Սկզբունքայնությու՞ն, թե՞ դավաճանություն (կուտակային կենսաթոշակային համակարգի ոդիսականը) – սկզբունքային նախարարի հրաժարականը եւ կառավարության դավաճանությունը սկզբունքներին… / Հունիսի 11. կառավարության նիստ կամ՝ ինչ ուզեմ կանեմ, ինձ վստահում են (նորընտիր վարչապետ)… / Մանե Թանդիլյանը Նիկոլ Փաշինյանին հեռատեսություն է մաղթում… / Հարգելի Նիկոլ, ինչու՞ ես բյուջեի մի մասը երկրից հանում… / Կառավարությունը չի վերահսկու՞մ ԿԲ-ին – Անձնական կարծիքս այն է, որ ԿԲ-ից կամ այլ տեղից շանտաժ են արել, որ «չեք կարող չմասնակցել պարտադիր կուտակային»-ին…

«Կչեղարկի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը եւ կձեռնարկի կամավորության հենքի վրա կուտակային կենսաթոշակային համակարգի կառուցումը»:

Այս նախադասությունը բերված է «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրից: Դաշինքի «Լուսավոր Հայաստան», կուսակցությունից Մանե Թանդիլյանը նոր կառավարությունում զբաղեցնում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը:

Նա, կառավարության՝ երկուշաբթի կայացած արտահերթ նիստից մեկ օր հետո, հրաժարական ներկայացրեց: Նիստում քննարկված հարցերից մեկը վերաբերում էր պարտադիր կուտակային բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուն:

Սոցցանցերում շատերը Մանե Թանդիլյանի արածը դավաճանություն համարեցին թիմի հանդեպ, բայց ինձ համար դա սկզբունքայնություն էր: Դավաճանություն համարողների համար անհասկանալի էր, թե Թանդիլյանը ինչու կառավարության նիստում չբարձրաձայնեց իր անհամաձայնությունը: Ինձ համար էլ այս տեսակետն էր անհասկանալի:

Նախ՝ Թանդիլյանը օրեր շարունակ ասում էր, որ գոնե 1 տարով պետք է հետաձգվի պարտադիրի ընդունումը՝ մինչեւ լայն շրջանակների հետ խնդրո առարկայի շուրջ քննարկումն ու առավել արդյունավետ լուծում գտնելը: Մեկ էլ՝ կառավարության քննարկմանն է դրվում նախագիծ՝ ընդհանրապես հաշվի չառնելով նախարարի առաջարկը: Այսքանից հետո կառավարությունում խոսեր, որ ի՞նչ աներ:

Բացի այդ՝ ինչու՞ խոսեր, մանավանդ այն բանից հետո, ինչ եղավ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ:  

Բանն այն է, որ նիստում Արծվիկ Մինասյանը նշեց, որ ի սկզբանե կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված ունեցել է առարկություններ եւ համարում է, որ այժմ էլ նախագծին կողմ քվեարկելով՝ կունենա սկզբունքային հակասություն նախկին դիրքորոշման հետ, ուստի ընդունելով, որ որոշումը պարտադրված է՝ ինքը դեմ է քվեարկելու, սակայն որպես կոլեգիալ մարմնի անդամ՝ լիարժեք կատարելու է այն։

Վարապետ Նիկոլ Փաշինյանին բարկացրեց Արծվիկ Մինասյանի «ինքնագլխությունը»: «Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են՝ մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն»,- ընդգծված խիստ տոնով ասաց վարչապետը:

Հանկարծ «թիմը չպառակտելու» կոչով մեջ ընկավ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Մինասյանը սկսեց բացատրել, որ ինքը չի պառակտում պարզապես չի կարող դավաճանել իր սկզբունքին: Փաշինյանն էլ իր հերթին բաց տեքստով ասաց, թե թույլ չի տա, որ Մինասյանը սկզբունք բանեցնելով մյուսներին պակաս սկզբունքային դերում դնի:

Մի խոսքով, Արծվիկ Մինասյանը «դեմ ըլլալով» կողմ եղավ, եւ արդյունքում նախագիծն ընդունվեց միաձայն:

