Ցավով ու կանխահաս վտանգի ահազանգով.- «Անգլուխ ձիավորը»՝ գերագույն հրամանատար կամ՝ ինչպես է առաջնորդին ամբոխը շարժում…  «Լուսանցք»-ը միշտ կողմնակից է բնականոն զարգացումներին, քանի որ զենքի ուժով քաղաքականությունը նաեւ հակառակ համարժեք պայքար է արթնացնում… Բոլոր հեղափոխությունները վերջնահաշվում ավարտվում են խեղափոխությամբ, ինչն ամեն օր մոտեցնում է պետության կործանումը՝ օտար տարաբնույթ ներխուժումների համապատկերում…

«Լուսանցք»-ն ի սկզբանե զգուշացնում էր, որ ամբոխավարական գործելակերպն ու մտածելակերպը կարող են հանգեցնել լուրջ վտանգների, ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքում, այնպես էլ արտաքին ասպարեզում:

Մեր նախորդ թողակուման մեջ («Հայկական հեղափոխություն»-ը ստացավ միջազգային կարգավիճակ – «Ռեւոլյուցիոն» ընթա՞ցք, թե՞ «էվոլյուցիոն» առաջընթաց») Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքով հիշեցրեցինք մեր ընթերցողներին, որ հեղափոխականությունը ամենօրյա գործ եւ ընթացք չի կարող ունենալ, քանզի բոլոր հեղափոխությունները վերջնահաշվում ավարտվում են խեղափոխությամբ, ինչը նշանակում է, որ դրա ամենօրյա ընթացքը ամեն օր մոտեցնում է պետության կործանումը...

Ներքին եւ արտաքին պայքարի ձեւերը չեն կարող նույնական լինել, քանզի սեփական երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված պայքարը չի կարող որեւէ ընդհանուր բան ունենալ օտարի տիրապետությունից ազատագրվելու պայքարի հետ: Թե ով ինչ մակարդակներում այս կամ այն իշխանության թուրքական կամ մոնղոլ-թաթարական բնորոշումներ է տալիս, որ արդարացնի անգամ ահաբեկչական պայքարը, դա մեր ներկապնակից դուրս է, այդ մանրախնդրությունը եւ սինաբանությունը մեզ համար չէ:

Ուստի մեկ անգամ եւս ցանկանում ենք հիշեցնել հայ արիների առաջնորդի մեկնաբանությունն այս առումով, որ ներքին կյանքում որեւէ ահաբեկչական գործողություն կամ զինված պայքար չի կարող արդարացնել հեղաշրջման պատճառաբանությունը, ինչքան էլ այն փորձեն թաքցնել իշխանափոխություն մեղմ անվան տակ: Հայի գենետիկ սկզբունք է, որ իր ձեռքով չի կարող թափվել ազգակցի արյունը: Հայ արիական հնագույն ասպետական օրենքներն արգելում էին կռվի ժամանակ սպանել ընկածին, մեղանչողին, անզենին… անգամ փախչողին, որ ներողութւյուն էր խնդրում… Հայը հային սպանելու համար պիտի աներեւակայելի պատճառաբանություն բերեր, քանզի գործում էր պատժիչ համակարգ, որի համաձայն մեղավորները ստանում էին համապատասխան պատիժներ… Սակայն սպանելը, ազգակցի արյունը թափելը հանցանք էր ազգի դեմ:  

Ուստի՝ բոլոր ընդհարումներն ու վեճերն ավարտվում էին առանց մահվան բոթի եւ արդարություն պահանջողի համար ընդունելի պատժաչափով: Այս սկզբունքը կիրառել են նաեւ մեր նվիրյալ վրիժառուները՝ ԱՍԱԼԱ-ՀԱՀԳԲ-ի տղաները, երբեք վրիժառու զենք չուղղելով Հայաստանից ներս կամ հայության մեջ: Նման քայլ կատարեցին նաեւ շուրջ 100-հազարանոց ՀԱԲ-ի կամավորականները, երբ ՀՀՇ-ն սադրիչ գործողություններից հետո դիմեց զենքի… ՀԱԲ-ը իր գլխավոր հրամանատարի օրինակով վայր դրեց զենքը՝ քաղաքացիական կռվից խուսափելու համար: Նույն քաղաքականությունը նաեւ ՀԱՄ-ն է որդեգրել, ինչը ստիպեց շատ արորդիների եւ պարզապես ազատամարտիկների՝ 1990-ականներին հրաժարվել ազգին հարստահարածներին բացահայտ մահապատժի ենթարկելու բուռն ցանկությունից… Ինչը խառնելու էր նաեւ թացն ու չորը:

