Ողջախոհության տոնն է. կփառաբանվի Նանե Աստվածուհին – Քրմերը մտավարժանքի խաղեր կկազմակերպեն՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու կառույցի Գերագույն Խորհրդի անդամները… / Լուսնապատում – Ամերիկյան SpaceX ընկերությունը որոշել է հետաձգել Լուսնի շուրջն իր առաջին տուրիստական թռիչքը – ԱՄՆ-ում կարելի է խոշոր անշարժ գույք ձեռք բերել՝ ասենք՝ գնել ինչ-որ մոլորակ…

Հունիսի 22-ին, Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի նախաձեռնությամբ, Արցախի Քարվաճառի տարածքում կնշվի Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնը: Հայ Արիական Տոնացույցի վերականգնված տոներից է Նանե Աստվածուհու տոնը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2012թ. Հայկական Աստվածային Համակարգի 8 Աստվածներից նշվում էին միայն 4-ի՝ Աստվածամայր Անահիտի, Հայոց արդարադատության եւ ռազմի-զորության Աստվածներ Միհրի ու Վահագնի, ինչպեսեւ՝ սիրո Աստվածուհի Աստղիկի տոները: Հայ արիները վերականգնեցին նաեւ Աստվածահայր Արայի, Հայոց իմաստության, ինչպեսեւ հյուրընկալության Աստվածներ Տիրի եւ Վանատուրի, նաեւ Նանե Աստվածուհու տոները:

Ծեսը կսկսվի Նանե Աստվածուհուն ուղղված ձոնով: Ծեսը կանեն Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչներ Արմոգը, Արամը եւ Արեգը:

Քրմերը մտավարժանքի խաղեր կկազմակերպեն՝ ստուգելու ներկաների ողջախոհությունն ու զգոնությունը, որին կմասնակցեն նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու կառույցի Գերագույն Խորհրդի անդամները:

Այնուհետ հայահավատ արորդիները ողջախոհության Նանե Աստվածուհուն կփառաբանեն՝ Բնական Կարգի՝ Արարչակնիք Տիեզերակարգի պահպանման եւ բնական արժեքներով ու բարիքներով մարդկանց ապահովելու համար: Եվ արորդիները Նանե Աստվածուհուն կդիմեն իրենց կամքն ու ողջախոհությունը զորացնելու եւ վասն հայրենյաց գործադրելու համար:  

Գինեխումին եւ գինեձոներին կհաջորդի ավանդական ծիսական պարը՝ ի փառս Նանե Աստվածուհու, Ով իր տիեզերական զորությամբ անպայման զգոնություն կտա հային՝ ի շահ ազգի հետագա բարօրության: Պարից հետո քրմական դասի 3 ներկայացուցիչները ներկա հայահավատներին կբացատրեն՝ թե ինչու է տոնի համար ընտրվել Քարվաճառի տարածքը, ինչ նշանակություն ունի այն եւ ինչ զորություն է ամփոփում՝ որպես ազատագրված հայկական հող…

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է, եւ հայ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են նաեւ այս Բնական Կարգի պահպանման համար:

Հայ արիները կփառաբանեն նաեւ Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

Լուսնապատում

Ի հեճուկս Դոնալդ Թրամփի՝ ՆԱՍԱ-ն հրաժարվել է ուսումնասիրել Լուսինը: Ըստ Resource Prospector լուսնագնացի նախագծի՝ լուսնագնացը պետք է ուսումնասիրեր Երկրի արբանյակի մակերեսը, այդ թվում՝ ջրածինը, թթվածինը եւ ջուրը։ Տիեզերական գործակալությունը համանման այլ նախագիծ չի նախատեսում։ Նախագծից հրաժարումը պայմանավորված է ֆինանսների հետ, նախապես այն պատրաստվում էր դեպի Լուսին թռիչքների նախագծերի շրջանակներում, սակայն հետո այն փոխանցեցին գիտական առաքելությունների դեպարտամենտին, եւ լուսնագնացի նախագիծը չհամապատասխանեց դեպարտամենտի առաջնահերթություններին։

Resource Prospector-ից հրաժարումը հակասում է ԱՄՆ նախագահի՝ երկրի արբանյակն ուսումնասիրելու, այդ թվում՝ տիեզերագնացներին այնտեղ վերադարձնելու վերաբերյալ հանձնարարականին։ Համապատասխան հրահանգը ստորագրվել է նախորդ տարեվերջին։

Ամերիկյան SpaceX ընկերությունը որոշել է հետաձգել Լուսնի շուրջն իր առաջին տուրիստական թռիչքը: Այս մասին հայտնել է՝ The Wall Street Journal-ը: «SpaceX -ը դեռեւս պատրաստվում է անհատներին տիեզերք ուղեկցել՝ Լուսնի շուրջը պտույտ կատարելու համար: Դրա նկատմամբ հետաքրքրությունը շատ պատվիրատուների կողմից միայն աճում է»,- այս մասին հայտնել են ընկերությունից:

Նշվում է, որ տիեզերական թռիչքը հնարավոր է հետաձգվի մինչեւ 2019թ. կեսերը: Դեռեւս մայիսի 22-ին SpaceX ընկերությոան սեփականատեր Իլոն Մասկը ներկայացրել է Dragon V2 տիեզերանավի նկարները, որը նախատեսված է տիեզերական զբոսաշրջիկների՝ Լուսնի շուրջ զբոսաշրջային պտույտ կատարելու համար:

Նշենք, որ ԱՄՆ-ում կարելի է խոշոր անշարժ գույք ձեռք բերել՝ ասենք՝ գնել ինչ-որ մոլորակ եւ դառնալ նրա սեփականատերը՝ մի օր այնտեղ հասնելու հույսով…

Գրում ենք ու մտածում, ե՞րբ է Հայաստանն էլ այս կարգի հարցեր քննարկելու, իրագործելու, ե՞րբ է հայի կյանքում էլ դարձ ի շրջանս յուր լինելու…

«Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։