Հենց այսօ՛ր Էջմիածինն ու Անթիլիասը պիտի միավորման խնդիրը դնեն – Սակայն Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա-ն չի դիտարկվում կաթողիկոսի հարցում, ինչը թույլ կտար հայկական եկեղեցիների միավորման լրջագույն քայլ անել… Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած… / Կրկին հեթանոսության եւ քրիստոնեության հաշտեցման մասին – Այս քայլը ինչպես ազգային միասնության հասնելու առումով, այնպես էլ միջազգային հոգեւոր ներխուժումներին համատեղ դիմակայելու ուժ կլինի…

«Լուսանցք»-ն իր էջերում շատ է անդրադարձել հոգեւոր խնդիրներին, թե՛ հավատքի, թե՛ կրոնի: Մենք միշտ ենք հստակեցրել մեր մոտեցումները ազգային հավատների եւ ապազգային կամ վերազգային կրոնների հարցում, ինչը արել ենք չվնասելու սկզբունքի համաձայն՝ հանուն արդարության հաստատման եւ ազգայինի ամրագրման:

Մեր թերթի էջերում մշտապես տեղ են գտել Հայ Արիական Միաբանության եւ այդ կառույցի առաջնորդ Արմեն ավետիսյանի տեսակետներն ու հոգեւոր հիմնավորումները, որի ժամանակ մենք քննադատորեն ենք վերաբերվել մեր պատմության այն ժամանակահատվածին, որ մեկ տողով նշում ենք՝ 301-ի իրադարձություններ եւ դրանից հետո…

Սակայն հայ արիները նաեւ հաշտության եզրեր են փնտրել՝ հեթանոսություն-քրիստոնեություն հաշտեցման եզրեր, քանզի հասկացել են, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու կործանումից հետո այդ տեղը այսօր կարող են զավթել այլահավատները՝ թեկուզ քրիստոնեական շղարշի տակ գործող: 

Ցավոք, այսօր արիադավան-հեթանոս հայերը դեռ պատրաստ չեն բավարարել ամբողջ Հայաստանի ու հայության հոգեւոր բացը, եթե եկեղեցին զիջի դիրքերը օտարների առջեւ:

Դրա համար էլ տարիներ առաջ հայ արիների առաջնորդը նամակներ հղեց ժամանակի քաղաքացիական՝ գործադիր եւ օրենսդիր, ինչպեսեւ հոգեւոր իշխանություններին, եւ առաջարկեց հայ արիադավան-հեթանոսական հավատը գրանցել որպես ազգային հավատ, որը կճանաչվի նաեւ պետության կողմից եւ Հայաստանում, ինչպես ասենք՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Իրանում եւ այլ երկրներում, միջազգային կրոնին զուգահեռ կգործի նաեւ ազգային հավատը:  

Կաթողիկոսին գրած նամակում հայ արիների առաջնորդը նաեւ կարեւորել էր այս հաշտությունն ինչպես ազգային միասնության հասնելու առումով, այնպես էլ միջազգային հոգեւոր ներխուժումներին դիմակայելու: Նա նշել էր նաեւ, որ կրոնները գնում են ինքնասպառման, ինչը հայտարարել են նաեւ Հռոմի Պապն ու Դալայ Լաման եւ ճիշտ կլինի, որ քրիստոնեության սպառումից հետո Հայաստանում մի նոր 301 թիվ չլինի… Հստակ անցում լինի ազգային հավատին:

Այս անցման համար էլ հայ արիները առաջարկել էին արիա-քրիստոնեության տարբերակը, որը հավատավոր քրիստոնյա հայերին հնարավորություն կտա համոզմունքի հասնելով անցնել ազգային հավատի ընկալմանը…

Մանրամասները չենք նշում, քանզի «Լուսանցք»-ի տասնյակ թողարկումներ ունենք այս խնդիրների մասին, որոնց կարելի է ծանոթանալ նաեւ Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքում՝ http://www.hayary.org/wph/:

