Վերջին օրերին արցախյան թեմայով հետաքրքիր զարգացումներ գրանցվեցին ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ի պատասխան ԵԱՀԿ ՄԽ հարցումներին նման տեսակետ է որդեգրել նաեւ Արցախը:
Եվ հիմա հայ-ադրբեջանական բանակցությունները վերսկսելու համար ԵԱՀԿ ՄԽ-ն կանգնել է խնդրի առաջ: Տարածաշրջանում շահագրգիր երկրներ եւ ուժեր կան, որ դեմ չեն նման զարգացումներին, սակայն այս զարգացումները նաեւ վտանգավոր եզրեր ունեն, ինչը կարող է իսկապես խթանել լայնածավալ պատերազմական գործողությունները: Եվ միջնորդ երկրները զգուշորեն են մոտենում այս հարցին:
Բայց ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի՝ «Արցախը երբեք էլ դուրս չի մնացել բանակցություններից, այդ հարցը միշտ որոշել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուղղակի ձեւաչափի հարց է: Եվ ասել, որ Արցախը դուրս է բանակցությունների դաշտից, դա մեր դիվանագիտության անգրագիտության արդյունքն է»:
Իսկ ի՞նչ է կատարվում այսօր: Հայաստանում արած հեղափոխությունը ինչքան էլ միջազգային ասպարեզում համարում են թավշյա, այնուամենայնիվ կարծիք կա, որ հայկական հեղափոխությունը ինքնատիպ երանգներ ուներ, ինչը, փաստորեն բնորոշ է միայն մոնոէթնիկ երկրներին, երբ մի ազգի մարդիկ միմյանց նկատմամբ ավելի հանդուրժող են՝ պայմանավորված ազգակցին չվնասելու սկզբունքով:
Հայաստանում ներքեւից վերեւ ընթացող «հայկական հեղափոխությունը» հաստատեց իր «բարի համբավը», երբ Արցախում մի նոր ընթացք սկսվեց վերեւից եւ ավելի արագ հանգուցալուծվեց:
Անգամ միջազգային վերլուծաբաններն են նշում, որ «հայկական հեղափոխությունը» անսպասելի լուծումներ տվեց անգամ մասնագետների համար: Բացի ներքաղաքական ազդեցությունից, ուսումնասիրվում են նաեւ արտաքին ոլորտում հնարավոր ծավալումները հեղափոխությունից հետո: Օրինակ, Ռումինիայի դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Դան Պետրեն համոզված է. որ Հարավային Կովկասի վրա դրական ազդեցություն կթողնի՝ տարածաշրջանում ժողովրդավարական կարգերի հաստատման համար, եւ դրական փոփոխությունները տարեց տարի նկատելի են լինելու ոչ միայն Հայաստանում: Նա «Կովկաս-2017» ամենամյա գիտաժողովի շրջանակներում ներկայացրել է՝ «Եվրոպա եւ Հարավային Կովկաս» զեկույցը:
Եթե Ռուսաստանում հեղափոխական ալիքը փորձեց «հայկական հեղափոխության» շունչ հաղորդել շարժմանը, բայց տապալվեց, ապա Վրաստանում հաջողեցին: «Ուզում ենք ինչպես Հայաստանում» կարգախոսը եւ՛ ռուսական հեղափոխականների մոտ կար եւ՛ վրացական:
Իսկ թե ի՞նչ ազդեցություն կունենա թավշյա հեղափոխությունը մասնավորապես Ղարաբաղի հակամարտության լուծման առումով, Դան Պետրեն նշում է՝ դեռ վաղ է գնահատականների համար. «Հեղափոխության հետեւանքի մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ այն կատարվել է մեկ ամիս առաջ, դրանք օրեր են, արդյունքների մասին կխոսենք ավելի ուշ»,- ասել է նա:
Եթե ռումինացի դիվանագետը կարեւոր է համարում փոփոխությունները ԵՄ-ՀՀ համապատկերում, ապա տնտեսագետ, Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան համոզված է, որ ԵԱՏՄ-ում եւս Հայաստանը մեծ ներուժ ունի, նաեւ նշել է, որ չնայած որոշ հոռետեսների, Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Եվրասիական միության գագաթնաժողովին, ինչը խոսում է այն մասին, որ ինքը եւս լուրջ մտադրություններ ունի զարգացնելու համագործակցությունը: «Հիմա մենք սպասում ենք, որ Հայաստանի զարգացման նոր ծրագրերը ընդունվեն, որոնք առաջին հերթին տնտեսական են, հետո անվտանգության եւ այլն»,- ասել է Ելենա Կուզմինան:
Կովկաս ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Մելիքյանը եւս խոսել է տնտեսական զարգացումներից եւ նշել, որ տնտեսական ազատությունների առումով Հարավային Կովկասում առաջամարտիկը Վրաստանն է, նրան հաջորդում են Հայաստանն ու Ադրբեջանը, ապա ավելացրել է, որ տնտեսության մեջ ստվերի տոկոսը Հայաստանում կազմում է 31, Վրաստանում՝ 23, Ադրբեջանում 52 տոկոս:
Փաստորեն, Հայաստանի արտաքին քաղաքական ազդակները դեռ թույլ են այս հեղափոխությունից հետո, ինչը ոչ միայն Ռումինիայի դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Դան Պետրեի մոտ է կարծիք առաջացրել, որ դեռ շուտ է զգալ, թե ինչ է անելու Հայաստանն անգամ Արցախի խնդրի լուծման հարցում, այլ մնում է անհասկանալի շատ այլ երկրների վերլուծաբանների մոտ:
Միջազգային հանրությունը դեռ չի արձանագրել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանն Արցախի հարցով կարող է բանակցել միայն Հայաստանի անունից եւ Արցախի ներկայացուցիչը եւս պիտի մասնակցի բանակցություններին, հենց ի՛նքը պիտի բանակցի Ադրբեջանի հետ: Ի պատասխան սրան, պաշտոնականն Բաքուն էլ հայտարարեց, թե բանակցությունների սեղանին պիտի նստեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ որպես բանակցող կողմ:
Սա կարող է սրել իրավիճակը, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի չի տիրապետում Արցախյան խնդրի ամբողջական փաթեթին, ինչն էլ գուցե նրա հրաժարման իրակա՞ն պատճառն է:
Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա. այս տեսակետն ամրագրված է նաեւ նոր կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության դրույթներում:
Կառավարության ծրագրում ամրագրված է, որ արտաքին քաղաքականություն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվելու է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հավաքական շահերով։ Ըստ այդմ՝ կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունն է, Հաաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացումը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատումը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացումը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի կայուն զարգացմանը եւ տնտեսության արդիականացմանը, նոր շուկաների ձեռքբերմանը եւ դեպի Հայաստան եւ Արցախ ներդրումային ծրագրերին նախաձեռնմանը միտված ակտիվ գործունեությունը։
Համաձայն ծրագրի՝ արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ջանքեր է գործադրելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, գործընթաց, որի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:
Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը։
Կառավարությունը վերահաստատում է, որ «Արցախը որպես հակամարտության հիմնական կողմ» պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
Այն ինչ խոսվեց վերեւում, այն ինչ ասում են վերլուծաբանները, այն ինչ արձանագրված է կառավարության ծրագրային դրույթներում, դեռ ոչինչ չի նշանակում իրականում, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի նստել բանակցությունների սեղանին, իր ցուցադրական հաստատակամությունը չի դրսեւորել աշխարհի ուժեղների հետ դեմ առ դեմ զրույցներում:
Լավ է, որ մեր կայացած բանակի կայացած զինվորականությունը շարունակում է վստահաբար պաշտպանել մեր սահմաններն ու անվտանգությունը:
Երեւի իզուր չէր, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ նոր նշանակված չծառայած նախարարներին սպասում էր ԱԺ-ում: «Երկրապահ հենց բառը միտք է: Երկրապահը չի զբաղվում քաղաքականությամբ: Երկրապահի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, ՀՀԿ, ՀՅԴ եւ այլ կուսակցություններից, որոնք միասնաբար զբաղվում են…»: Խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին՝ Մանվել Գրիգորյանն ասել է, որ ԵԿՄ-ն երկրին է աջակցելու, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, երկրապահը ոչ մեկի հոր սեփականությունը չի. «Ոչ մի երկրապահ չի կարա պետությանը հակառակ էթա, ժողովրդին: Բանակ ստեղծել է երկրապահը, դրա հիմքի վրա է բանակ ստեղծվել: Երկրապահն է պատերազմը հաղթել, բանակը ստեղծել»:
ՊՆ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված Մանվել Գրիգորյանն ասել է, որ ամեն ինչը լավ գիտի, բանակը պատկերացնում է բոլորից ոչ պակաս, բայց Վիգեն Սարգսյանի հետ չհամեմատեց՝ ասելով, որ ամեն մարդ իր ձեւն ունի, իր մարտավարությունն ունի: Լրագրողները հարցրեցին՝ նոր նշանակված նախարարների մեծ մասը բանակում չի ծառայել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին՝ պատգամավոր գեներալը պատասխանել է, որ Դավիթ Տոնոյանը ծառայած է, իսկ մյուսներին դեռ կգան-կգնան ԱԺ, կտեսնեն, նոր կարծիք կկազմեն:
Ամեն դեպքում ԵԿՄ ղեկավարը հայտնել է. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վստահեցնում եմ, որ բոլոր հնարավոր միջոցներով եռասերունդ Երկրապահը սատարելու է պաշտպանության նախարարությանը, նախարարին, մեր պետությանը ազգային, հայրենասիրական ձեռնարկներում»: Երկրապահները անվերապահ վստահությամբ եւ հավատով են լեցուն հայ ազգի, մեր բանակի նկատմամբ. չէ՞ որ Երկրապահն է հայոց բանակի ծնողը. եզրափակել է խոսքը Մանվել Գրիգորյանը:
Իսկ Արցախում միշտ զգաստ են, քննարկվել են հավանական հակառակորդի հնարավոր գործողությունները: Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ուղեկցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է առաջնագծի մի շարք ուղղություններ, մասնակցել բանակի հրամանատարության ներգրավմամբ անցկացված դաշտային երթի պլանով նախատեսված միջոցառումներին: Իրականացված աշխատանքների ընթացքում ճշգրտվել են փոխգործակցության ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, քննարկվել հավանական հակառակորդի հնարավոր գործողություններն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:
Արտակ Դավթյանը բարձր է գնահատել ՊԲ-ի մարտական պատրաստականության արդի մակարդակն ու ռազմատեխնիկական հնարավորությունների զարգացմանն ուղղված հետեւողական քայլերը եւ հավաստիացրել, որ ՀՀ պաշտպանական ոլորտի պատասխանատուները այսուհետ եւս գործուն աջակցություն կցուցաբերեն ՊԲ-ի մարտական ներուժի հետագա կատարելագործման հարցերում: Շրջայցի ավարտին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի պատասխանատուները հստակեցրել են երկկողմ համագործակցության համատեքստում նախատեսված առաջիկա անելիքները:
Արցախի նախագահը հունիսի 9-ին էլ հանդիպումներ է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն, Արցախի ժողովրդավարական եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների ղեկավարների եւ մի խումբ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկրի ներքաղաքական վիճակին առնչվող մի շարք հարցեր:
Կարեւորվել է հանրապետությունում կայունության պահպանումը, բացառապես պետական շահերով առաջնորդվելը եւ այս համատպատկերում օրենքների եւ Սահմանադրության տառին ու ոգուն հետեւելը: Իսկ վերջերս Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020թ. ինքն իր թեկնածությունը չի դնելու Արցախի նախագահի պաշտոնի համար:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ հայկական զինուժը միշտ պատրաստ է պատասխանի, եթե ադրբոջանական կողմը խախտի պայմանավորվածությունները: Սա կարեւոր է, քանի որ ադրբեջանական կողմը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում:
Օրերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆ/բ էջում գրում է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ։ Քննարկեցինք վերջին օրերին, առավելապես՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում ադրբեջանական կողմից զինտեխնիկայի եւ մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում։
Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաեւ միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»։
Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները այսօր էլ աչալրջորեն հետեւում են հակառակորդի գործողություններին եւ ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Քումլուջա քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է անցկացրել եւ առիթը բաց չի թողել ու հիշել է Արցախի խնդիրը: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ զրուցյում նա հնչեցրել է հետեւյալ միտքը. «Եթե այսօրվա նման ուժեղ Թուրքիա լիներ, ապա ժամանակին մենք չէինք թողնի, որ օկուպացվեին Ադրբեջանի եւ Սերեբրենիցայի հողերը» (եւ, փաստորեն, այսօրվա Թուրքիան արդեն նորօսմանական քարտեզներ է թողարկում՝ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իր կազմում… Էլ չխոսենք «Մեծ Թուրանի»՝ Ռուսաստանի հյուսիս-արեւելյան եւ Չինաստանի ույղուրական տարածքներ հասնելու մասին)։
Իր հրաժարականից առաջ Սերժ Սարգսյանը խոսել էր ԼՂ խնդրի լուծման հարցում աշխարհաքաղաքական զարգացումների վտանգների մասին: Նա նշել էր, որ տարածաշրջանում անկայունության ցանկացած դրսեւորում բացասաբար է ազդում Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության վրա. «Լեռնային Ղարաբաղի հարցն այնքան տարողունակ է եւ միեւնույն ժամանակ այնքան պարզ, որ կարելի է շաբաթներով խոսել, սակայն կարելի է նաեւ հակիրճ պատասխանել: Շատ զգայուն հարց է եւ տարածաշրջանում որեւէ միջադեպ մշտապես բացասաբար է անդրադառնում կայունության վրա: Մեր պարագայում ամենակարեւորն իհարկե կայունությունն է: Իհարկե, կարեւոր է բանակցությունների ակտիվ առաջխաղացումը, սակայն պետք է կայունություն, հանդարտություն լինի»:
Նա նշել էր, որ հնարավոր չէ մի ձեռքով ստորագրել ինչ-որ մի բան, բանակցել, իսկ մյուս ձեռքով՝ կրակել՝ արձանագրելով, որ այդ կրակոցները մշտապես խանգարում են: Իսկ Հայաստանի ցանկությունն է ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Իսկ այսօր մեր տարածաշրջանի կայուն վիճակը խիստ հարաբերական է, որը կարող է պայթել թուրք-ադրբեջանական սադրանքներից, ինչպես Սիրայի, այնպես էլ Արցախի ուղղություններով, ինչպես նաեւ Վրաստանի կողմից՝ ռուս-վրացական նոր առճակատմամբ, ինչը պայմանավորված է Սիրիայի կողմից Աբխազիայի եւ հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում քննարկել է մի շարք հարցեր, որոնց պիտի պարզաբանում տրվեր ՀՀ-ում իշխանափոխությունից հետո: Զոհրաբ Մնացականյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Պետդումայի պատգամավորների եւ Դաշնային Խորհրդի սենատորների հետ:
Իսկ ԶՈՒ ներկայացուցիչները հունիսի 12-14-ը Մինսկում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պայքարի զորքերի պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստին, զինված ուժերի ՌՔԿՊ զորքերի ներկայացուցիչների ուսումնամեթոդական եւ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրավիճակի վերահսկման ու գնահատման մասնագետների հերթական հավաքներին:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով էլ Բրյուսել էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին եւ կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթացել իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի եւ ՆԱՏՕ-ի քաղաքական եւ ռազմական իշխանությունների տեսլականին: Հանդիպման արդյունքում ձեւավորվել է խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսին, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյին եւ գործընկեր երկրների այլ պաշտոնյաների:
