Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում / «Գանձասար-Կապան»-ը ուսհավաք է անցկացնում Բուլղարիայում… ՀՖՖ մի շարք անդամ ակումբների անդամությունը դադարեցնելու հարցը… ՀՖՖ-ն կասեցրել է «Շիրակ»-ի անդամությունը… Արման Սահակյան. «Շիրակ»-ը չի լուծարվել»… Ամերիկացի ֆուտբոլասերին Ռուսաստանում տեղափոխել են հոգեբուժարան… Լեւոն Արոնյանը չդիմացավ լարվածությանը… Նարեկ Աբգարյան. «Սպասելիքներս մեծ են»… Մարզական լուրեր… Մշակութային լուրեր… – «Զրույց»-ի հիմքում հայ ժողովրդի համար օրհասական օրերին Թումանյանի ու Անդրանիկի հանդիպումն է… Մշակութային-քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում… Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը Հայաստանում…

«Գանձասար-Կապան»-ը ուսհավաք է անցկացնում Բուլղարիայում

Կապանի «Գանձասար-Կապան» ֆուտբոլային թիմը Երեւան-Աթենք-Սոֆիա թռիչքով մեկնել է Բուլղարիա։ Ինչպես հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմը հանգրվանել է Բանսկո քաղաքի «Մարայա» հյուրանոցում։

«Գանձասար-Կապան»-ը մինչեւ հուլիսի 1-ը ուսհավաք կանցկացնի Բուլղարիայում: Թիմը օրական 2 պարապմունքներ է անցկացնում, բացի այդ մարզիչները նախատեսել են նաեւ 3-4 ստուգողական հանդիպումներ։

Նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը պատրաստվում է Եվրոպայի լիգայի 2018-2019թթ խաղարկությանը, որի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 19-ին, ՈւԵՖԱ-ի շտաբ- բնակարանում:

«Փյունիկ»-ը ուժեղացնում է կազմը եվրոլիգայից առաջ

Երեւանի «Փյունիկ»-ը, որը պատրաստվում է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գալիք մրցաշարին, պայմանագիր է կնքել 5 նոր ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը:

Փյունիկցիների շարքերը համալրել են դարպասապահներ Անդրիյա Դրագոեւիչն ու Եվգենի Կոբոզեւը, պաշտպան Մաքսիմ Ժեստոկովը, կիսապաշտպան Մաքսիմ Տրուսեւիչը եւ հարձակվող Մոհամեդ Կոնատեն։

Ֆուտբոլիստներն արդեն միացել են թիմին, որը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Մինսկում։

ՀՖՖ-ն կասեցրել է «Շիրակ»-ի անդամությունը

Հունիսի 16-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Գործադիր Կոմիտեն քննարկել է ՀՖՖ անդամ ակումբների՝ «Միկա» ՖԱ ՀԿ-ի, «Ուլիս» ՖԱ ՀԿ-ի, «Արմավիր» ՖԱ ՀԿ-ի, «Ֆուրման Աբրահամյան» ՖԱ ՀԿ-ի, «Հայ-Արի» ՖԱ ՀԿ-ի, «Էսթեղլալ-Կոտայք» ՖԱ ՀԿ-ի եւ «Զվարթնոց ՀԱՈՒ ՖԱ» ՀԿ-ի ՀՖՖ անդամությունը դադարեցնելու հարցը։

Կոմիտերի անդամները միաժամանակ քննարկել են «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ–ի,  ՖԻՖԱ–ի եւ ՈւԵՖԱ–ի կանոնադրությունների եւ կանոնակարգերի բազմակի եւ կոպիտ խախտումների հարցը, մասնավորապես՝ պայմանավորված խաղի կազմակերպման մեջ ներգրավվածությունը, արբիտրաժային վեճը ընդհանուր իրավասության դատարաններիմիջոցով լուծելու փորձը:

Գործկոմը միաձայն որոշեց կասեցնել «Շիրակ» ՖԱ-ի ՀՖՖ-ի անդամությունը եւ հարցը ընդգրկել ֆեդերացիայի առաջիկա հերթական Ժողովի օրակարգում։

Արման Սահակյան. «Շիրակ»-ը չի լուծարվել»…

«Շիրակ ՖԱ»-ի նախագահ Արման Սահակյանը հյուրընկալվել է «Ցայգ» մարզային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Իրականում» հաղորդաշարին եւ հայտարարել, որ ակումբը չի լուծարվել:

Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն տեղեկություն էր տարածել, որ Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» եւ «Արարատ» թիմերը:  