Հուսանք, որ այս տարաբնույթ խնդիրները հայ կրոնական առաջնորդների մոտ ի վերջո կարթնացնեն հայի գենը եւ բոլոր բարդույթներն ու այլեւայլությունները մի կողմ կդրվեն, որպեսզի ավելի քան 1700 տարի անց հայ արիադավան-հեթանոսներն ու քրիստոնյաները կիսելու ազգ եւ հայրենիք չունենան այլեւս… Եվ Հայաստանը, հայությունը կփորձի ստեղծել նաեւ հոգեւոր բանակ, որը մեր զինուժի օրինակով կլինի աշխարհի հզոր հոգեւոր ուժերից մեկը…

«Լուսանցք»-ը չի առաջնորդվում հիվանդագին ընդդիմացավով, չի ընթանում ընդդեմ ուղիով, մեր նպատակն է ամեն ինչ անել հանուն հայի ու Հայաստանի: Իսկ դա նշանակում է մեզ համար կարեւորը հայի տեսակն է՝ անկախ քաղաքական, կրոնական եւ քաղաքացիական պատկանելությունից:

Մենք մեր թերթի էջերում մեծ տեղ ենք հատկացրել նաեւ հայ քրիստոնեական եւ համաքրիստոնեական այն քայլերին, որոնք նպաստավոր են եղել հայության նպատակների համար, որոնք կարող են համախմբել քրիստոնյա հայերին եւ այլազգի քրիստոնյաներին հանուն հայության նպատակների:

Այսօր աշխարհի վերաբաժանման նոր փուլում հայությունը պիտի օգտագործի իր բոլոր կարողությունները, որպեսզի վերստին դառնա իր Բնօրրանի՝ Հայկական լեռնաշխարհի տերը: Այստեղ համահուչ պիտի գործեն եւ՛ մեր պետական ու քաղաքական ուժերը եւ՛ հանրային հատվածը, եւ՛ սփյուռքյան կառույցներն իրենց երկրներում, ինչպեսեւ՛ հոգեւոր ոլորտի սպասարկուները:

Այսօր Հայաստանում եւ Արցախում փորձում են հեղափոխական ալիքներ առաջացնել, ինչը իհարկե հող ունի, քանի որ մարդկանց դժգոհությունները մեծամասամբ պատճառաբանված են, սակայն այն ինչ կատարվում է այսպես կոչված հեղափոխություններից հետո, հասկանալի է դառնում, որ այն հետզհետե այլ նպատակներ է առաջ քաշելու: Նույնը փորձում են կատարել հոգեւոր ոլորտում եւ ահա գրեթե նույն կարգախոսներով ու փողոցային ցույցերով հիմա էլ փորձում են կաթողիկոսին հասնել…

Այս ճանապարհը Հայաստանի ու հայության համար չէ: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանը մեկին մեկ կրկնում է նրա բոլոր քայլերը թե ներքին, թե հատկապես արտաքին ոլորտներում… Արդյո՞ք նույնը Գարեգին Բ-ին, ասենք թե, փոխարինելուց հետո չի լինելու:

Կարծիք կա. որ կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի հետեւում բարձրաստիճան հոգեւորականներ են կանգնած, լուրեր սպրդեցին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ կազմակերպվող բողոքի ալիքի հետեւում կանգնած են բարձրաստիճան հոգեւորականներ, այդ թվում՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Մամուլը գրեց, որ Նավասարդ Կճոյանը, կորցնելով ՀՀԿ-ական իշխանության աջակցությունն ու հովանավորությունը, ուզում է «քավության ալիքը ուղղել Ամենայն հայոց հայրապետի ուղղությամբ՝ խուսափելու համար իր բաժին պատասխանատվությունից», իսկ Միքայել Աջապահյանը «փորձում է հարմարվել նոր իրավիճակին եւ հանդես գալ հեղափոխական շարժման առաջնորդի դերում»:

Ըստ «Հրապարակ»-ի՝ «Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են Շիրակի թեմի առաջնորդին: Որոշ տեղեկություններով՝ մերձէջմիածնական շրջանակներում մտահոգություն կա, որ Սերժ Սարգսյանի հրաժարականով չեն բավարարվելու եւ Տարոն Մարգարյանի, դատախազի հրաժարականներից հետո հերթը կհասնի Ամենայն հայոց կաթողիկոսին»։