Թող ոչ ոք չկասկածի, որ ԱՍԱԼԱ-ի, ՀԱԲ-ի կամ 1990-ականների հարյուրավոր կամավոր տղաների ներուժը չէր ների անել այն, ինչն այսօր երազում են անել որոշ բաժակաճառերի հետեւորդ կամ կենացասած ազգայնականներ ու պարզապես իրենց ազգային հռչակած թերարժեքակերպ անձինք:

Ցավոք, այս ինքնազսպումից հետո էլ, ցայսօր պետականորեն չի կատարվել արդարադատությանը հանգեցնող որեւէ քայլ, ինչը կսրբագրեր այս 30 տարիների կեղծիքն ու մաղձը… Հենց սա էլ մեխն է այն բացասական լիցքերի եւ ատելության, որ կուտակվել են շուրջ 30 տարի իշխանությյուն եւ ընդդիմություն խաղացող ուժերի դեմ… Ինքնամաքրման առաջին քայլն արդեն կկասեցներ ատելության արդարացված մոլուցքը, որ կրում էր գրեթե ամբողջ ժողովուրդը:

Այո, «Լուսանցք»-ը միշտ կողմնակից է բնականոն զարգացումներին, քանի որ զենքի ուժով քաղաքականությունը նաեւ հակառակ համարժեք պայքար է արթնացնում, իսկ դրա շարունակական լինելը՝ հենց կործանումն է, ինչի մասին նշվեց վերեւում: Պարզապես բնականոն զարգացման համար բնական պայմաններ, միջավայր չկան, ինչը թերես նպատակային քաղաքականություն է, համաշխարհային քաղաքականություն, որպեսզի գունավոր կամ փոքրամասնական եւ այլ բնորոշումներով հեղափոխությունները տեղ ունենան բոլոր երկրներում: Ըստ հայ արիների առաջնորդի՝ «մենք պետք է կարողանանք ապահովել մեր ներսի բնազդի եւ մարդկային ընդհանուր բնազգացողության երկխոսությունը, ինչն էլ կհանգեցնի բնախոսության՝ բնական զարգացումների հանգուցալուծման: Այս հանգրվանին հասնելու կարեւոր պայմանը ինքնության գիտակցումն է, հայ մարդը ուղղակի պիտի հասկանա, որ ինքը ոչ միայն մարդ է, այլ՝ հայ մարդ, որից հետո նաեւ համամարդ»…

Արմեն Ավետիսյանը եզրափակելով խոսքը նշել է, որ մեզանում եւս երբեմն խառնում են Նժդեհի Ցեղամարդուն եւ Նիցշեի Գերմարդուն: Գերմարդը այսօրվա ապազգային աշխարհի «արտադրանքն» է, ով ապրում է միայն իր համար, անինքնությամբ, անդեմ եւ այլոց հաշվին, ով աստվածացնում է իրեն՝ մերժելով հոգու մարդու նշանակությունը, իրական աստվածայինը: Մենք պիտի «արտադրենք» Ցեղամարդուն, որ ապրում եւ գործում է իր ու իր նմանների համար, ում համար անձնական «ես»-ը եւ ազգային «մենք»-ը նույն հարթության մեջ են, ով «իր տունը» եւ «հայոց տունը» առանց միջանկյալ դռան գոյության, առանց փականների է դիտարկում, ով ապրում է եռահամակարգ (մարմին-միտք-հոգի) արարչաստեղծ մարդու կանոններով…