Ի տարբերություն Մինասյանի, Թանդիլյանը դեմ լինելով դեմ էլ եղավ եւ նշեց, թե ովքեր դեմ են, կարող են իրենց քվեարկությամբ ցույց տալ այդ հանգամանքը, ինչը հարուցեց վարչապետի զայրույթը։

Մի խոսքով, վարչապետը թույլ չտվեց որեւէ տարակարծություն:

Դրանից հետո Թանդիլյանը հրաժարվեց պաշտոնից: Սրա դավաճանությունը ո՞րն էր: Գուցե ի՞նքն էր իրեն դավաճանված զգացել կամ հասկացել, որ այսուհետ որոշումները միանձնյա են ընդունվելու:

Իսկ ինչի՞ց էր հասկացել: Ասեմ: Երբ նույն նիստում Մինասյանը ասաց՝ այսպես թե այնպես ինքը, որպես կոլեգիալ մարմնի անդամ կատարելու է որոշումը, Փաշինյանը շտապեց արձագանքել. «Այլ բան չէր էլ կարող լինել»:

Փաշինյանը մեր երկրի 10-րդ վարչապետն է, ում ղեկավարած կառավարության գործունեությունը լուսաբանում եմ իմ աշխատանքային փորձի 20 տարիներին: Անկեղծ ասած այսպիսի բան չէի տեսել: Այո, դեմ եւ կողմ կարծիքներ եղել են, բուռն քննարկումներ անգամ, բանավեճեր՝ նույնիսկ, բայց այսպիսի դիրքորոշում ու այդ տոնով՝ չեմ հիշում:

Անկեղծորեն ասած՝ կուզեի վարչապետն այդ տոնը ի ցույց դներ Սասուն Միքայելյանի «դարակազմիկ» ելույթի ժամանակ, երբ ՊՆ-ն հայտարարում էր, թե սահմանին կուտակումներ կան, Սասունն ասում էր՝ չկան: Եվ վարչապետն ասեր՝ երբ ՊՆ-ն ասում է, այն էլ՝ ցույց տալիս, պետք է ոչ թե կասկածել, այլ՝ զգոն լինել: Այլ բան չպետք է լինի, Սասու՛ն…

Ինչպես կարող էր Թանդիլյանը փոխել որոշումը, երբ «դեմ եմ»-ով է ճանաչվել: Այ դա կնշանակեր դավաճանություն՝ սեփական անցած ուղու եւ սկզբունքների հանդեպ:

Մի վերջին հավելում: Արժույթի միջազգային հիմնադրամը (նախկինում հապավումը ՄԱՀ էր – միջազգային արժույթի հիմնադրամ) որպես հորդոր հնչեցրել է, որ եթե պարտադիրի բաղադրիչը բեկանվի, ապա ՀՀ-ի վարկունակությունը (ինդեքսը դրա) կզրոյանա: Սա նշանակում է՝ մեզ հասկացնել են տալիս, որ ՀՀ-ի ֆինանսական կայունության հետ կապված խնդիր կարող է ծագել (իմա՝ ծագեցվել): Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ասած՝ «անդառնալիության կետը» ես այս հարթությունում եմ դիտարկում: Իհարկե, Փաշինյանը պարտադիրի բաղադրիչը չբեկանելու պատճառաբանություն ունի՝ իր սիրած «նոր իրողությունը»: Միայն  թե ոչինչ չի փոխվել, այդ «նոր իրողությունը» նախորդ կառավարության ժամանակ իրականությունն էր: Թեպետ ՀՀԿ-ն երկու անգամ հետաձգել էր պարտադիրի կիրառումը:

Այնպես որ,  դավաճանություն չկա, եթե կա էլ, ապա ոչ թե Թանդիլյանի կողմից, այլ՝ Թանդիլյանի հանդեպ: Եվ Թանդիլյանի արածը հերոսություն չէր: Նորմալ մարդու նորմալ քայլ էր: Եվ վերջ:

Աստղինե Քարամյան

Հունիսի 11. կառավարության նիստ կամ՝ ինչ ուզեմ կանեմ, ինձ վստահում են

Գործադիրը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող եւ հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10%-ի կուտակումը ձեւավորել 2,5% եւ 7,5% համամասնությամբ. այսինքն՝ 2,5%-ը կվճարի քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10%-ը՝ 5%-ը վճարում է անձը, 5%-ը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաեւ նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10%-ը կձեւավորվի հետեւյալ կերպ՝ 2,5%-ը քաղաքացին, 7,5%-ը՝ պետությունը։

Համակարգի ամբողջական ներդրումը կարեւորվում է՝ հաշվի առնելով փաստերը, որ պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 մլրդ. դրամ, որի 70%-ը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ:

Կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրներն աշխարհում հսկայական հեղինակություն վայելող եւ ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն տասնյակ անգամներ գերազանցող կապիտալներ կառավարող ընկերություններ են եւ Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանին:

Վերը նշված օրինագծերը կներկայացվեն ԱԺ:

Վարչապետ Փաշինյանն ասել է. «Ես ԱԺ-ում ասացի, որ սա մեր կառավարության առաջիկա ամենակարեւոր մարտահրավերներից մեկն է: Իհարկե, կուտակային կենսաթոշակային համակարգն ունի իր պատմությունը եւ մեր վերաբերմունքն այդ համակարգին նույնպես իր պատմությունն ունի: Իրավիճակը հետեւյալն էր. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում այն կարգավորումը, ըստ որի՝ 1974թ. հետո ծնված բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է ներգրավվեն այս համակարգում: Այսօրվա դրությամբ արդեն իսկ այդ համակարգում ընդգրկված է պոտենցիալ մոտ 280.000 շահառու, ավելի քան 200.000 քաղաքացի եւ օրենքն ընդունված է, արդեն ուժի մեջ է: Եթե մենք որեւէ գործողություն չձեռնարկեինք՝ այդ օրենքն ամբողջությամբ, ամբողջ ծավալով պետք է հուլիսի 1-ից մտներ ուժի մեջ: Հիմա հաշվի առնելով հանգամանքները, մենք ունենք մի քանի ընտրություն:

  1. Ընդհանրապես չեղյալ անել այս համակարգը: Մենք հասկացանք, որ չենք կարող գնալ նման իրավիճակի, ինչու.

ա) որովհետեւ այսօր արդեն շուրջ 120 մլրդ. դրամ ներգրավված է, կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում՝ 70%-ը Հայաստանում: Չեղյալ անելու դեպքում մենք կունենանք 2 նեգատիվ էֆեկտ՝ 1. այդքան գումար տնտեսությունից դուրս կգար, 2. այսօրվա մեր կառավարիչները տնտեսական գործունեության մեջ ունեն հսկայական հեղինակություն ամբողջ աշխարհում եւ շատ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում, հետո՝ մարդկանց համոզել, ասել՝ գիտեք ինչ, երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ կատարեք, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա: Իհարկե այս ազդեցությունը շատ նեգատիվ կլիներ:

Հաջորդ լուծումը հետեւյալն էր. այս կարգավորումը հետաձգել որոշ ժամանակով: Թվում է, թե շատ հեշտ եւ պարզ լուծում էր, բայց այստեղ առաջանում էր հետեւյալ խնդիրը՝ այն 200 հազար քաղաքացիները, ովքեր արդեն ներգրավված են համակարգում, նրանք շատ պարզ հարց էին դնում, ասում էին՝ արդեն 2014թ. մենք վճարում ենք եւ հանկարծ մեր սիրելի համաքաղաքացիների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում, մեր նկատմամբ՝ այլ: Այսինքն, հետաձգման պարագայում նրանք շարունակելու էին վճարել, իսկ 80 հազար մեր հայրենակիցները շարունակելու էին չվճարել, այստեղ խնդիր էր առաջանալու, 200 հազարի նկատմամբ անարդարություն էր տեղի ունենալու:

Նախկինում կուտակայինի 10%-ից 5%-ը վճարում էր պետությունը, 5%-ը՝ շահառուն: Հիմա առաջարկվում է բոլորի համար, առանց բացառության, փոխել այս համամասնությունը, եւ 7,5%-ը վճարի պետությունը, 2,5%-ը՝ քաղաքացին: Այս կարգավորման արդյունքում այն 200 հազար քաղաքացիները, ովքեր մինչեւ այս պահը վճարել են, 2018թ. հուլիսի 1-ից կզգան բեռի թեթեւացում, միջին հաշվարկով յուրաքանչյուրը 5 հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան վճարում էր նախկինում: Այսինքն, մենք 207 հազար քաղաքացու աշխատավարձը փաստացի 5.000 դրամով բարձրացնում ենք: Իսկ համակարգ նոր մտնող 80 հազար քաղաքացիները կզգան այդ պոտենցիալ բեռի կեսը միայն, որը իհարկե ցավոտ լուծում է, բայց ինչքան քննարկեցինք, այս բոլոր լուծումներից ամենապակաս ցավոտն այս լուծումն էր: Ի վերջո եկեք չմոռանանք՝ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն սեփականության իրավունքը, ըստ էության, չեն կորցնում: Սա ժամանակավոր կարգավորում է եւ մենք այս կարգավորմամբ նաեւ ստանձնում ենք մեկ այլ պարտավորություն, որը հետեւյալն է. եթե մենք փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափի մեջ, այդ փոփոխությունների արդյունքում մենք պետք է այնպես անենք, որ ստատուս քվոն պահպանվի: Այսինքն, որեւէ բեռի ավելացում հետագայում չի լինելու, պարզապես այն, ինչ հիմա վճարվում է կուտակային վճարի մասով, եկամտահարկը կիջնի, կուտակային վճարը նորից կգա նախկին չափի, այսինքն՝ 5/5 համամասնությունը կպահպանվի, բայց քաղաքացին դրամական առումով ոչ մի փոփոխություն չի զգա, եթե զգա, այդ փոփոխությունը նկատելիորեն շոշափելի չի լինի:

Սա շատ նուրբ հարց է եւ հույս ունեմ քաղաքացիները, մեր հայրենակիցներն ըմբռնումով կմոտենան այս մոտեցմանը, որովհետեւ կուտակային կենսաթոշակի հետ կապված հիմնական խնդիրը, որ միշտ առաջ է քաշվել, եղել է վստահության խնդիրը եւ կարծում եմ, որ նաեւ այն հանգամանքը, որ այսօր վստահության խնդիր չունենք՝ կարող ենք այդ քայլը թույլ տալ մեզ: Սա բխում է ՀՀ շահերից եւ մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից»:

Կառավարությանը հեռատեսություն է պետք

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն է կատարել. «Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը 1 տարով հետաձգելու եւ հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը։ Այս ճանապարհը եւս ուներ որոշակի բարդություններ, բայց ես հայտնել եմ իմ պատրաստակամությունը այդ աշխատանքները նախաձեռնելու, հանրության լայն շերտերի հետ լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնելու՝ լավագույն եւ հանրության համար ընդունելի լուծումը գտնելու համար։

Երկար քննարկումներից հետո պարզ դարձավ, որ իմ առաջարկը չունի կառավարության աջակցությունը։ Փոխարենը առաջ քաշվեց այլ տարբերակ, որն էլ ներկայացվեց եւ հաստատվեց կառավարության նիստում։

Այս հարցը սկզբունքային նշանակություն ունի ինձ համար։ Պարտադիր բաղադրիչը չուներ եւ չունի հանրության աջակցությունը, և դրա պատճառները բազմաթիվ են եւ բազմաշերտ։ Այն ունի թե՛ սոցիալական, թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ համակարգային խնդիրներ, եւ առանց հանրության հետ քննարկելու, խնդիրները բացահայտելու եւ միասնական եւ ընդունելի լուծումներ գտնելու, ես ճանապարհ չեմ տեսնում պարտադիր բաղադրիչի ամբողջ ծավալով ներդրման համար։ Ես լիահույս էի, որ նոր կառավարությունը այս խնդրի լուծման նոր ճանապարհով կգնա։ Նախորդ իշխանությունների կողմից խնդիրների լուծման իմպերատիվ մեթոդները ընդունելի չեն ինձ համար։

Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, եւ հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության եւ ընտրության հնարավորության սկզբունքը, հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը եւ երկարաժամկետությունը։

Այս գրառումով ես դադարեցնում եմ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի իմ լիազորությունները, որոնք եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայելու գործիքներ։

Գործող կառավարությանը մաղթում եմ բազում հաջողություններ եւ հեռատեսություն՝ ի շահ ժողովրդավարական Հայաստանի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կառավարության անդամ եմ դարձել որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ես դադարեցնում եմ նաեւ կուսակցության անդամակցությունը՝ հաստատակամ աջակցելու իմ ընկերներին լուսավոր Հայաստան կերտելու գործում։

Այսօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու եմ ուշի-ուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին, ջանք չխնայելով հայոց պետականության կայացման համար»:

Այնուհետեւ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում դիտարկմանը, թե երեկ շատ քննարկվեց Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե կառավարության անդամները չպետք է դեմ քվեարկեն, այդ պայմաններում Մանե Թանդիլյանը կարո՞ղ էր աշխատել, վերջինս ասաց. «Ես կուզենայի չմեկնաբանել այդ արտահայտությունը, իրականությունն այն է, որ ես միշտ ունեցել եմ տեսակետներ եւ միշտ արտահայտել եմ դրանք՝ անկախ հանգամանքից եւ միջավայրից: Ես Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եմ նաեւ որպես պատգամավոր, մենք որեւէ նմանատիպ դիսկուրս չենք ունեցել, որ միաձայն կամ միակամ պետք է լինի ամեն ինչ, որովհետեւ այդ դեպքում ինձ մոտ հարց պետք է առաջանա՝ ինչո՞ւ ենք մենք կառավարության նիստերում քվեարկում»:

Հարգելի Նիկոլ, ինչու՞ ես բյուջեի մի մասը երկրից հանում

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆ/բ-ում դիմել է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Նիկոլ, հարգելի բարեկամ: Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել եւ ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչեւ այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը եւ ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ Եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2,5-7,5 հարաբերակցության եւ արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։ Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։

  1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։ Մենք թաղված ենք միջնաժամկետ եւ միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։
  2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ Երբ մենք բյուջեից 5-6% հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։
  3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչեւ 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչեւ 20 տարի)։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք 45 տարով տալիս։ Ինչո՞ւ չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխատանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապետություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել եւ ասել, ով էր ճիշտ եւ ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։ Այս ամենը չի քննարկվել։ Կառավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։ Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով, որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ինչո՞ւ չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։

Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ, սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում»։

Հրանտ Բագրատյան, ՀՀ նախկին վարչապետ

Կառավարությունը չի՞ վերահսկում ԿԲ-ին

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լեւոն Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է. «Ինձ մոտ կասկած կա, որ կառավարությունը չի վերահսկում ԿԲ-ին… Մոտեցումը, որը ցույց տվեց կառավարությունը, սխալ էր: Անձնական կարծիքս այն է, որ ԿԲ-ից կամ այլ տեղից շանտաժ են արել, որ «չեք կարող չմասնակցել պարտադիր կուտակայինին», իսկ կառավարությունն էլ համաձայնել է, թեպետ ես հիշում եմ, որ, օրինակ, ՀՀԿ-ը 2 անգամ հետաձգել է օրենքը»:

Լեւոն Հարությունյանի գնահատմամբ՝ կենսաթոշակային այս համակարգի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կան՝ անկախ նրանից, որ ԿԲ մասնագետները հակառակն են պնդում:

Նա նկատեց, որ ՀՀ պետական պարտքն ամեն տարի ավելանում է, այսինքն՝ ստացվում է, որ ժողովուրդը գումար է վճարում ու պարտատոմս գնում, իսկ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, թե 40 տարի հետ ՀՀ-ն ինչ իրավիճակում է լինելու:

«Պետությունն ասում է, որ պարտավորվում է վերադարձնել գումարները, բայց չի կարողանալու վերադարձնել, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ 40 տարի հետո ՀՀ-ն Սինգապուր է լինելու: Եթե լսում ենք ԿԲ-ի մասնագետներին՝ ստացվում է, որ Ամերիկայի համակարգից լավ համակարգ ունենք, բայց նման բան չկա: Պարզ օրինակ բերեմ՝ ասում են, որ 70%-ը ներդրվել է ՀՀ-ում, 70%-ից 40%-ի չափ ներդրվել է պետական պարտատոմսերում, իսկ մնացածը՝ բանկային ակտիվներում: Բանկային ակտիվի մեջ մտնում են նաեւ հիպոթեքային ակտիվները, այսինքն՝ մարդկանցից գումարը վերցնում են ու մարդկանց հիպոթեք են տալիս: Այո՛, սա աշխարհում ընդունված պրակտիկա է, բայց երբ նման բան են անում, հիփոթեքի տոկոսները բնակչության համար իջնում են: Հիմա ստացվում է 9% գալիս է հիփոթեքային ակտիվներից, բայց մարդկանց հիպոթեք են տալիս 13-15%-ով, արանքում մեծ գումարներ գնում են բանկերին կամ այլ տեղ: Եթե լիներ այսպես, որ, օրինակ, 8% հիփոթեքի գնար ու հիպոթեկ տրամադրեին 10%-ով, կհասկանայի, բայց 5-6%-ի տարբերությունը շատ է, կառավարման լուրջ խնդիր կա»,- ներկայացրել է Հարությունյանը:

Վերջինիս չի բավարարում կառավարության այն պարզաբանումը, թե այս կառավարությունը լեգիտիմ է, ինչը բավարար հիմք է, որ պետության նկատմամբ վստահություն լինի: Նա շեշտեց, որ վստահում են կառավարությանը, սակայն պնդեց, որ կուտակային կենսաթոշակային օրենքը չի փոխվել եւ բոլոր անհանգստացնող դրույթները շարունակում են մնալ: «Դեմ եմ»-ի անդամը հավելեց, որ կառավարության վստահությունն այս օրենքի հետ որեւէ կապ չունի եւ մատնացույց արեց, որ սա նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի ժամանակ բերված օրենք է:

«Սկսվել է Տիգրան Սարգսյանից, հետո շարունակել է Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը ոչինչ չի արել, հիմա էլ Նիկոլ Փաշինյանն է, բայց այս ընթացքում օրենքում որեւէ հիմնարար փոփոխություն չի եղել, սկզբունքները, որոնց դեմ էր հասարակությունը, շարունակում են նույնը մնալ: Կառավարության հանդեպ վստահությունն այս օրենքի հետ կապ չունի, նույնիսկ Տիգրան Սարգսյանի ժամանակ, երբ դուրս էինք եկել միտինգի, մենք դուրս չէինք եկել ՀՀԿ-ի դեմ ցույցի, մենք դուրս էինք եկել օրենքի դեմ»,- շարունակեց Լեւոն Հարությունյանը:

Նրան չի զարմացնում այն հանգամանքը, որ կառավարությունը միաձայն որոշեց կողմ լինել պարտադիր կուտակային համակարգին. «Մարդիկ չէին կարողանում կարծիք ասել, ինձ մոտ նման տպավորություն էր ստեղծվել: Ստացվում էր՝ եթե կողմ ես, ուրեմն մեզ հետ ես, եթե ոչ, ապա դուրս ես գալիս:

Ինձ մոտ տպավորություն էր, որ «եթե դեմ ես, ուրեմն դիմումդ գրի՛ր ու դո՛ւրս արի»: Կառավարությունում եղավ քննարկում, մարդիկ իրենց կարծիքն ասացին, բայց այնտեղ այնպիսի վիճակ էր, որ դեմ քվեարկելը մի քիչ դժվար կլիներ»:

«Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։