Ապագա կաթողիկոսի դերում հեղափոխական շրջանակները տեսնում են ոչ այնքան Արամ Ա-ին, որ հայտնի է իր ազգային մտածելակերպով ու գործերով, որքան Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին։ Չնայած վերջինս էլ ինչ-ինչ սկանդալային պատմությունների մեջ է եղել՝ սահմանին զոհված զինվորի հոգեհանգիստը եկեղեցում արգելելու, Քիմ Քարդաշյանի՝ Գյումրու «Յոթ վերք» եկեղեցուց «լայվ» մտնելու եւ այլ թեմաներով։ Ի դեպ, Աջապահյանները Կիլիկյան իշխանական տոհմից են, տոհմը տվել է մոտ մեկ տասնյակի հասնող կիլիկյան կաթողիկոսներ։

Սակայն Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Ա-ն անգամ չի դիտարկվում կաթողիկոսի հարցում, ինչը թույլ կտար հայկական եկեղեցիների միավորման լրջագույն քայլ անել…

Սա իհարկե լուրջ խնդիր է եւ կարող է լուծվել երկու եկեղեցիների որոշմամբ եւ ոչ փողոցային քայլերթերով, ինչպես հիմա: Չնայած այդ քայլարշավի մասնակիցներին նման հարցերը չեն հուզում, այստեղ եւս իշխանության գալու խնդիրն է:

Էջմիածնի լրատվությամբ՝ «Սուրբ Կաթողիկե եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել հունիսի 7-ին այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ունենալու իր եւ եպիսկոպոսաց հետ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը։

Սակայն, ցուցարարներն այլ նպատակներ ունեն: Եվ Հունիսի 12-ին տեղի է ունեցել  Միաբանական արտահերթ ժողով, որին մասնակցեցին նաեւ Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը: Ժողովը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Խոր ցավով եւ վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով: Նրանց կողմից փորձ արվեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափորի ընթացքը եւ խաթարել եկեղեցում աղոթական մթնոլորտը: Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգեւոր զգացումները: Փառք Աստծո, եկեղեցականների եւ հավատացյալների միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդհարումից:

Խստորեն դատապարտում ենք կատարվածը եւ արձանագրում, որ Սուրբ Ավետարանի ոգուն եւ պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնությունները խրախուսում եւ ուղղորդում են Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը եւ մի քանի եկեղեցականներ:

Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորյունը եւ իր կողմնակիցներն անտեսում են ինչպես մեր՝ միաբաններիս, այնպես էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգեւոր հովիվների եւ մտահոգ հավատացյալների ջանքերն ու հորդորները:

Միաբանական ժողովը քննարկումների արդյունքում որոշեց նաեւ դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական եւ հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար»:

Մինչ այս, ըստ Էջմիածնի տեղեկատվության, հունիսի 11-ին «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների եւ առաջնորդական տեղապահների ժողով:

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց հունիսի 10-ին Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի տեղի ունեցած միջադեպին: Հիշյալ հարցի վերաբերյալ արձանագրվեց. «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացրած անընդունելի գործողությունների համար, որոնք խստորեն դատապարտելի են՝ անկախ շարժառիթներից: Արդարացում չունի որեւէ քայլ, որը խաթարում է հոգեւոր միջավայրի աղոթական անդորրը եւ վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները»:

Ժողովը հայտնում է, որ արդարացում չունի որեւէ քայլ, որը խաթարում է հոգեւոր միջավայրի աղոթական անդորրը:

Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի եւ կենսական նշանակություն ունեցող այս ավանդը՝ խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը եւ գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել եւս ցավում ենք, որ հանդես են գալիս նաեւ անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:

Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ եւ հարթակներ չկան:

Հորդորում ենք մեր սիրեցյալ հավատացյալներին եւ հոգեւոր եղբայրներին, որ նրանք երեւան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիվների եւ առաջնորդների առջեւ, իսկ երբ չգտնվեն լուծումներ, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին»:

Ժողովը նաեւ որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ:

Կարծում ենք՝ ժամանակն է որ երկրում ոստիկանությունն ու այլ իրվապահ մարմինները վերջ տան փողոցի ամբոխավարությանը… եւ երկիրն օրինականության եւ բոլորի համար ազատության դաշտ տեղափոխեն:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։