Հենց սա էլ մերօրյա հեղափոխություններին կարող է ազգային նրբերանգներ տալ, գուցե նաեւ որոշակի դիմագիծ, ինչը կարող է այդ հեղափոխությունը գոնե փրկել խեղափոխությունից… Դառնալով հեղափոխության այսօրվա թեմային, որն իր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվել էր ոչ զինված եւ սիրո հեղափոխություն, ցավոք, արդեն մոտենում է խեղափոխության հանգրվանին:

Դա նկատելի է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում:

Հակված եմ մտածել, որ ներքին ոլորտում զգացնել է տալիս Նիկոլ Փաշինյանի թերարժեքության բարդույթը, իսկ արտաքին ոլորտում՝ անփորձ եւ անհեռատես լինելը:

Ներքին կյանքում նշված հանգամանքը հանգեցնում է բռնակալական դրսեւորման, ինչը բավարարում է Նիկոլ Փաշինյանի ներքին մղումը՝ բոլորին պատժել կարողանալը, իրենց տեղը ցույց տալը (որ երբեք չի կարողացել նախկինում, բայց ցանկացել է…), որը հղի է ոչ միայն ինքնակործան, այլեւ, վարչապետի դեպքում՝ երկրի համար վտանգավոր զարգացումներով:

Եթե այս գործընթացը չի կասեցվում, ապա հասունացող բռնակալը, ով խոսում դեռ է ժողովրդի անունից, բացի քաղաքական կամ անձնական հակառակորդներից, անցնում է հեղափոխական գործընկերների եւ ժողովրդական տարբեր զանգվածների հետ հաշվեհարդար տեսնելու քաղաքականությանը:

Մենք արդեն մոտենում ենք այս նշյալ խնդիրներին, ինչը զարմանալիորեն արագ ընթացավ: Վարչապետը սկսում է կորցնել՝

  1. Պայքարի ընթացքում կողքին կանգնած գործընկերներին:
  2. Պայքարի ընթացքում իրեն սատարած ԱԺ «Ելք» խմբակցության կուսակցությունների վստահությունը:
  3. Պայքարի ընթացքում իրեն սատարող ժողովրդական զանգվածների մի մասին:
  4. Պայքարի ընթացքում համացանցում իրեն մեծարող օգտատերերի մի մասին:
  5. Պայքարի ընթացքում իր՝ «հեղափոխական մեթոդներով» ձեռքբերած դրական կերպարը:
  6. ՀՀ քաղաքացիների օրինապաշտ այն հատվածին, որոնք դեմ են առանց համաներման «քաղբանտարկյալների ազատ արձակում» կամայական ձեւակերպմանը, կալանավորվածների զանգվածային ազատ արձակելու գործելաոճին: Այստեղ գումարվում է նաեւ տուժած կողմերի հնարավոր հակադարձման գործունեությունը:
  7. Որպես ընդդիմություն իրեն սատարած խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի մեծ մասին:
  8. Նոր ձեւավորված կառավարության անդամներին:
  9. Այս ամբողջ ընթացքում իրեն ֆինանսավորող ուժերի մի մասին:
  10. Արտաքին աշխարհում սիրո հեղափոխության նախնական առաքինությունն ու առաքելությունը…

Այս ամենը շուտով կհանգեցնի այնպիսի հակընդդեմ քաղաքականության, որն ընդունված է անվանել բումերանգի քաղաքականություն: Դրան կնպաստի նաեւ՝

  1. Ազգային անվտանգության ծառայությունը որպես մահակ գործածելը, ինչը ԱԱԾ-ին կվերադարձնի դեռ հնից ամբողջապես չազատագրված ԿԳԲ-ի անվան հետ կապին: Սա կարող է ընդվզում առաջացնել ինչպես ներքեւից, այնպես էլ վերեւից: Անգամ արտերկրից: Սա սիրո հեղափոխությունը վերածել է պատժի եւ ատելության, անգամ վրեժխնդրության խեղափոխության:

ԱԱԾ-ն ներքին անվտանգության խնդիրների պաշտպանությունից կանցնի ներքին վտանգներ առաջացնող ծառայության...

Կա նաեւ մեկ այլ վտանգ: Հունիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության համապատասխան հոդվածների եւ «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի պահանջների, Արմեն Աբրահամյանին ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից, ապա այդ պաշտոնում նշանակել Վաղինակ Սարգսյանին։

Գնդապետ Վաղինակ Սարգսյանը ազատվել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնից եւ նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնում։

Փաստորեն, այս գնդապետը եղել է այն խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը, որի զինվորները լքել էին զորամասը եւ եկել միացել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցույցին… Դասալիք զինվորները չպատժվեցին, իսկ հրամանատարը նշանակվեց ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Այսինքն՝ ունենք արդեն վաղը ոչ միայն զորամասից, այլեւ սահմաններից հնարավոր դասալիքների հրամանատա՞ր… Եվ այս ամենը հովանավորող գերագույն հրամանատա՞ր:

  1. Վարչապետի՝ Արցախի հարցում հայկական 2-րդ հանրապետության պաշտպանության ստանձնումից խուսափելը: Սփյուռքի հայության մի հատվածի, հատկապես ֆինասական օժանդակությամբ իշխանության գալը եւ իրեն նաեւ այդ սփյուռքահայերի վարչապետ հռչակելը՝ միանգամայն անհասկանալի է դարձնում Արցախի անմիջական պաշտպանությունից խուսափելը:

Սա նաեւ նշանակում է, որ վարչապետը չի տիրապետում հարցի կարգավորմանը, նաեւ չունի վստահության քվե հայկական 2-րդ հանրապետության կողմից:

  1. Համահայկական, համազգային նպատակներից հրաժարումը, ինչպես «Արի տուն» կամ Ազգ-բանակ եւ նմանատիպ ծրագրերի մերժումը, ինչը կհանգեցնի հայության տարանջատմանը, ինչն էլ իր հերթին կթուլացնի Հայաստանի արտաքին քաղաքականության ազդեցությունը անգամ հայաշատ երկրներում: Հայաստանը ակամա կհրաժարվի համայն հայության պաշտպանությունը ստանձնող հայրենիքի կարգավիճակից, ինչը ոչ միայն ազգային ու քաղաքական վնասներ կբերի իր հետ:
  2. Հայաստանի եւ Արցախի միասնական պաշպանունակությանը, ինչը տարածաշրջանի ամենապատրաստված ու մարտունակ հայկական բանակին կզրկի հուսալի գերագույն հրամանատար ունենալու հրանավորությունից:
  3. Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությամբ միջազգային ասպարեզում ձեռք բերած հնարավորությունների կորստին, քանի որ ոչ միասնական Հայաստան-Արցախ-Սփյուռք իրողությամբ կրկին կկորցնենք տարածաշրջանում միջազգային խաղացող լինելու տեսլականը: Այսպիսով նաեւ՝ հայկական նպատակների ու շահերի համապարփակ պաշտպանության հնարավորությունը:

Արտակ Հայոցյան

Հ.Գ. – Թոմաս Մայն Ռիդի հանրահայտ «Անգլուխ ձիավոր» արկածային վեպը համադրվում է մեր այսօրվա վիճակի հետ: Նիկոլ Փաշինյանը ոչ մի հնարավորություն չուներ իշխանության գալու, պարզապես պայքար էր ծավալել ընդդիմության առաջատարը դառնալու: Հանկարծ ժողովրդական ալիքի վրա, որ ավելի շատ դեմ էր ՀՀԿ-ին, քան կողմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ին, մոտենում է իշխանական աթոռին եւ արդեն նստած է ձիու վրա…

Բայց վեպն ավարտվում է այնպես, որ «Անգլուխ ձիավոր»-ին ամենազոր, ամենահաս եւ շատ կարեւոր համարողները նրան որսալուց հետո հանկարծ տեսնում են, որ նա պարզապես անգլուխ է եւ միայն ձին է նրան այս ու այն կողմ տանելով դարձրել նման կերպար… Երբ ժողովուրդը դադարի ուղիղ եթերների հաճույքն զգալ, քանի որ աշխատանք ունենալու եւ ընտանիքը կերակրելու հարցերը կբարձրանան դեռ, այդժամ խորհուրդ կտամ կարդալ «Անգլուխ ձիավոր»-ը…

«Լուսանցք» թիվ 22 (500), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։