թերեւս անսպասելի էր Ռուսաստանի համար, գուցե նաեւ՝ Չինաստանի: Դեռ նախկինում ԿԺԴՀ-ն միայն ԽՍՀՄ-ի հետ էր բանակցում, եթե անգամ խնդիրը երրորդ երկրներին էր վերաբերում, հետո, երբ խորհրդային կայսրությունը քանդվեց, Չինաստանի հետ էր երբեմն գալիս համաձայնության՝ միջազգային այս կամ այն ծագած խնդիրը կարգավորելու համար: Պեկինը կարողանում էր այս փաստը գործածել նաեւ տարածաշրջանում իր նպատակները առաջ տանելու համար:  

Եվ ահա, Միացյալ Նահանգները կարողացան ավելի առաջ գնալ եւ հանդիպացնել երկու կորեական երկրների ղեկավարներին: Անգամ հայտարարություններ հնչեցին, որ մի օր գալու է կորեական միասնության եւ երկրների միավորման պահը: Սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը մի քանի անգամ հետաձգվեց, քանի որ կորեական կողմը այդ ընթացքում նորից կտրուկ հայտարարություններ արեց, ինչը երեւի թե ռուս-չինական ազդեցության հետեւանք էր, որն այսօր կարգավորվել է ու հանդիպումը պիտի կայանա:

Սա ռուս-ամերիկյան հակասությունների թերեւս ամենասուր եւ առավել վտանգավոր կետերից է, ինչը ծավալվելու դեպքում կարող է հանգեցնել միջուկային պատերազմի՝ շատ աղետալի հետեւանքներով:

Հաջորդ սուր գոտին Մերձավոր Արեւելքն է, որտեղ եւս անսպասելի ծավալումներ կարող են լինել, եթե իհարկե, համաշխարհային բեւեռները մտնեն անզիջում պայքարի մեջ: Անգամ միջուկային հարվածները չեն բացառվում այստեղ, որը կարող է իրականացնել Իսրայելը, եթե հանկարծ կայանա իրանա-արաբական լուրջ միավորում եւ հարձակում Իսրայելի վրա: Վերջին տարբերակը բացառվում է, քանի դեռ Արաբական աշխարհը երկփեղկված է Իրանի հարցում, քանի դեռ Սաուդյան Արաբիան նույնքան թշնամական չի վերաբերում Իրանին, որքան Իսրայելը:

Իրանա-արաբական հակասությունները միայն միջկրոնական չեն, շիա եւ սուննի ուղղություննե-րով պայմանավորված, այլ որոշակիորեն շոշափում են նաեւ էթնիկ խնդիրներ: Իհարկե նաեւ տարածաշրջանային տերության հարց կա նաեւ, ինչը ամենաշատն է շահարկվում համաշխարհային բեւեռների կողմից: Եթե բացենք փակագծերը, ապա տարածաշրջանում ազդեցություն ունեցողներից՝

- Իսրայելը Արեւմուտքի հետ իրենց շահերի համար խաղարկում են այս նշված բոլոր տարբերակները, երեւի թե էլի տարբերակներ առաջ բերելով: Թել Ավիվը տարածաշրջանում միմյանց դեմ գործածում է նաեւ համաարաբականությունը, համաթուրանականությունը, համաիսլամականությունը, համաքրիստոնեությունը (էկումենիկ սկզբունքներով), քրդական գործոնը, վերջերս սկսել է շահարկել նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրանից բխող պահանջատիրական հարցերը…

- Իրանը փորձում է իր շահերի համար գործածել Ռուսաստանի, երբեմն էլ Չինաստանի ազդեցությունը: Ռուսաստանն էլ Իրանին է փորձում իր հսկողության տակ առնել, ինչը սակայն իր բնույթով այն մտերմությունն ու կապը չունի, ինչ Իսրայել-Արեւմուտք հարաբերություններում են:

Բայց տարածաշրջանում Թեհրանը առավելապես միջկրոնական հանգամանքն է օգտագործում իր դիրքերի ամրապնդման համար: Դա չաշխատեց թուրքական ճակատում՝ շիա ադրբեջանցիները, որ իրանական շիաների ազդեցության տակ էին, վաղուց նախընտրել են սուննի թուրքերի հետ հարաբերութունները, իսկ Բաքվում եւ այլուր սկսել են սուննիական մզկիթների շինարարությունն ու կրոնափոխության քաղաքականությունը իրականացնել: Բայց ահա, արաբական երկրների որոշակի հատվածում դա ստացվել է, Իրանին հաջողվել է իր շուրջը միավորել շիա արաբների մեծ մասին, անգամ Լիբանանում գտնվող «Հեզբալլահ» ռազմական կազմավորումը ենթարկվում է Թեհրանի հրահանգաներին, որոշակիորեն նաեւ պաղեստիյան «Համաս»-ն է համագործակցում Թեհրանի հետ:

Այս կռիվը թերեւս ավելի արյունալի է, քան իսլամական եւ քրիստոնեական հակադրությունն է: Սուննի եւ շիա իսլամական ուղղությունների երկրներն արդեն  բանակներ են ստեղծել տարածաշրջանում, ինչը վկայում է, որ այստեղ բռնկվող կրոնական պատերազմները շատ վտանգավոր են լինելու…

- Սաուդյան Արաբիան երկար տարիներ փորձել է դիմակայել իրանական ազդեցությանը, սակայն չի կարողացել, քանի դեռ չի հաշտվել իսրայելա-ամերիկյան ուղղության հետ: Արաբական երկրների հակաիսրայելական քաղաքականությունը եւ՛ համախմբում էր արաբներին, եւ՛ տարանջատում, կախված այն հանգամանքից, թե որ երկիրն է վերցնում առաջինը հակահրեական դրոշակը: Հակաիսրայելական հիմնական երկրները՝ Իրաքը, Հորդանանը, Սիրիան, Լիբանանը իսրայելա-ամերիկյան համագործակցության կողմից մշտապես տարածքային ջլատումների շեմին էին հայտնվում, ինչը զգուշացնում էր այլ արաբական երկրներին, հատկապես Սաուդյան Արաբիայի նման երկրին, որն ամենամեծ տարածքն ունի արաբական աշխարհում: Իսկ մասնատման փորձի դեպքում, վստահաբար հենց արաբական երկրները կփորձեին մեծացնել իրենց տարածքները Սաուդյան Արաբիայի հաշվին:

Սաուդյան Արաբիան չկարողացավ այն դերը ստանձնել Արաբական աշխարհում, որ կարողանար համաարաբական քաղաքականության առաջամարտիկը դառնալ, չնայած ուներ այդ հնարավորությունները: Սակայն Իսրայելի հետ հաշտ քաղաքականությունը դա թույլ չի տա: Սադամ Հուսեյնի ղեկավարած Իրաքից հետո, համաարաբականության քաղաքականությունը, Մեծ Արաբիա (ավելի քան 20 երկիր Ասիայում եւ Աֆրիկայում) ստեղծելու փորձը այլեւս ոչ մեկը չի կարող անել ներկա իրավիճակում: Ժամանակին դա փորձել են նաեւ Եգիպտոսի եւ Լիբիայի առաջնորդները (Սադամ Հուսեյնը այդ հարցով Լիբիայի առաջնորդին էր դիմել՝ Մուհամար Քադդաֆիին), սակայն իսրայելա-ամերիկյան դիմակայությունը կարողացել է չեզոքացնել նաեւ դրանք: Այս հարցում անգամ Իրանն ու Թուրքիան են կամա, թե ակամա  աջակցել այդ ուժերին, քանի որ երկու տասնյակից ավելի երկրների միավորող Արաբիան չէր կարող չնայել նաեւ Իրանի ու Թուրքիայի կողմը…

Հիշեցնենք, երբ ամերիկացիները Սադամ Հուսեյնին կախաղան էին բարձրացնում Իրաքում, նա իր վերջին խոսքում անիծել եւ կործանում է ցանկացել հրեաներին, ամերիկացիներին ու եվրոպացիներին, նաեւ՝ պարսիկներին (Իրանի հետ Իրաքը ավելի քան 8-ամյա պատերազմ էր մղել այդ ժամանակներում)…

- Թուրքիան, ի տարբերություն Իրաքի ու Եգիպտոսի, կարողացավ ոչ միայն մնալ ու ավելի առաջանալ տարածաշրջանային տերության կարգավիճակով, ինչը կրկին վեր է հանել ոչ միայն նորօսմանականության, այլեւ՝ համաթուրանականության ծրագրերը: Հատկապես ներկայիս իշխանությունները դա չեն թաքցնում եւ Թուրքիան փորձում է իր քաղաքականությամբ անցնել Իրանից: Այսինքն՝ ոչ միայն գործածել կրոնական եւ այլ գործոնները, այլեւ՝ համադրել դրանք թուրքական ուղղության հետ: Եվ այսօր Անկարան համաթուրանականությունը պարբերաբար զուգահեռում է համաիսլամականության եւ համաարաբականության խնդիրների հետ, փորձելով Արաբական աշխարհում առաջ անցնել Իրանից ու Սաուդյան Արաբիայից:

Թուրքիան, սակայն այլ խնդիրներ էլ է լուծում միաժամանակ, փորձում է Սիրիայի եւ Իրաքի այն նավթագազաշատ տարածքներին տիրել, որոնք գտնվում են քրդերի հսկողության տակ, միանգամից մի քանի խնդիր լուծելով՝ դառնալով նավթի եւ գազի պաշարներով հարուստ երկիր, դրանից բխող կարեւորագույն հետեւանքներով, փաստորեն, ստանձնելով դեպի Եվրոպա նավթի ու գազի արտահանող առաջավոր երկիր: Միաժամանակ՝ մասնատելով քրդերին եւ կասեցնելով Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի քրդերի անմիջական կապը, ինչը թույլ կտա հնարավորինս խուսափել Թուրքիայի մասնատումից եւ Քրդստանի առաջացումից, որի հետեւում կանգնած են Իսրայելն ու Արեւմուտքը:

Այստեղ է, որ հաջորդ քայլին տարածաշրջանային խնդիրները զուգակցվում են Կովկասի տարածաշրջանի հետ, ինչը Հայաստանին արդեն ուղղակի միացնում է ընդհանուր ճակատին: Իհարկե, Մերձավորարեւելյան խնդիրներում եւս Հայաստանը շահեր ունի, ինչը ոչ միայն տարածաշրջանի հայկական համայնքին է առնչվում, այլ Արեւմտյան Հայաստանի խնդիրն է, որը մենք դեռ պիտի բարձրացնենք եւ գոնե զուգահեռենք Քրդստանի գործոնի հետ, որպեսզի հետո մեր հողերում չեզոքացնենք երբեւէ չգոյ Քրդստանի ստեղծումը…

Իմիջիայլոց, Կովկասում ռուս-ամերիկյան հակասությունները եւս զարգանալու հնարավորություն ունեն: Դա ոչ միայն Արցախի հիմնախնդիրն է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, այլեւ՝ ռուս-վրացական հակասություններն են, որը Արեւմուտքի համար լրջագույն խնդիրներից մեկն է, քանի որ ռուսական ծավալապաշտական քայլերը կարող են շարունակական բնույթ կրել…

- Վրաստանը կորցնելով Աբխազիան եւ Հարավային Օսիան, կանգնած է նոր տարածքային կորուստների շեմին: Ադրբեջանը աչք է դրել այս երկրի Մարնեուլի շրջանի վրա, որտեղ մեծամասնությամբ ադրբեջանցիներ են ապրում եւ կարող են դիմակայել վրաց իշխանություններին, եթե Բաքուն որոշի գնալ ընդդեմ Թբիլիսիի:

Դա կարող է տեղի ունենալ նաեւ այն ժամանակ, երբ Թուրքիան որոշի Վրաստանից ի վերջո պոկել Աջարիան, Անկարան անգամ աչք ունի հայկական Ջավախքի վրա, որի գրավմամբ եւ Մարնեուլիի ադրբեջանցիների միջոցով կայանում է թուրք-ադրբեջանական սահմանային միավորումը, ինչը չկարողացան անել Նախիջեւանի ու Մեղրիի միջոցով: Ժամանակին, անգամ «Լաչինի միջանցք»-ին զուգահեռ առաջադրվում էր «Մեղրիի միջանցք»-ը, որպեսզի Հայաստանը կապ ունենա Արցախի, իսկ Ադրբեջանը՝ Նախիջեւանի հետ:

Իհարկե սա Անկարայի համաթուրքական նպատակների սկիզբն է, քանի որ «մեկ ազգ՝ վեց պետություն» համաթուրքական դաշինքում արդեն համագործակցում են՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը եւ Ղրղզստանը: Այսպես «Մեծ Թուրանի» ճանապարհին այս դաշինքը արդեն մոտեցել է Չինաստանի ույղուրական սահմաններին, Ռուսաստանի Ալթայի երկրամասին եւ այլն…

- Ադրբեջանը Կովկասյան տարածաշրջանում փորձում է մնալ ենթակառուցվածքներին տիրող միակ երկիրը եւ փորձում է պահպանել այս տարածաշրջանի այն եռյակը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, որը հանդիսանում է Եվրոպան Ասիային կապող միակ առանցքը, ինչպես նաեւ մեկ այլ եռյակ՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, որը եւս առանցքային դեր է ստանձնել տարածաշրջանում:

Բաքուն նաեւ իսրայելական խաղերին է մասնակցում՝ ընդդեմ Իրանի: Իհարկե հույս ունի, թե այդպիսով կհասնի Իրանի մասնատմանը եւ իրանական երկու Ադրբեջանների բռնակցմանը…

- Հայաստանը այլեւս չի ցանկանում հարմարվել առկա իրավիճակին, ինչը նաեւ համաշխարհային գերտերությունների շահերի հետ է համընկնում, ինչն էլ կարող է մեծ հնարավորություններչ բացել հայերիս համար, եթե Երեւանը կարողանա ոչ միայն ստանձնել գերտերությունների շահերի պաշտպանությունը տարածաշրջանուն, այլեւ՝ հայկական նպատակները համադրել միջազգային քաղաքականության հետ:

Տարիներ շարունակ Երեւանը վարում է փոխլրացնող արտաքին քաղաքականություն, ինչը թույլ է տվել համաշխարհային երկու բեւեռների հետ համադրել մեր ազգային շահերը, անգամ համաշխարհային երրորդ բեւեռի ձգտող Չինաստանի հետ կարողացավ համադրել մեր ազգային նպատակները: Եվ Հայաստանը կարող է նոր տարածաշրջանային եռյակ առաջադրել՝ Իրան-Հայաստան-Վրաստան, որտեղից ճանապարհները կշարունակվեն երկու ուղղությամբ՝ Եվրոպա եւ Ռուսաստան:

Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ստանձնել ոչ միայն Կովկասում, այլեւ Մերձավորարեւելյան տարածաշրջանում, եթե արաբական մի շարք երկրների, Իրանի եւ իսրայելի հետ ընթացող քաղաքականությունը դարձնի համաշխարհային բեւեռների հետ համագործակցության գործոններ: Հայաստանը պետք է դառնա ոչ միայն տարածաշրջանի հայերի հենարանը, այլեւ տարբեր ազգային ու կրոնական փոքրամասնությունների, ինչը եւս կարեւոր դեր կունենա մեր երկրի միջազգային կարգավիճակի համար: Եվ ի վերջո Արեւմտյան Հայաստանի հայապատկանության հարցը պետք է իր նշանակությամբ գերազանցի քրդական պետության ստեղծման նշանակությանը՝ Միացյալ Հայաստանը պիտի պարտավորություններ ստանձնի գերտերությունների շահերը մեր շահերի հետ համադրված պաշտպանելու համար…

Հաջորդ ռուս-ամերիկյան բախումը բուն եվրոպայում է, ինչը առաջացավ ոչ միայն սլավոնական դաշինքը վերջնականապես քանդելու, այլեւ՝ Եվրոպա-Ռուսաստան հնարավոր մերձեցումը հերթական անգամ կասեցնելու համար…

Ուկրաինան, որ Եվրոպայի ամենամեծ տարածքն ուներ (Ռուսաստանը հաշվարկից դուրս է) ռուս-ամերիկյան հակասությունների ընթացքում զրկվեց Ղրիմից, որն արդեն միացել է Ռուսաստանին եւ փաստացի զրկվել է նաեւ իր արեւելյան տարածքներից, Արեւելյան Ուկրաինան իրավական ձեւակերպման համար պարզապես սպասում է Մոսկվայի որոշմանը…

Ռուսաստանի երբեմնի ամենամտերիմ դաշնակիցը՝ Ուկրաինան, նաեւ Վրաստանը, ըստ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուես Միթչելի, այլեւս համարվում են արեւմտյան պետություններ: «Մենք պետք է դիտարկենք Արեւմուտքը որպես ժողովրդավարական երկրների համայնք, որի անդամների մի մասը հին ժողովրդավարություններ են, մի մասը՝ ոչ: Մի մասը ԵՄ կամ ՆԱՏՕ անդամներ են, մի մասը՝ ոչ: Մի մասը թույլ են, մի մասը՝ ուժեղ, մի մասն աշխարհագրորեն մեկուսացված են, մի մասը՝ բաց»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։