Հայաստանի բոլոր խաղաղասիրական եւ կառուցողական մոտեցումներին Ադրբեջանը անընդհատ փորձում է սադրանքներով եւ ապակայունացնող քաղաքականությամբ պատասխանել, ինչը նոր չէ, բայց արդեն վաղուց պիտի մտահոգեր շահագրգիր բոլոր ուժերին, որ ծրագրում են համագործակցել տարածաշրջանում:
Ադրբեջանն շարունակում է առաջնագծում ակտիվանալ: «Արտաքուստ համեմատաբար խաղաղ թվացող իրավիճակի տակ իրականում բավականին բարդ պրոցեսներ են»,-Panorama.am-ի հետ զույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծում տիրող վիճակի մասին հարցին ի պատասխան: Նա պատահական չի համարում, որ առաջնագծում նախատեսված պլանային դիտարկմանն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
Հակառակորդի ակտիվությունը, որը սկսվել է դեռեւս ապրիլի 12-ից՝ զինտեխնիկայի տեղաշարժերով, տարբեր դրսեւորումներով շարունակվում է: «Իհարկե, մեզանից է կախված, թե նոր իրողությունները ինչ հունով կտանենք՝ եւ իշխանություններից եւ հասարակությունից: Միայն կարող եմ վստահ ասել, որ Արցախի նախագահի քայլերն ու հայտարարությունները նպատակ ունեն կոնսոլիդացիա ապահովել Արցախի եւ առհասարակ հայ ժողովրդի համար, ամրապնդել, ուժեղացնել վստահությունը իշխանության եւ հասարակության միջեւ, ընկալելի լինել մեր տարածաշրջանում ակտիվ եւ հետաքրքրություն ունեցող խաղացողների համար»,- ասել է Արցախի նախագահի խորհրդականը: Ի պատասխան այն հարցի, թե ադրբեջանական կողմի գործողությունների հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, նա նշել է. «Թույլ տվեք այս հարցադրման պատասխանը շատ չդետալացնել»:
Պետք է նշել նաեւ, որ չնայած Արցախում ներքաղաքական իրադարձություններին՝ սահմանում լարված վիճակ չի առաջացել, քանի որ մեր զինվորականությունը մնացել է իր դիրքերում եւ երդմանը հավատարիմ, ինչին ականատես է եղել նաեւ մեր թշնամին, որ անգամ չի փորձել այդ օրերին գնալ սադրանքների:
Ինչպես նշվեց, ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, իսկ Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս-արեւելք ընկած հատվածում։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:
Հայկական կողմը անգամ բարի կամք է դրսեւորել եւ թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին: Ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին եւ մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներ կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին»,- գրել է նա։
Տարածաշրջանում շարունակվում է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դերակատարումը: «Սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, անհետ կորածների վերադարձի ու հակամարտող կողմերում մարդասիրական իրավունքի պահպանման բնագավառում ԿԽՄԿ-ի դերակատարումը շատ էական է եւ նման խնդիրների լուծումն առանց այդ աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել»,- այս մասին նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ հանդիպմանը։
Հանդիպմանը պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը։ Քննարկվել են, մասնավորապես, ԿԽՄԿ-ի կողմից Տավուշի մարզում բնակավայրերի անվտանգության բարձրացմանն ուղղված պաշտպանական ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն ակտիվացնելու: 2011թ. ի վեր՝ ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում է Հայաստանի տեղական իշխանությունների հետ՝ իրականացնելով զանազան ծրագրեր հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով տեղակայված համայնքներում: ԿԽՄԿ-ն օգնում է սահմանամերձ համայնքներին բարելավել ջրի քանակը, որակը, ապահովում է հասանելիությունը բնակիչների համար՝ վերանորոգելով ենթակառուցվածքները, օգնում է գյուղերի բնակիչներին գտնել եկամուտի այլընտրանքային հնարավորություններ:
Դառնալով հակամարտության սրման հնարավորությունը, պետք է արձանագրենք, որ որոշ քաղաքական ուժերի համար անհասկանալի է, թե ինչպես է մեր պաշտպանության նախարարը հայտարարում, որ անհանգստանալու կարիք չկա:
Արցախի հարցը հիմա ավելի քան արդիական է, բանակցային գործընթացը գնում է փակուղի. ասում է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ես զարմանում եմ, թե ինչու է մեր պաշտպանության նախարարը հայտարարում, թե անհանգստանալու պատճառ չկա։ Եթե հետեւենք ադրբեջանական մամուլին, ապա պարզ է դառնում, որ Նախիջեւանում 11 հզ հեկտար են հետ վերցրել եւ հիմա էլ դիրքերից վերահսկում են Եղեգնաձոր-Երեւան ճանապարհը: Մենք պարտավոր ենք նախահարձակ գործողություններ կատարել»։
Արցախի համեմատաբար կայուն վիճակը թող չշփոթեցնի, Նախիջեւանում իրավիճակը ավելի տանգանպալի է. ասել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Այդ քանակի զորքը եւ զենքը, որ այնտեղ է հավաքված ինչի համար է, կարո՞ղ եք ասել: Եթե վաղը նրանք 60կմ-ի վրայից հարվածեն, ի՞նչ ենք անելու: Հնարավոր է 2-րդ ռազմաճակատը բացվի Սիրիայի կողքին: Նույնիսկ Իլհամ Ալիեւը դրա մասին հայտարարեց»:
Մեր հասարակության մեջ անվտանգության խնդիրները երկրորդ պլան են մղված, բայց պետք է առաջնային դառնան.- ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: «Մեր հասարակության մեջ այդ զգացողությունը բթացված է եւ վերնախավի, հանրության կողմից էլ այս պրոբլեմները լուրջ չեն ընկալվում»:
Իսկ ինչու ամենօրյա իր ուղիղ եթերներում մեր վարչապետը այս վտանգների մասին չի խոսում: Երեւի ճամանակ չունի, ԱԱԾ ամբողջ ներուժը նետված է ներքին դաշտ՝ հեղափոխության թշնամիներին հայտնաբերելու համար:… Իսկ թե ազգային անվտանգությունը ինչ վիճակում է արտաքին թշնամու դեմ հանդիման,… հայտնի չէ եւ ահա ահազանգում են քաղաքական ուժերը, վերլուծաբաններն ու մտավորականները…
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը հայտարարում է, թե Արցախը պետք է դառնա աշխարհի լիդերներից մեկը. «Արցախի ճանաչմանը պետք է հասնենք ոչ թե դիվանագիտական ճանապարհով, այլ Արցախը պետք է դառնա աշխարհի լիդերներից մեկը՝ հասարակության վերափոխման տեսակետից», ինչը տեսնում է Արցախում կատարված հրաժարականների մեջ, որը պետք է շարունակվի: «Բակո Սահակյանը մաֆիոզ խմբավորման մի մասն էր, որը կար Հայաստանում: Ճիշտ կլինի, որ Արցախում ստեղծվեն համակարգեր, որոնք կկարողանան վերակառուցել կյանքը: Բակոն պետք է հեռանա, մինչ 2020թ-ի նախագահական ընտրությունները պետք է կյանքն այնտեղ ինտենսիվ վերափոխվի»:
Սա շատ նման է Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը պիտի հեռանա ոչ թե ապրիլի 25-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն անցնելուց հետո, այլ ապրիլի 23-ին «տեսությանը»: Իսկ գուցե նախկին «Ղարաբաղ» կոմիտե՞ն գա իշխանության՝ «Նոր Արցախ» կհռչակեն ու «Նոր Հայաստանին» ընդառաջ կգնան: Բայց դեպի ու՞ր, եթե Հայաստանի վարչապետն անգամ Արցախի խնդրից է խուսափում, իսկ Աշոտ Մանուչարյանին Նախիջեւանը կարծես էլ չի հետաքրքրում: Ի՞նչ է՝ հիմա էլ «Նոր Նախիջեւան» եւ «Նոր Ջավախք» ենք ստեղծելու՞:… Էլ չխոսենք, թե քանի «Նոր Արեւմտյան Հայաստանի» կառավարություններ են ստեղծելու…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/: