Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հենրիխ Մխիթարյանը Աշխարհի գավաթի խաղերում 3 ֆավորիտ թիմ ունի… Հատուկ խաղակոշիկներ՝ Հենրիխ Մխիթարյանի համար… Հենրիխը, երկրպագուներն ու MickiToy-ը… «Փյունիկ»-ից՝ «Երեւան» – ֆուտբոլային թիմը գլխավորել է Անդրեյ Տալալաեւը… Հրապարակել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը… Մեր բասկետբոլիստները Եվրո-2021-ի խաղին կպատրաստվեն Ասիայում… Բեյրութի ՀՄԸՄ-ը՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն… Գառնիկ Հովհաննիսյանի սամբոյի հուշամրցաշարը… Ստեղծվել է հայկական կոխ ըմբշամարտի ազգային նոր հավաքական… Chessify թիմը՝ Հայաստանի շախմատի ակումբային չեմպիոն… Լեւոն Արոնյանը Grand Chess Tour շախմատային մրցաշարում… Հայաստանի մարմնամարզիկները որոշեցին լավագույններին… Այլ մարզական լուրեր…

Աշխարհի մարզական հեւքից.-

Հենրիխ Մխիթարյանը Աշխարհի գավաթի խաղերում 3 ֆավորիտ թիմ ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ  Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  «Վկոնտակտե» սոցիալական կայքում «Ալֆա-Բանկի» կողմից կազմակերպված ուղիղ եթերով պատասխանել է երկրպագուների հարցերին: Երկրպագուների մեծ մասը նրանից հետաքրքրվել է, թե ովքեր են իր համար Աշխարհի առաջնության ֆավորիտ հանդիսացող թիմերը։

«Կարծում եմ՝ բոլոր թիմերը լավ պատրաստված են, չկա միակ ֆավորիտ, բայց իմ ֆավորիտները 3-ն են` Իսպանիան, Ֆրանսիան եւ Արգենտինան»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը։

Հարցին, թե ինչ է մտածում Ռուսաստանի հավաքականի եւ նրա շանսերի մասին, նա պատասխանել է. «Ռուսաստանի հավաքականի վրա ճնշում գործադրել պետք չէ, լավ կլինի, եթե նրանց հանգիստ թողնեն:  Նրանք լավ շանսեր ունեն խմբից դուրս գալու: Ռուսաստանի հավաքականը մեծ աշխատանք է կատարել: Ես կերկրպագեմ այս թիմին նույնպես»։ Հարցին, թե ռուսական խոհանոցից ինչն է ավելի նախընտրում, հայազգի ֆուտբոլիստը պատասխանում է. «Իհարկե, բորշչ»։ Մեկ այլ հարցի՝ եթե չլիներ ֆուտբոլը, ինչո՞վ կզբաղվեր, նա պատասխանեց. «Երբեք չեմ մտածել այդ մասին, չեմ պատկերացնում իմ կյանքն առանց ֆուտբոլի, ծնվել եմ ֆուտբոլ խաղալով եւ կմահանամ ֆուտբոլ խաղալով»։

Հենրիխ Մխիթարյանի հետ միասին երկրպագուների հարցերին է պատասխանել նաեւ իսպանացի ֆուտբոլիս Խավի Էռնանդեսը։

Հատուկ խաղակոշիկներ՝ Հենրիխ Մխիթարյանի համար

Adidas ընկերությունը հատուկ խաղակոշիկներ է պատրաստել Հայաստանի հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար:  

Swithadot-ը գրում է, որ խաղակոշիկների նկարագրության մեջ ասված է. «Խաղակոշիկները ստեղծելիս մենք ոգեշնչվել ենք նրա եզակի, համեստ ու դրական կերպարից»։ Խաղակոշիկները պատկերված են Հայաստանի դրոշի եռագույնով, զինանշանով ու «Արսենալ»-ի խորհրդանիշներով։

Հենրիխը, երկրպագուներն ու MickiToy-ը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքն արդեն հասանելի է։ Կայքի շնորհանդեսը տեղի ունեցով այսօր՝ Երեւանում։ Կայքում երկրպագուները  կարող են ծանոթանալ մարզիկի կենսագրությանը, կարիերայի պատմությանը, նայել լուսանկարները:

Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ Հենրիխ Մխիթարյանի ինքնագրերի բաժանման միջոցառումը։ Բազմաթիվ երկրպագուներ վաղ առավոտից հերթ էին կանգել՝ սիրելի ֆուբոլիստին տեսնելու, ինքնագիր վերցնելու և նրա հետ լուսանկարվելու համար։
Բազմաթիվ երկրպագուներ հնարավորություն ստացան նաև ձեռք բերել MickiToy խաղալիքը՝ հանրահայտ ֆուտբոլիստի ստորագրությամբ։
Նշենք, նաեւ որ ֆուտբոլիստի պաշտոնական կայքէջում այսօրվանից առցանց կվաճառվի նաեւ հայ կիսապաշտպանի տեսքով խաղալիքը։

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

Մխիթարյանն իր կայքը կունենա

Հենրիխ Մխիթարյանը Երևանում կանցկացնի ինքնագրերի բաժանման միջոցառում

Նորաստեղծ «Երեւան» թիմը գլխավորել է Անդրեյ Տալալաեւը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որը հաջորդ մրցաշրջանից կանվանափոխվի «Երեւան», կգլխավորի Անդրեյ Տալալաեւը։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Պայմանագիրը ռուս մասնագետի հետ նախատեսված է երկու+մեկ տարի տարբերակով։ Անդրեյ Տալալաեւը նախկինում աշխատել է «Ռոստով», «Վոլգա», «Կուբան», «Ռոսիչ», «Տամբով» ակումբներում, մարզել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը։ Միաժամանակ զբաղվել է ֆուտբոլային մեկնաբանությամբ:

Նիկշա Բավցեւիչը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու հունիսի 28-ին Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի հանդիպմանը:

Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ

Արագադ Աբրամյան՝ «Ուրարտու»

Անդրե Սփայթ Մկրտչյան՝ «Նորթերն Կոլորադո», ԱՄՆ

Ալլան Հեսս՝ «Բազել Ստարվինգս», Շվեցարիա

Քրիստոֆեր Ջոնս՝ «Մոնս», Բելգիա

Քորի Սիլվերսթրոմ Ազադիգյան՝ «Չիկո Սթեյթ», ԱՄՆ

Սեւակ Կետենջյան՝ «Հոմմենթմեն», Լիբանան

Հարձակվողներ

Արտյոմ Թավակալյան՝ «Դելեւր Սթեյթ», ԱՄՆ

Ալբերտ Թադեւոսյան՝ «Արցախ»

Արկադի Մկրտիչյան՝ «Այդահո Վանդալս», ԱՄՆ

Դավիթ Խաչատրյան՝ «Գրանդ սպորտ»

Անդրանիկ Չրաբաշ՝ «Օկապի Աալսթար», Բելգիա

Տոդդ Օ՛Բրեյն՝ «Ալ Գարաֆա», Քաթար

Զաքարի Թավիթյան՝ «Վեսթերն նյու Ինգլանդ», ԱՄՆ

Կենտրոնականներ

Լուկաս Ֆիշեր՝ «Գրան Կանարիա», Իսպանիա

Ստիվեն Էնոք՝ «Լուիսվիլ», ԱՄՆ

Արման Հակոբյան՝ «Արթիկ»

Բասկետբոլի Հայաստանի հավաքականին 3 նոր խաղացող է միացել

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հունիսի 15-ից Երեւանում սկսել է նախապատրաստվել Լիբանանում անցկացվելիք միջազգային մրցաշարին եւ Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմի կազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Հավաքականին միացել են Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը եւ Միքայել Հակոբյանը, ովքեր նախորդ տարի հանդես էին գալիս Հայաստանի մինչեւ 20 տարեկանների թիմում: Առաջիկա խաղերին չի կարող մասնակցել Անդրե Սփայթ Մկրտչյանը, քանի, որ նա գտնվում է NBA-ի «Դենվեր» ակումբի ճամբարում: Հավաքականին չի կարող միանալ նաեւ Արկադի Մկրտիչյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 21-24-ը մեր ընտրանին Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի, իսկ հունիսի 28-ին Կոպենհագենու

Հայաստանի բասկետբոլիստները Եվրո-2021-ի խաղին կպատրաստվեն Ասիայում

Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2021-ի նախընտրական փուլի վերջին հանդիպմանը կպատրաստվի Լիբանանում:

Հունիսի 21-23-ը Բեյրութում կանցկացվի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականների միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Լիբանանի, Եգիպտոսի, Քաթարի եւ Հայաստանի ընտրանիները: Մեր ընտրանին հունիսի 21-ին կհանդիպի Քաթարի հավաքականի հետ, մեկ օր անց ուժերը կչափի Եգիպտոսի հետ, իսկ հունիսի 23-ին կխաղա տանտերերի ազգային թիմի հետ:

Մրցաշարի ավարտից հետո Հայատանի հավաքականը կմեկնի Կոպենհագեն, որտեղ հունիսի 28-ին կանցկացնի Դանիայի հետ Եվրո-2021-ի նախնական փուլի վերջին հանդիպումը:

Բեյրութի ՀՄԸՄ-ը՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն

Բեյրութի ՀՄԸՄ բասկետբոլի ակումբը հաղթող է ճանաչվել Լիբանանի բասկետբոլի տղամարդկանց առաջնությունում: Եզրափակիչ մրցամարտում, որը անցկացվում է մինչեւ 4 հաղթանակը, հայկական թիմը մրցեց իր գլխավոր ախոյանի՝ «Ալ Ռիյադի» հետ:

Առաջին 6 խաղերից հետո հաշիվը հավասար էր՝ 3:3, քանի որ եւ ՀՄԸՄ-ը, եւ «Ալ Ռիյադը», հաղթանակ էին տարել իրենց հարկի տակ: Եզրափակիչ վճռորոշ 7-րդ խաղում հայկական թիմը հանդես եկավ սեփական դաշտում եւ առավելության հասավ 74:59 հաշվով:

Այդպիսով, ՀՄԸՄ-ն ոսկե դուբլ գրանցեց, քանի որ 2 շաբաթ առաջ այն տիրել էր նաեւ Լիբանանի գավաթին:

«Գոլդեն Սթեյթ»-ը Բասկետբոլի Ազգային Միության ռեկորդ է սահմանել

Բասկետբոլի Ազգային Միության Արեւմտյան գոտու եզրափակիչ 3-րդ խաղում «Գոլդեն Սթեյթ Վարիորս»-ը սեփական խաղահրապարակում 126:85 հաշվով հաղթել է «Հյուսթոն Ռոկետս»-ին: Պարզվում է, որ դա ԲԱՄ-ի նոր ռեկորդ է, քանի որ մինչ այդ փլեյ-օֆֆի խաղերում ոչ մի թիմի չէր հաջողվել 41 միավորի առավելությամբ հաղթել մրցակցին:

Նախկին ռեկորդը գրանցվել էր 1948թ., երբ «Ֆիլադելֆիա Ուորիզ»-ն իր հարկի տակ 85:46 հաշվով առավելության էր հասել «Սենթ Լուիս»-ի նկատմամբ: Հավելենք, որ  «Գոլդեն Սթեյթ»-«Հյուսթոն Ռոկեթս» սերիայում հաշիվը 2:1 է, հօգուտ  «ոսկե» թիմի բասկետբոլիստներին:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը հանվել է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ժամանակից շուտ հանել է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիաների որակազրկումը, որը ավարտվելու էր այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքէջը: Իսկ ահա Ռուսաստանի ֆեդերացիայի որակազրկումը մնացել է ուժի մեջ:

Այդպիսով, Հայաստանի ծանրամարտի հավաքականները կմասնակցեն հուլիսին Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, Լեհաստանում տեղի ունենալիք Եվրոպայի 20-23 տարեկանների առաջնությանը եւ նոյեմբերին Աշգաբադում նախատեսված մեծահասակների աշխարհի առաջնությանը։

Գառնիկ Հովհաննիսյանի սամբոյի հուշամրցաշարը

2018թ հունիսի 15-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը ՀՀ ֆինանսների նախարարության մարզապալատում /նախկին «ՄԻԿԱ»/ կանցկացնեն Հայաստանից՝ ըմբշամարտի ձեւերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 23-րդ ավանդական հուշամրցաշարը, որին կմասնակցեն ուժեղագույն սամբիստներ ՀՀ մարզերից, Երեւանից, Արցախից:

Մրցումները կսկսվեն ժ 12:00-ից, հանդիսավոր բացումն ու եզրափակիչ գոտեմարտերը՝ ժ 16:00-ից: Մուտքն ազատ է:

Տեղեկանք

Գառնիկ Հովհաննիսյանը սամբոյի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Մադրիդում՝ 1981թ.: Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձեւերից եւ ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել:

1983-1995թթ Գ. Հովհաննիսյանն աշխատել է Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում որպես սամբոյի բաժանմումքի ավագ մարզիչ: Արցախյան շարժման տարիներին`1989-1994թթ., մի շարք անվանի մարզիկների հետ ապահովել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջաններին մասնակցող ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ պատգամավորների անվտանգությունը Մոսկվայում, ուղեկցել` հասարակական-քաղաքական գործիչների, իրականացրել` հատուկ նշանակության բեռների տեղափոխում:

Անվանի մարզիկը պատահարի զոհ է դարձել 1995-ին: Հաջորդ տարվանից Հայաստանի սամբոյի ֆեդերացիան անցկացնում է Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը:

Հայաստանում ստեղծվել է ազգային նոր հավաքական

Սպիտակում անցկացվել է հայկական կոխ ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի անդրանիկ առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են Երեւանի, Հայաստանի մարզերի եւ Արցախի Հանրապետության հավաքական թիմերի շուրջ 80 մարզիկներ:

Ըստ քաշային կարգերի, Հայաստանի չեմպիոն են դարձել Սուրեն Մելքոնյանը (55 կգ), Արթուր Մանուկյանը (60 կգ), Արտյոմ Ղազարյանը (66 կգ), Սամվել Սարգսյանը (73 կգ), Դավիթ Գրիգորյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Միքայել Շահնազարյանը (100 կգ) եւ Արման Մանուկյանը (+100 կգ):

Առաջնության արդյունքներով ձեւավորված Հայաստանի հավաքականը մեր երկիրը կներկայացնի այս տարի անցկացվելիք ԱՊՀ երկրների ազգային մարզաձեւերի փառատոնում:

Ազգային կոխ ըմբշամարտը նոր ղեկավար ունի

Ապրիլին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի էր ունեցել Հայաստանի ազգային կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: Ֆեդերացիայի նախկին նախագահը հրաժարական էր տվել: Այդ պաշտոնում առաջարկվեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 2001թ աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանի թեկնածությունը, ով էլ քվեարկությամբ միաձայն ընտրվեց նախագահ:

Նախարար Գաբրիել Ղազարյանը նշել էր, որ նախարարության կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում ազգային կոխ ըմբշամարտի զարգացման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցելու է ՀՀ մշակույթի նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ:

Հավելենք, որ համաժողովին որպես հրավիրված հյուր մասնակցել է ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Գինտաուտաս Վիլեյտան, ով միաժամանակ համակարգում է ազգային մարզաձեւերի հետ տարվող աշխատանքները:

2017-ի կոխի 1-ին առաջնության չեմպիոնների անունները

Հոկտեմբեր 30,2017 / Վանաձորում կայացավ հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի 1-ին առաջնությունը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, Վանաձորի քաղաքապետը:

«Հայկական կոխ ըմբշամարտի զարգացումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է: Կա կառավարության որոշում, համաձայն որի մշակել ենք հայկական կոխ ըմբշամարտի զարգացման հայեցակարգ: Այս առաջնությունը նախատեսված էր զարգացման հայեցակարգով նախատեսված միջոցառումների պլանով։ Առաջնության արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականը, որը մեր երկիրը կներկայացնի ազգային մարզաձևերից անցկացվող միջազգային մրցաշարերում»,- ասել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Առաջնության մասնակիցները մրցել են 8 քաշային կարգերում: Առաջնության չեմպիոններ դարձան Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը(66 կգ), Տիգրան Վարոսյանը (73 կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ),Սամվել Հակոբյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (100+կգ) :

Առաջնությանը մասնակցել է շուրջ 100 մարզիկ՝ Երեւանից, Հայաստանի մարզերից եւ Արցախից:

Կոխ ըմբշամարտ մարզաձեւի հարցը քննարկվել էր կառավարության նիստում

Դեռ 2016թ. նոյեմբերին ՀՀ կառավարության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հայկական ազգային Կոխ ըմբշամարտ մարզաձեւի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին նախագիծը։

Նախատեսված էր՝

  1. Հավանություն տալ հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին:
  2. Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր:

Հայեցակարգի հիմնավորումները մի քանիսն են, որոնցից մեկը հայկական ազգային մշակույթի պահպանության հարցն է։

«Հայկական ազգային կոխ ըմբշամարտ մարզաձևի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների էական փոփոխություններ չեն առաջանում:

Chessify թիմը՝ Հայաստանի շախմատի ակումբային չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ամփոփվեցին Հայաստանի ակումբային առաջնության արդյունքները: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, չեմպիոնը հայտնի դարձավ վերջին 7-րդ փուլում՝ Chessify եւ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմերի միջեւ կայացած մրցախաղում:

Ինչպես նախորդ բոլոր փուլերում, այս անգամ էլ Chessify-ին իր բարձրության վրա էր եւ 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 5:1: Վաստակած 14 միավորով Chessify թիմը դարձավ Հայաստանի ակումբային առաջնության հաղթող: Իսկ ահա Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցի 1-ին թիմի համար պարտությունը ճակատագրական եղավ: Այն 10 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ գործակիցներով հետ մնալով 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված Էջմիածնի «Լոգիկոնին» ու Գրոսմայստերական դպրոցի թիմին:

Առաջնության մրցանակակիրներն իրավունք ստացան մասնակցելու եվրոպական գավաթի խաղարկությանը:

Լեւոն Արոնյանը Grand Chess Tour շախմատային մրցաշարում

Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր մեկնարկել է Grand Chess Tour շախմատային մրցաշարի առաջին փուլը:

Արագ շախմատի մրցումների 3 փուլից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն: Նրան հաջորդում են Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը, ովքեր ունեն 4-ական միավոր:

Մեր շախմատիստն 1-ին եւ 3-րդ փուլերում հաշտություն կնքեց համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վիշվանաթան Անանդի հետ, իսկ 2-րդում հաղթեց Հիկարու Նակամուրային:

Հավելենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար մեկ միավոր:

Հ.Գ. – Ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի շախմատիստի հետ - 4-րդ փուլում Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Շահրիյար Մամեդյարովի հետ: Խաղի սկիզբը չնայած անցավ մեր գրոսմայստերի դիրքային առավելությամբ, սակայն վերջնախաղում նա սխալվեց եւ մրցակցին թույլ տվեց հավասարեցնել խաղը: Արդյունքում, 63-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին:

Լեւոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ պահպանել իր տեղը առաջին եռյակում: Նա ընդհանուր հաշվարկով ունի 16,5 միավոր եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել ամերիկացի Ուեսլի Սոն, ով ունի 18 միավոր:

Լեւոն Արոնյանը չպահպանեց առաջատար դիրքը եւ գրավեց 5-րդ տեղը

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Grand Chess Tour-2018 մրցաշարի 1-ին փուլում, որն ավարտվեց բելգիական Լյովեն քաղաքում:

Կայծակնային շախմատիմրցաշարի վերջին 2 փուլերում մեր շախմատիստը ցավալի պարտություններ կրեց եւ վաստակած 20,5 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Մինչ այդ նա Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Սերգեյ Կարյակինի հետ բաժանում էր 2-4-րդ տեղերը: Վերջինները մեկական հաղթանակ տարան եւ պահպանեցին իրենց տեղերը առաջին եռյակում, իսկ մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Ուեսլի Սոն, ով վաստակեց 22 միավոր:

Նշենք, որ Grand Chess Tour-2018-ի 2-րդ փուլը կկայանա Փարիզում, հունիսի 20-22-ին: Այստեղ Անիշ Գիրիի փոխարեն հանդես կգա Վլադիմիր Կրամնիկը:

Հայաստանի մարմնամարզիկները որոշեցին լավագույններին

Երեւանում կայացան սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների 2018թ առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարում բոլորից հաջող հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հաղթեց բազմամարտում, ազատ վարժությունում, նժույգթափում, հենացատկում, զուգափայտում եւ պտտաձողում: Օղակների վրա չեմպիոն դարձավ Վահագն Դավթյանը:

Կանանց առաջնությունում բազմամարտում 5-րդ անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվեց Աննա Գրիգորյանը: 2-րդ տեղը գրավեց Ելենա Հայկազնունին, իսկ 3-րդը՝ Անի Եղիկյանը:

Նշենք, որ մրցանակակիրները մեդալներից բացի դրամական պարգեւներ ստացան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Չեմպիոններին հանձնվեց 20 հազարական դրամ, արծաթե մեդալակիրներին՝ 15 հազարական, բրոնզե մեդալակիրներին՝ 10 հազարական:

Շքանշան՝ միջազգային ֆեդերացիայի կողմից

Հիշեցնենք, որ այս տարի հունվարին Սպորտային մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանին ընդգրկել է 2016-2017թթ բարձրակարգ մարզիկների ցանկում: Դրա համար հայ մարմնամարզիկը շքանշան է ստացել ֆեդերացիայի կողմից:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի զագային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, բարձրակարգ մարմնամարզիկների ցանկում ընդգրկվում են աշխարհի առաջնության եզրափակիչում հանդես եկած մարզիկները: Արթուր Դավթյանը Հայաստանի 4-րդ մարմնամարզիկն է, ով արժանացել է այդ պատվին: Մինչ այդ բարձրակարգ մարմնամարզիկների ցանկում Հայաստանից ընդգրկվել էին Նորիկ Սարգսյանը (1996 թ), Հարություն Մերդինյանը (2010 թ) եւ Վահագն Դավթյանը (2015 թ):

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։