Ամերիկացի ֆուտբոլասերին Ռուսաստանում տեղափոխել են հոգեբուժարան

Անցած գիշեր Սանկտ Պետերբուրգի ոստիկանները ամերիկացի ֆուտբոլասերին ստիպված տեղափոխել են հոգեբուժարան: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ աղբյուրի, շտապօգնության բժիշկներն ոստիկանությանը հայտնել էին, որ հյուրանոցներից մեկի համարում, ուր կանչել են իրենց, ագրեսիվ տրամադրված մարդ է գտնվում: Հետո պարզվել է, որ դա ԱՄՆ-ի 39-ամյա քաղաքացի է, ով երկրպագուի անձնագիր ունի եւ եկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար:

«Տղամարդը գտնվում էր անչափ բորբոքված վիճակում եւ բավականին տարօրինակ էր պատասխանում հարցերին: Այդ իսկ պատճառով բժիշկները ոստիկանների օգնությամբ նրան տեղափոխել են հոգեբուժարան: Այդ ամենը տեղի է ունեցել հիվանդի հոր ներկայությամբ»,- գրում է ռուսական լրատվամիջոցը:

Լեւոն Արոնյանը չդիմացավ լարվածությանը

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն անհաջող հանդես եկավ Փարիզում ընթացող Grand chess tour-ի արագ շախմատի մրցաշարի վերջում եւ չկարողացավ պահպանել իր տեղը առաջին եռյակում:

Այսօր կայացած վերջին երեք տուրերում մեր գրոսմայստերը նախ ոչ-ոքի խաղաց ռուսաաստանցի Սերգեյ Կարյակինի հետ, իսկ հետո իրար հետեից պարտվեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Այդպիսով, Լեւոն Արոնյանն արագ շախմատի մրցաշարում վաստակեց 9 միավոր եւ Վիշվանաթան Անանդի ու Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ կիսեց 4-6-րդ տեղերը: Հաղթանակ տարավ ամերիկացի Ուեսլի Սոն, որը մեկ միավորով առաջ անցավ իր հայրենակից Հիկարու Նակամուրայից: Երրորդ տեղը 10 միավորով զբաղեցրեց Սերգեյ Կարյակինը:

Առաջիկա 2 օրը մրցաշարի մասնակիցներն իրենց ուժերը կչափեն կայծակնային շախմատում: Այստեղ միավորները կհաշվարկեն դասական եղանակով: Լեւոն Արոնյանն մրցաշարը կսկսի Վլադիմիր Կրամնիկի հետ հանդիպումով:

Հ.Գ. – Լեւոն Արոնյանը 4-րդն է Փարիզի գրանդ մրցաշարում – Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել Փարիզում ավարտված Grand Chess Tour-2018 մրցաշարում: Այսօր կայացած կայծակնային շախմատի 2-րդ շրջանում նա +3 արդյունք ցույց տվեց՝ տանելով 3 հաղթանակ, իսկ 6 խաղ ավարտելով խաղաղությամբ: Հատկապես տպավորիչ էր 16-րդ փուլում Շախրիյար Մամեդյարովի նկատմամբ տարած հաղթանակը:

Արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած 20 միավորներով Լեւոն Արոնյանն ի վերջո զբաղեցրեց 4-րդ տեղը՝ մեկ բալով հետ մնալով Սերգեյ Կարյակինից ու Ուեսլի Սոյից: Մրցաշարի հաղթող դարձավ Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 23 միավոր:

Նարեկ Աբգարյան. «Սպասելիքներս մեծ են»…

Հունիսի 29-ին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կանցկացնի իր հերթական մենամարտը, այս անգամ՝ «WBC International Silver» գոտու համար: Դիմակայությունը տեղի կունենա Իսպանիայում: Նարեկի մրցակիցը մեքսիկացի Խեսուս Գալիսիան է: Հայ բռնցքամարտիկը խոսել է նախապատրաստական շրջանի եւ սպասումների մասին:

«Հունիսի 12-ից մարզվում եմ «Օլիմպավանում»` ավագ մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ: Ինձ օգնում են նաև հավաքականի անդամները: Սպասելիքներս մեծ են: Լավ եմ պատրաստվել: Շատ պատասխանատու մրցավեճ է իմ եւ թիմիս համար:

Շնորհակալ եմ բոլոր տղաներից` ինձ օգնելու պատրաստակամության համար, քանի որ սպարինգ-մրցակիցների խնդիր է լինում, բայց մենք այդ խնդիրը չունենք` տղաների շնորհիվ: Գիտակցում եմ, որ բարդ մրցավեճ է սպասվում, այդ իսկ պատճառով էլ պատրաստվել եմ առավելագույնս»,- ասել է Նարեկ Աբգարյանը:

«Զրույց»-ի հիմքում հայ ժողովրդի համար օրհասական օրերին Թումանյանի ու Անդրանիկի հանդիպումն էԱրտիկ Քոչարյանի «զրույցը» երազանքից՝ իրականացում

Հաջորդ տարի տոնելու են Հովհաննես Թումանյանի 150-ամյակը։ Քանդակագործ Արտիկ Քոչարյանը հույս ունի, որ իր մեծ երազանքը, դեռ 1987-ից մտահղացած «Զրույց» անվանումով մոտ հինգ մետրանոց մոնումենտալ հուշարձանը իրականություն կդառնա։ «Զրույցի» հիմքում հայ ժողովրդի համար օրհասական օրերին Թումանյանի ու Անդրանիկի հանդիպումն է։ «Մեկը ժողովրդին պաշտպանում էր զենքով ու արիությամբ, մյուսը՝ իր խոսքի ուժով ու գրչով»,- ասում է քանդակագործը։

Տեղը պատահական չի ընտրված։ Թումանյանն ու Անդրանիկը շատ անգամ են հանդիպել, խոսել ժողովրդի ու հայրենիքի ճակատագրի մասին եւ հանդիպումներից մեկն էլ Դսեղում է կայացել։

Երազանքի իրականացման համար Արտիկ Քոչարյանի հաշվարկով հարկավոր է 8.500.500 դրամ, որի համար այս տարվա փետրվարին դիմել է մշակույթի նախարարություն։ «Գրավոր պատասխանել են, որ այս հարցին նախարարությունը կանդրադառնա լրացուցիչ ֆինանսական միջոցների ի հայտ գալու դեպքում»,- ասում է քանդակագործը։ Նախարարության հնարավոր հովանավորչությունից հետո, վստահ է, որ մնացած անհրաժեշտ աջակցությունը հնարավոր կլինի ձեռք բերել մասնավոր հանգանակություններից, կօգնեն նաեւ ընկերները։

Ավելի քան 4 տարվա աշխատանքի արդյունքում ինքը հեղինակը ծախսել է 2.000.000 դրամ։ «Այս հուշարձանն էլ մեր լոռվա Սարդարապատը կլինի»,- ասում են  Արտիկ Քոչարյանի մարտական ընկերները։ – Բանակ գնացողները կգան օրհնություն կստանան, նորապսակները՝ սիրով ապրելու խորհուրդ, դպրոցականներն էլ կճանաչեն իրենց ազգի մեծերին»։

Մշակութային-քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 19-րդ փառատոնը մեկնարկեց հունիսի 11-ին Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարել է ծագումով էստոնացի ամերիկացի լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին: Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ այն ոչ միայն մշակութային, նաեւ քաղաքական տեսանկյունից էր փայլուն իրադարձություն, քանի որ այդ համերգով Էստոնիան նշում էր իր Հանրապետության 100-ամյա հոբելյանը, որին միացրել էին նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը:
Նա տեղեկացրել էր, որ այժմ պատրասվում են մշակութային, նաեւ քաղաքական արժեք ունեցող համերգի,  որը կայացավ հունիսի 16-ին Զարթնոց տաճարում:
Ելույթ ունեցավ «Հորտուս Մուզիկուս» անսամբլը:
«Այդ օրը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ միասին նշանավորում ենք Եվրոպայի մշակութային ժառանգության տարվա սկիզբը: Հատուկ ընտրել ենք այդ խումբը, որովհետև իր կեսդարյան հետազոտությունների արդյունքում հասել է մի հազվագյուտ որակի. չքնաղ ձևով ներկայացում է եվրոպական տարբեր երկրների ու դարաշրջանների՝ հնագույն, միջնադարյան, վերածննդի, բարոկկո ժամանակաշրջանի երաժշտությունը: Իրենց ամբողջ աշխատանքի մեջ խտացված է Եվրոպայի մշակութային ժառանգության ասվածը»,- նշել է Սոնա Հովհաննիսյանը:
Նա ասել է, որ «Հորտուս Մուզիկուս»-ը Եվրոպայի պատմության մեջ կես դարի ընթացքում միակ մշտապես գործող խումբն է: Փառատոնի շրջանակում հունիսի վերջին Հայաստանում մենահամերգով հանդես է գալու հայազգի աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը:
«Աշխարհում հայտնի սոպրանոներից է, գործունեություն է ծավալում Ֆրանսիայում: Այս համերգին երկար ենք սպասել: Կարելի է ասել, որ նա երբեք Հայաստանում համերգով հանդես չի եկել: Այսօր նա երգում է աշխարհի ամենամեծ բեմերում՝ Մետրոպոլիտեն օպերային թատրոնում, Լա Սկալայում»,- ասաց փառատոնի տնօրենը:
Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ սեպտեմբեր-նոյեմբերին փառատոնի շրջանակում սպասվում է  աշխարհահռչակ նվագախումբի, մենակատարների այց: Նա նշեց, որ փառատոնը միաժամանակ կրթական ծրագրեր է իրականացնում Բյուրականի արվեստի  ակադեմիայում:

Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ մենահամերգով հանդես է գալու Հայաստանում

«Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ, ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը։ Փառատոնի կազմակերպիչների հաղորդմամբ, սա նրա առաջին մենահամերգն է Հայաստանում:
Լիաննա Հարությունյանը համարվում է իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից մեկը: Օժտված լինելով ապշեցուցիչ ձայնային կարողություններով՝ երգչուհին հանդես է գալիս հսկայածավալ օպերային ռեպերտուարով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաեւ ֆրանսիական, ռուսական եւ կամերային երաժշտության լայն երկացանկ: Ծնված եւ նախնական կրթությունը ստացած լինելով Հայաստանում՝ Լիաննան շարունակել է ուսումը Փարիզի Բաստիլ օպերայի Լիրիկական ստուդիայում: Երգչուհու աստղային վերելքի սկզիբն է դարձել 2013թ.-ին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած տրիումֆալ դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ:
Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:
Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է.
«…Հարությունյանը երգում էր այնպիս ուժգնությամբ եւ գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր, կամ քո սիրտը շուտով կպայթի…»:
Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ եւ նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:

Ֆուրշետների փոխարեն՝ տիեզերական հարցեր

Սեր, հավատ, հույս եւ բարոյականություն։ Այսօր Կարապի լճի տարածքում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոն, որ կազմակերպիչների խոսքով, միտված է կոտրելու կարծրատիպերը, որտեղ հասարակության խոցելի խմբերն իրենց լիարժեք են զգում։

Փառատոնը անց է կացվում 5-րդ անգամ, հոբելյանական է, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպիչները մտավախություն ունեին, որ հնարավոր է այս տարի չկարողանան անցկացնել փառատոնը։ «Մշակույթի նախարարությունը տրամադրել է ընդհամենը 3 մլն. դրամ, նախատեսված 4,5-ի փոխարեն։ Ընդհանուր բյուջեն այս տարի ընդհամենը 5 մլն. է կազմել։ Մշակույթի նախարարությունը պետք է հասկանա, որ մենք գումար չենք մուրում, մեզ երկխոսություն էր պետք ու լսված լինել։ Շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին, կամավորներին ու իմ ընկերներին, որոնք արեցին հնարավորն ու անհնարը, որ հոգեւոր արժեքներ բարոյախոսող այս փառատոնը, իրականություն դառնա, որ կոմերցիոն ֆիլմերի փառատոնների կողքին, լինի նաև»,- ասել է փառատոնի հիմնադիր Շահեն Նազարենկոն։

Կինովավերագրող Աշոտ Գեւորգյանի խոսքով սա եզակի փառատոն է, որտեղ մարդիկ հավաքվում են ոչ թե ֆուրշետների համար, այլ տիեզերական հարցեր քննարկելու։ Հազարից ավելի հայտերից փառատոնում ընդգրկվել են 13 ֆիլմ 28 երկրից,որոնց թվում նաև Ղեւոնդ Վարդապետ Հովհաննիսյանի «Օրհնված Սուրբ Կրակը, որը չի ցուցադրվի TV-ով» վավերագրական ֆիլմը։

Փառատոնը կտևի 10 օր։ Կլինեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, Փոքր թատոնում, համերգային ծրագրեր, վարպետության դասեր, նաեւ վրանային ճամբար Տաթեւի վանքի տարածքում եւ Գորիսում։

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի 1-ին փուլի հաղթողների անունները

Հունիս 8,2018 / Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրին հրապարակեց մրցույթի 1-ին փուլի արդյունքները։ Ըստ այդմ՝ 2-րդ փուլ է անցել 7 թավջութակահար։ Նրանք են՝ Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հեջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա) եւ Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն)։

2-րդ` կիսաեզրափակիչ փուլ անցած թավջութակահարները հունիսի 9-ին եւ 10-ին կատարումներով ներկայացան ժյուրիի առջեւ։

Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Sony Music-ի արտիստը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար

Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի հրավերով Sony Music-ի արտիստ, ֆրանսիացի հանրահայտ կիթառահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Թիբո Կոուվինը վարպետության դաս է անցկացրել հայ կիթառահարների համար: Թիբո Կոուվինը (Ֆրանսիա) պարբերաբար հանդես է գալիս վարպետության դասերով աշխարհի մի քանի տասնյակ երկրներում. նա Հայաստանում էր առաջին անգամ:

«Ես առաջին անգամ եմ ձեր երկրում, ինձ այն շատ դուր է եկել: Այստեղ հիանալի մթնոլորտ է: Ինչ վերաբերում է վարպետության դասին, պետք է ասեմ, որ իսկապես մեծ հաճույք էր տեսնել նման տաղանդավոր երաժիշտների: Շատ տպավորված եմ այստեղի արտիստներով, նրանց կատարողական տեխնիկայով: Շատ բարձր կարծիքի եմ այն բոլոր երաժիշտների մասին, ովքեր Հայաստանում մասնակցեցին իմ վարպետության դասին»,- նշում է Թիբո Կոուվինը:

Նա փաստում է՝ տեղյակ է, որ Հայաստանում ամեն տարի անցկացվում է Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը: Աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում ելույթ ունեցած արտիստը շեշտում է՝ մեծ հաճույքով կվերադառնա մեր երկիր՝ հանդես գալու համեգով փառատոնի շրջանակում:

«Կիթառը շատ մեծ ժողովրդականություն վայելող գործիք է: Պետք է ասել, որ այն կիրառվում է երաժշտական բոլոր ժանրերում՝ ռոքից մինչև դասական»,- հավելում է Sony Music-ի արտիստն, ով Երեւանից անմիջապես հեռո մեկնելու է Փարիզ, Լոնդոն ու այլ քաղաքներ՝ համերգներով ու վարպետության դասերով հանդես գալու համար:

Նշենք, որ Թիբո Կոուվինի վարպետության դասն իրականություն էր դարձել Երեւանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նախաձեռնությամբ: Սա Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված առաջին վարպետության դասը չէր: Ասոցիացիան արդեն իսկ հայ կիթառահարների համար կազմակերպել է մի շարք վարպետության դասեր աշխարհում մեծ հեղինակություն վայելող կիթառի վարպետների մասնակցությամբ:

«Արմենիա» միջազգային փառատոնը Երեւան է բերելու բազմաթիվ զբոսաշրջիկների

Հուլիսի 2-6-ը «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու համար Երեւան կայցելեն ավելի քան 200 զբոսաշրջիկներ տարբեր երկրներից։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ փառատոնի կազմակերպիչները մեծ աշխատանք են կատարել մշակութային և նրա մաս կազմող համերգային տուրիզմով հետաքրքրվողներին Հայաստան ներգրավելու ուղղությամբ։

«Այդ նպատակով տարբեր երկրների դասական երաժշտության սիրահարների շրջանում ներկայացվել են ինչպես «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, հռչակավոր մենակատարները, համերգային ծրագրերը, այնպես էլ՝ Հայաստանը, մայրաքաղաք Երեւանը։ Նշենք, որ մշակութային եւ համերգային տուրիզմը մեծ հետաքրքրություն են վայելում աշխարհում։ Հայտնի է, որ մշակութային, հատկապես դասական համերգային տուրիզմով հետաքրքրվողները հանրության առավել ինտելեկտուալ հատվածն են։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը ոչ միայն կայցելեն համերգային երեկոներին, այլև կծանոթանան Երևանի ու Հայաստանի տեսարժան վայրերին, պատմամշակութային առանձնահատկություններին՝ համերգային տպավորություններից բացի, իրենց հետ տանելով մի մասնիկ Հայաստանից։

Սա նոր ուղղություն է հայաստանյան համերգային գործունեության մեջ եւ մեծ հեռանկար ունի, ինչի զարգացման ուղղությամբ աշխատանքներ տարվելու են»,- ասված է պետական սիմֆոնիկ նվագախմբի տարածած հաղորդագրության մեջ։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը եւ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Կարդալ նաեւ՝ «Արմենիա» միջազգային փառատոնը Հայաստան է հրավիրում մեծահամբավ երաժիշտների

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։